Պարույր Սևակ | Երես ու աստառ

Ուռենիները նրա՛ համար են,
Որպեսզի... ցույց տան ջրին ճանապարհ:
Եվ ծուխը, նո՜ւյնպես, նրա՛ համար է,
Որպեսզի... ցույց տա ուղղություն քամուն:
 
Ծղրիդներն, անշո՜ւշտ, նրա՛ համար են,
Որպեսզի... մամլեն մութն իրիկնային
Իրենց նվագի նո՛ւյն ձայնանիշով:
 
Եվ արտույտները նրա՛ համար են,
Որպեսզի... իրենց երգով չորացնեն
Շաղն ու եղյամը վաղ առավոտվա:
 
Իսկ ուշ աշունն էլ նրա՛ համար է,
Որպեսզի ...
...Դանդաղ-դանդաղ լայնացնի տարածությո՜ւնը՝
Տերևաթափո՛վ...
 
Բանաստեղծնե՞րը:
Նրա համար չե՞ն,
Որպեսզի... այսպե՛ս
Ամե՜ն բան շրջեն աստառի վրա...

23.VI.1965թ.
Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ


Պարույր Սևակ | Երես ու աստառ Պարույր Սևակ | Երես ու աստառ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.