Պարույր Սևակ | Ծեր լինելու ցանկություն


Ես կուզեի հիմա լինել ծեր ու տկար,
Ապավինած միայն անցյալների հուշին,
Լինել ապրա՛ծ, անցա՛ծ, որ սիրտս այսպես չզգար
Ոչ սեփական զարկը, ոչ՝ ուրիշի:

Լինել լո՜ւռ ու պարտված,
Արդեն հաղթա՛ծ դավին,
Հուզումներից պարպված
Եվ անկարող ցավին,
Եվ ուշացած սիրուց ու կարոտից դաժան,
Հիշել - ու հասկանալ, զգալ գոնե այնժամ,
Որ դժվա՜ր չէր այսպես,
Անհնա՜ր չէր այսպես
Ապրել առանց իրար և իրարից բաժան...

30.VII.1946թ.       
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ծեր լինելու ցանկություն Պարույր Սևակ | Ծեր լինելու ցանկություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 15, 2018 Rating: 5
Технологии Blogger.