
Թե ինչպես Գիտունիկը օդապարիկ հնարեց
Գիտունիկը, որ շատ
էր սիրում կարդալ,
գրքերում կարդացել էր
հեռավոր երկրների ու
զանազան ճամփորդությունների մասին:
Հաճախ, երբ երեկոները
բան չէր լինում
անելու, նա իր
ընկերներին պատմում էր,
թե ինչ է
կարդացել գրքերում: Մանչուկները
շատ էին սիրում
այդ պատմությունները:
Նրանց դուր էր գալիս լսել այն երկրների մասին, որ ոչ մի անգամ չէին տեսել, բայց ամենից շատ սիրում էին լսել ճանապարհորդների մասին, որովհետև նրանց հետ զանազան անհավատալի բաներ են կատարվում և արտասովոր արկածներ պատահում:
Նրանց դուր էր գալիս լսել այն երկրների մասին, որ ոչ մի անգամ չէին տեսել, բայց ամենից շատ սիրում էին լսել ճանապարհորդների մասին, որովհետև նրանց հետ զանազան անհավատալի բաներ են կատարվում և արտասովոր արկածներ պատահում:
Այդպիսի պատմություններ լսելուց
հետո մանչուկները սկսեցին
երազել, թե ինչ
անեն, որ իրենք
էլ ճանապարհորդեն: Ոմանք
առաջարկեցին հետիոտն արշավի
գնալ, մյուսներն առաջարկեցին
նավակներով զբոսնել գետի
վրա, իսկ Գիտունիկն
ասաց.
-Եկեք օդապարիկ
շինենք ու թռչենք:
Այդ միտքը շատ
դուր եկավ բոլորին:
Ճստլիկները երբեք չէին
թռել օդապարիկով, և
նրանց բոլորի համար
էլ դա շատ
հետաքրքիր էր: Ոչ
ոք, իհարկե, չգիտեր,
թե ինչպես են
օդապարիկ շինում, բայց
Գիտունիկն ասաց, որ
ինքն ամեն ինչ
կմտածի ու հետո
կբացատրի:
Եվ ահա Գիտունիկն սկսեց մտածել: Երեք օր ու գիշեր
նա միտք արեց և վճռեց օդապարիկը շինել ռետինից: Ճստլիկները ռետին հայթայթելու ձևը գիտեին:
Նրանց քաղաքում ֆիկուսի նման բույսեր էին աճում: Երբ այդ բույսի ցողունը կտրում էին,
նրանից հյութ էր հոսում: Այդ հյութը կամաց-կամաց խտանում ու դառնում էր ռետին, որից
կարելի էր գնդակներ ու կրկնակոշիկներ շինել:
Երբ Գիտունիկը հորինեց այդ, մանչուկներին պատվիրեց
ռետինի հյութ հավաքել: Բոլորն սկսեցին հյութ բերել, որի համար Գիտունիկը մի մեծ տակառ
էր շինել: Անգետիկն էլ գնաց հյութ հավաքելու և փողոցում հանդիպեց ընկերոջը՝ Ալարկոտիկին,
որ պարան էր թռչում երկու աչոնիկի հետ:
-Լսի՛ր, Ալարկոտիկ, թե իմանաս ի˜նչ ենք մտածել,-
ասաց Անգետիկը: -Որ իմանաս, նախանձից կտրաքես, ախպերս:
-Իսկի էլ չեմ տրաքի,- պատասխանեց Ալարկոտիկը: -Շատ
պետք է տրաքել:
-Կտրաքե˜ս, կտրաքե˜ս,- հավատացրեց Անգետիկը: -Այնպիսի
մի բան է, եղբայր իմ, որ իսկի երազումդ էլ չես տեսել:
-Էդ ի՞նչ բան է,- հետաքրքրվեց Ալարկոտիկը:
-Շուտով մենք օդային փուչիկ կշինենք ու կթռչենք ճամփորդելու:
Ալարկոտիկը նախանձեց: Նա ուզեց մի բանով էլ ինքը
պարծենալ ու ասաց.
-Պա˜հ, փուչիկ: Բա որ ես էլ աչոնիկների հետ եմ ընկերացել:
-Ի՞նչ աչոնիկներ:
-Այ, սրանց,- ասաց Ալարկոտիկն ու մոտեցավ ցույց տվեց
աչոնիկներին: -Այ, էս աչոնիկի անունը Թիթեռնիկ է, իսկ մյուսինը՝ Զատիկ:
Թիթեռնիկն ու Զատիկը կանգնել էին մի կողմ քաշված
և երկյուղով նայում էին Անգետիկին:
Անգետիկը խեթ-խեթ նայեց նրանց ու ասաց.
