Պարույր Սևակ | Բնանկար


Կինոկադր է կարծես. հրդեհվել է բարդին,
Արծաթին է տալիս շաղակրատող առուն,
Կալսիչն է կտկըտում, և մղեղը հարդի
Կանանց, աղջիկների թարթիչներին թառում:

Կարմիր փոխանցիկը ծածանվում է կալում,
Հսկա դեզի շուքը երկարում է այնպես,
Այդ ստվերն է կարծես շուտով սկիզբ տալու
Իրիկնային մթին: Մինչդեռ հեռվում կարծես

Զարդարվելով հազար ծփուն դրոշներով՝
Հորիզոնն է զուգում մայրամուտը շռայլ,
Իր լուսավոր ձեռքը հերթով դրոշմելով
Բարդիների, դեզի, բլուրների վրա:

Հետզհետե օրը հանդարտվում է, լռում:
Իլյիչի լամպերն են թարթում գորովանքով:
Պարզ լսվում է, թե ոնց ծիծաղում են առուն
Եվ սիրահար զույգը՝ փշատենու ներքո...

17.I.1952թ.
Մոսկվա

Տես նաև պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բնանկար Պարույր Սևակ | Բնանկար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:03:00 Rating: 5
Технологии Blogger.