
Հեքիաթային մի քաղաքում
ապրում էին ճստլիկները: ճստլիկ էին կոչվում, որովհետև նրանք շատ պստիկ էին՝ ամեն մեկը
մի մատ վարունգի չափ: Նրանց քաղաքը շատ սիրուն էր: Տների շուրջը աճում էին անթառամ
ծաղիկներ, երիցուկներ, խատուտիկներ:
Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:
Փողոցներն անգամ ծաղիկների անունով էին կոչվում՝ Զանգակածաղկի փողոց, Երիցուկների ծառուղի, Կապույտ Տերեփուկի զբոսայգի: Իսկ քաղաքն ինքը կոչվում էր Ծաղկառատ և փռված էր առվակի ափին: Ճստլիկներն այդ առվակը Վարունգի գետակ էին անվանում, որովհետև ափին վարունգներ էին աճում:
Գետի մյուս ափին անտառ
կար: Ճստլիկները կեչու կեղևից նավակներ էին շինում, անցնում գետը ու գնում անտառ՝ հատապտուղներ,
սունկ և տխիլ հավաքելու: Հատապտուղներ հավաքելը դժվար գործ էր, որովհետև ճստլիկները
շատ պստիկ էին, իսկ տխիլի համար արդեն ստիպված էին բարձր թփի վրա մագլցել ու դեռ սղոցն
էլ հետները քարշ տալ: Ճստլիկներից ոչ մեկը ձեռքով չէր կարող տխիլ պոկել, սղոցով էին
կտրում: Սունկերն էլ էին սղոցով կտրում: Արմատից սղոցում էին, հետո կտոր-կտոր անում
ու մաս-մաս տուն տանում:
Ճստլիկները բոլորը
միանման չէին: Նրանցից ոմանք կոչվում էին մանչուկներ, իսկ ոմանք՝ աչոնիկներ: Մանչուկները
միշտ հագնում էին երկար տաբատ կամ էլ՝ ուսակապերով կարճ տաբատ, իսկ աչոնիկները սիրում
էին ծաղկավոր, վառ գույնի զգեստներ հագնել: Մանչուկները չէին սիրում երկար ու բարակ
զբաղվել իրենց մազերով, դրա համար էլ նրանց մազերը միշտ կարճ էին կտրած, իսկ աչոնիկներինը՝
երկար էին: Նրանք շատ էին սիրում ամեն տեսակի սիրուն սանրվածքներ. երկար հյուսեր էին
անում, մազերի հետ ժապավեններ հյուսում, գլխներին էլ բանթ կապում: Շատ մանչուկներ պարծենում
էին, որ իրենք մանչուկ են և գրեթե բնավ ընկերություն չէին անում աչոնիկների հետ: Իսկ
աչոնիկներն էլ պարծենում էին, որ իրենք աչոնիկ են և նույնպես բնավ ընկերություն չէին
անում մանչուկների հետ: Եթե աչոնիկներից մեկը փողոցում հանդիպում էր մի մանչուկի, ապա
հեռվից նկատելուն պես, անմիջապես անցնում էր փողոցի մյուս կողմը: Եվ լավ էլ անում էր,
որովհետև մանչուկների մեջ կային այնպիսիները, որոնք հանգիստ չէին կարողանում անցնել
աչոնիկի կողքով և անպայման վիրավորական մի բան էին ասում, նույնիսկ հրում էին կամ էլ,
որ ամենավատն էր, հյուսիցն էին քաշում: Իհարկե, բոլոր մանչուկները չէ, որ այդպես էին,
բայց դա հո նրանց ճակատին գրած չէր: Դրա համար էլ աչոնիկները գտնում էին, որ ավելի
լավ է հենց սկզբից անցնել փողոցի մյուս կողմը և չհանդիպել նրանց: Այդ պատճառով էլ մանչուկներից
շատերը նրանց լոպազ էին ասում, համա թե բառ էին հնարել, իսկ աչոնիկներից շատերը մանչուկներին
«կռվարար» և ուրիշ վիրավորական մականուններ էին տալիս:
Ընթերցողներից ոմանք
իսկույն կասեն, թե երևի այս բոլորը փչոցներ են և որ կյանքում այդ տեսակ մանչուկներ
չեն լինում: Բայց դե ո՞վ է ասում, թե այդպիսիները լինում են կյանքում: Կյանքում լինելը
մի բան է, իսկ հեքիաթային քաղաքում լինելը՝ բոլորովին այլ բան: Հեքիաթային քաղաքում
ամեն ինչ էլ կարող է լինել:
Զանգակածաղկի փողոցի
տնակներից մեկում ապրում էին տասնվեց ճստլիկ մանչուկներ: Նրանցից ամենագլխավորը մի
