Պարույր Սևակ | Մանուշակը


Մանուշակը մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղել է մի շա՜տ գեղեցիկ,
         Մի շա՛տ քնքուշ,
         Անո՛ւշ աղջիկ:
Բայց եղել է շատ բացբերան.
Սրա խոսքը տարել նրան,
Նրա խոսքը բերել սրան,
Ինչքան գաղտնիք են վստահել,
Ոչ մի գաղտնիք նա չի պահել:
Խրատել է մայրը նրան,
Իսկ նա` էլի միշտ բացբերան:
Խրատել է մայրը մեկ է՛լ,
Իսկ նա գլուխ չի էլ թեքել:
Մի՛շտ խելքի է մայրը գցել,
Իսկ նա լեզուն չի էլ կծել:
Երբ տեսել է` օգուտ չկա,
Անիծել է մայրն աղջըկան.
         «Դաշտերն ընկած`
         Ապրես ծնկած,
         Հե՛նց զորանաս`
         Շո՛ւտ չորանաս,
         Ու լեզուդ էլ
Բաց բերնիցըդ թող դուրս չգա,
         Այլ բկիցըդ,
         Ծոծրակիցըդ»:
         Դրա համար
         Մինչև հիմա
Մանուշակը ցողուն տալիս
         Դեռ նոր ցցված`
         Կեռանում է 
         Դեռ նոր բացված` 
         Թառամում է,
Իսկ ծաղիկն էլ դուրս է գալիս
         Ոչ թե բերնից,
         Այլ բկիցը
Եվ մինչևիսկ ծոծրակիցը...

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մանուշակը Պարույր Սևակ | Մանուշակը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:53:00 Rating: 5
Технологии Blogger.