
Արեգակն է թեքվում:
Կարճանում է օրը:
Եվ լեռները նորից
երեխա են ծնում՝
Ստվերների տեսքով,
Որ մեծանում քիչ-քիչ
Ու թաղում են
իրենց ծնող մորը:
Պտտահողմը՝
Հենված ոտնաթաթի վրա,
Խոյանում է երկինք՝
Հաստատելով
Ժխտված առասպելը համբարձումի:
Ցրտող օդում դանդաղ
թպրտում է
Մի կտոր տաք
մարմին,
Որ թռչուն է
կոչվում:
Ինչ-որ կին
է կանգնած խուփ
դաշտի մեջ,
Եվ ոտների տակով
անց է կենում
Երկրագնդի անտես այն
առանցքը,
Որի երևացող մասն
է ինքը:
Առա՛նց հանցանքի մեջ
բռնըվելու,
Առա՛նց վկաների առկայության
Ինքըս մեղավոր եմ
ինձ ճանաչում
Ու վախվորա՜ծ-քաշվա՜ծ
մրմնջում եմ հեռվից.
Մրմնջում եմ արդեն
ո՛չ թե սրան,
Այլ այն մեկի՛ն՝
իմի՜ն, հեռավորի՜ն.
-Բարի
իրիկուն քեզ, ի՛մ
մենավոր...
15.XI.1961թ.
Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բարի իրիկուն
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 04, 2019
Rating:
