
Թե ինչպես էր Անգետիկը ոտանավորներ հորինում
Երբ Անգետիկից նկարիչ
էլ դուրս չեկավ, նա վճռեց բանաստեղծ դառնալ և ոտանավորներ հորինել: Նա մի ծանոթ բանաստեղծ
ուներ, որ ապրում էր Խատուտիկների փողոցում: Այդ բանաստեղծի իսկական անունը Պուդիկ
էր, բայց, ինչպես հայտնի է, բոլոր բանաստեղծները շատ են սիրում գեղեցիկ անուններ: Դրա
համար էլ, երբ Պուդիկն սկսեց ոտանավորներ գրել, իր համար ուրիշ անուն ընտրեց և սկսեց
կոչվել Ծաղկանունի:
Մի անգամ Անգետիկը գնաց Ծաղկանունու մոտ և ասաց.
Մի անգամ Անգետիկը գնաց Ծաղկանունու մոտ և ասաց.
-Լսիր, Ծաղկանունի,
ինձ ոտանավոր հորինել սովորեցրու: Ես էլ եմ ուզում բանաստեղծ դառնալ:
-Իսկ շնորհք ունե՞ս,-
հարցրեց Ծաղկանունին:
-Իհարկե, ունեմ: Ես
շա˜տ շնորհալի եմ,- պատասխանեց Անգետիկը:
-Դա դեռ պիտի ստուգել,-
ասաց Ծաղկանունին: -Դու գիտե՞ս, թե ինչ բան է հանգը:
-Հա՞նգը: Չէ՛, չգիտեմ:
-Հանգն այն է, երբ
երկու բառ նման վերջավորություն ունեն,- բացատրեց Ծաղկանունին: -Օրինակ՝ բադ-մատ, ողկույզ-ընկույզ:
Հասկացա՞ր:
-Հասկացա՛:
-Դե, «փայտիկ» բառի
հանգով ուրիշ բառ ասա:
-Ծածանիկ,- պատասխանեց
Անգետիկը:
-Դա ի՞նչ հանգ է՝ փայտիկ-ծածանիկ:
Դրանց հանգերն իսկի էլ չեն բռնում:
-Ինչո՞ւ չեն բռնում:
Դրանք միանման վերջավորություն ունեն:
-Դա քիչ է,- ասաց Ծաղկանունին:
-Հարկավոր է, որ բառերն իրար նման լինեն ու ներդաշնակ հնչեն: Այ, լսիր. փայտիկ-քողտիկ,
վառարան-բառարան, գրիչ-բրիչ:
-Հասկացա՛, հասկացա՛,-
ճչաց Անգետիկը: -Փայտիկ-քողտիկ, վառարան-բառարան, գրիչ-բրիչ: Այ թե լավ է, հա˜: Հա՛-հա՛-հա՛:
-Դե գտիր բամբակ բառի
հանգը,-ասաց Ծաղկանունին:
-Մամբակ,- պատասխանեց
Անգետիկը:
-Ի՞նչ մամբակ,- զարմացավ
Ծաղկանունին: -Այդպիսի բառ կա՞ որ:
-Բա չկա՞:
-Իհարկե, չկա:
-Դե այդ դեպքում՝ անբակ:
-Անբակն ի՞նչ բան է,-
կրկին զարմացավ Ծաղկանունին:
-Դե որ բակ չեն ունենում,
ստացվում է անբակ, էլի,- բացատրեց Անգետիկը:
-Մի գլուխ փչում ես,-
ասաց Ծաղկանունին,- այդպիսի բառ չի լինում: Հարկավոր է ընտրել եղածներից, այլ ոչ թե
հնարել:
-Իսկ եթե ես ուրիշ
բառ չե՞մ կարողանում գտնել:
-Ուրեմն բանաստեղծի
շնորհք չունես:
-Դե այդ դեպքում դու
գտիր հանգը,- պատասխանեց Անգետիկը:
-Իսկույն,- համաձայնեց
Ծաղկանունին:
Նա կանգնեց սենյակի
մեջտեղը, ձեռքերը ծալեց կրծքին, գլուխը թեքեց ու սկսեց մտածել: Հետո գլուխը բարձրացրեց
ու, առաստաղին նայելով, սկսեց միտք անել: Ապա ձեռքերով բռնեց սեփական ծնոտն ու հատակին
նայելով սկսեց մտածել: Այդ բոլորն անելուց հետո նա ետ ու առաջ արեց սենյակում և ինքն
իրեն կամացուկ փնթփնթաց.
-Բամբակ, մամբակ, չամբակ,
ծամբակ…-նա երկար այդպես փնթփնթաց, հետո ասաց,-թյո՛ւ: Սա ի՞նչ բառ է: Սա ինչ-որ անհանգ
բառ է:
-Դե, ըհը՛,- ուրախացավ
Անգետիկը: -Ինքդ ես այնպիսի բառեր առաջարկում, որ հանգ չունեն, ու դեռ ասում ես՝ անշնորհք
եմ:
-Լավ, լավ, շնորհքով
ես, շնորհքով, մենակ թե ձեռ քաշիր ինձնից,- պատասխանեց Ծաղկանունին: -Գլուխս ցավեց:
Հորինիր այնպես, որ միտք լինի ու հանգ՝ ահա քեզ և ոտանավոր:
-Մի՞թե դա այդքան հեշտ
բան է,- զարմացավ Անգետիկը:
-Իհարկե, հեշտ է: Գլխավորը
շնորհքն է:
Անգետիկը գնաց տուն
և իսկույն անցավ ոտանավոր հորինելու գործին: Ամբողջ օրը նա գնաց-եկավ սենյակում՝ մերթ
հատակին, մերթ առաստաղին նայելով, ձեռքերով ծնոտը բռնած և ինչ-որ բան փնթփնթալով քթի
տակ: Վերջապես ոտանավորը պատրաստ էր, և նա ասաց.
-Լսեցե՛ք, եղբայրներ,
թե ինչ ոտանավոր եմ հորինել ես:
-Մի ասա՛, ասա՛ տեսնենք,
թե դա ինչ ոտանավոր է,- հետաքրքրվեցին բոլորը:
-Ձեր մասին եմ հորինել,-
խոստովանեց Անգետիկը: -Նախ և առաջ ոտանավոր Գիտունիկի մասին.
Գիտունիկը գետափ հասավ,
Գառնուկի վրայից թռավ:
-Ի՞նչ,- ճչաց Գիտունիկը:
-Ես ե՞րբ եմ գառնուկի վրայից թռել:
-Դե ոտանավորում է
այդպես ասվում՝ հանգի համար է,- բացատրեց Անգետիկը:
-Ուրեմն հանգի համար
ամեն տեսակ սուտ պիտի հնարե՞ս,- տաքացավ Գիտունիկը:
-Իհարկե,- պատասխանեց
Անգետիկը: -Ինչի՞ս է պետք ճիշտը հորինել: Ճշմարտությունը հորինել պետք չէ, նա առանց
այն էլ կա:
-Դե մեկ էլ փորձիր,
էն ժամանակ կիմանա˜ս,- սպառնաց Գիտունիկը: - Հը՛, ուրիշների համար ի՞նչ ես հորինել:
-Ահա՛, լսեցեք Հապճեպիկի
մասին,- ասաց Անգետիկը.
Շատ քաղցած էր Հապճեպիկը,
Կուլ տվեց սառն արդուկիկը:
-Եղբայրնե˜ր,- ճչաց
Հապճեպիկը: -Էս ինչե՞ր է իմ մասին հորինում: Ես ոչ մի սառը արդուկ էլ կուլ չեմ տվել:
-Դե դու մի գոռա,-
պատասխանեց Անգետիկը: -Ես պարզապես հանգի համար եմ ասում, թե արդուկը սառն էր:
-Ախր ես արդուկ կուլ
չեմ տվել, ո՛չ սառը, ո՛չ տաք,- աղաղակեց Հապճեպիկը:
-Դե ես չեմ ասում,
թե դու տաք ես կուլ տվել, այնպես որ հանդարտվիր,- պատասխանեց Անգետիկը: -Ահա լսեցեք
մի ոտանավոր Երևիկի մասին.
Երևիկի բարձի տակ
Կա մի համեղ կարկանդակ:
Երևիկը մոտեցավ իր
մահճակալին, նայեց բարձի տակ ու ասաց.
-Փչո˜ց է: Այստեղ ոչ
մի կարկանդակ էլ չկա:
-Դու պոեզիայից ոչինչ
չես հասկանում,- պատասխանեց Անգետիկը: -Դա հանգի համար է ասվում, իսկ իրականում՝ չկա:
Այ, ես Հաբիկյանի մասին էլ եմ հորինել:
-Եղբայրնե˜ր,- գոչեց
բժիշկ Հաբիկյանը,- հարկավոր է վերջ տալ այս ծաղրուծանակին: Մի՞թե մենք հանգիստ պիտի
լսենք, թե սա ի՞նչ ստեր է փչում բոլորի մասին:
-Հերի՛ք է,- գոռացին
բոլորը: -Էլ չենք ուզում լսել: Դրանք ոտանավորներ չեն, այլ ինչ-որ զրպարտություններ:
Միայն Գիտունիկը, Հապճեպիկն
ու Երևիկն էին գոռում.
-Թող կարդա՛: Մեր մասին
որ կարդաց, թող մյուսների մասին էլ կարդա:
-Պետք չի: Մենք չե՛նք
ուզում,- գոռում էին մյուսները:
-Դե որ չեք ուզում,
ես էլ կգնամ հարևանների համար կկարդամ,- ասաց Անգետիկը:
-Ի˜-ի˜նչ,- ճչացին
բոլորը: -Դեռ ուզում ես հարևանների մոտ մեզ խայտառակ անե՞լ: Հլա փորձի˜ր: Կարող ես
էլ տուն չվերադառնալ:
-Դե լավ, եղբայրներ,
չեմ կարդա,- համաձայնեց Անգետիկը: -Միայն թե մի բարկացեք ինձ վրա:
Այդ օրվանից Անգետիկը
վճռեց այլևս ոտանավոր չհորինել:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ չորրորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 06, 2019
Rating:
