
Մեքենագետ Պտուտակիկն
ու նրա օգնական Ագուցիկը շատ հմուտ վարպետներ էին: Նրանք իրար նման էին, միայն թե Պտուտակիկը
մի քիչ բոյով էր, իսկ Ագուցիկը՝ մի քիչ կարճ: Երկուսն էլ կաշվե բաճկոն էին հագնում:
Նրանց բաճկոնների գրպաններից միշտ դուրս էին ցցված պնդօղակների բանալիներ, աքցաններ, խարտոցներ և ուրիշ մետաղե գործիքներ: Եթե բաճկոնները կաշվից չլինեին, գրպանները վաղուց քրքրված կլինեին: Նրանց գլխարկներն էլ էին կաշվից, ակնոցներն էլ վրան: Այդ ակնոցները հագնում էին աշխատանքի ժամանակ, որպեսզի աչքները փոշի չլցվի:
Նրանց բաճկոնների գրպաններից միշտ դուրս էին ցցված պնդօղակների բանալիներ, աքցաններ, խարտոցներ և ուրիշ մետաղե գործիքներ: Եթե բաճկոնները կաշվից չլինեին, գրպանները վաղուց քրքրված կլինեին: Նրանց գլխարկներն էլ էին կաշվից, ակնոցներն էլ վրան: Այդ ակնոցները հագնում էին աշխատանքի ժամանակ, որպեսզի աչքները փոշի չլցվի:
Պտուտակիկն ու Ագուցիկը
ամբողջ օրը նստում էին իրենց արհեստանոցում և պրիմուսներ, կաթսաներ, թեյամաններ, թավաներ
էին վերանորոգում, իսկ երբ բան չէր լինում վերանորոգելու, եռանիվ հեծանիվներ ու ինքնաշարժեր
էին շինում ճստլիկների համար:
Մի անգամ Պտուտակիկն
ու Ագուցիկը ոչ ոքի ոչինչ չասացին, փակվեցին իրենց արհեստանոցում ու սկսեցին ինչ-որ
բան շինել: Մի ամբողջ ամիս նրանք սղոցեցին, գամեցին, ռանդեցին, զոդեցին ու ոչ ոքի ոչինչ
ցույց չտվին, իսկ երբ ամիսն անցավ, պարզվեց, որ ավտոմեքենա են շինել:
Այդ ավտոմեքենան աշխատում
էր գազախառն քաղցրահյութ ջրով: Մեքենայի կենտրոնում տեղ էր շինված վարորդի համար, իսկ
նրա առջևում տեղավորված էր գազախառը ջրով բաքը: Գազը բաքից խողովակով անցնում էր պղնձե
գլանը և հրում երկաթե մխոցը, իսկ սա գազի ճնշման տակ մերթ այս, մերթ այն կողմ էր շարժվում
և պտտում անիվները: Նստարանի վերևում դրված էր քաղցրահյութով լի մի աման: Քաղցրահյութը
խողովակով հոսում էր բաքի մեջ և յուղում մեխանիզմը: Գազով աշխատող այդպիսի ավտոմեքենաները
շատ էին տարածված ճստլիկների մոտ: Բայց Պտուտակիկի ու Ագուցիկի շինած ավտոմեքենան մի
շատ կարևոր առավելություն ուներ: Բաքի կողքին ռետինե մի ճկուն ծորակ ունեցող խողովակ
էր ամրացրած, որպեսզի առանց մեքենան կանգնեցնելու, ընթացքի ժամանակ գազով ջուր խմեն:
Հապճեպիկը սովորել
էր վարել այդ մեքենան և երբ ճստլիկներից մեկն ուզում էր զբոսնել, Հապճեպիկը նստեցնում
ման էր ածում ու ոչ ոքի չէր մերժում:
Ավտոմեքենայով զբոսնել
ամենից շատ սիրում էր Քաղցրահյութիկը, որովհետև ճամփորդության ընթացքում նա կարող էր
ուզածի չափ քաղցրահյութով գազախառն ջուր խմել: Անգետիկն էլ էր սիրում զբոսնել ավտոմեքենայով,
և Հապճեպիկը հաճախ էր ման ածում նրան: Բայց Անգետիկն ինքն էր ուզում սովորել ավտոն
վարել և մի օր էլ խնդրեց Հապճեպիկին.
-Թող մի քիչ զբոսնեմ
ավտոմեքենայով: Ես էլ եմ ուզում քշել սովորել:
-Դու չես կարող,- ասաց
Հապճեպիկը: -Ախր սա մեքենա է: Հասկանալ է հարկավոր:
-Ի՞նչ հասկանալու բան
կա այստեղ,- պատասխանեց Անգետիկը: -Ես տեսել եմ, թե դու ոնց ես քշում: Ընթացք տուր
ու ղեկը պտտիր: Շատ պարզ ու հասարակ:
-Դա միայն թվում է,
թե պարզ է, իսկ իրականում դժվար է: Դու ինքդ էլ կջարդվես, ավտոմեքենան էլ կփշրես:
-Դե լա˜վ, Հապճեպիկ,-
նեղացավ Անգետիկը: -Ինձնից մի բան կխնդրես, չէ˜, ես էլ քեզ չեմ տա:
Մի անգամ, երբ Հապճեպիկը
տանը չէր, Անգետիկը նստեց ավտոմեքենան, որ կանգնած էր բակում, և սկսեց լծակները քաշքշել
ու ոտնակները սեղմել: Սկզբում ոչինչ դուրս չեկավ, հետո հանկարծ մեքենան փնչացրեց ու
շարժվեց: Ճստլիկները լուսամուտից տեսան ու տնից դուրս վազեցին:
-Այդ ի՞նչ ես անում,-
գոռացին նրանք: -Ջարդուփշուր կլինես:
-Չեմ ջարդվի,- պատասխանեց
Անգետիկը, բայց նա արդեն շարժվում էր դեպի շան բույնը, որ կանգնած էր բակի մեջտեղը:
Թրա՛խկ-թրա՛խկ: Բույնը
քանդ ու քարափ եղավ, ցրիվ եկավ, դեռ լավ էր, որ Քոթոթիկը կարողացավ դուրս թռչել, թե
չէ Անգետիկը նրան էլ կճխլեր:
-Ըհը՛, տեսա՞ր՝ ինչ
արիր,- բղավեց Գիտունիկը: -Կանգնեցրու իսկո՛ւյն:
Անգետիկը վախեցավ,
ուզեց մեքենան կանգնեցնել և ձգեց ինչ-որ լծակ: Բայց մեքենան կանգնելու փոխարեն ավելի
արագ շարժվեց: Ճանապարհին մի տաղավար հանդիպեց: Թրա՛խ-թրա՛խ-թրա՛խկ, տաղավարը փշուր-փշուր
եղավ: Անգետիկը ոտից գլուխ կորավ տաշեղների մեջ: Տախտակներից մեկը կախված մնաց մեջքից,
մյուսը՝ թրխկացրեց ծոծրակին: Անգետիկը կպավ ղեկին ու սկսեց պտտել: Ավտոմեքենան սլանում
էր բակում, իսկ Անգետիկը կոկորդով մեկ գոռում էր.
-Եղբայրնե˜ր, շուտ
արեք, դարպասը բացեք, թե չէ բակում ամեն ինչ ջարդուփշուր կանեմ:
Ճստլիկները բաց արին
դարպասը, Անգետիկը դուրս թռավ բակից ու սլացավ փողոցով: Աղմուկի վրա բոլոր բակերից
դուրս վազեցին ճստլիկները:
-Փրկվեցե˜ք,- ճչում
էր Անգետիկն ու առաջ սլանում:
Գիտունիկը, Երևիկը,
Պտուտակիկը, բժիշկ Հաբիկյանը և ուրիշ ճստլիկներ վազում էին նրա հետևից: Բայց էլ կհասնե˜ս:
Նրանք չկարողացան հասնել: Անգետիկը ողջ քաղաքը ոտի տակ տվեց ու չէր իմանում ինչպես
կանգնեցնի մեքենան:
Վերջապես մեքենան մոտեցավ
գետին, զառիթափից ցած ընկավ ու գլխիվայր գլորվեց: Անգետիկը դուրս ընկավ նրա միջից և
պառկած մնաց ափին, իսկ գազով աշխատող ավտոմեքենան ընկավ ջուրն ու սուզվեց:
Գիտունիկը, Երևիկը,
Պտուտակիկն ու բժիշկ Հաբիկյանը վերցրին Անգետիկին և տուն տարան: Բոլորը կարծում էին,
թե նա մեռած է:
Տանը նրան պառկեցրին
մահճակալին, և այստեղ միայն Անգետիկն աչքերը բաց արեց: Նա չորս կողմը նայեց ու հարցրեց.
-Եղբայրներ, ես դեռ
կենդանի՞ եմ:
-Կենդանի՛ ես, կենդանի՛,-
պատասխանեց բժիշկ Հաբիկյանը: -Միայն թե, խնդրեմ, հանգիստ պառկիր, քեզ պիտի քննեմ:
Նա հանեց Անգետիկի
շորերն ու սկսեց քննել: Հետո ասաց.
-Զարմանալի է: Բոլոր
ոսկորներդ տեղն են, միայն ջարդվածքներ կան ու մի քանի փուշ:
-Տախտակը կպել էր մեջքիս,-
ասաց Անգետիկը:
-Պետք է փշերը հանել,-
գլուխն օրորեց Հաբիկյանը:
-Կցավի՞,- վախեցավ
Անգետիկը:
-Չէ՛, ամենևին: Այ,
թող հիմա ամենամեծը հանեմ:
-Վա-ա-ա˜յ,- ճչաց Անգետիկը:
-Ի՞նչ ես ճչում: Ցավում
է, ի՞նչ է,- զարմացավ Հաբիկյանը:
-Իհարկե, ցավում է:
-Դե, դիմացի՛ր, դիմացի՛ր:
Այդ քեզ թվում է միայն:
-Չէ՛, չի թվում: Վա˜յ,վա˜յ,
վա˜յ:
-Դե, ի՞նչ ես գոռում,
կարծես քեզ մորթում եմ: Ես քեզ հո չեմ մորթում:
-Ցավո˜ւմ է: Ասում
էիր, թե չի ցավի, բայց ցավում է:
-Դե, սուս կաց, սո՛ւս:
Մի փուշ մնաց հանելու:
-Վա˜յ, պետք չի: Ավելի
լավ է փուշը վրաս մնա:
-Չի կարելի, կթարախակալվի:
-Վո˜ւյ, վո˜ւյ, վո˜ւյ:
-Դե, վերջացրինք: Այժմ
արդեն հարկավոր է յոդ քսել:
-Իսկ դա ցավեցնո՞ւմ
է:
-Ոչ, յոդը չի ցավեցնում:
Հանգիստ պառկիր:
-Վա-ա-ա˜յ:
-Մի գոռա, մի: Ո՞նց
է, որ մեքենայով զբոսնել սիրում ես, իսկ մի քիչ համբերել՝ ոչ:
-Վա˜յ, ո˜նց է վառում:
-Կվառի ու կանցնի:
Հիմա ջերմաչափ կդնեմ թևիդ տակ:
-Վա˜յ, պետք չի ջերմաչափ:
Պետք չի˜:
-Ինչո՞ւ:
-Կցավի:
-Ախր ջերմաչափը չի
ցավեցնում:
-Դու հենց միշտ ասում
ես չի ցավի, բայց հետո ցավում է:
-Ա˜յ քեզ խենթ: Ես
քեզ իսկի ջերմաչափ չե՞մ դրել:
-Իսկի:
-Դե ահա, հիմա դու
կտեսնես, որ դա չի ցավեցնում,- ասաց Հաբիկյանն ու գնաց ջերմաչափ բերելու:
Անգետիկը վեր թռավ
մահճակալից, դուրս ցատկեց բաց լուսամուտից և վազեց ընկերոջ՝ Ալարկոտիկի մոտ: Հաբիկյանը
վերադարձավ ջերմաչափը ձեռքին, տեսավ՝ Անգետիկը չկա:
-Դե արի ու բուժիր
այսպիսի հիվանդին,- փնթփնթաց Հաբիկյանը: -Դու բուժում ես, բուժում, իսկ նա դուրս է
թռչում լուսամուտից ու փախչում: Ինչի՞ նման է սա:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ հինգերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 08, 2019
Rating:
