Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ապարանջանը


«…Քսանյոթ, քսանութ, քսանինը…Ուղիղ քսանինը հատ է…»
Տիկին Անժըլիեն մեքենաբար հաշվում և վերահաշվում էր ադամանդյա քարերը: Ապարանջանն իր քսանինը ադամանդյա քառանկյուն քարերով բարակ ու սառը օձի պես ճկունորեն սահում էր նրա մատների արանքով: Ադամանդները ճեփ-ճերմակ էին, ոչ այնքան խոշոր, սքանչելիորեն իրար նման. գիտակի համար գեղեցիկ զարդ էր: Նա ապարանջանն անցկացրեց թևին և էլեկտրական մոմերի լույսի ներքո սկսեց հիանալ նրա կայծկլտումներով՝ հարյուրավոր փոքրիկ ծիածաններ վառվռուն գույներով պարում էին սպիտակ սփռոցի վրա: Սակայն տիկին Անժըլիեի հայացքը ավելի շատ գրավում էր մի այլ ապարանջան, որն ադամանդյա օձի կողքին գրկել էր դաստակը նրբորեն փորագրված իր երեք օղակներով:
«Խեղճ Ֆրանսուա… Եթե այստեղ լինի, տեսնես մյուս տարի ի՞նչ կնվիրի»:
Արդյունաբերող Ֆրանսուա Անժըլիեն տվյալ պահին ճանապարհորդում էր Ալժիրում, բայց ներկա լիներ, թե բացակա, նա իր նվերով նշանավորում էր տարվա վերջը և իրենց ամուսնության տարեդարձը: Անցյալ տարի՝ նեֆրիտե քսանութ գնդիկ, նախանցյալ տարի՝ էմալե քսանյոթ վահանիկներով զարդարված գոտի…
«Իսկ սաքսոնական ճենապակուց քսանվեց փոքրիկ ափսենե՞րը… Քսանհինգ մետր Ալանսոնի ասեղնագործ ժանյակնե՞րը…»: Տիկին Անժըլիեն, մի քիչ ջանք թափելով, գնաց հիշողության հեռուները, մինչև ճաշի համեստ, արծաթյա սպասքը, մինչև երեք զույգ մետաքսյա գուլպաները…
«Այն ժամանակ մենք հարուստ չէինք… Խեղճ Ֆրանսուա, նա ինձ միշտ երես է տվել…»: Սրտի խորքում ամուսնուն «խեղճ Ֆրանսուա» էր անվանում, քանի որ իր կարծիքով բավականաչափ չէր սիրել նրան, թեև չէր էլ գիտակցում քնքուշ սովորության և երկարատև հավատարմության ուժը:
Տիկին Անժըլիեն բարձրացրեց ձեռքը, վեր տնկեց ճկույթը, ձգեց դաստակը, որպեսզի ապարանջանը հարթվի և ջանասիրությամբ կրկնեց. «Որքա˜ն գեղեցիկ է… Ինչ սպիտակ են ադամանդները…Որքան երջանիկ եմ ես…»: Հետո իջեցրեց ձեռքը և ինքն իրեն խոստովանեց, որ արդեն կշտացել է նոր զարդից:
«Համենայն դեպս ես երախտամոռ չեմ», - հոգոց հանեց նա պարզամտորեն: Նրա հագեցած հայացքը թափառեց ծաղկազարդ սփռոցից մինչև պահարանի կայծկլտացող  ապակեփեղկը: Արծաթյա զամբյուղի մեջ դրված կալվինի խնձորների հոտից սիրտը թեթևակիորեն խառնեց, և նա ճաշասենյակից դուրս եկավ:
Զարդասենյակ մտնելով, նա բացեց պողպատյա արկղիկը, որի մեջ զարդերն էր պահում, և նոր ապարանջանի պատվին սկսեց զարդարել ձախ ձեռքը: Մատնեմատին դրեց կապույտին տվող ադամանդով սև օնիքսից մի մատանի, մի քիչ կնճռոտված, գունատ ու նրբագեղ ճկույթին մուգ գույնի շափյուղաներով մի օղակ հագցրեց: Ժամանակից շուտ ճերմակած մազերը, որ չէր ներկում, ավելի ճերմակ երևացին, երբ իր գանգուրներին հարմարեցրեց ադամանդի փոշով զարդարված նեղ ապարոշը, որը սակայն անմիջապես էլ հանեց:
«Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ինչո՞ւ տրամադրություն չունեմ: Ինչ էլ ասես, հիսուն տարեկան լինելը տհաճ բան է…»:
Նա անհանգիստ էր, զգում էր ներքին մի ագահություն, բայց և զզվանք, ինչպես ապաքինվողը, որի ախորժակը դեռ չի վերականգնվել թարմ օդից:
«Ի վերջո, մի՞թե ադամանդն այդքան գեղեցիկ բան է»:
Տիկին Անժըլիեն ցանկանում էր մի այնպիսի հաճույք զգալ, որ տեսողականին գումարվեր նաև քմայինը: Ինչպես բերնի ջրերն են վազում կիտրոնի ախորժաբեր տեսքից, այն երկու մասի բաժանող դանակի անտանելի խզխզոցից…
«Կիտրոն չեմ ուզում, բայց այդ անանուն, անորսալի հաճույքը գոյություն ունի, հիշում եմ, դա…դա կապույտ ապակուց ապարանջանն է…»:
Մի սարսուռ անցավ տիկին Անժըլիեի կախ ընկած այտերով: Հրաշքը, որը չգիտեր էլ ինչքան տևեց, մեկ անգամ ևս նրան վերադարձրեց քառասուն տարի առաջ ապրած պահը, այն սքանչելի պահը, երբ նա զմայլված նայում էր ցերեկվա գույնին, առարկաների ծիածանագույն ու ծռմռված պատկերներին՝ կապույտ ապակուց ապարանջանի միջից, որ իրեն նոր էին նվիրել: Հավանաբար արևելյան ծագում ունեցող ապակյա այդ զարդը, որը մի քանի ժամից կոտրվեց, պարփակել էր մի նոր աշխարհ, նոր ձևեր, որպիսիք նույնիսկ երազում էլ չես հնարի, զույգ-զույգ շարժվող օձագալար, դանդաղաքայլ կենդանիներ, լուսամփոփներ, անասելի կապույտ մթնոլորտում ներփակված ճառագայթներ…
Հրաշքը չքացավ, և տիկին Անժըլիեն, ուժասպառ, հայտնվեց ներկայի և իրականության սահմաններում:
Բայց հենց մյուս օրվանից, նա ամենուր, անտիկվար իրերի, ապակեղենի խանութներում, զարդեղենի շուկաներում սկսեց փնտրել կապույտ գույնի ապակյա մի ապարանջան: Փնտրում էր կոլեկցիոների կրքով, մոլագարին բնորոշ զգուշավորությամբ ու ծածկապահությամբ: Համարձակվեց նույնիսկ այնպիսի թաղամասեր գնալ, որտեղ առաջ անհնարին էր համարում ոտք դնել, ավտոմեքենան բազմիցս թողեց անծանոթ փողոցների անկյուններում և, վերջապես, գտավ իր փնտրած կապույտ ապակուց ապարանջանը, որն անմիջապես նկատեց ստվերի մեջ, մի քանի սուով գնեց ու տարավ:
Լուսամփոփի մեղմ լույսի տակ, մուգ գույնի հին թավշյա ծածկոցի վրա դրեց ապարանջանը, թեքվեց վրան՝ սպասելով հրաշքի…
Բայց տեսածը միայն կապտավուն ապարանջան էր, երեխայի կամ վայրենու զարդ, հապճեպ սարքված, պղպղջակ տված ապակյա իր: Միտքն ու հիշողությունը ճանաչել էին առարկայի գույնն ու նյութը, բայց հզոր ու հուզառատ ոգին, որը ստեղծում և սնում է մանկական պատկերացումները, որն առեղծվածորեն հանգչում է տարիքի գործած ավերածություններին համընթաց, չցնցվեց ու չարթնացավ:
Համակերպված՝ տիկին Անժըլիեն այսպիսով ընդունեց իր իսկական տարիքը և մտովի չափեց այն անսահման տարածությունը, որի մյուս եզրին թափառում էր իրենից ընդմիշտ բաժանված, անմատչելի, օտար, ազատ ու նույնիսկ հիշողության թելադրանքին չենթարկվող մի էակ, տասը տարեկան մի փոքրիկ աղջիկ, որն իր դաստակին կապույտ ապակուց ապարանջան էր կրում:

Թարգմանությունը՝ Թագուհի Խաչմանյան

Տես նաև Սիդոնի Գաբրիել Կոլետ Ծպտված կինը
Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ապարանջանը Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ապարանջանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2019 Rating: 5
Технологии Blogger.