Ալեքսանդր Ծատուրյան | Ալիշանի մահը


Բա՛ց քո գիրկը — լո՜ւյս օթևանդ սրբազան,
Հայր գըթառատ ողորմած
Քե՛զ է գալիս հայ աշխարհի մեծ գուսան.
Ազգի սիրով պըսակված։


Ջերմ սիրահար հեգ հայրենի աշխարհի,
Բեղուն մըշակ գիտության —
Սերմնացան էր նա անձանձիր, քաջարի,
Գըլխին ալիք ծերության։

Ավարայրի խոսնակ բլբուլ տըխրաշունչ,
Հայ գարունքին կարոտած.
Նա երգում էր հայի մորմոք ու մըրմունջ,
Հայի փառքը կորուսած…

Նա երգում էր, նա պատմում էր աշխարհին
Հարաչարչար հայ կյանքի
Տըխուր վեպը - հայ վիճակը նոր ու հին,
Հայի խաչը տանջանքի…

Բա՛ց քո գիրկը, հա՛յր գըթառատ, ողորմած
Հյո՜ւր է գալիս քեզ հավետ
Հայի սըրտում լույս-անունով սըրբացած
Ազգի գուսան-Նահապետ։



Տես նաև Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություններ
Ալեքսանդր Ծատուրյան | Ալիշանի մահը Ալեքսանդր Ծատուրյան | Ալիշանի մահը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 03, 2019 Rating: 5
Технологии Blogger.