Պարույր Սևակ | Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս


Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս,
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր:

Քեզ եմ ապավինում դաժան հողմի ժամին,
Հաջողության քամին ինձ քո ափն է հանում,
Քեզ հետ ահավոր չէ վտանգ ու թշնամի,
Ամեն մի ծանրություն քեզ հետ հեշտ եմ տանում:

Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ:

Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել:

11.VIII.1950թ.      
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս Պարույր Սևակ | Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 08, 2018 Rating: 5
Технологии Blogger.