Վոլֆգանգ Գյոթե | Ձկնորս


Ջուրը վշշում, ջուրն էր դիզանում,
Ձկնորսը նորա նստած էր ափին.
Անխռով, հանդարտ կարթին էր նայում,
Սառը քնի մեջ ընկղմած հոգին։
Եվ մինչդեռ կարթին նայում է նստած,
Ահա պատառվում, բացվում են ալիք,
Եվ դուրս է գալիս ջրիցը հուզված
Նորա առաջ մի կույս գեղեցիկ։


Եվ անուշ երգում, ասում է նորան։
«Ինչո՞ւ ես որսում իմ հպատակներին.
Խորամանկ խելքով մտել ես դարան,
Մատնում ես նոցա մահացու տոթին։
Բայց ի՜նչ երջանիկ, եթե իմանաս,
Ջրի խորքերումն ապրում են ձկներ,
Դու էլ ցած կիջնես, հենց ինչպես որ կաս,
Եվ սիրով, քաղցրիկ կանցնես քո օրեր։

Մի՞թե ոսկեշող արևն ու լուսին
Ծովի ցուրտ գրկումը չեն զովանում,
Եվ դեմքը նոցա ջրի երեսին
Ավելի չքնաղ չէ՞ պատկերանում։
Եվ պայծառ երկինք գրավո՞ւմ չէ քեզ,
Երբ վճիտ ջրումն է նա նկարված.
Եվ քո իսկ պատկերն, երբ այնտեղ նայես,
Քեզ չէ՞ հրապուրում դեպի ծոցն ալյաց»։

Ջուրը վշվշում, ջուրն էր դիզանում,
Ոտները թրջում բոբիկ ձկնորսին.
Անուշ ցանկությամբ հոգին էր լցվում
Ասես այն սիրո հույզն էր առաջին։
Եվ կույսը նորան երգում էր, թովում,
Եվ ձկնորսը խեղճ իրանից գնաց.
Եվ կույսն էր քաշում, ինքն էլ հետևում,
Ահա՛ և անհետ ջրի տակ մնաց:

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյան

Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Ձկնորս Վոլֆգանգ Գյոթե | Ձկնորս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 07:54:00 Rating: 5
Технологии Blogger.