
Թե ինչպիսի նկարիչ էր Անգետիկը
Ներկամոլիկը շատ լավ
նկարիչ էր: Նա միշտ երկար վերնաշապիկ էր հագնում, որ անվանում էր «բալախոն»: Պետք էր
տեսնել Ներկամոլիկին, երբ նա իր բալախոնով զուգված և երկար մազերը ետ գցած, ներկապնակը
ձեռքին կանգնում էր կտավի առջև: Իսկույն զգացվում էր, որ քո առջև իսկական նկարիչ է
կանգնած:
Երբ Անգետիկին ոչ ոք այլևս լսել չուզեց, նա վճռեց նկարիչ դառնալ: Գնաց Ներկամոլիկի մոտ ու ասաց.
Երբ Անգետիկին ոչ ոք այլևս լսել չուզեց, նա վճռեց նկարիչ դառնալ: Գնաց Ներկամոլիկի մոտ ու ասաց.
-Լսի՛ր, Ներկամոլիկ,
ես էլ եմ վճռել նկարիչ դառնալ: Ինձ մի քիչ ներկ-մերկ տուր, մեկ էլ՝ վրձին:
Ներկամոլիկն իսկի ժլատ
չէր: Նա իր հին ներկերն ու վրձինը նվիրեց Անգետիկին: Այդ ժամանակ Անգետիկի մոտ եկավ
նրա ընկերը՝ Ալարկոտիկը: Անգետիկն ասաց.
-Նստիր, Ալարկոտիկ,
քեզ պիտի նկարեմ:
Ալարկոտիկն ուրախացավ,
իսկույն նստեց աթոռին, և Անգետիկն սկսեց իր գործը: Նա ուզում էր Ալարկոտիկին սիրուն
դուրս բերել, բայց նկարեց կարմիր քիթ, կանաչ ականջներ, կապույտ շրթունքներ և նարնջագույն աչքեր: Ալարկոտիկը շտապում
էր տեսնել իր դիմանկարը: Անհամբերությունից նա չէր կարողանում հանգիստ նստել աթոռին,
հա պտույտ էր գալիս նստած տեղը:
-Մի ֆռռա, մի՛,- ասում
էր Անգետիկը,- թե չէ նման չի ստացվի:
-Իսկ հիմա նմա՞ն է
դուրս գալիս,- հարցրեց Ալարկոտիկը:
-Շա˜տ նման է,- պատասխանեց
Անգետիկն ու մանուշակագույն ներկով բեղեր ավելացրեց:
-Դե, մի ցույց տուր
տեսնեմ, ինչ դուրս եկավ,- խնդրեց Ալարկոտիկը, երբ Անգետիկն ավարտեց դիմանկարը:
Անգետիկը ցույց տվեց:
-Բա ես էդպե՞ս եմ,-
վախեցած ճչաց Ալարկոտիկը:
-Իհարկե էսպես ես,
բա էլ ո՞նց ես:
-Բեղեր ինչո՞ւ ես նկարել,
ես հո բեղ չունեմ:
-Դե մի օր դուրս կգան,
էլի:
-Իսկ քիթս ինչո՞ւ է
կարմիր:
-Որ ավելի գեղեցիկ
լինի:
-Իսկ մազերս ինչո՞ւ
ես ներկել: Իմ մազերը երկնագո՞ւյն են, որ:
-Երկնագույն են,- պատասխանեց
Անգետիկը: -Եթե քեզ դուր չեն գալիս, կարող եմ կանաչ դարձնել:
- Չէ՛, դա վատ նկար
է,- ասաց Ալարկոտիկը: -Տուր պատռեմ:
-Ինչո՞ւ ոչնչացնել
գեղարվեստական ստեղծագործությունը,- պատասխանեց Անգետիկը:
Ալարկոտիկն ուզեց խլել
դիմանկարը, և նրանք սկսեցին կռվել: Աղմուկի վրա վազեցին եկան Գիտունիկը, բժիշկ Հաբիկյանը
և մնացած մանչուկները:
-Ինչո՞ւ եք կռվում,-
հարցրին:
-Ըհը՛,- գոռաց Ալարկոտիկը,-
դուք մեր դատը կտրեցեք: Ասացեք, ո՞վ է նկարված այստեղ: Ես չեմ, չէ՞:
-Իհարկե, դու չես,-
պատասխանեցին մանչուկները: -Այդտեղ ինչ-որ բանջարանոցի խրտվիլակ է նկարած:
Անգետիկն ասաց.
-Դուք գլխի չընկաք,
որովհետև մակագրություն չկա տակը: Հիմա ես կգրեմ և ամեն ինչ հասկանալի կլինի:
Նա մատիտը վերցրեց
ու տպագիր տառերով նկարի տակ գրեց. «ԱԼԱՐԿՈՏԻԿ»: Հետո նկարը փակցրեց պատին ու ասաց.
-Թող կախած մնա: Բոլորը
կարող են նայել, ոչ ոքի չի արգելվում:
-Միևնույն է,- ասաց
Ալարկոտիկը,- երբ դու պառկես քնելու, ես կգամ ու կպատռեմ այդ նկարը:
-Իսկ ես գիշերը չեմ
քնի, կհսկեմ,- պատասխանեց Անգետիկը:
Ալարկոտիկը նեղացավ
ու տուն գնաց, իսկ Անգետիկը, իսկապես որ, գիշերը չքնեց: Երբ բոլորը քնեցին, նա վերցրեց
ներկերն ու սկսեց բոլորին նկարել: Պոնչիկին այնքան հաստ նկարեց, որ նույնիսկ չտեղավորվեց
կտավի վրա: Հապճեպիկին նկարեց բարալիկ ոտքերով, իսկ հետևից, չգիտես ինչու, շան պոչ
ավելացրեց: Որսորդ Փամփուշտիկին պատկերեց Քոթոթիկի վրա նստած: Բժիշկ Հաբիկյանի քթի
փոխարեն ջերմաչափ նկարեց: Չգիտես ինչու, Գիտունիկին նկարեց էշի ականջներով: Մի խոսքով,
բոլորին նկարեց ծիծաղելի ու անհեթեթ դիրքերով: Առավոտվա դեմ այդ նկարները նա փակցրեց
պատերին ու տակերը մակագրություններ դրեց, այնպես, որ մի ամբողջ ցուցահանդես ստացվեց:
Առաջինը բժիշկ Հաբիկյանն
արթնացավ: Նա տեսավ պատերին փակցված նկարներն ու սկսեց ծիծաղել: Նկարները նրան այնքան
դուր եկան, որ նույնիսկ սկնոցը քթին դրեց ու սկսեց շատ ուշադիր նայել: Նա մեկ առ մեկ
մոտենում էր նկարներին և կուշտ ծիծաղում:
-Կեցցե՛ս, Անգետիկ,-
ասում էր բժիշկ Հաբիկյանը; -Կյանքումս այսքան ծիծաղած չկայի:
Վերջապես նա կանգ առավ
իր նկարի մոտ ու խստությամբ հարցրեց.
-Իսկ սա ո՞վ է: Մի՞թե
ես եմ: Ո՛չ, ես չեմ: Սա շատ վատ նկար է: Ավելի լավ է հանես սա:
-Ինչո՞ւ հանեմ, թող
կախած մնա,- պատասխանեց Անգետիկը:
Բժիշկ Հաբիկյանը նեղացավ
ու ասաց.
-Անգետիկ, ինչպես երևում
է դու հիվանդ ես: Աչքերիդ հետ ինչ-որ բան է պատահել: Ե՞րբ ես տեսել, որ քթիս փոխարեն
ջերմաչափ դրված լինի: Չէ՛, ճար չկա, գիշերը լուծողական պիտի տամ քեզ:
Անգետիկը բոլորովին
չէր սիրում լուծողական: Նա վախեցավ ու ասաց.
-Չէ՛, չէ՛: Հիմա ես
ինքս էլ եմ տեսնում, որ սա վատ նկար է:
Նա պատից պոկեց Հաբիկյանի
նկարն ու պատռեց:
Հաբիկյանից հետո արթնացավ
որսորդ Փամփուշտիկը: Նկարները նրան էլ դուր եկան: Նայելիս նա քիչ էր մնում պայթեր ծիծաղից:
Իսկ հետո տեսավ իր նկարն ու տրամադրությունն իսկույն ընկավ.
-Սա վատ նկար է,- ասաց
նա: -Ինձ նման չի: Հանիր այդ նկարը, թե չէ հետս որսի չեմ տանի քեզ:
Անգետիկը ստիպված էր
որսորդ Փամփուշտիկի նկարն էլ հանել պատից:
Այդպես էլ մյուսները:
Բոլորին դուր էին գալիս ուրիշների նկարները, իսկ իրենցը՝ ոչ:
Ամենից ուշ արթնացավ
Ներկամոլիկը, որը, ըստ սովորության, ամենից շատ էր քնում: Երբ նա պատին տեսավ իր նկարը,
սոսկալի զայրացավ և ասաց, թե դա նկար չէ, այլ անտաղանդ, հակագեղարվեստական խզբզանք:
Հետո նա պատից պոկեց նկարն ու Անգետիկից ետ առավ ներկերն ու վրձինը:
Պատին մնաց միայն Ալարկոտիկի
նկարը: Անգետիկը դա պոկեց պատից ու գնաց ընկերոջ մոտ:
-Ալարկոտիկ, ուզո՞ւմ
ես նկարդ նվիրեմ քեզ: Դրա համար դու կհաշտվես ինձ հետ,- առաջարկեց Անգետիկը:
Ալարկոտիկը վերցրեց
նկարը, կտոր-կտոր արեց ու ասաց.
-Լա՛վ, հաշտություն:
Միայն թե մի անգամ էլ որ նկարես, էլ ոչ մի գնով չեմ հաշտվի:
-Էլ երբեք չեմ նկարի,-
պատասխանեց Անգետիկը: -Նկարում ես, նկարում, իսկի շնորհակալություն էլ չեն հայտնում,
բոլորը մի գլուխ նախատում են: Էլ չեմ ուզում նկարիչ լինել:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երրորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 05, 2019
Rating:
