Պարույր Սևակ | Բարի աջողում


Կենտ աչքն է ճմլում արևը կրկին՝
Պաղ առավոտվա մաքուր լվացված,
Սակայն չարդուկված թաշկինակ-ամպով,
Ու մանուկ օրն է ձգվում-հորանջում:

Եվ սիամական երկվորյակի պես
Իրար կցկցված խոփերը, նորի՛ց,
Հլու-հնազանդ ա՛յն տըրակտորին,
Որ գոմեշների, եզների, ձիու
Արքայատունը գահազուրկ արեց,-
Խոփերը նորի՛ց
Այստեղ ու այնտեղ
Ծեր Երկրագնդի հին մաշկն են քորում՝
Կարծես թիմարում,
Եվ ակոսները իրար են դարսվում՝
Էջերի նման.
Հողը թերթվում է,
Իսկ ընթերցումը կլինի հետո,
Երբ արեգակը
Իր բժշկական սուր ասեղները խրելով հողում՝
Ավյուն սրսկի
Եվ դուրս քաշի ծիլ, հասկավոր ցողուն:
-Բարի աջողո՜ւմ:

Արևը հողից ձգում-հանում է ոչ միայն ցողուն:
Արևը նաև շենքեր է ձգում ու հանում հողից:
Եվ մարդ արարածն իր իսկ ստեղծած ա՛յն ընձուղտներով,
Որ մետաղ ունեն ոսկորների տեղ
Ու ջղերի տեղ՝ ճոպան պողպատե,-
Բաբելոնական իր նոր ու հսկա աշտարակներին
Մարդ արարածը մատուցում է քար,
Խճաշաղախ է մատակարարում,
Եվ արհեստական պսպղուն աստղեր՝ ապակու տեսքով,
Իսկ ինքը՝
Պուճո՜ւր, աննշմարելի՜,
Կարկինի նման ոտքերն է չռել
Շինարարական հրապարակում կամ պատի վրա.
Ուզում է ասես իր ոտք-կարկինով
Չափել իր անցած-անցնելիք ուղին:

Կպել են արդեն քամու շուրթերին
Հյութեղ տերևներ,
Եվ, տե՛ս, սաղարթի կանաչ երկնքից
Կարճ-անհամաչափ ընդմիջումներով
Ամբողջ ժամանակ
Ցած են թրմփում
Փոքրիկ գույնզգույն օդապարիկներ՝
Տեսքով խնձորի, դեղձի կամ տանձի:
Եվ շնորհալի այգիների մեջ սկիզբ է առնում
Մի աշնանային հալոցք արտառոց:
Հաստազդըր ծառերն իրենց կաթոցքի
Հեռագրային պարզ այբուբենով
Կանչում են մարդկանց,
Որ գան ու շոյեն
Գգվանքի կարոտ իրենց վարսերը:

Եվ հողի տակից
Գլուխն է հանում մինչև իսկ սոխը՝
Ստորերկրյա արևն այդ գաճաճ,
Ու լռին մարգի կանաչ մթան մեջ
Ասես բացվում է արևածագը:
Արդար նախանձից ու չարությունից
Տե՛ս, լոլիկներն են մուգ-կարմիր դառնում՝
Մանրակոտորակ արևների պես խավարում ասես,
Ոմանք՝ մասնակի
Եվ ոմանք՝ լրիվ:
Գազարն իր ոսկով
Խաղալիքային գլխիվայր շրջված բուրգեր է սարքում
Եվ կամ թռչելու պատրաստ հրթիռներ խաղալիքային,-
Ո՞վ ինչ իմանա:
Նրա ոսկու մեջ
Մաղձոտ սխտորն էլ կտրում է արծաթ:
Արծաթ է պտղում և մարդկանց դեմքին՝ քրտինքի տեսքով:
-Բարի աջողո՜ւմ:

Ոմանք ջութակի կամ դաշնամուրի բռնի օգնությամբ
Պարան են հյուսում անհայտ ձայներից,
Որ մարդիկ իջնեն իրենց խորքը մութ
Կամ իրենց խորքում շնչահեղձվելիս վերստին փրկվեն:
Ոմանք գույներից նոր կյանք են ձևում,
Որ մարդկանց աչքը ողջ կյանքում հագնի:
Ոմանք բայերի խոր գաղտնիքներն են ուսումնասիրում,
Ջանում են հանել ածականների դիմակը ողորկ,
Որ ասուլիսեն Անհայտության հետ
Եվ նրա խորունկ խորհուրդը բանան ամենքի առաջ:
-Բարի աջողո՜ւմ:

Կնճիթը խրած անլեզու ծաղկի լի ալրատան մեջ՝
Իր ցերեկային բաց կողոպուտն է ավարտում մեղուն:
-Բարի աջողո՜ւմ:

Ութաձև միջատն իննաձև ճամփով իր բույնն է սողում:
-Բարի աջողո՜ւմ:

Մի համեղ մամիկ ընկույզ է ջարդում թոռնիկի համար
(Թող փուտը՝ պակա՛ս, սերտը՝ շա՜տ լինի):
-Բարի աջողո՜ւմ:

Իսկ դո՛ւ, սիրելի՜ս, որ կար ես անում՝
Ասեղդ թելած երազի թելով,
Կամ սրտատրոփ սեղան ես բանում՝
Ծածկելով ոչ թե սփռոցով միայն,
Այլ նաև տաքո՜ւկ-տաքո՜ւկ կարոտով,
Եվ սպասումից ջերմում ու դողում,-
Մի վայրկյան հետո
Կտեսնես, որ քո դուռը կբախվի,
Եվ շրթերիցըս, մի վայրկյան հետո, սիրով կկախվի
(Համբույրի՛ց առաջ) քնքշանքըս շողուն.
-Բարի աջողո՜ւմ:

18.II.1964թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բարի աջողում Պարույր Սևակ | Բարի աջողում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:10:00 Rating: 5
Технологии Blogger.