Պարույր Սևակ | Արտերն են ծփում


Առավոտն այնտեղ կանուխ է այնքան
Իր աչքը բանում
Եվ այնքա՜ն հանկարծ, որ միտք ես անում,
Բայց չես հասկանում:

 Մութը քաշվում է ծմակ ու քերծեր,
Իսկ հետո՝ շոգին
Սարատափի տակ, քար ու թփի տակ
Փոխարկվում շուքի:

Իսկ լո՜ւյսը... Լույսը հեղեղի նման
Վարարո՛ւմ, հորդո՛ւմ,
Սարերն է բռնում, երկինք է հառնում,
Լճանում սրտում:

Իրիկվա քամին զարթնում է հանկարծ
Եվ միանգամից,
Ինչպես բուրավետ իր օրորոցում՝
Երեխան քնից:

Արտերն են ծփում, ալիքվում այնպես
Գժորե՜ն, կարծես
Երբեք չե՛ն զսպվի, երբեք չե՛ն դառնա
Կաշկանդված խրձեր...

 15.VIII.1956թ.      
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Արտերն են ծփում Պարույր Սևակ | Արտերն են ծփում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:02:00 Rating: 5
Технологии Blogger.