Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը


(Հին, շատ հին հեքիաթ)
Երրորդ մաս
1
Սիրելի աղջնակ Լյալեչկան
Հենց նոր էր դուրս եկել բակից,
Երբ Տավրիկյան փողոցում նա
Փղին տեսավ հանկարծակի:

 Աստված իմ, ի˜նչ ահավոր էր,
Լյալյան վազում է ճչալով:
Իսկ կամրջի տակից մի կետ
Գլուխն է հանում փնչալով:

Լյալյան լալով հետ է վազում,
Լյալյան կանչում է մայրիկին,
Իսկ պատի տակ՝ նստարանին
Նստած է մի մեծ գետաձի:

Լյալյան մի ծառ է բարձրանում
Տիկնիկին իր կրծքին սեղմած:
Վա˜յ, խեղճ աղջիկ, անբախտ աղջիկ.
Այդ ո՞վ առջևում երևաց:
Ողորկ մաշկով մի խրտվիլակ
Ժանիքներն է ցցել ահա:
Նա դեպի աղջիկն է ձգվում
Ուզում է հաստատ գողանալ:

Լյալյան ծառից ցատկում է վար:
Ու հրեշն է ցատկում նույնպես,
Եվ ճանկելով խեղճ աղջկան
Ծլկում է նա անմիջապես:

Իսկ Տավրիկյան փողոցում
Աղջկան մայրն է սպասում.
-Ո՞ւր է դստրիկն իմ սիրելի,
Ինչո՞ւ մինչև հիմա չկա:
2
Գորիլան
Աղջկան առավ,
Փախցրեց ու
Մայթերով տարավ:

Տարավ նրան
Ու տիկնիկին
Եվ պպզեց
Տան տանիքին:

Ծխնելույզին
Թաթը մեկնեց,
Աղջկա դեմքը
Մրով ներկեց:

Մրով ներկեց,
Հենվեց քիվին.
Օրորում է,
Որ նա քնի:
3
Փակեք դռներ, լուսամուտներ,
Թաքցրեք գլուխներ ու ոտքեր,
Որովհետև գազանները
Ձեզ գտնեն, կպատառոտեն:
Թաքնվել են մարդիկ ուր ասես.
Ցախանոցում, շան տնակում,
Ոմանք՝ անպետք ճամպրուկում,
Ոմանք՝ կամոդում, սնդուկում:
4
Կգտնվի՞ արդյոք
Մի անվախ խիզախ,
Որ հաղթի դաժան հրոսակներին:

Ո՞վ գազանների
Սև մագիլներից
Մեր խեղճ Լյալյային կազատագրի:

Ո՞ւր եք դուք, ջահելնե՛ր,
Քաջեր, խիզախներ,
Ինչո՞ւ եք ծլկել
Վախկոտների պես:

Եկե՛ք, վտարե՛ք
Այս գազաններին,
Դժբախտ Լյալյային գտե՛ք, պաշտպանե՛ք:

Նապաստակի պես դողացող
Պահվել է ով որտեղ ասես,
Նույնիսկ ծպտուն էլ չեն հանում:

Լոկ մի քաղաքացի է, որ
Չի վախենում, չի դողդողում
Ո՛չ առյուծից, ո՛չ փղերից,
Ո՛չ կատաղի վարազներից:
Այո՛, այո՛, չի վախենում:
Այդ մեկը Վանյա Վասիլչիկովն է:

5
Նրանք փնչում են, մռնչում,
Կրծոտել, խժռել են ուզում,
Բայց Վանյան մոտենում նրանց,
Ատրճանակն է իր հանում՝
Պի՛ֆ-պա՛ֆ:
Ու գայլն ահա
Փախավ եղնիկից էլ արագ:
Գոմեշն է փախչում ու հևում՝
Բոլորին թողած հետևում:

Հիպոպոտամը ծլկեց նույնպես
Կյանքն իր փրկող վախկոտի պես:

Եվ շուտով բանակն ահեղ
Ցրվեց, կորավ ինչ-որ մի տեղ:

Վանյան հաղթեց: Հերոս է նա:
Փրկեց քաղաքն իր աննման:

Եվ նրան բոլոր բակերից
«Ուռա»-ներ են հասնում նորից:

 Ցնծում է ողջ Պետրոգրադը,
Մեջտեղ հանում շոկոլադը:

Բայց ո՞ւր է Լյալյան: Նա չկա:
Կորել է հետքը աղջկա:

Գուցե Կոկորդիլո՞սն ագահ
Կուլ տվեց նրան այս անգամ:
6
Նետվեց Վանյան գազանների հետևից.
-Հե՛յ, գազաննե՛ր, Լյալյային հետ տվեք ինձ:
Աչքերի մեջ նրանց զայրույթ է ու քեն
Ու թվում է, թե ուր որ է կպայթեն:
Ի պատասխան՝ մայր վագրն է մռնչում.
-Ասա տեսնեմ՝ մեզնից ի՞նչ ես պահանջում,
Երբ դուք ձեզ մոտ՝ ձեր անողոք քաղաքում
Քանի˜ քանիսին եք պահում վանդակում:

Թե ուզում ես քրոջդ հետ ստանալ
Նախ ազատիր եղբայրներիս, քույրերիս:
Ջարդիր նրանց շղթաները հենց հիմա,
Վանդակներից, կապանքներից արձակիր:

Երբ տեսնենք՝ մեր սիրելիները բոլոր
Ազատվել են գերությունից ձեր դաժան,
Լյալյային քո բաց կթողնենք մեծ սիրով
Եվ ոխ ու քեն կմոռանանք մենք այնժամ:
7
Վանյայի շուրջ ամեն բակից
Մանուկները հավաքվեցին:
-Տա´ր մեզ,- ասին,- թշնամու դեմ,
Նրանց պոզերից ահ չունենք:

Ու սկսվեց կռիվ մի մեծ:
Եվ Լյալյա աղջիկը փրկվեց:
8
Եվ ասաց Վանյան.
-Ցնծացեք, գազաններ,
Ձեր գերյալները բոլոր
Շուտով կազատվեն:

Ես վանդակները կջարդեմ,
Ես շղթաները կցրեմ,
Երկաթե ճաղերը բոլոր
Հավերժորեն կկորցնեմ:
Ապրեցեք դուք մեր քաղաքում
Զովաշունչ ու բարեկեցիկ,
Եվ միայն թե, Աստծո սիրույն,
Էլ մի կերեք դուք ոչ ոքի:

Ո՛չ թռչնակին, ոչ՛ փիսիկին,
Ո՛չ փոքրիկին, ո՛չ պապիկին,
Ո՛չ Լյալյայի մայրիկին
Եվ ոչ էլ իմ հայրիկին:

Եվ թող ձեր սնունդը լինի
Թեյ, թթվասեր, ընկույզ, կարագ,
Նաև՝ շիլա, տեսակ-տեսակ,
Կերեք՝ ինչքան կկամենաք:

(Հնչեց ձայնը Կոկոշիկի.
Գուցե նաև՝ կրկնակոշի՞կ:
Պատասխանեց նրան Վանյան.
-Ո՛չ մի, ո՛չ մի կրկնակոշիկ):

-Զբոսնեք մեր այգիներում,
Շուկաներում, խանութներում,
Զվարճացեք կրկեսներում,
Կրկես բոլորս ենք սիրում:

Ապրենք մեկտեղ,
Մտերմանանք,
Կռիվ չանենք,
Չօտարանանք:

Հրաժարվենք մեր զենքերից,
Դաշույններից ու սրերից,
Դուք էլ, անշուշտ, ձեր ահավոր
Սմբակներից ու պոզերից:
Ցուլեր, փղեր, ռնգեղջյուրներ,
Վագրեր, արջեր ու ջայլամներ,
Ձեռք ձեռքի տվեք,
Գնանք պարելու:
9
Եվ խաղաղություն եղավ աշխարհում,
Վերացան ընդմիշտ քացին ու հարուն:

Էլ մի վախենա դու ռնգեղջյուրից,
Նա չի տրորի նույնիսկ մրջյունին:
Համեստ ու հեզ է արդ ռնգեղջյուրը,
Ո՞ւր է երբեմնի նրա եղջյուրը:

Քայլում է վագրը քաղաքում անքեն,
Լյալյան նրանից ահ չունի արդեն:
Վախեցող չկա էլ գազաններից,
Հրաժարվել են իրենց զենքերից:
Վանյան սանձում է հովազին սիրով
Ու սլանում է լայն փողոցներով:
Կամ էլ նստում է արծվի մեջքին
Ու մեծ հաճույքով բարձրանում երկինք:

Վանյային բոլորը, բոլորն են սիրում,
Մոտենում են ու շոյում, քսմսվում:

Գայլը ճաշիկ է պատրաստում,
Ճագարը կոշիկ է մաքրում:
Լյալյայի ու Վանյայի համար
Քարայծը Ժյուլ Վեռն է կարդում:

Նրանց համար անհուն սիրով
Գետաձին է երգում օրոր:

Մանուկներն ահա խմբվել արջի մոտ
Մի-մի կոնֆետ են ստանում համով:

Տե՛ս, լողում են ու կատակում
Գայլն ու գառը մի նավակում:

Համերաշխ են ու երջանիկ
Սողուններ, գազաններ, մարդիկ:

Օրեր առաջ ինձ այցելեց
Կոկորդիլոսը ծանր ու մեծ:

Տեղ տվի նրան բազմոցին
Եվ անուշ թեյ պատվեցի:

Այդ պահին Վանյան ներս վազեց
Գրկեց նրան ու գուրգուրեց:

Ահա և օրը մոտեցավ.
Գայլն այսօր ունի տոնածառ:

Եկեք մենք էլ շատ չուշանանք,
Գնանք մեկտեղ ուրախանանք:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև առաջին և երկրորդ մասերը

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 09, 2019 Rating: 5
Технологии Blogger.