Պարույր Սևակ | Գոյություն ունեմ

Ես մտածո՞ւմ եմ: 
                  Բա՛ն չեմ մտածում... 
 
Լեռնային գետն է թավալվում ցածում, 
                  Ինչ-որ մրջյուն է 
                  Կծում իմ ոտը.
                  Ինչ-որ թռչուն է 
                  Թրատում օդը. 
Սառույցն է շողում լեռան կատարին, 
Ինչպես որ երեկ ու բոլոր տարին... 
Վիճաբանո՞ւմ են խոտերն ու քամին, 
Թե՞ դատապարտում սուտ բարեկամին... 
Ինչպե՞ս չեն փլչում այս լեռ քարերը,
Թե կտրատվել են նրանց կարերը... 
Ինչո՞ւ քարն է պինդ, իսկ ջուրը` հեղուկ
Եվ ապառաժը՝ անձայն ու համըր, 
Իսկ այս տատրակը անվերջ գեղգեղում՝ 
Շատախոսելով հանում է համը... 
 
                  Ես մտածո՞ւմ եմ: 
                  Բա՛ն չեմ մտածում: 
 
Ես նույնն եմ անում, ինչ գետը ցածում, 
                  Ինչ այս մրջյունը 
                  Եվ այս թռչունը, 
                  Այս խոտն ու քամին 
                  Եվ սարն ու քարը.- 
 
Շարունակում եմ իմ գոյությունը... 


25.V.1957թ.

Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գոյություն ունեմ Պարույր Սևակ | Գոյություն ունեմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 15, 2019 Rating: 5
Технологии Blogger.