
Սավանը
Դուրս փախավ մեկեն
Բռնած տուտը վերմակիս,
Իսկ բարձիկս
Զամբիկի պես
Ծլկեց իմ ձեռքի տակից:
Մոմը՝ մի կողմ,
Ձեռքս՝ գրքին,
Սա ահով,
Ցատկոտելով պահվեց
ինձնից
Բազմոցի տակ ապահով:
Ես ուզում եմ խմել
թեյ,
Ջուրը եռում է արդեն,
Ինքնաեռն էլ, արի տես,
Փախավ ինձնից գժի պես:
Սա ի՞նչ բան է,
Ի՞նչ պատահեց,
Ո՞ւմ պատճառով
Եվ ինչո՞ւ,
Ինչ ունեի՝ փախան ինձնից,
Կարծես չե˜ն էլ ճանաչում:
Երես թեքում, խուսափում
են,
Հետևելով մեկմեկու,
Ամենալավ կոշիկներս,
Գոտի, գրիչ և արդուկ…
Անվերջ իրար հորդորելով,
Հրելով ու գլդորելով,
Նրանք խենթի պես ահավոր
Պտտվում են իմ շուրջբոլոր:
Հանկարծ մոտիկ ննջարանից,
Ննջարանի˜ց մայրիկիս,
Լվացարանն է դուրս
վազում
Նայելով ինձ շեշտակի.
«Ա˜յ դու կեղտոտ, ա˜յ
անճոռնի,
Ա˜յ անլվա խոզի ձագ,
Մուր մաքրողը քո համեմատ
Աղավնի է մի ճերմակ:
Վզի˜դ նայիր՝ մի մատ
կե˜ղտ է,
Դեմքի˜դ նայիր՝ ճաշի
հետքե˜ր,
Բա ձեռքե˜րդ…Չե՞ս ամաչում,
Քո շորն էլ է քեզնից
փախչում՝
Քեզնից դժգոհ, ա˜յ
անկարգ:
Առավոտ շուտ՝ ծեգը
ծեգին,
Լվացվում են մկնիկները,
Լվացվում են բադիկները,
Արջուկներն ու գորշուկները…
Լոկ դու ես նույնը
մնացել,
Չե˜ս սանրվել, չե˜ս
լվացվել,
Ահա փախել են մոտիցդ
Շորերդ ու կոշիկներդ:
Լվացարանն եմ մեծարգո՝
Մաքրիլվան եմ սիրուն,
Ինձ լսում են պատկառանքով,
Եվ ինձ բոլորն են սիրում:
Եթե ոտքս խփեմ գետնին,
Զինվորներին իմ կանչեմ,
Տասը-քսան լվացարան
Կհայտնվեն քո առջև,
Ու կոռնա˜ն, ու կհաչե˜ն,
Ու կդոփե˜ն ոտքերով,
Կտրորե˜ն, կքլոլե˜ն,
Ու թե հանկարծ ես ուզեմ,
Կբռնեն քեզ,
Ոտից-գլուխ
Ջրանցքի մեջ կսուզեն»:
Նա առավ մի փայլուն
թաս
Ու կանչեց. «Կարա˜-բարա˜ս»:
Հլու իրենց գոռ արքային՝
Ճիլոպները ինչքան կային,
Սկսեցին տրորել ինձ
Մռթմռթալով.
«Քերում ենք կեղտը
կեղտոտի՝
Դեմքի˜ց, վզի˜ց, մեջքի˜ց,
ոտի˜ց,
Լվանո˜ւմ ենք ահա այսպես
Մարմինը այս անամոթի»:
Այստեղ օճառն է մոտ
թռչում,
Կատաղածին հապա տես,
Ֆռֆռո˜ւմ է, փրփրո˜ւմ
է
Ու խայթում է մեղվի
պես:
Եվ այդ դաժան ճիլոպից
Փախա ինչպես ճիպոտից,
Իսկ նա կոպիտ ու բռի
Քիչ է մնում ինձ բռնի:
Զբոսայգուն հասա ծանոթ:
Վազում եմ նեղլիկ կածանով,
Իսկ ճիլոպը՝ իմ հետևից,
Եվ ուր որ է նա կբռնի
իմ թևից…
Մեկ էլ տեսնեմ իմ սիրելի
Կոկորդիլոսը ծանր ու
մեծ
Իր Տոտոշին ու Կոկոշին
Ման է տալիս այգու
մեջ:
Նա ճիլոպին աներես
Կուլ տվեց մի հաբի
պես:
Իսկ հետո այնպե˜ս փնչաց
Ինձ վրա,
Իսկ հետո այնպե˜ս ճչաց
Ինձ վրա.
-Անմիջապե˜ս չքացիր,-
Ասաց ինձ,-
Գնա˜ տուն ու լվացվի˜ր,-
Ասաց ինձ,-
Թե չէ մի լա˜վ տուր
կտամ,-
Ասաց ինձ,-
Կտրորե˜մ, կո˜ւլ կտամ,-
Ասաց ինձ:
Ո˜նց եմ վազում ես
փողոցով մեր երկար,
Եվ ահա ես շնչասպառ
տուն ընկա:
Լվացվում եմ,
Լվացվում եմ
Ես օճառով բուրավետ,
Օճառը լավ փրփրում
է,
Մաքրում թանաք,
Մուր ու կեղտ:
Անդրավարտիքն իմ խռոված
Ձեռքերիս մեջ ցատկեց
հանկարծ:
Իսկ քիչ հետո կարկանդակը.
«Կե˜ր ինձ,- ասաց,-
քանի տաք եմ»:
Պանիրհացն էլ չի թերանում
Ինքն է հայտնվում իմ
բերանում:
Պայուսակս վերադարձրեց
Ինչ առել էր ու տարել,
Եվ «Մայրենին» իմ սկսեց
«Հանրահաշվի» հետ պարել:
Լվացարանն էլ մեծարգո՝
Մաքրիլվան իմ սիրուն,
Որին լսում պատկառանքով
Եվ շատ-շատերն են սիրում,
Ինձ մոտ վազեց թևատարած՝
Մեղմելով ձայնն իր
ահեղ.
«Հիմա արդեն սիրո˜ւմ
եմ քեզ,
Հիմա արդեն գովո˜ւմ
եմ քեզ,
Եվ գիտե˜մ, որ կարող
ես միշտ
Մաքրությունդ պահպանել»:
Անհրաժեշտ է սիրե˜լ,
պաշտե˜լ
Ջո˜ւր, օճա˜ռ ու մաքո˜ւր
օդ,
Իսկ կեղտոտ ու մրոտներին
Ամո˜թ,
Ամո˜թ,
Շա˜տ ամոթ:
Քանի շնչում ենք, ապրում
ենք, կանք,
Փառք տանք օճառին դուրեկան,
Փառք տանք սանրին ու
սրբիչին,
Մեզ օգնական ամեն ինչին:
Եկեք լվացվենք, լողանք,
լողանանք,
Սուզվենք, դո˜ւրս լողանք,
գլուխկոնծի տանք՝
Կոնքում, տաշտակում,
ջրերում հոսուն,
Առվակում, լճում, ծով-օվկիանոսում,
Պաշտենք բնության բարիքներն
արդար,
Սիրենք ու փառք տանք:
Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան
Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Մաքրիլվան
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 20, 2019
Rating:
