Պարույր Սևակ | Մի չարանա


Մի՛ չարանա վրաս:
Եվ իմ մեղքը ի՞նչ է:
Սովա՞ծ թե կուշտ եմ ես՝
Կարևո՜ր չէ բնավ:
Խաշ մեջտեղում չկա՛,
Բայց սխտորի հոտը
Նվաճել է հիմա և աննվաճ օ՜դը:
Ես փորձում եմ գոնե քիթըս բռնել:
Եվ իմ մեղքը դա՞ է:
Մի՛ չարանա վրաս:

 Մի՛ տանջիր ինձ հարցով:
Լոկ ա՛յն գիտեմ հիմա,
Որ լոտոսի համար չարժե՜ սարքել ճահիճ
Եվ ծով չորացընել` ակվարիումի համար
Մեծ տուրք կվճարեմ ես լռության դիմաց,
Միայն թե, խնդրո՜ւմ եմ,
Մի՛ տանջիր ինձ հարցով:

Եվ մի՛ հուսադըրիր:
Ես չե՜մ հուսահատվել:
Իմ տարիքում, ճի՛շտ է, էլ չեն առնում հասակ,
Բայց մարդն էլ է ընձուղտ,
Եվ իմ վիզը հիմա
Երկարում է - ձգվում
Ու բարձրանում
Այս բազմահարկ բոլոր շենքերից վեր,
Որ պաղ հորիզոնից մի բերան մով պոկի
Ու որոճա՜ դանդաղ:
Ինձ մի՛ հուսադըրիր:

Մի՛ նկատիր նաև:
Ես այլևըս չկա՜մ,
Ինչպես չկա երկինք
(Լուրթը խաբկանք է լոկ).
Ինչպես չկա և ջո՜ւր
(Կա «երկու հաշ, մեկ օ» ).
Ինչպես չկա և սե՜ր
(Դու ապրում ես հեռվում):
Թող չլինի և ա՜չք:
Մի՛ նկատիր դու ինձ

Եվ մի՛ փնտրիր իզուր:
Ես կլինեմ ու կամ:
Չէ՞ որ հետք են թողնում մինչև անգամ պորտով:
Ես սողալու համար հարմարություն չունեմ,
Չունեմ նաև թևեր,
Բայց ունեմ ձեռք մի զույգ,
Որոնցով ես հիմա իմ աչքերն եմ փակում.
Քեզ՝ չեմ ուզում տեսնել,
Իսկ դու ինձ մի՛ փնտրիր

04.XII.1961թ.        
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մի չարանա Պարույր Սևակ | Մի չարանա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:15:00 Rating: 5
Технологии Blogger.