Պարույր Սևակ | Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով


Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,

Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,

Որ բորբոքես քո հայացքով չվերծանվող,
Քո ժպիտով և վարակիչ քո ծիծաղով.

Այն ջերմությամբ, որ չի այրում, այլ խորովում,
Այն մեղմությամբ, որով հաշտվում ես, խռովում.

Այն ձեռքերով, որ խոսում են իմաստալից,
Չասված խոսքից ասված խոսքի իմաստ տալիս.

Այն նազանքով, որ նազանքից շատ է հեռու,
Այն բաժանքով, որ բաժանքից շատ է հեռու...

Ահա ինչու՝ ես ապրում եմ այն կարոտով,
Որ նե՛րս կգաս, ո՛չ թե կանցնես իմ տան մոտով:

1953թ.

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով Պարույր Սևակ | Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:07:00 Rating: 5
Технологии Blogger.