Թեոդոր Ռյոթքե | Բանաստեղծություններ


Կտրվածք 1
Կիսանինջ շյուղեր, որ կախվել են մածուցիկ կավի վրա,
և ինքնածին բուսախավը սմքում է արդեն,
բայց մետաքս- շյուղերը հեղուկ են մղում վեր,
և հյուլե բջիջներն ուռճանում- փքվում են:

Հետո բշտիկի մի փոքրիկ բողբոջ
տեղահանում է ավազը ճեղքված,
և գոսացած պատիճի միջից
իր գունատ ծիլ-պոզը խոթում ցած:

Կտրվածք 2
Այս ճիգը, կռփամարտը, հարությունը չորացած շիվերի,
կտրված ցողուններ, որ ոտնատեղ են փնտրում իջնելու,
ո՞ր սուրբն է մաքառել այսքան հարատև
ու վեր մղել կոտրված սրունքը դեպի մեզ:

Ես լսում եմ ստորերկրյա ճողփյուն ու հեծեծանք
երակներիս, ոսկորներիս մեջ զգում եմ հիմա
ո´նց է գաղտնի ջրի հյուլեն ծծվում վեր,
և ո´նց է սերմը կիսվում վերջապես:
Եվ երբ ծիլերը լպրծուն ձկան պես ժայթքում են դուրս,
ես պրկվում եմ
հենվում թաց պատանք-արարումին:

Եղերերգ՝ նվիրված Ջեյնին՝ ուսանողուհուս, որին սպանեց ձին
Մազերն եմ հիշում՝ որթատունկի բեղիկների պես ոլորուն,
Նրա հայացքը և ժպիտը մեղմ,
Եվ խոսելիս, ինչպես էր ամեն ինչ քնքշանքով օղակում
Եվ հիացմունքով՝ ապացուցում իրենը:
Քնքուշ ծիծառ, պոչը՝ քամու մեջ,
Ազատ և վստահ՝ ծնվող լույսերում:
Նրա երգից դողում էին ճյուղերն ու օդը,
Ստվերն էր ձայնակցում նրան և տերևը,
Եվ շրշյունն այդ դառնում էր համբույր,
Եվ երգում էր հողը սպիտակ ծառուղում,
Որտեղ վարդն էր բացվում անպաշտպան:
Երբ տխուր էր, սահում էր այնպիսի խորքերում,
Որ հայրն անգամ չէր գտնի,
Հպում էր այտը անմեղ ցողունին,
Եվ բռնում ճողփյունը առուների:
Ճնճղո~ւկ իմ, հիմա դու չկաս,
Իմ ձարխոտի շիվ, որ փշոտ ստվեր էր նետում հողին,
Թաց քարերն ու վերջալույսով հագեցած մամուռը,
Անկարող են կորուստս ամոքել:
Օ~, թե հնար լիներ քնից քեզ հանել,
Իմ հաշմված քնքշանք,
Աղբյուրի մեջ հրճվող աղավնի,
Թարմ շիրմիդ առաջ ասում եմ սիրո խոսքեր՝
Չունենալով իրավունքը
Ոչ հոր և ոչ էլ սիրահարի:

Տխրություն
Ես գիտեմ տուփերի մեջ խնամքով դարսված
Մատիտների դաժան տխրությունը,
Գիտեմ՝ թախիծը թղթակալի, ծակիչի ու սոսնձի,
Ամայությունն ու ցավը անթերի հիմնարկների-
Մենությունը զուգարանների և դատարկությունը
ընդունարանի,
Անհրաժեշտությունը սափորի և
անխուսափելիությունը տաշտերի,
Ծեսերը քսերոքսի, ամրիչի և ստորակետի,
Չվերջացող կրկնությունը առարկաների և մարդկանց,
Տեսել եմ՝ ինչպես է հիմնարկների պատերից
իջնում փոշին-
Ավելի նուրբ, քան ալյուրը, ածխափոշուց էլ մահացու,
Տաղտուկ կեսօրվա մեջ, համարյա անտես,
Նա թաղանթով է պատում եղունգները,
ունքերն ու թերթերունքերը,
Փառակալում միանման, օրինաչափ մարդկանց
գորշ դեմքերն ու մազերը:

Միջնախաղ
Օդի ալիքը պոկվեց կապանքից:
Տերև առ տերև՝ մերկացող ճյուղեր,
Տարիքը նրանց սփռվեց ամենուր-
Լսվեց շաչյունը ծնվող անձրևի:

Ներքևում պրկվող քաոսն էր աճում,
Եվ լույսն հանգչում էր մեռնող բարձունքում:
Դաժան խավարից՝ լայնացած աչքեր,
Բայց չոր հորիզոն և փոշու դաշտեր:

Խրվեց անձրևը ծանր ամպերում,
Եվ քամին կորավ գաճաճ թփուտում,-
Բայց ափերիս մեջ սարսափ կար արթուն,
Երբ փոթորիկը մնաց երկնքում:

Արթնացում
Երազում ես արթնացա, և արթնացումը ծավալվեց:
Ճակատագիրս է այնտեղ, որտեղ չկա կասկած և մեղք:
Սովորեցի նպատակս՝ քայլերիս մեջ:

Զգացմունքն է մտքի տերը: Եվ ի՞նչ տեսա
ներաշխարհում.
Գոյությունս պար էր բռնել տիեզերքում:
Երազում ես արթնացա, և արթնացումը ծավալվեց:

Ինձ հարազատ էակներից ո՞ր մեկն ես դու:
Թո´ղ օրհնվի´ Հողը այս պինդ և այս ճամփան հնարամիտ:
Սովորեցի նպատակս՝ քայլերիս մեջ:

Շո´ղն է տանում ծառը, բայց ո՞վ կասի՝ ինչպե՞ս:
Որդն է մագլցում պտուտաստիճանը:
Երազում ես արթնացա, և արթնացումը ծավալվեց:

Բնությունն իր բարձունքից դեռ խոսք ունի
Մեզ ասելու, անցիր ուղիդ եթերային
Եվ սովորիր նպատակդ քայլերիդ մեջ:

Այս ցնցումը՝ կայունություն, և իմացիր՝
Ինչ որ ընկավ՝ մշտական է և մոտ կարծես,
Երազում ես արթնացա, և արթնացումը ծավալվեց:
Սովորեցի նպատակս քայլերիս մեջ:

Հեռավոր դաշտ
Եթե հանդիպես մայիսյան երգահավի երգին,
Այնժամ կմոռանաս մահն ու ժամանակը

Ես ետ կգամ նորից՝
Օձի կամ կերկեռ թռչնի տեսքով:

Այն, ինչ սիրում եմ
Ձեռքիս տակ է միշտ,
Երկրի վրա, օդում:

Խորասուզված ծառի վրա՝ ջրի լռություն,
Մաքուր անդորրը հուշի մեջ մարդու՝
Եզակի քարից օղակվող կոհակ,
Որ սփռված է ողջ աշխարհի շուրջ:

Աչքերս սևեռված են գետի խորքին,
Ես նորոգված եմ իմ մահով,
Իմ մահվան մտքով…

Բոլոր վերջնական ձևերը
Բացահայտում են միայն հավերժը:

Ճանապարհորդություն դեպի ներաշխարհ
Ինքնությունից դուրս, այս երկար
ճանապարհորդության ընթացքում,
Բազում կեռմաններ կան, քամահրված մեկուսի վայրեր,
Որտեղ փխրաքարը սահուն է, վտանգավոր…

Ես փորձում եմ ինձ այս վիճակի համար,
Մատաղածառի տոկանքը մահվան դեմքի առաջ,
Հրճվում եմ ամենաաննշան փոփոխումից,
Լույսի փայլը՝ ալիքների վրա:
Ես թափառում եմ, մարմինս՝ մտածում,
Եվ հանկարծ շրջվում դեպի լույս:

Առաջացող և մարող ջրերի հոսքում
Ուրվագիծ, որ ծնվում է քնից, արցունքից,
Հավերժական մեկին՝ երեխային, որ նման է ճոճվող որթատունկի,
Լուսապսակը՝ բացվող ծաղկաթերթին,
Ընկեր, որ վազում է քամոտ բարձրավանդակով,
Ոչ ձայն է, ոչ տեսիլք…

Ես գրկում եմ աշխարհը…

Ես բարձրանում- ընկնում եմ,
Եվ ժամանակը պարուրվում է երկար պահի մեջ,
Լսում եմ՝ քարաքոսը խոսում է,
Բաղեղը առաջանում,
Իր մողեսե սպիտակ ոտքերով՝
Պսպսացող ճանապարհի վրա,
Փոշոտ ոլորտներում:

Մտորումներ Օյսթեր գետի մոտ
Ցածրադիր, կռախեցով ծածկված
փղագույն ժայռերի վրայով
Եկավ մակընթացության առաջին կոհակը,
Շարժվեց անաղմուկ դեպի ինձ,
Հոսեց ափի նեղ ակոսներով, ծածկեց
շարքերը մեռած քարախեցու:

Միչիգանյան առվի ապրիլյան առաջին շարժումը,
Քարե պրկունքի վրայով՝ դեպի մանր հոսանքները…

Այս ժամին,
Իմացության երկնի առաջին պահին,
Մարմինն ընդունում է մաքուր թույնը հոգու,
Ձեռք բերում մի կարճ պահ կտցարի անհոգությունը,
Խլահավի վստահությունը, ճապկանքը արքայաձկան:

Հիմա, այս լույսի մարման պահին,
Ճոճվում եմ առավոտվա շարժման հետ,
Օրորոցի մեջ այն ամենի, ինչ գոյ է՝
Ջրերի ծփանքից,
Կտցարների ճիչից խլացած.
Ես անդորրի մեջ եմ և թմբիրի:

Մեռնող մարդը
Եվ ես գիտեմ դա այնպես,
Ինչպես մեռնողը գիտե՝
Հավերժն հենց հիմա է:

Հավերժը որոշված է և ծղոտին հյուսված,
Դա նաև ցասումն է՝ քարի տակ պրկված:

Ես կարծում էի նորից վերափոխվում եմ,
Ձեռքս դարձավ կճղակ,
Եվ կրեցի թուջե ծանրությունը
Չեղած մեղքերիս:

Ուսյալ մի հեթանոս հետևյալն ասաց.
Ապրիր հոգուդ մեջ, հոգուդ մեջ միայն,
Այն, ինչ ետ բերիր հոգուդ անդունդից,
Խխունջը գիտեր դարեր շարունակ:

Ես մենակ եմ այդ կյանքի մեջ,
Մենակ և ոչ մենակ,
Ամեն օր մեռնելով նորից վերստեղծվում եմ,
Ես վերջ կտամ մահը հենց իմ մահով:

Իմացությունը հապաղեց մի պահ,
Եվ ոչ իմացությունը ներս մտավ,
Բերելով իր հետ հենց գոյությունը,
Եվ կրակը պարեց անտես ծաղկունքը անդունդի:

Տեսիլքը շարժվում է և մնում նույնը,
Ես սարսափում եմ ինքս ինձնից,
Երբ երկնի փառքն է մոտենում:

Նորոգում
Գիշերային քամին է բարձրանում: Ապրում է հայրս:
Խավարն է կախվել հոգու ջրերի վրա:

Հանկարծ ինքնության վերծանում՝ որտեղի՞ց,
Թաց մի ուրվական խմում է ավիշը ողնուղեղիս,
Գիտեմ՝ սիրում եմ, բայց անգիտակից՝ որտե՞ղ եմ ես:

Տեսնում եմ խճաքարը տարածված,
Ասես գոյը կիսվեց երկու մասի,
Եվ ողջ շարժումը հոգու մերկացավ,
Ես գտա սերը և ամենուր եմ:

Սերն է փոխում ամեն ինչ: Արյունազրկիր բնազդս, սե~ր,
Այս ջրերը ընկղմում են ինձ խոր քնի մեջ, ուր թափառելով
Դեմքս կհամբուրի սուր քամին:

Հիշողություն
Սերն ամենուր է,
Սերն այն ամենն է, ինչ գիտեմ,
Դրսի աշխարհը մեռնում է իմ մեջ:

Եղջերուն խմում է աղբյուրի մոտ,
Եղջերուն և նրա փոքրիկը,
Երբ ես հետևում եմ նրանց,
Խոտը փոխվում է սև քարի:

Կորուսյալ որդին
1.
Խխո~ւնջ, խխո~ւնջ, տա´ր ինձ առաջ,
Թռչո~ւն, շշնջա~ ինձ տուն:

Մութ անձավն ասաց՝ հպվի´ր քամուն,
լուսինը շշնջաց՝ տե´ս մեջքը ձկան,
աղը կրկնեց՝ նայիր ծովեզրին,
արարքներդ դեռ բավարար չեն
փառաբանման համար,
սփոփանք չես գտնի դու այստեղ:

Ես այլևս կտուցս ջրի մեջ ընկղմված թռչուն չեմ,
այլ խլուրդ հողը քչփորող,
գիշերային որսի դուրս եկած ջրասամույր:
Ես պատրաստ եմ սուլել,
ես ավելին եմ, քան երբ ծնվել եմ,
ես կարող եմ ողջունել բոլոր իրերը,
ես կարող եմ խոսել խխունջի հետ
և տեսնել, թե ինչն է երգում,
օ~, երգո~ւմ:
2.
Ցածր  մի բերան խմում է ջուրը: Բույսե~ր,
բույսե~ր, ինչքա~ն եմ ձեզ սիրում,
նավահանգիստը սառն է: Մնա´ս
բարով, իմ որդ:
Տերևնե~ր, տերևներ՝ դառնում են ինքս:
Շիվերն էլ եմ ես:

Գովք մինչև վախճան
1.
Հին թփի  ցողունից՝ նոր շիվի հայտնություն,
խավար է անտառում՝ մե~ղմ ծաղր,
ո՞ւմ համար եմ լցվել, ինչպես սերմ:
Ես կկերակրեմ միայն ուրվական,
հա´յր, ների´ր ձեռքերս,
ծփանքը գնաց լճի հետևից,
գետը մենակ է իր ջրերի հետ:
2.
Ես հեռու էի անչափ, քան որևէ մեկը,
եղևնասերմի թռչող մարմնի վրա նստած,
ես հետևել եմ անհայտ մի թռչնի,
ձկնորսելով՝ հանկարծ բռնել եմ ինքս իմ ականջներից,
բզեզները քաղցրացնում էին շունչս:
Քնում էի միջատի պես
և հանդիպեցի խայթեր ժողովողին,
դանդաղ շարժումների հովվին:
Իմ առաքելությունն էր՝ մանրաձկների փրկությունը:
Ավելի ուշ ես պարեցի պարզ մի անտառում,
թե ինչպե՞ս պարեմ, սովորեցրեց մուկը,
օ~, երջանիկ հարցնողն էի ես:
3.
Երգե~ք, օ~, երգե~ք, դաշտի սիմվոլներ,
համայն պարզունակ էակներ:
Հյուլե ուրվագրեր, ամոթխած և մեղմ,
մթամած շոգում երգեցեք:

Մի թեթև երգ՝ տերևներից
և մի մեղմ հևոց ասացին՝ այո´: Լույսը ճայթեց:
Մի մեղմ ձայն եկավ տխուր ամռան խորքից:
Դո՞ւ ես, սառը հայր, ում համար
մանրաձուկն է երազում:
4.
Ես կփնտրեմ սեփական մեղմությունս,
ինչ շնորհ ունեմ բավական է:
Կորուսյալն ունի իր քայլքը,
ցողունները հարցնում են ինչ-որ բան,
գերեզմանի ասածը
թռչնի բույնը ժխտում է:

Ի՞նչ կարող եմ ասել ոսկորներիս
Ես ձերբազատված եմ տանջալի պարից հակասության,
քամին ճոճվում է ցանկությանս հետ,
անձրևը՝ պաշտպանում,
ապրում եմ լույսի ծայրակետում,
ձգվում բոլոր ուղղություններով,
երբեմն թվում է, ես բազում էություններ եմ, ուրիշ ոչինչ:
Ինչ ընդարձակ արտոնություն եմ ձեռք բերել,
մոխիրներից էլ չեմ տենչում ես ոչ մի կյանք
կամ երազում մեռյալների վայրը սոսկանք,
գութը ունի բազում ձեռքեր:
Արև~, արև~, և այն ամենն, ինչ դառնում ենք,
և ժամանակ հասունացող, որ կմեկնի դեպի Լուսին:
Երկար դաշտում, ես թողեցի հորս աչքը,
ես թափ տվի ոսկորներիս միջից հոսող մարդ գաղտնիքը,
տե´ս, ես խիտ եմ, ինչպես տերև, և աղավնի՝ քնքշաթև,
ես կօգտվեմ ազատ պահից,
թե կարճ կյանքս թույլ կտա ինձ,
ես կփնտրեմ հենց սեփական
հեզությունս այս աշխարհում:

Հյուսիս-ամերիկյան շարք
1.
Չորացած ծառերի թավուտում ես
գտա ճշմարիտ էությունս,
կեցության խորքից՝ ասես նոր էակ,
և ես կանգնեցի էությունիցս դուրս,
լինելության և անհետացումից էլ այն կողմ,
ինչպես էակ, որ լրիվ նոր մարդ էր,
ես դուրս լողացի հսկա ալիքներից՝
ես հարատևում եմ:
2.
Ես ճոճվում եմ ինձնից դուրս,
դեպի մթնող հոսանքը պրկվող,
դեպի մանր տաշեղը ջրով քշված փայտի,
իսկ ջուրը կղզյակ շրջանցելիս
ծփում է, պղպջակվում:
Եվ ես հրճվում եմ Գոյիս փոփոխումով,
եղրևանու ծաղկով, սողունների
սպիտակ անշարժությամբ,
ճյուղի խորքում թաքնված թռչնով և մյուս երգիչներով,
որ օդն ամբարած՝ ողջունում են ինձ…

Խառը շարքեր
1.
Ծաղիկների համար՝ տուն: Տունը՝ տան վրա,
սիրո և անցած մեղքի համար…
2.
Ես մտածում եմ ձագի մասին,
որ բնից ընկել է բարձր խոտի մեջ,
կրիայի, որ շնչահեղձ է լինում թափոնների մեջ խճուղու,
կաթվածահարի, որ անզգայացել է լողարանում,
իսկ ջուրը բարձրանում է,
բոլորը անմեղ, դժբախտ, մոռացված:
3.
Խավար ժամանակ աչքը տեսնում է,
ես՝ տեսա ստվերս՝ խորացող ստվերի խորքում,
լսեցի արձագանքս՝ արձագանքող անտառում,
տերն էի բնության՝ արտասվեցի ծառերի առաջ:
Հարատևեցի ճայի ու սարյակի,
բլրի գազանների և որջի օձերի միջև:
4.
Ես՝ գահընկեց հոգիս, մագլցում եմ ինձնից դեպի աշխարհ,
գիտակցությունս ինքս է ներս մտնում, և
Արարիչը՝ հենց միտքն ինքը,
մաքուր բացարձակն է ազատ շրջող քամում:
Կրքի շնորհիվ է ոգին մնում արթուն
և հույս փնտրում սիրո տառապանքում:
Մինչև հասնում ենք վերջնական ճշտման՝
այս անցումը մահից էլ այն կողմ,
այս պահը սիրո,
ուր բոլոր էակները կիսվում են իրար հետ՝
ուրեմն, ապրում:

Ըղձանք
1.
Հոգին անկարող է շարժվել առաջ,
կծկվում է կես-կյանքի մեջ և սարսափում
ինքն իրենից,
ետ ընկրկում, ինչպես կողինջ և թույլ մի որդ,
որ պատրաստ է չքվել ճեղքում,
և անաչք է, բայց սևեռուն:
2.
Խարանի գարշահոտությունը դեռ
ծխում է քաղաքների եզրին,
ճայերը պտտվում են թափոնների վրա,
Հսկա ծառերը այլևս չգիտեն սոսափել,
անգամ մութը մոռացել է իր պարը:
3.
Կիրքը հագեցնում է հոգին,
ինչպե՞ս կտրենք-անցնենք զգայական այս դատարկությունը
(երազը չորացնում է մեզ, թե հարատևենք երազելու մեջ):
Ես կհավատամ վերածնվող ցավիս,
և աչքս խաղաղ կհրճվեմ՝ բացվող վարդի վրա,
ես կհրճվեմ, ինքս՝ իմ տերը,
ճյուղը կերգի, վերափոխելով թռչունը՝ քնքուշ էակի,
Ես տենչում եմ բոլոր ձևերի սրտի
չմարող անդորրը տեսնել:
Տենչում եմ դառնալ առու, որ լայնանում է
ուշ ամռան խոշոր ժայռերի արանքում,
տենչում եմ տերևներ, սիրում ու հրճվում,
սիրում եմ այս մահկանացու կյանքի
բուրումնավետ քաոսը,
այս դարանը, այս լռությունը,
ուր ստվերը բոց է դառնում,
իսկ խավարը՝ լքում:

Թարգմանությունը անգլերենից՝ Արտեմ Հարությունյան

Տես նաև Ուոլթ Ուիթմեն Բանաստեղծություններ, Էզրա Փաունդ Բանաստեղծություններ և Թոմաս Էլիոթ Բանաստեղծություններ
Թեոդոր Ռյոթքե | Բանաստեղծություններ Թեոդոր Ռյոթքե | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:23:00 Rating: 5
Технологии Blogger.