Մարկ Տվեն | Միջնադարյան վեպ


I — Գաղտնիքի բանալին

Գիշեր էր։ Մեծ վաղեմի աւատական ամրոցում խաղաղութիւն էր տիրում։ Վերջանում էր 1222 թ։ Ամրոցի ամենաբարձր աշտարակներից մէկի ծայրում միայնակ մի լոյս էր վառւում։ Այդտեղ այդ պահուն կատարւում էր ընտանեկան գաղտնի մի խորհուրդ։ Խստաբարոյ հին բարոն Կլիւգենշտայնը նստած էր բազկաթոռի վերայ, խորասուզւած մտածմունքների մէջ։ Յանկարծ նա քնքոյշ ձայնով ասաց
Սիրելի աղջիկս։
Մի ազնիւ կերպարանքով երիտասարդ, որ հագած էր ոտնից մինչեւ գլուխ ասպետական զգեստ, պատասխանեց
Ի՞նչ է, հայրիկ։
Սիրելի աղջիկս, հասել է ժամը, որ ես պէտք է բանամ այն գաղտնիքը, որ վրդովել է քո մատաղ կեանքը։ Թող յայտնի լինի քեզ, որ այդ գաղտնիքի արմատը գտնւում է այն հանգամանքներում, որոնք ես քեզ կը բացատրեմ։ Իմ Ուլրիխ եղբայրը Բրանդենբուրգեան դուքսն է։ Իմ հայրը մահւան անկողնում կտակեց, որ եթէ Ուլրիխը որդի չունենայ, թագաւորական գահը պէտք է անցնի իմ սերունդիս՝ այն ենթադրութեանմբ, որ ես որդի կʼունենամ։ Իսկ եթէ մեզնից ոչ մէկը որդի չի ունենալ, այլ միայն աղջիկներ, գահը կը մնայ Ուլրիխի աղջկանը՝ եթէ միայն նա անբիծ բարոյականութեան տէր լինի։ Հակառակ դէպքում՝ պէտք է ժառանգի իմ աղջիկը, եթէ նոյնպէս անարատ անուն պահպանի։ Ուստի ես եւ իմ պառաւ կինս ջերմեռանդ սրտով շատ ենք աղօթել, որ Ամենակարողը պարգեւի մեզ արու զաւակ։ Բայց մեր աղօթքները չը լսւեցին։ Ծնւեցիր դու մեզ զաւակ։ Ես յուսահատւած էի ես տեսնում էի, որ թանգագին գանձը իմ ձեռքից դուրս է գալիս, դիւթական ցնորքը իբրեւ մի ծուխ կորչում է։ իսկ ես ինչպէ՛ս մեծ յոյսեր ունէի։ Ուլրիխ եղբայրս հինգ տարի վայելել էր ամուսնական կեանք բայց դեռ չէր ունեցել իւր կնոջից ո՛չ արու եւ ո՛չ էգ ժառանգ։
«Սակայն ես շուտով հաշւեցի, որ դեռ բոլորը կորած չէ։ Իմ գլխում ծագեց հետեւեալ փրկարար ծրագիրը։ Դու ծնւեցիր կէս գիշերին։ Միայն բժիշկը, դայեակը եւ վեց աղախինները գիտէին քո սեռը։ Մի ժամ էլ չանցաւ, որ ես նոցա բոլորին էլ կախել տւի։ Հետեւեալ առաւօտը բոլոր բարոնները իմանալով, որ ինձ որդի է ծնւել, որ պէտք է ժառանգ դառնայ Բրանդերբուրգեան դքսութեան, ուրախութիւնից խելքները կորցնում էին։ Գաղտնիքը պահւում էր շատ խիստ կերպով։ Քո մօրաքոյրը դարձաւ քո դայեակը եւ այնուհետեւ այլ եւս ոչինչ վախենալու տեղիք չունէինք։
«Երբ որ քո ինն տարին լրացաւ, Ուլրիխին էլ աղջիկ ծնւեց։ Մենք տրտմեցինք եւ թէեւ սկսեցինք մեզ մխիթարել նորանով, որ կարմրուկը, ծաղիկը, բժիշկները եւ ուրիշ մանկական աղէտները իրանց անելիքը կանեն, բայց միշտ էլ յուսախաբւում էինք։ Աղջիկը ապրում էր եւ մեծանում կարգին Բայց ի՞նչ ենք շատ հոգս անում։ Մի՞թէ դու մեր որդին չես մի՞թէ մեր սիրելի Կոնրադը չէ ապագայ դուքսը։ Քեզ՝ չը նայելով, որ քսանեւութ տարեկան աղջիկ ես, սիրելիս, երբէք ուրիշ անուն չենք տւել, այլ միայն Կոնրադ։
Այժմ հասել է այնպիսի ժամանակ, որ եղբայրս ուժասպառ է դառնում եւ իրան թոյլ է զգում։ Պետական հոգսերը նորան չափազանց յոգնեցնում են, ուստի նա ցանկանում է, որ դու գնաս նորա մօտ եւ իրապէս դառնաս դուքս, թէկուզ այդ անունը դեռ ստացած չը լինես։ Ծառաներ քեզ համար պատրաստ են հէնց այսօր երեկոյեան ճանապարհ ընկի՛ր։
Բայց լաւ լսիր ասածներս եւ մտքումդ պահիր իւրաքանչիւր խօսքս։ Մեզանում մի օրէնք կայ, որ նոյնքան հին է, որքան ինքը Գերմանիան, որ եթէ մի որ եւ է կին բազմի դուքսական գահի վերայ, թէկուզ մի վայրկեան, նախ՝ քան հրապարակապէս օծւիլը ժողովրդի առաջ նա ենթարկւում է մահւան պատժի։ Չը մոռանաս այս նախազգուշութիւնը։ Մի՛ դուրս գալ խոհեմութեան սահմաններից, որ գտնւում է գահի ստորոտում։ Այդպէս եղի՛ր մինչեւ օծւելդ եւ բոլորովին ապահովանալդ։ Թէեւ դժւար հաւատալի է, որ երբ եւ իցէ քո սեռը իմացւի, բայց եւ այնպէս պէտք է իմաստնաբար վարւես այս խաբուսիկ եւ խորամանկ կեանքում, զգոյշ տանելով գործերդ։
Ոհ հայր։ Մի՞թէ այդ պատճառով իմ կեանքը եղել է մի խարդախութիւն։ Մի՞թէ կեանքիս միակ կոչումն է եղել իմ քրոջը նորա բարձր իրաւունքներից զրկել։ Խնայի՛ր ինձ, հա՛յր, խնայի՛ր քո հարազատ զաւակին։
Ի՞նչ, չարաճճի։ Իմ քեզ թագ տալու փոխարէն՝ ա՞յդ ես ինձ պարգեւ տալիս։ Հօրս գերեզմանով երդւում եմ, որ քո արտասուքը իմ ուրախութեան սազ չի գալիս։ Իսկոյն ճանապարհ ընկիր դուքսի մօտ գնալու եւ Աստուած մի արասցէ իմ նախագիծներիս դու դէմ գնաս։
Բայց, ընթերցող, վերջ տանք այս բացատրութիւններին։ Բաւական է ասեմ, որ ազնիւ եւ համակրելի օրիորդի ոչ աղաչանքը, ոչ համոզելը եւ ոչ արտասուքը մի լաւ հետեւանքի չը հասցրին։ Ոչ մի բան աշխարհքումս չէր կարող տեղից շարժել յամառ ծեր բարոն Կլիւոգենշտայնին։ Ի՞նչ անէր աղջիկը։ Տրտում սրտով՝ նա դուրս եկաւ ամրոցի դռներից, մութ գիշերով, շրջապատւած զինւած իշխանների ասպետական գնդով եւ ծառաների մի փայլուն խմբով։
Աղջկայ գնալուց յետոյ՝ ծեր բարոնը նստել էր լուռ մի քանի ժամանակ եւ յետոյ դարձաւ իւր կնոջը հետեւեալ խօսքերով։
Հանգամանքները մեզ համար լաւ են յարմարւում։ Ահա արդէն երեք ամիս է անցել այն օրից, որ ուղարկել եմ ճարպիկ եւ գեղեցկադէմ կոմս Դեցինին իմ եղբօրս աղջկայ մօտ, Կոնստանցիայի մօտ, մի երկիւղալի յանձնարարութիւնով։ Եթէ նորա գործը չը յաջողւի, մեր բանը շատ էլ լաւ չի լինիլ։ Իսկ եթէ յաջողւի, այն ժամանակ ոչ մի ոյժ չի կարող այլ եւս արգելք լինել, որ մեր աղջիկը դքսուհի ճանաչւի, եթէ մինչեւ անգամ չար բաղդը նորան վճռած լինէր երբէք դուքս չլինելու։
Իմ սիրտը, նկատեց կինը, մռայլ նախազգացումներից սաստիկ նեղանում է բայց դեռ կարող է լաւ լինել։
Դէհ, հոգս մի անիլ, սիրելի ամուսինս։ Թող ագռաւները, ինչքան ուզում են, այժմ կրկռան։ Գնանք քնելու եւ երազելու Բրանդերբուրգի եւ մեր ապագայ մեծութեան մասին։

II — Ցնծութիւն եւ արտասունքներ
Նախորդ գլխում պատմած դէպքից վեց օր յետոյ՝ Բրանդերբուրգի տէրութեան փառաւոր մայրաքաղաքը փայլում էր ռազմական շքեղութիւնով եւ թնդում էր հաւատարիմ ժողովրդի ուրախ աղաղակներից։ Քաղաքը եւ ժողովուրդը տօնում էին երիտասարդ Կոնրադի, իբրեւ թագաժառանգի, գալուստը։
Ծերունի դուքսի սիրտը լքցւած էր ցնծութեան զգացմունքով, որովհետեւ Կոնրադի գեղեցիկ դէմքը եւ նուրբ շարժողութիւնները առաջին անգամից իսկ գրաւեցին ծերունու սիրտը։
Պալատի ընդարձակ դահլիճներում խռնւած էին պալատականները եւ զմայլւած ողջունում էին Կոնրադին։ Բոլոր շրջապատողներից բուրում էր մի այնպիսի ուրախութիւն եւ երջանկութիւն, որ Կոնրադի տրտմութիւնը եւ երկիւղները փարատւեցին եւ անվրդով բաւականութեան զգացմունքի փոխւեցին։
Բայց պալատի հեռու օթեւաններից մէկում տեղի ունէր մի բոլորովին ուրիշ տեսարան։ Լուսամուտի մօտ կանգնած էր դուքսի միակ աղջիկը, դքսուհի Կոնստանցիան։ Նորա աչքերը կարմրած էին եւ ուռած եւ աղի արտասունք էին թափում։ Օրիորդը միայնակ էր։ Յանկարծ նա սկսեց հեկեկալ եւ բարձրաձայն արտասանեց՝
Խարդախ Դեցի՛ն նա ինձ խաբեց փախաւ եւ հրաժարւեց դքսութեան տիտղոսից։ Առաջ ես չէի հաւատում նորա գնալուն բայց այժմ, աւաղ, կասկածել անկարելի է։ Օ՛հ, իսկ ես ինչպէս սաստիկ, ինչպէս խելագար կերպով, նորան սիրում էի։ Ես սիրտս նորան տւի, թէեւ հաստատ գիտէի, որ իմ հայրը, դուքսը, երբէք համաձայն չի լինիլ՝ ինձ մարդու տալ նորան։ Այո, ես նորան սիրում էի իսկ այժմ այժմ ատում եմ։ Այո՛, ատում եմ հոգուս խորքից։ Ոհ, Տէր Աստուած, ի՞նչ պէտք է լինի իմ վիճակը։ Ես կորայ, անդարձ կորայ։ Ես կը խելագարւեմ։

III — Գործը բարդւում է
Անցան մի քանի ամիսներ։ Բոլոր հպատակները միաձայն գովում էին երիտասարդ Կոնրադի կառավարչութեան ընդունակութիւնը եւ փառաբանում էին նորա դատավարական իմաստութիւնը, նորա գթառատ վճիռները եւ այն մեծ համեստութիւնը, որ նա ցոյց էր տալիս իւր այդ բարձր դիրքում։
Ծերունի դուքսը շուտով յանձնեց նորան բոլոր գործերը եւ վերին խորհրդում նստում էր ինքը առանձնակի եւ հպարտ ինքնագոհութեամբ լսում էր, թէ ինչպէս է նորա ժառանգը առաջին նախարարի աթոռից դատավճիռներ կարդում դուքսի անունով։
Շատ պարզ էր, ի հարկէ, որ մի այդպիսի սիրւած մարդ, ինչպէս Կոնրադն էր, որ փառաբանւած էր ամենից եւ շրջապատւած էր անհամեմատ աւելի մեծ յարգանքով, քան միւս մեծամեծները, — պէտք է իրան երջանիկ զգար։ Բայց զարմանալի բան նա երջանկութիւն չէր իմանում։ Եւ գիտէք ինչո՞ւ։ Որովհետեւ նա նկատեց, որ դքսուհի Կոնստանցիան սկսել էր նորա վերայ սիրահարւել։ Բոլոր մնացած աշխարհի սէրը նորա համար ուրախութիւն էր, իսկ սա միայն վտանգ էր սպառնում։ Բացի այդ՝ նա նկատեց, որ ծերունի դուքսն էլ արդէն գուշակել է իւր աղջկայ զգացմունքները եւ արդէն մտածում էր ամուսնացնելու մասին։ Կոնստանցիայի տխրութիւնը օրեցօր նւազում էր, նորա աչքերում սկսում է յոյսը եւ վերակենդանութիւնը ցոլալ աւելի եւ աւելի եւ նորա վաղուց ժպիտը կորցրած շրթունքներում սկսում էր խաղալ ուրախութիւնը։
Կոնրադը գլուխը կորցրեց։ Նա անիծում էր իրան, թէ ինչու նա անձնատուր լինելով իւր բնական հակումներին, սկսեց մօտենալ իւր սեռակից անձին։ Նա ցանկացել էր այդ ընկերութեան մէջ իւր տխուր, տաղտկալի ժամերը մոռանալ բայց անսպասելի վտանգ առաջացաւ դորանից։
Այժմ նա սկսեց իրան հեռու պահել իւր հօրեղբոր աղջկանից։ Բայց այդ հանգամանքը աւելի վատացրեց բանը, որովհետեւ, որչափ նա հեռու էր փախչում, այնքան աւելի Կոնստանցիան նորան աշխատում էր հանդիպել։ Առաջ Կոնրադը զարմանում էր այդ բանի վերայ, բայց յետոյ սկսեց վրդովմունքի մէջ ընկնել։ Աղջիկը նորան կատարելապէս հալածում էր, նորան հետեւում էր, աշխատում էր նորա մօտը լինել ամեն ժամ եւ ամենուրեք, օր ու գիշեր։ Բայց աղջիկը աւելի էր անհանգիստ, քան կարելի էր կարծել։ Մի գատնիք կար, որ դեռ ոչ ոքի յայտնի չէր։
Այսպիսի յարաբերութիւններ երկայն շարունակւել չէին կարող։ Բոլոր շրջապատողները նկատում էին եւ միմեանց ականջին քշփշում էին։ Ծերունի դուքսը սկսեց անհանգստանալ։ Խեղճ Կոնրադը երկիւղից իրան կորցրել էր եւ մի ստւէրի էր նմանում։
Մի անգամ, երբ Կոնրադը դուրս էր գալիս իւր սենեակից, որ գտնւում էր կից պատկերազարդ դահլիճին, Կոնստանցիան նորան հանդիպեց եւ բռնելով նորա ձեռքը, բացականչեց՝
Անգութ, ինչո՞ւ էք դուք ինձնից փախչում։ Ես ինչ եմ ձեզ արել, կամ ասել, որ կորցրել եմ ձեր նախկին բարեկամութիւը, որ ունէիք դէպի ինձ։ Կոնրադ, ինձ միք ատի՛լ, այլ խղճացէք իմ տանջած սիրտս։ Ես քեզ սիրում եմ, Կոնրադ։ Այժմ ուզում ես՝ ինձ ատիր, բայց իմ խօսքը արդէն ասւել է, իմ բերանից թռել է։
Բայց Կոնրադը մնաց համր, ինչպէս մի փայտ։ Կոնստանցիան մի րոպէ տատանմունքի մէջ կանգնած նայում էր, յետոյ իւր կերպ բացատրելով Կոնրադի լռութիւնը, յանկարծ փայլեց վայրենի ուրախութիւնով եւ փարելով Կոնրադի վզին, ասաց՝
Դու համաձայն ես, դու հաւանում ես։ Դու կարող ես ինձ սիրել, դու ինձ սիրելու ես։ Ա՛խ, ասա, դու ի՞մն ես լինելու, ի՞մը, սիրելի Կոնրադ։
Կոնրադը մի ծանր հոգոց հանեց։ Նորա երեսը հիւանդոտ գունատութիւն ստացաւ եւ նա սկսեց դողալ, ինչպէս աշնան ծառի տերեւ։ Վերջապէս, յուսահատ կերպով մերժեց խեղճ աղջկան հետեւեալ խօսքերով
Դուք չը գիտէք, ինչ էք պահանջում։ Դա երբէք, երբէք, կարելի բան չէ
Եւ ինքը փախաւ, ինչպէս մի յանցաւոր, թողնելով դքսուհուն մեծ զարմանքի մէջ։ Մի րոպէ անցած Կոնստանցիան սկսեց լալ եւ հեկեկալ իւր եղած տեղում իսկ Կոնրադը նոյնը անում էր իւր սենեակում։ Երկուսն էլ յուսահատւած էին։ Երկուսն էլ տեսնում էին, որ շուտով գաղտնիքները բացւելու են վտանգաւոր կերպով։ 
Կոնստանցիան փոքր առ փոքր ուշքի եկաւ, դրստւեց եւ ինքն իան այս մտածմունքներին եկաւ։
Ի՞նչպէս ես դիմանամ, երբ տեսնում եմ, որ այն րոպէին, երբ ես կարծում էի, թէ իմ սէրը հալեցրել է նորա սառցապատ սիրտը, նա արհամարհում է իմ զգացմունքը։ Ես նորատ ատում եմ։ Նա ինձ դէն հրեց։ Նա, սիրւածը, դէնը շպրտեց ինձ, ինչպէս ոտքով քշում են շանը։

IV — Ճակատագրական լուր
Ժամանակը անցնում էր։ Բարի դուքսը կրկին վշտերի մէջ ընկաւ։ Կոնստանցիային եւ Կոնրադին այլ եւս միասին տեսնող չէր լինում։ Դուքսը մտատանջւում էր։
Ամենակարող ժամանակը կամաց֊կամաց վերադարձրեց Կոնրադին նորա թշերի կարմրութիւնը, նորա հայեացքի զւարթութիւնը եւ նա շարունակում էր ղեկավարել բարձր կառավարութեան գործերը լուսաւոր, անդադար ամրացող խելքով։
Հանկարծ մի օտարոտի քչփչոց սկսեց տարածւել պալատից դուրս։ Նա քանի գնում էր մեծանում էր եւ բարձրաձայն դառնում։ Քաղաքի բամբասասէրները արդէն էլ ձեռք չէին քաշում եւ ասէկոսէներին մեկնութիւններ էին տալիս։ Լուրը ծայրէ ի ծայր անցաւ բոլոր դքսութիւնը։ Իսկ լուրը ահա ինչ էր
«Դքսուհի Կոնստանցիան երեխայ է ծնել»։
Երբ որ Կոնրադի հայրը, բարոն Կլիւգենշտայնը իմացաւ այս լուրը, նա երեք անգամ շարժեց իւր փետրազարդ սաղաւարթը եւ բացականչեց։
