Կորնեյ Չուկովսկի | Այբոլիտ


1
Բժիշկ է նա բարեսիրտ,
Եվ անունը՝ Այբոլիտ:
Ա՛յ, նստել է ծառի տակ,
Որ ձեզ բուժի շարունակ:
Դե՛, բուժվելու եկեք դուք՝
Գայլ ու աղվես, որդ ու ձուկ,
Կոկորդիլոս ու քոթոթ,
Եկե՛ք, բուժվեք նրա մոտ:
2
Մի աղվես եկավ Այբոլիտի մոտ.
«Ո˜ւֆ, խայթել է ինձ պիծակն անամոթ»:
Ու մռմռալով մի շնիկ եկավ.
«Քիթս կտցել է պնդերես մի հավ»:
Ապա մոտեցավ մի մայր նապաստակ.
«Ա˜խ, շլդիկս ընկավ տրամվայի տակ,
Իմ խեղճ բալիկը գնաց ու ընկավ տրամվայի տակ:
Անկյունից հանկարծ տրամվայն ելավ,
Զույգ թաթիկները կտրեց ու տարավ:
Հիմա պառկել է և´ կաղ, և´ հիվանդ
Մանկիկն իմ անբախտ»:
Այբոլիտն ասաց. «Բան չկա, տիկի՛ն,
Գնա այստեղ բեր քո կաղ ճուտիկին.
Ես նոր թաթիկներ կկարեմ նրան,
Որ վազվզի նա առաջվա նման…»:

Եվ մայր շլդիկը գնաց ու կրկին
Ետ դարձավ՝ հիվանդ բալիկը գրկին:
Բժիշկը կարեց տոտիկներ նոր-նոր,
Ցատկեց փոքրիկը խենթ ու բախտավոր:

Եվ մայր շլդիկը իր բալիկի հետ
Գնաց պարելու դաշտում սիզավետ:
Նա կանչում ուրախ ու դոփում էր պինդ.
«Ապրե˜ս, շա՛տ ապրես, բժի՛շկ Այբոլիտ…»:
3
Մեկ էլ եկավ մի շնագայլ՝
Հեծած նժույգ արագաքայլ.
«Հեռագիր եմ բերել մի նոր,
Գետաձիուց այն հեռավոր…»:

«Բարի բժիշկ,-գրում էր նա՝
Աֆրիկական այն գետաձին,-
Շտապեք մեզ մոտ հիմա,
Որ բուժեք մեր բալիկներին…»:

Ու բժիշկը տագնապալի
Հարցրեց բանբեր շնագայլին.
«Ի՞նչ եք ասում, ի˜նչ, իսկապե՞ս,
Հիվանդացան ձերոնք այդպես…»:

«Հա՛, բժիշկ ջան, էլ մի ասի,
Ճանկն են ընկել կապույտ հազի,
Դիֆտերիտի, խոլերայի,
Բրոնխիտի, մալարիայի…
Շտապեք երկիրը մեր,
Սպասում ենք ձեզ անհամբեր»:
«Դե լավ, դե լավ,- բժիշկն ասաց,-
Կգամ, որ շուտ բուժեմ նրանց:
Իսկ որտե՞ղ եք դուք բնակվում,
Լեռան լանջի՞ն, թե՞ ճահճուտում»:

«Մենք ապրում ենք Զանզիբարում,
Սահարայում, Կալահարում,
Ֆերնանդո Պո գագաթի տակ,
Գիպպոպոն  է որտեղ շրջում՝
Լիմպոպոյի ափերին տաք…»:
4
Եվ Այբոլիտը վազեց սրընթաց,
Դաշտով, անտառով գնաց, հա գնաց:
Եվ նա իր մտքում լոկ այս էր կրկնում.
-Լիմպոպո, Լիմպոպո, Լիմպոպո…
Ծեծեց ձյունը պաղ, քշեց բուքը խենթ,
Ասին. «Այբոլիտ, դարձի՛ր, դարձի՛ր ետ»:
Այբոլիտն ընկավ ձյունի մեջ սառած.
«Ա˜խ, էլ չեմ կարող ես գնալ առաջ…»:
Բայց մեկ էլ, ըհը՛, տեսնելով նրան՝
Երկու բրդոտ գայլ թփերից ելան:
«Այբոլիտ,-ասին,-նստիր մեր ուսին,
Մենք քեզ կտանենք, ուր սիրտդ կուզի»:
Բժիշկը նստեց, սլացավ իսկույն՝
Միմիայն մի բառ կրկնելով մտքում.
«Լիմպոպո˜, Լիմպոպո˜, Լիմպոպո˜…»:
5
Շատ գնաց, թե քիչ, մեկ էլ նա հանկարծ
Փոթորկոտ մի ծով տեսավ իր առաջ,
Եվ ալիքները, երախի նման
Թվաց, թե իրեն կուլ կտան հիմա:

«Թե խեղդվեմ, ավա˜ղ,
Ալիքներում պաղ,
Ի՞նչ կպատահի հիվանդներիս խեղճ
Այն հեռո˜ւ, հեռո˜ւ անտառների մեջ…»:
Բայց ահա մի կետ լողալով եկավ.
«Այբոլիտ,-ասաց,-նստիր իմ ուսին,
Հենց հիմա ես քեզ, ինչպես շոգենավ,
Կտանեմ այնտեղ, ուր սիրտդ կուզի»:

Բժիշկը կետին հեծավ և իսկույն
Սլացավ՝ մի բառ կրկնելով մտքում.
«Լիմպոպո˜, Լիմպոպո˜, Լիմպոպո˜…»:
6
Դեմ ելան ահա ապառաժ ու լեռ,
Եվ մագլցելով բարձրացավ նա վեր:
Բայց քանի գնաց, նա քանի գնաց,
Այնքան բարձրացան լեռներն իր դիմաց:
«Օ˜, բախտ իմ անգութ,
Թե ընկնեմ անդունդ,
Ի՞նչ կպատահի հիվանդներիս խեղճ
Այն հեռո˜ւ, հեռո˜ւ անտառների մեջ…»:
Բայց հենց այդ պահին ժայռերից հանկարծ
Երկու քաջ արծիվ իջան սրընթաց:
«Այբոլի՛տ,-ասին,-նստիր մեր ուսին,
Կտանենք այնտեղ, ուր սիրտդ կուզի»:
Այբոլիտն արծվին նստեց և իսկույն
Սլացավ՝ մի բառ կրկնելով մտքում.     
«Լիմպոպո˜, Լիմպոպո˜, Լիմպոպո˜…»:
7
Իսկ հեռավոր Աֆրիկայում՝
Դաշտավայրում Լիմպոպո,
Լաց է լինում, բախտն է սգում
Կապիկ-պապիկ Գիպպոպոն:

Նա հեռավոր Աֆրիկայում՝
Նստած հովում արմավի,
Հայացքն անվերջ ծովին հառում,
Սպասում է մի նավի.

«Ա˜խ, բժիշկը դեռ չկա,
Բա ե՞րբ կգա, ե՞րբ կգա…»:

Բեգեմոտի ճուտիկները՝
Փորին դրած տոտիկները,
Նվնվում են, ճչում, լալիս
Սարսափելի փորացավից:

Իսկ սրանք էլ գետնին ընկել,
Ճվճվում են խոճկորի պես.
-Վայ-վա˜յ, վայ-վա˜յ, ջայլամիկներ,
Էս ի՞նչ բախտ էր վիճակվել ձեզ…

Ծաղիկ ունեն և՛ դիֆտերիտ,
Ե՛վ կարմրուկ, և՛ բրոնխիտ,
Համ գլխացավ ունեն նրանք,
Համ բկացավ ունեն նրանք…

Զառանցում են ընկած այդպես…
-Ախր բժիշկն ինչո՞ւ չեկավ,
Նա մեզ թողեց տանջանքի մեջ,
-Ա˜խ, մեր բժիշկն ինչո՞ւ չեկավ…

Ու վշտերով լցված համակ՝
Էն մեծատամ շնաձուկը,
Մեծաբերան շնաձուկը,
Տարածվել է արևի տակ:

Ձագուկները շուրջը նրա
Չորանում են ոտի վրա.
Երեք շաբաթ արդեն անցավ.
Ունեն սաստիկ ատամնացավ:

Եվ ծղրիդի օրն էլ սև է.
Դուրս է եկել խեղճի թևը:
Էլ չի երգում, չի թռչկոտում,
Լալիս է նա տխուր-տրտում
Ու մրթմրթում.
«Ա˜խ, բժիշկը ո՞ւր է, չկա,
Բա ե՞րբ կգա, նա ե՞րբ կգա…»:
8
Բայց տեսե˜ք, տեսե˜ք, ինչ-որ մի թռչուն
Երկնքով հանդարտ այս կողմն է թռչում:
Իսկ Այբոլիտը բազմել է մեջքին,
Գլխարկը ճոճում, գոչում է ուժգին.
«Ողջո˜ւյն, Աֆրի˜կա, երկի˜ր դու անգին»:
Եվ ցատկոտում են մանկիկներն ուրախ,
«Եկա˜վ, ջա՛ն, եկա˜վ, ուռռա˜, հե˜յ, ուռռա˜…»:
Թռչունը հպարտ ճախրում է վերում,
Հետո բժշկին ներքև է բերում:
Նա մոտ է վազում բեգեմոտներին,
Թփթփացնում է նրանց փորերին
Եվ շտապ-շտապ
Ծոցերն է խրում մի-մի ջերմաչափ:
Իսկ մի քիչ հետո
Կոնֆետ է տալիս բոլորին հերթով…
Վազում բարկացկոտ
Կորյունների մոտ,
Գոգլի է տանում
Ու պատիվ անում
Այն սուսիկ-փուսիկ ուղտերին կուզիկ…
Յոթ օր, յոթ գիշեր այսպես անընդհատ
Սոված ու ծարավ, հոգնած ու հիվանդ
Կերակրում էր նա, բուժում, սրսկում:
9
Ահա բուժեց նա նրանց,
Լիմպոպո˜,
Բուժեց հիվանդ այդ մարդկանց,
Լիմպոպո˜,
Նրանք ուրախ գնացին,
Լիմպոպո˜,
Պար բռնեցին միասին,
Լիմպոպո˜:

Շնաձուկը, տե˜ս, մի տես,
Աչքով է անուն ասես,
Հռհռում է, քրքջում,
Ջրի երեսն է թռչում:
Բեգեմոտի ճուտերը՝
Փորին դրած տոտերը,
Ծիծաղում են միասին,
Դոփում ափի ավազին…
Ահա Պոպոն ու Գիպպոն,
Ահա Գիպպոն ու Պոպոն,
Գետաձին է գալիս, տե՛ս,
Զանզիբարից արևկեզ,
Կիլիմանջա՛րո է գալիս,
Երգ է ասում, ծափ տալիս.

«Փա˜ռք բժշկին մեր բարի,
Բժիշկներին աշխարհի…»:

Թարգմանությունը՝ Հ. Հարյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Այբոլիտ Կորնեյ Չուկովսկի | Այբոլիտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 14, 2019 Rating: 5
Технологии Blogger.