
Ուռճացած երեկոյի մեջ
լույսերը կեռ-կտուցավոր
Վաղուց են գիշերը
պեղել:
Մայթերը էլ չեն
հորանջում մարդկային կրունկների
տակ:
Փողոցներն ավլած են
արդեն.
Մնացած կեղտերը մթան
պիտի որ արևը
մաքրի:
Քնել է - և
աչքերը բաց-
Քնել է ողջ
քաղաքն արդեն:
Եվ մի՞թե դեռ
չես քնել դու.
-Սիրելի՜ս,
քեզ գիշե՛ր բարի:
Ճյուղավոր թախիծն ուզում
է դեռ պատվել
նաև սաղարթով,
Որպեսզի հետո, երևի,
ստվեր տա, թունո՜տ
մի ստվեր:
Այդ թունոտ ստվերի
ներքո թող քնի՝
ո՜վ որ կուզենա,
Բայց ո՛չ դու.
-Քեզ
գիշե՜ր բարի:
Կննջեն պահակներն անգամ՝
Գիշերվա ա՛յն հովիվները,
Որ զգոն լույս
ու լամպերի շնային
հսկողության տակ
Մշտապես արածեցնում են
մակաղված զգուշությունը:
Միայն ե՛ս բովանդակ
գիշեր աչքերըս պիտի
չփակեմ,
Քանի որ ամեն
կերպ հիմա քո
տեղն է բռնել
կամենում
Մի ծանոթ պառաված
օրիորդ՝
Այս կպչուն անքնությունը,
Որից ինձ չեն
փրկում նաև քնաբեր
կոչված դեղերը:
Ու ես այդ
անքնությունից՝
Պառաված օրիորդից այս
նույն,
Այնպես եմ վախենում
հիմա,
Ինչպես որ երեխան
է միշտ վախենում
բուժակ բժշկից:
Դո՛ւ գոնե, դո՛ւ
եղիր առողջ
Ու քնի՛ր.
-Քեզ
բարի գիշե՜ր:
Ես կյանքում ինչքա՞ն
գիշեր եմ ունեցել,-
Դժվար է ասել,
Քանի որ այդ
հաշիվը պարզ չի
արվում թվաբանությամբ,
Այլ միայն սիրո՛
մատներով,
Որ գուցե ծալվեն
հաշվելիս,
Բայց դժվա՛ր, դժվա՜ր
թե բացվեն:
Ես կանեմ այդ
հաշիվը բարդ,
Դա թող ի՛նձ,
իսկ ինքըդ քնի՛ր.
-Սիրելի՜ս,
քեզ բարի գիշե՛ր:
Մի բարակ - քաղաքավարի
անձրև է եկել
ժամերով,
Եկել է առանց
դադարի,
Եկել լոկ կարծես
ի՛նձ համար,
Քանի որ արթուն
մարդ չկա՛.
Բոլորը քնած են
վաղո՜ւց:
Դե՛, դու էլ
աչքերըդ փակիր.
-Սիրելի՜ս,
քեզ բարի գիշե՛ր:
.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հեռու չէ առավոտն
արդեն:
Եվ - գուցե արևի
ահից-
Դադարեց անձրևն էլ
հիմա:
Անձրևն էլ դադարեց
հիմա,
Մինչդեռ դու... շարունակվում
ես:
Նաև դո՛ւ դադարիր
մի քիչ.
Խղճա՜ ինձ, և
ի՛նքդ էլ ասա.
-Սիրելի՜ս,
քեզ բարի գիշե՛ր...
09.II.1964թ.
Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բարի գիշեր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 04, 2019
Rating:
