Վահան Տերյան | Նամակ Նվարդ Թումանյանին


Ուշանում է Ձեր նամակի պատասխանը, բայց Դուք չպիտի նեղանաք, սիրելի Նուարդ: Չեմ ուզում պատճառաբանել նամակիս ուշանալը, նախ նրա համար, որ ավելի լավ է հավատալ բարեկամներին և ոչ մի վատ բան չենթադրել այդպիսի դեպքերում: Երկար կլիներ գրել և հետաքրքրական չէ այդ ամենը, բայց առավել այն պատճառով, որ ամեն պատճառաբանություն կարելի է այս կամ այն կերպ հերքել: Այս դեպքում ես ունեմ հիմնավոր պատճառներ, եթե միայն կարելի է հիմնավոր համարել որևէ պատճառ: Սակայն առհասարակ կուզեի, որ կանոն լիներ մեր մեջ գրել այն ժամանակ, երբ«գրվում է», երբ կա հոգեկան և ֆիզիկական հնարավորություն: Այս ամենն ասում եմ, որ մեր մեջ դատարկ բանի համար թյուրիմացություն չպատահի: Եվ, իրավ, ինչ արժե այն նամակը, որը գրվում է միայն գրված լինելու համար:
Այս փոքրիկ նախաբանը թող սրտմտություն չպատճառի Ձեզ: Серьезно, да. Լինենք միշտ ազատ և անկեղծ, որքան հնարավոր է: Կարծեմ կան ծաղիկներ, որոնք փակվում են երբ մոտենում ես, կամ ձեռք ես տալիս նրանց, կարծեմ կան այդպիսի ծաղիկներ: Հոգին ավելի քան այդ ծաղիկները վախենում է կեղծիքից ու բռնությունից: Վերջերս ես այնքան եմ ամփոփվել իմ մտածումներով ու զգացումներով իմ մեջ, որ շատ քչերի հետ, գրեթե ոչ ոքի հետ, բացի Պաուլոյից, նամակագրություն չունեմ և նամակ գրելուց ետ եմ սովորել:
Իսկ պաշտոնական կամ կիսապաշտոնական նամակագրությունից գրեթե զզվում եմ: Դրա համար էլ կուզեի նամակագրության ժամանակ ինձ միանգամայն ազատ զգալ և անպատասխանատու, ինչպես ինքս իմ առջև: Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ: Բանն այն է, որն նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու: Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա: Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար-ինչին էլ վերաբերվի այդ զրույցը: Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես: Ուրիշ տեսակ ՝ոչ: Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետև Դուք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ Դուք չկայիք և հեռու էիք...

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը,որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ...

Մտաբերեցի և՜ «Եդեմ» այգին,
Եվ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում է կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում ...

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ,
Որպես առօրյա ծանոթներ երկու...

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվագ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ...

Չկարծեք, սիրելի Նվարդ, որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու: Քավ լիցի: Այս էքսպրոմտը վաղուց «լեզվիս վրա» էր, ինչպես ասում են դուրս թռավ: Այս «պոեզ»-իս ներող աչքերով նայեցեք և խիստ մի դատեք: Գուցե ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն «համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին:
Դուք ուզում եք, որ «այն գրքույկը» ղրկեմ, բայց ես առայժմ չեմ ղրկում: Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ, երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ: Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց, եթե միայն Ձեր մեջ «մնայուն» լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը: Այդպես եմ ասում, որովհետև իմ սիրտը տխուր է այսօր, թեպետև պայծառ տխրությամբ: Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո,ես այդպես եմ կարծում: Серьезно, да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքույշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ: Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա... Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտեք որքան լավ կլիներ-ես պիտի ասեի նրանսիրուն աղջիկ, տեսնում ես-ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր, և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»: Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան, եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ, այն աղջկան, որին այսօր ուղարկում եմ մի քանի ծաղիկ մեր սարերից, մի քանի անմոռուկ, որ նա ինձ չմոռանա...
Բայց կուզեի, որ այդ աղջիկը ինձ «սենտիմենտալ» տղու տեղ չդներ:
Серьезно, да. Մինչև վստահելի մարդ չգտնեմ, չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝ փոստ: Ինձ ասեցին, որ վաղը մեկը քաղաք է գնում, բայց ես վախենում եմ, ուստի շատ կուզենայի իմանալ, արդյոք հասավ սույն ուղերձը նաև նրա համար, որ ուզում եմ Ձեզանից մի լուր իմանալ: Ի դեպ, որտեղ եք լինելու ամառը:
Ձեր Վ. Տ.

«Ես մի քանի տրիոլետ եմ գրել Ձեզ համար, իմ սիրելի, իմ լավ Նվարդ, բայց ուղղելու կարիք կա, ուստի չղրկեցի: Ուզում էի, որ «տրիոլետների մանյակ»լինի դա, բայց ամեն անգամ երբ նստում էի Ձեզ գրելու, միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր...
Ահա, սիրելի Նվարդ, իմ տրիոլետներից երեքը: Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ: Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով, ուստի «պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին...
Առայժմ վերջացնում եմ նամակս, որ ուշարկեմ, իսկ եթե հետաձգեմ նոր բաեր ավելացնելու՝ կմնա և գուցե ետ մտածեմ՝ ուզենալով նորը գրել և այսպես ձգձգվի:

Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վահան
Վահան Տերյան | Նամակ Նվարդ Թումանյանին Վահան Տերյան | Նամակ Նվարդ Թումանյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 2:14:00 Rating: 5
Технологии Blogger.