Պարույր Սևակ | Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք


Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք,
Բոլոր շքեղ կանայք շքեղ քաղաքներում:
Իմըս լինես լոկ դո՛ւ, իմ հայրենի՜ քաղաք,
Եվ նա՛, ով մտքերիս ու սրտիս է տիրում:

Գիշերն ի լույս նստենք վառարանի դիմաց,
Դրսում ձմեռ լինի ու ձյուն լինի դրսում.
Ուրիշ քաղաքներից նրան պատմեմ կամաց,
Եվ նա այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսում:

Պատմեմ, թե ինչպես է իմ ծովահեն հոգին
Մերթ խորտակվել խութին, մերթ ծովի մեջ սկել,
Ինձ դեսուդեն ձգել՝ որոնել է մեկին
Շքեղ քաղաքներում ու կանանց մեջ շքեղ:

Պատմեմ թափառումիս, որոնումիս մասին,
Իսկ գտածիս մասին... և ոչ մի խոսք չասեմ:
Իսկ նա կողքիս՝ արթուն, նայի նիրհող Մասսին
Եվ ինձ այնպե՜ս լսի, կարծես չի էլ լսել...

26.II.1952թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք Պարույր Սևակ | Ուրիշներին լինեն բոլոր շքեղ կանայք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:36:00 Rating: 5
Технологии Blogger.