ճստլիկ մանչուկ էր՝ Գիտունիկ անունով: Գիտունիկ էին ասում, որովհետև շատ բան գիտեր
նա: Իսկ շատ գիտեր, որովհետև զանազան գրքեր էր կարդում: Այդ գրքերը և՛ նրա սեղանին
էին, և՛ սեղանի տակ, և՛ մահճակալին, և՛ մահճակալի տակ: Նրա սենյակում չկար մի տեղ,
որ գրքեր դրված չլինեին: Գրքեր կարդալով Գիտունիկը շատ էր խելոքացել: Դրա համար բոլորը
նրան լսում ու շատ սիրում էին: Նա միշտ սև կոստյում էր հագնում, իսկ երբ սեղան էր նստում,
քթին ակնոց էր դնում և սկսում որևէ գիրք կարդալ. դրանով նմանվում էր իսկական պրոֆեսորի:
Նույն այդ տնակում
էր ապրում նաև հայտնի բժիշկ Հաբիկյանը, որ բուժում էր ճստլիկների բոլոր հիվանդությունները:
Նա ման էր գալիս սպիտակ խալաթով, գլխին էլ ծոպավոր սպիտակ թասակ դնում: Այստեղ էր ապրում
նաև հռչակավոր մեխանիկ Պտուտակիկը՝ իր օգնական Ագուցիկի հետ, այստեղ էր նաև Օշարակ
Օշարակովիչ Քաղցրահյութիկը՝ հռչակված նրանով, որ շատ էր սիրում գազով քաղցրաջուր խմել:
Նա շատ քաղաքավարի էր: Նրան շատ էր դուր գալիս, երբ իրեն անուն-հայրանունով էին կոչում,
և չէր սիրում, երբ մեկն ու մեկը ուղղակի Քաղցրահյութիկ էր ասում: Այդ տանն էր բնակվում
նաև որսորդ Փամփուշտիկը, որը Քոթոթիկ անունով մի շուն ուներ և մեկ էլ՝ խցաններով կրակող հրացան: Այդ տանն էին ապրում նաև նկարիչ
Ներկամոլիկը, երաժիշտ Տավղիկը և մյուս մանչուկներ՝ Հապճեպիկը, Փնթփնթիկը, Լռիկմնջիկը,
Պոնչիկը, Շվարիկը և Երևիկ ու Գուցեմիկ եղբայրները: Բայց նրանց մեջ ամենահայտնին Անգետիկ
անունով մանչուկն էր: Անգետիկ էին ասում, որովհետև նա ոչինչ չգիտեր:
Այդ Անգետիկը վառ երկնագույն
գլխարկ էր դնում, հագնում էր դեղին, դեղձանիկի գույնի տաբատ ու կանաչ փողկապով նարնջագույն
վերնաշապիկ: Առհասարակ նրա խելքը գնում էր վառվռուն գույների համար: Այսպես, թութակի
նման պճնվելով, Անգետիկն ամբողջ օրը պարապ-սարապ թրև էր գալիս քաղաքում, սուտ ու մուտ
բաներ հորինում ու պատմում բոլորին: Բացի այդ, նա միշտ նեղացնում էր աչոնիկներին: Դրա
համար էլ աչոնիկները հենց որ հեռվից տեսնում էին նրա նարնջագույն վերնաշապիկը, իսկույն
ծռում էին իրենց ճանապարհն ու թաքնվում տների հետևում: Անգետիկը Ալարկոտիկ անունով
մի ընկեր ուներ, որ ապրում էր Անթառամների փողոցում: Անգետիկն այդ Ալարկոտիկի հետ կարող
էր ժամերով շաղակրատել: Նրանք օրը քսան անգամ կռվում էին, քսան անգամ հաշտվում:
Հատկապես մի դեպքից
հետո հռչակվեց Անգետիկը:
Մի անգամ, քաղաքում
զբոսնելուց հետո, նա դաշտ դուրս եկավ: Շուրջը ոչ ոք չկար: Այդ պահին թռչում էր մայիսյան
բզեզը: Նա չնկատեց Անգետիկին և թռչելիս դիպավ նրա ծոծրակին: Անգետիկը գլուխկոնծի տվեց
գետնին: Բզեզը նույն պահին թռավ ու անհետացավ հեռվում: Անգետիկը վեր թռավ ու սկսեց
դեսուդեն նայել, թե ով էր խփողը: Բայց շուրջը ոչ ոք չկար:
«Էս ո՞վ խփեց ինձ,-
միտք էր անում Անգետիկը: -Գուցե վերևի՞ց բան ընկավ:»
Նա գլուխը բարձրացրեց
ու վեր նայեց, բայց այնտեղ էլ ոչինչ չկար: Միայն արևն էր փայլում Անգետիկի գլխավերևում:
«Կա-չկա, արևից ինչ-որ
բան ընկավ ինձ վրա,- վճռեց Անգետիկը: -Երևի արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ»:
Տուն գնալիս նա հանդիպեց
մի ծանոթի, որին Ոսպնյակիկ էին կոչում:
Այդ Ոսպնյակիկը հռչակավոր
աստղագետ էր: Նա ջարդված շշի կտորտանքից կարողանում էր խոշորացույցներ շինել: Երբ այդ
խոշորացնող ապակիների միջով նայում էր զանազան առարկաների, դրանք մեծ էին թվում: Այդպիսի
մի քանի խոշորացնող ապակիներից Ոսպնյակիկը մի մեծ դիտափող էր շինել, որով կարելի էր
նայել լուսնին ու աստղերին: Այսպիսով, նա դարձել էր աստղագետ:
-Լսի՛ր, Ոսպնյակիկ,-
ասաց նրան Անգետիկը,- Գիտե՞ս ինչ պատահեց. արևից մի կտոր պոկվեց ու գլխիս ընկավ:
-Ի˜նչ ես ասում, Անգետիկ,-
ծիծաղեց Ոսպնյակիկը: -Արևից մի կտոր որ պոկվեր, քեզ կճխլեր, լավաշ կշիներ: Ախր, արևը
շա˜տ մեծ է: Նա մեր երկրից էլ մեծ է:
-Չի՛ կարող պատահել,-
պատասխանեց Անգետիկը: -Իմ կարծիքով արևը ափսեի չափ է:
-Դա մեզ թվում է միայն,
որովհետև արևը մեզնից շատ հեռու է: Արևը մի հսկայական շիկացած գունդ է: Ես իմ դիտափողով
եմ տեսել: Եթե արևից թեկուզ ամենափոքրիկ կտորն էլ պոկվեր, մեր ողջ քաղաքը կավերեր:
-Մի տես, է˜,- պատասխանեց
Անգետիկը: -Իսկ ես չգիտեի, թե արևն այդքան մեծ է: Գնամ մերոնց պատմեմ, նրանք երևի չեն
էլ լսել այդ մասին: Իսկ դու, համենայն դեպս, նայիր արևին քո դիտափողով, գուցե իրոք
վրան քերծվածք նկատես:
Անգետիկը գնաց տուն
և ճանապարհին ում պատահեց պատմեց.
-Եղբայրնե˜ր, դուք
գիտե՞ք, թե արևն ինչքան է: Նա մեր երկրից էլ մեծ է, այ թե ինչ: Եվ ահա, եղբայրներ,
արևից մի կտոր պոկվել ու թռած մեր կողմն է գալիս: Շուտով նա վայր կընկնի ու մեզ բոլորիս
կճխլի: Սոսկալի բան կլինի: Այ, գնացեք Ոսպնյակիկին հարցրեք:
Ովքեր լսում, ծիծաղում
էին, որովհետև գիտեին, որ Անգետիկը շաղակրատի մեկն է: Իսկ Անգետիկը թռած տուն վազեց
ու գոռաց.
-Եղբայրնե˜ր, գլխներիդ
ճարը տեսեք: Մի կտոր թռած գալիս է:
-Ի՞նչ կտոր,- հարցրին
նրան:
-Կտոր, ախպերս: Արևից
մի կտոր է պոկվել: Շուտով մեզ վրա կշրմփա ու վերջներս կտա: Գիտե՞ք արևն ինչքան է: Նա
մեր երկրից էլ մեծ է:
-Ինչե˜ր ես հնարում:
-Ոչ մի բան էլ չեմ
հնարում: Ոսպնյակիկն է ասել: Նա իր դիտափողով է տեսել: Բոլորը դուրս վազեցին ու սկսեցին
արևին նայել: Նայեցին, նայեցին, այնքան նայեցին, որ աչքերից արցունք եկավ: Բոլորին
սկսեց թվալ, թե իրոք արևը քերծված է:
Իսկ Անգետիկը դողում
էր.
-Ով կարող է, թող գլուխն
ազատի: Փորձա˜նք է:
Բոլորն իրենց իրերին
վազեցին: Ներկամոլիկը հափշտակեց իր ներկերն ու վրձինը, Տավղիկը՝ իր երաժշտական գործիքները.
և՛ ջութակը, և՛ բալալայկան, և՛ շեփորը: Բժիշկ Հաբիկյանը պատեպատ էր դիպչում ու փնտրում
էր ճամփորդական դեղարկղը, որ չգիտես ուր էր անհետացել: Պոնչիկը խլեց իր կրկնակոշիկներն
ու հովանոցը և դարպասից դուրս թռավ, բայց այդ պահին լսվեց Գիտունիկի ձայնը.
-Հանգստացե՛ք, եղբայրներ:
Ի՞նչ եք իրար անցել: Սարսափելի ոչինչ չկա: Դուք չգիտե՞ք, որ Անգետիկը շաղակրատի մեկն
է: Այդ բոլորը նրա հնարածն է:
-Հնարել եմ, հա՞,-
ծղրտաց Անգետիկը: -Այ, գնացեք ու Ոսպնյակիկին հարցրեք:
Բոլորը վազեցին Ոսպնյակիկի
մոտ և պարզվեց, որ իրոք Անգետիկն այդ բոլորը հնարել է: Այ թե ծիծաղեցին, հա˜: Բոլորը
ծիծաղում էին Անգետիկի վրա ու ասում.
-Զարմանում ենք, թե
ո՞նց եղավ, որ հավատացինք քեզ:
-Բա ես չե՞մ զարմանում:
Ախր, ես էլ էի հավատում:
Այ թե ինչ ծիծաղելին
էր այդ Անգետիկը:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ առաջին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 01, 2019
Rating:
