Կորնեյ Չուկովսկի | Արջն ու լուսինը


Արջը (չեմ հիշում
Որ ամսին),
Մտադրվեց
Թռչել Լուսին:
«Հավքի նման դեպի Լուսին կթռչեմ ես»:
Քոթոթները աշխուժացան
Ու ցնծացին.
«Մե՛զ էլ,
Մե՛զ էլ հետդ վերցրու Լուսին»:
 Երկու թև ագռավը բերեց,
Հանձնեց արջին:
Երկու թև արծիվը բերեց,
Տվեց արջին:
Իսկ բվեճը ճնճղուկի
Չո˜րս թև բերեց,
Ճնճղուկի ուղիղ չո˜րս թև,
Չո˜րս թև բերեց,
Հանձնեց արջին:

Բայց անզոր է
Գետնից պոկվել
Արջը ծուռթաթ:
Բայց անզոր է
Թռչել, ճախրել
Արջը ծուռթաթ:
Կանգնել է նա
Բացատի մեջ՝
Ճիշտ Լուսնի տակ:
Կանգնել է ու փնթփնթում է
Նա հուսահատ:
Եվ արջը ահա
Ծառ է բարձրանում,
Ծառից նայում է
Լուսնին փայլփլուն:
Իսկ Լուսնից ասես
Մեղր է ծորում,
Ոսկեշո˜ղ մեղր է
Ծորում երկնքից
Ու փռվում խաղա˜ղ աշխարհի վրա:

«Ա˜խ, սիրելի Լուսնի վրա
Ապրեմ պիտի անչափ ուրախ,
Ճախրե˜մ պիտի,
Խաղա˜մ պիտի,
Երգե˜մ պիտի Լուսնի վրա:
Օ˜, գոնե թե շուտ հասնեի,
Թռչեի, այնտեղ հասնեի,
Ապրեի անհոգ ես այնտեղ,
Մեղրալուսնի վրա շքեղ»:

Մերթ ձախ թաթն է թափահարում,
Մերթ աջ թաթն է թափահարում,
Ահա, ահա, նա կթռչի, կսլանա դեպի երկինք:
Մերթ աջ ոտքն է թափահարում,
Մերթ ձախ ոտքն է թափահարում՝
Աչքը՝ անվերջ երկնքի մեջ շողշողացող մեղրալուսնին:

Իսկ ներքևում,
Ծառի տակ,
Անտառի նույն բացատի մեջ,
Գայլերն են գռմռում
Մռայլ.
«Ա˜խ դու, ծուռթա˜թ,
Ա˜խ դու, հիմա˜ր,
Քո որջն ու անտառը թողած
Ի՞նչ գործ ունես Լուսնի վրա»:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Արջն ու լուսինը Կորնեյ Չուկովսկի | Արջն ու լուսինը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 15, 2019 Rating: 5
Технологии Blogger.