Պարույր Սևակ | Մոսկվայից


Ո՛չ մի բարձունք մերձաստեղ,
Ո՛չ մի Մասիս, Հիմալա՛յ:
Բայց Մոսկվայից, բայց այստեղ
Շատ ավելի հիմա լայն
Ու պարզ, ու լավ ես տեսնում
Չորս ծագերը աշխարհի
Եվ ծագերը այն գալիք,
Որ աննկատ են հասնում,
Ինչպես մանուկն արգանդում,
Ազատությունը՝ բանտում:

Ո՛չ մի բարձունք մերձաստեղ,
Եվ Հիմալայ կամ Մասիս:
Բայց Մոսկվայում, բայց այստեղ,
Ինչպես բարձր անհասից,
Ավելի սուր ես դիտում,
Ավելի խո՛ր հավատում,
Որ չի կարող շղթայվել
Ու փականքի տակ պահվել
Ինչպես մանուկն արգանդում՝
Ազատությունը բանտում:

Ժխո՛ր, աղմո՛ւկ, եռուզե՛ռ՝
Մի մարդկային ծփուն ծո՜վ:
Բայց ժխորի՛, ծփանքի՛,
Եռուզեռի՛ հենց միջով
Այս եզակի քաղաքի
Փողոցներում է լսվում
Քաղցր զնգոցը բահի
Չինաստանի դաշտերում
Եվ ոտնաձայնը մահի
Վիետնամի վաշտերում.

Եվ այն խռովքն ահարկու,
Որ խլրտում է անգամ
Եգիպտական համր ու կույր
Սֆինքսների հոգում քար...
Հենց այստեղի՛ց, հենց այստե՛ղ
Լսում ես պարզ ու հստակ.
Երկիր կոչված այս գնդում
Դարբասներն է բախում փակ
Ինչպես մանուկն արգանդում՝
Ազատությունը բանտում:

25.II.1952թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մոսկվայից Պարույր Սևակ | Մոսկվայից Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 09, 2018 Rating: 5
Технологии Blogger.