Զաքարիա Սարկավագ Քանաքեռցի


XVII դարի պատմական արձակի երրորդ խոշոր ներկայացուցիչը Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին է (Ղապոյենց, 1627-1699): Ապագա պատմիչը պատանի հասակում զբաղվել է ոսկերչությամբ, ապա անցել է Հովհանավանք, որտեղ աշակերտել է Զաքարիա և Հովհաննես վարդապետներին՝ ամբողջ կյանքում մնալով այդ վանքի միաբանության անդամ: Բազմիցս ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայաշատ վայրերում՝ ականատես լինելով իր հայրենակիցների կեղեքումներին: ի դեպ, պարսկական անողոք հարկահանության զոհ է դարձել նրա հայրը, որին չարաչար խոշտանգել ու տանջամահ են արել:
1687 թվականին 60-ամյա Զաքարիան իր վանահորից՝ Սարգիս վարդապետից, հանձնարարություն է ստանում գրելու Հովհանավանքի պատմությունըԿոնդակ սուրբ ուխտին Յովաննու վանից»):
Ըստ երևույթին, Զաքարիան այս կոնդակը գրելիս հայտնաբերել է իր մեջ պատմագրողի կամ, ավելի ճիշտ, պատմողի ունակությունը, ուստի և ձեռնարկել է մի ծավալուն պատմական երկ: Այդ Պատմությունը բաղկացած է երեք հատորից (մասից), որոնցից մեկն ընդգրկում է նշված կոնդակը, իսկ մյուս երկուսը՝ XV-XVII դարերի իրադարձությունները: Զաքարիան պատմագրության նկատմամբ ունեցել է որոշակի հայացք, ըստ որի անհրաժեշտ է սերունդներին հաղորդել թե´ պատմական հավաստի փաստերը և թե´ դրանց հիման վրա կամ դրանց շուրջ հյուսված լեգենդներն ու առասպելները:
Պատմական խոշոր իրադարձություններից զատ արձանագրելով նաև որոշ զրույցներ, միջադեպեր՝ մանրամասն նկարագրությամբ, Քանաքեռցին փաստորեն արտացոլել է ժամանակի կյանքը, ժողովրդի նիստն ու կացը, սովորույթները, հավատալիքները, գծագրել հայ գյուղի (հիմնականում Քանաքեռի) կենդանի պատկերը: Դրանով էլ հենց նրա Պատմությունը շահեկանորեն տարբերվում է նախորդ պատմագիրների երկերից:
Զաքարիա Սարկավագը, նկարագրելով հասարակ մարդու՝ հայ շինականի կյանքը, դրսևորել է իր համակրական վերաբերմունքը, իր ժողովրդասիրությունը: Նա մռայլ գույներով է պատկերել այն տանուտերերին, որոնք ոտնահարում էին գյուղացիների իրավունքները, կեղեքում նրանց: Այդպիսին է Հապուշ Ղասիմ գյուղատիրոջ պատկերը, իսկ սրա հակոտնյան է տանուտեր Ավագը:
Օտար տիրակալների հանդեպ ևս պատմիչի վերաբերմունքը պայմանավորված էր հայերի նկատմամբ վերջիններիս վարքագծով: Այսպես, օրինակ, Թահմազ Ղուլի խանը, քանի որ համարվել է «սիրօղ քրիստոնէից», ուստի և Զաքարիայի բնորոշմամբ «էր գեղեցիկ պատկերօք, ճշմարտասէր և անաչառ»: Նույնպիսի դրվատանքի է արժանանում նաև Շահ-Աբասը, որը բնութագրվում է որպես «այր քաջ ի պատերազմի, բազմահանճար»: Սակայն նույն պարսից արքան այլ պարագայում վերանվանվում է «նենգաւոր և չարանախանձ արքայն և խորամանկն Շահ-Աբաս»: Մի բան, որ առկա է նաև Առաքել Դավրիժեցու Պատմության մեջ:         
Զաքարիա Սարկավագը ևս գրի է առել Շահ-Աբասի շուրջ բանահյուսված որոշ զրույցներ: Դրանք ոչ միայն նրա երկը դարձրել են առավել աշխույժ ու հետաքրքիր, այլև հետապնդել են որոշակի նպատակներ, օրինակ, համոզել ու հավատացնել մարդկանց, հատկապես մուսուլման տերերին, որ հայերին ազատ աղոթելու հատուկ արտոնագիր է շնորհել հենց ինքը՝ մեծն Շահ-Աբաս արքան
Զաքարիան իր Պատմության մեջ ընդգրկել է նաև մի շարք վարք-վկայաբանություններ: Ինքը՝ պատմիչը, որ լուսավորական շարժման ծնունդ էր, Հովհանավանքի դպրոցի սան, այդ շարժման ջերմ պաշտպան է եղել: Նա էլ դրվատել է ուսյալ, ուղղահավատ ու հայրենանվեր հոգևորականներին՝ ի հակադրություն իրենց պաշտոնը չարաշահող, երեսպաշտ հոգևոր տերերի և հայ եկեղեցու հեղինակությունը վարկաբեկող աղանդավորականների:
Զաքարիա պատմիչը, ճիշտ է՝ ոչ Առաքել Դավրիժեցու չափ, կարողացել է նաև գեղարվեստորեն արտացոլել բնությունը, բնական երևույթները: Սակայն նա ավելի հմուտ վիպող է, քան նկարագրող: Եվ չնայած գրել է գրաբար, սակայն պահպանել է ժողովրդական ոգու տարերքը:
Զաքարիա Սարկավագ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ Քանաքեռցի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:31:00 Rating: 5
Технологии Blogger.