Կեցցէ դուքս Կոնրադը։ Այսուհետեւ թագը նորա վերայ ապահովւած է։ Դեցինը ապրի նա իւր յանձնարարութիւնը լաւ կատարեց եւ թռւառականը արժանի է իւր վարձատրութեան։
Եւ նա տարածեց այս լուրը ամեն կողմ։ Եւ քառասունութ ժամից յետոյ նորա կալւածների բոլոր ժողովուրդը պարում էր եւ երգում եւ, ի պատիւ այդ մեծ գործի, կազմեց ճրագալոյց այդ բոլորը գոռոզ եւ երջանիկ բարոն Կլիւգենշտայնի հաշւով։
Պէտք է մեծ դատաստան լինէր։ Բրանդերբուրգի բոլոր իշխանները եւ բարոնները ժողովւած էին դուքսի պալատի դատաստանական ատեանը։ Բոլոր տեղերը, որտեղ կարելի էր նստել կամ կանգնել, բռնւած էին։
Կոնրադը հագած բոսորագոյն ծիրանին սպիտմակ աքիսաորթ շրջանակով նստած էր աւագ նախարարի աթոռի վերայ, իսկ նորա երկու կողմից տեղաւորւել էին պետութեան ծայրագոյն դատաւորները։
Ծերունի դուքսը խիստ հրամայել էր, որ իւր աղջկայ դատաստանը կատարւի առանց կողմնապահութեան, իսկ ինքը՝ սրտի վշտից անկողին պառկեց։ Նորա օրերը հաշւած էին։ Խեղճ Կոնրադը շատ խնդրեց, որ նորան ազատեն մի այնպիսի դատաստանից, որտեղ պէտք է քննւի նորա հօրեղբօր աղջկայ յանցանքը բայց նորա աղաչանքը իզուր անցաւ։
Այդ բոլոր բազմամարդ ամբոխի մէջ ամենավշտալի սիրտը Կոնրադինն էր իսկ ամենաուրախը նորա հօրը։ Հայրը՝ աղջկանից գաղտնի՝ եկել էր կանգնել եւ սպասում էր իւր տան վիճակւած ուրախութիւնը տեսնելու։
Երբ հարկաւոր յայտարարութիւնը արին եւ բոլոր պահանջւող ձեւականութիւնները կատարեցին, դատաստանի մեծ նախագահը արտասանեց
Յանցաւո՛ր, ոտքի կանգնի՛ր։
Դժբաղդ դքսուհին վերկացաւ եւ կանգնեց առանց քողի ահագին ամբոխի առաջ։ Նախագահը շարունակեց
Օգոստափառ դքսուհի մեր տէրութեան մեծ դատաւորների առաջ յայտարարւած է եւ ապացուցւած, որ ձեր բարձրութիւնը ամուսնական սուրբ կապից դուրս երեխայ էք ծնել, որի համար մեր երկրի հին օրէնքը սահմանել է մահւան պատիժ, եթէ միայն նորին բարձրութիւնը, մեզ կառավարող դուքսը եւ հրամայող բարի Կոնրադը չեն ներիլ ձեզ բարձրագոյն վճռով։ Յանձնեցէ՛ք ձեզ նորա գթասրտութեան։
Կոնրադը դողալով մեկնեց գաւազանը։ Այդ վայրկեանին նորա կանացի սիրտը լքցւեց կարեկցութիւնով դէպի չարաբաղդ յանցաւորը եւ նորա աչքերում երեւացին արտասունքներ։ Նա արդէն ուզում էր բերանը բանալ եւ խօսել, երբ դատաստանի նախագահը շտապով յայտնեց նորան
Ոչ այստեղ, ոչ այստեղ, ձերդ բարձրութիւն։ Օրէնքը պահանջում է, որ դքսի տան անդամները դատավճիռ կարդալը, ում եւ վերաբերելիս լինի, կատարեն գահի բարձրութիւնից։
Սարսափը պատեց խեղճ Կոնրադի սիրտը եւ նորա հօր երկաթեայ մարմնով անցաւ մի սարսուռ։ Եւ ահա ինչու։
Կոնրադը չէր թագադրւած։ Այդ վարմունքով նա ուրեմն պէտք է խայտառակէր գահը։ Նա տատանւում էր եւ երկիւղից գունատւում։ Բայց պէտք էր ծիսակատարութիւնը պահպանել։ Կոնրադի վերայ էին դարձրած շրջապատողների զարմացած հայեացքները։ Եթէ նա շարունակի տատանւել՝ այդ հայեացքները կասկածաւոր կը դառնան։ Նա բարձրացաւ գահի վերայ առաջ մեկնեց իւր գաւազանը եւ արտասանեց
Յանցաւո՛ր։ Մեր օգոստափառ Տէր, Ուլրիխի, Բրանդենբուրգեան դուքսի անունով՝ ես կատարում եմ ինձ վերայ դրւած բարձր պարտականութիւնը։ Ուշադրութեամբ լսեցէ՛ք իմ խօսքերը։ Մեր հայրենիքի հին օրէնքով, եթէ դոուք կը թագցնէք ձեր յանցանքի գործակցին եւ չէր յայտնիլ դատաստանին, դուք անխուսափելի կերպով կʼենթարկւէք մահւան պատժի։ Զիջեցէ՛ք այս սպառնալիքին եւ ազատեցէ՛ք ձեզ քանի ուշ չէ։ Յայտնեցէք ձեր երեխայի հօր անունը։
Բոլոր ժողովականներին տիրեց մի այնպիսի խոր լռութիւն, որ կարելի էր կարծես սրտերի բաբախումը լսել։ Այդ ժամանակ դքսուհին հանդարտ շարժեց իւր աչքերը ատելութիւնով, եւ մատը ուղղելով դէպի Կոնրադը, ասաց։
- Ահա այս մարդն է։
Կոնրադին սպառնացող սարսափելի վտանգը, որի դէմ առնելու համար նա միջոց եւ յոյս չունէր, նորա վերայ այնպէս մի սառն դող բերաւ, որ կարծես մահւան պաղութիւնն էր։
Ի՞նչ երկրային ոյժ կարող է այժմ նորան փրկել։
Մեղադրանքը հերքելու համար, նա պէտք է իրան մատնի, որ նա կին է իսկ չը թագադրւած կնոջ, որ յանդգնել է բարձրանալ դքսական գահը ֊ սպասում է պատիժ։ Մի վայրկեանում Կոնրադը եւ նորա կատաղի ծեր հայրը ուշքից գնացին եւ գետնին զարկւեցին։ 
Այս սարսափելի, խճճւած վէպի վերջը չի կարելի գտնել ո՛չ այս, ո՛չ մի որ եւ է ուրիշ գրքում, ո՛չ այժմ, ո՛չ երբ եւ իցէ ապագայում։
Բանն այն է, որ ես իմ հերոսիս (կամ հերոսուհուն) դրել եմ մի այնպիսի բացառիկ կամ անել դրութեան մէջ, որ էլ չը գիտեմ թէ ինչպէս կարող եմ նորան հանել այդ դժւարութիւններից, եւ ուստի գերադասում եմ ձեռքերս լւանալ այս գործում եւ թողնել զոհին (այսինքն հերոսիս, կամ հերոսուհուս), որ նա ինքը դուրս պրծնի, կամ մնայ էլի այնտեղ, ինչպէս ինքը կը ցանկանայ։ Ի հարկէ՝ սկզբում ես կարծում էի թէ այս փոքրիկ դժւարութիւնը ես հեշտ կը յաղթեմ բայց բանը ուրիշ կերպ դուրս եկաւ։

Տես նաև Մարկ Տվեն Պատմվածքներ
Մարկ Տվեն | Միջնադարյան վեպ Մարկ Տվեն | Միջնադարյան վեպ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 09, 2019 Rating: 5
Технологии Blogger.