Պարույր Սևակ | Մեզ ստիպում են, որ խռով մնանք


Մեզ ստիպում են, որ խռով մնանք.
-Չպետք է մեկտեղ խաղալ ու խոսել:
Ա՜խ այդ մեծերը... Կռվել են նրանք
Եվ իրար ծանր խոսքեր են ասել:

Չեն խոսում նրանք հենց երեկվանից,
Մեզ էլ են սաստում.- Չպե՛տք է խոսել:
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ քո պառավ նանին,
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ հորթուկին ձեր սև:

Ամուր չի կապում հորթուկին նանը,
Ու պառավն ինքը քնում է շոգին:
Եվ անմիտ հորթը՝ այդ անպիտանը,
Գալիս է մտնում մեր ջրած այգին,

Ուտում է նա մեր անմոռուկները,
Վարունգի մատղաշ տնկերն է ոտնում.
-Դառնանա՜ն պիտի մեր վարունգները,-
Խեթում է հայրըս ու տեղ չի գտնում:

Ես չեմ հասկանում հորս մտքերը
Եվ այս մեծերին չեմ սիրում էլ ես.
Լավ չէ՞՝ դառնանան մեր վարունգները,
Քան թե ես ու դու դառնանանք այսպես...

17.V.1946թ. VII.1953թ.
Երևան Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ 
Պարույր Սևակ | Մեզ ստիպում են, որ խռով մնանք Պարույր Սևակ | Մեզ ստիպում են, որ խռով մնանք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:54:00 Rating: 5
Технологии Blogger.