-Այ թե ի˜նչ: Ախր դու ինձ հետ ես ընկերություն անում:
-Քեզ հետ էլ եմ ընկերություն անում, սրանց հետ էլ:
Մեկը մյուսին չի խանգարում:
-Իսկ իմ կարծիքով խանգարում է,- պատասխանեց Անգետիկը:
-Ով աչոնիկի հետ ընկերություն է անում, ինքն էլ աչոնիկ է: Իսկույն խռովիր սրանց հետ,
դե՛, շո՛ւտ:
-Ինչո՞ւ պիտի խռովեմ:
-Իսկ ես ասում եմ, խռովի՛ր: Թե չէ ե՛ս կխռովեմ քեզնից:
-Խռովում ես, խռովիր: Զարմացրի˜ր:
Այ, կխռովեմ, իսկ քո Թիթեռնիկին ու Զատիկին էնպես
կտա˜մ որ…
Անգետիկը բռունցքները սեղմած հարձակվեց աչոնիկների
վրա: Ալարկոտիկը բռնեց նրա ճամփան և բռունցքով հասցրեց ճակատին: Նրանք սկսեցին կռվել,
իսկ Թիթեռնիկն ու Զատիկը վախեցան ու փախան:
-Ուրեմն դու աչոնիկների պատճառով բռունցքով հասցնում
ես ճակատիս, հա˜,- գոռում էր Անգետիկը, աշխատելով հարվածել Ալարկոտիկի քթին:
-Պա՛հ, պաշտպանի˜ս մտիկ,- պատասխանեց Անգետիկն ու
ընկերոջ գագաթին այնպես հասցրեց, որ Ալարկոտիկը նույնիսկ պպզեց ու փախավ:
-Ես քեզ հետ խռով եմ,- նրա հետևից վազելով գոռում
էր Անգետիկը:
-Խնդրե˜մ,- պատասխանեց Ալարկոտիկը: -Ինքդ էլ կգաս
հաշտվելու:
-Կտեսնես, որ չեմ գա: Մենք փուչիկով կթռչենք ճամփորդելու:
-Դուք հազիվ կտուրից ձեղնահարկ կթռչեք:
-Այդ դո՛ւք հազիվ կտուրից ձեղնահարկ կթռչեք,- պատասխանեց
Անգետիկն ու գնաց ռետինի հյութ հավաքելու:
Երբ տակառը լցվեց ռետինի հյութով, Գիտունիկը մի լավ
խառնեց և Ագուցիկին պատվիրեց բերել պոմպը, որով օդ էին լցնում ավտոդողերի մեջ: Այդ
պոմպին նա երկար ռետինե խողովակ կցեց, խողովակի ծայրին ռետինի հյութ լցրեց և Ագուցիկին
պատվիրեց զգուշությամբ պոմպով օդ մղել: Ագուցիկն սկսեց օդ մղել և իսկույն ևեթ ռետինի
հյութը սկսեց փուչիկ դառնալ այնպես, ինչպես օճառաջրից է փուչիկ դառնում: Գիտունիկն
անընդհատ, ամեն կողմերից ռետինի հյութ էր քսում այդ փուչիկին, իսկ Ագուցիկն անդադար
օդ էր ներս մղում, և այսպես փուչիկը կամաց-կամաց ուռավ ու դարձավ մեծ գունդ: Գիտունիկը
չէր էլ հասցնում հյութ քսել բոլոր կողմերից: Այդ ժամանակ նա կարգադրեց, որ մնացած մանչուկներն
էլ քսեն:
Բոլորն իսկույն գործի անցան: Բոլորի համար աշխատանք
ճարվեց փուչիկի մոտ, իսկ Անգետիկը պտույտ էր գալիս չորս կողմն ու շվշվացնում: Նա աշխատում
էր հեռու մնալ փուչիկից, հեռվից նայում էր ու ասում.
-Կտրաքի փուչիկը: Այ, հիմի՛, հենց հիմի՛ կտրաքի:
Ո˜ւֆ:
Բայց փուչիկը չէր տրաքում, այլ մեծանում էր, հա մեծանում:
Շուտով նա այնքան ուռավ, որ մանչուկներն ստիպված էին բարձրանալ բակի մեջտեղն աճած տխիլի
թփին, վերևից և կողքերից քսելու համար:
Փուչիկը փչելու գործը տևեց երկու օր և ավարտվեց այն
ժամանակ միայն, երբ փուչիկը դարձավ տան չափ: Դրանից հետո Գիտունիկը կապեց ներքևի խողովակը,
որ օդը դուրս չգա փուչիկից, և ասաց.
-Հիմա փուչիկը կչորանա, իսկ մենք միասին կանցնենք
ուրիշ աշխատանքի:
Եվ նա փուչիկը կապեց թփից, որ քամին չտանի, հետո
մանչուկներին երկու խմբի բաժանեց: Մի խմբին պատվիրեց մետաքսի բոժոժներ հավաքել, որպեսզի
քանդեն ու մետաքսաթել շինեն դրանից: Այդ թելից պատվիրեց հսկայական ցանց հյուսել: Մյուս
խմբին Գիտունիկը պատվիրեց կեչու բարակ կեղևից մեծ զամբյուղ պատրաստել:
Մինչ Գիտունիկն իր ընկերների հետ զբաղված էր այդ
աշխատանքով, Ծաղկառատ քաղաքի բոլոր բնակիչները գալիս նայում էին հսկայական փուչիկին,
որ կապած էր տխիլի թփից: Ամեն մեկն ուզում էր շոշափել փուչիկը, իսկ ոմանք նույնիսկ
փորձում էին բարձրացնել:
-Թեթև փուչիկ է,- ասում էին նրանք,- մի ձեռքով հեշտությամբ
կարելի է բարձրացնել:
-Թեթևը՝ թեթև է, բայց իմ կարծիքով չի թռչի,- ասաց
Տգետիկ անունով մի մանչուկ:
-Ինչո՞ւ չի թռչի,- հարցնում էին մյուսները:
-Ո՞նց կթռչի: Թե որ թռչելու լիներ՝ վերև կբարձրանար,
էլի, այնինչ տեսեք պառկել է գետնին: Ուրեմն, չնայած սա թեթև է, բայց էլի ծանր է,- պատասխանեց
Տգետիկը:
Ճստլիկները մտքի մեջ ընկան:
-Հը˜մ, հը˜մ,-ասացին նրանք: -Փուչիկը թեթև է, բայց
և ծանր է: Ճիշտ է ասված: Բա ո՞նց կթռչի:
Նրանք հարցրին Գիտունիկին, նա ասաց.
-Մի քիչ համբերեք, շուտով ամեն ինչ կտեսնեք:
Քանի որ Գիտունիկը ոչինչ չբացատրեց ճստլիկներին,
նրանք ավելի կասկածեցին: Տգետիկը ման էր գալիս քաղաքում և անհեթեթ լուրեր տարածում:
-Ի՞նչ ուժ պիտի փուչիկին վեր բարձրացնի,- հարցնում
էր նա և ինքն էլ պատասխանում. –չկա այդպիսի ուժ: Թռչունները թռչում են, որովհետև թևեր
ունեն, իսկ ռետինե փուչիկը վերև չի թռչի: Նա միայն ներքև կթռչի:
Վերջիվերջո քաղաքում այլևս դադարեցին հավատալ այդ
անիրագործելի մտադրությանը: Բոլորը միայն քա՛հ-քա՛հ ծիծաղում էին, մոտենում Գիտունիկի
տանը, ցանկապատի հետևից նայում փուչիկին ու ասում.
-Տեսե՛ք, տեսե՛ք, թռչում է: Հա˜-հա˜-հա˜:
Բայց Գիտունիկը ուշադրություն չէր դարձնում այդ ծաղրուծանակին:
Երբ մետաքսաթելից հյուսված ցանցը պատրաստ էր, նա պատվիրեց դա վերևից գցել փուչիկի վրա:
Ցանցը ձգեցին ու նրանով ծածկեցին Փուչիկը:
-Մի տեսե˜ք,- գոչում էին ճստլիկները ցանկապատի հետևից:
-Ցանցով փուչիկ են բռնում: Վախենում են, թե կթռչի: Հա˜-հա˜-հա˜:
Գիտունիկը պատվիրեց փուչիկի տակից պարան գցել և կապել
թփի ճյուղից ու վերև ձգել: Հապճեպիկն ու Ագուցիկը՝ պարանը ձեռքներին թփի վրա բարձրացան
ու սկսեցին փուչիկը դեպի վեր ձգել: Դա շատ ուրախացրեց հանդիսականներին:
-Հա˜-հա˜-հա˜-հա˜,- ծիծաղում էին նրանք: -Բանից պարզվում
է, այնպիսի փուչիկ է, որ հարկավոր է պարանով վերև քաշել: Էլ ո՞նց կթռչի, եթե հարկավոր
է պարանով վեր քաշել:
-Հենց այդպես էլ կթռչի,- պատասխանեց Տգետիկը: -Նրանք
կնստեն փուչիկի վրա և կսկսեն պարանը ձգել՝ դե փուչիկն էլ կթռչի:
Երբ փուչիկը վեր բարձրացրին, ցանցը կողքերից կախ
ընկավ, և Գիտունիկը պատվիրեց ցանցի անկյուններից կապել կեչու կեղևից շինած զամբյուղը:
Զամբյուղը քառանկյունի էր: Ամեն կողմում մի նստարան էր շինած, և դրանցից ամեն մեկի
վրա կարող էին տեղավորվել չորս մանչուկ:
Զամբյուղը կապեցին ցանցի չորս անկյունից, և Գիտունիկը
հայտարարեց, որ օդապարիկի շինարարության աշխատանքը ավարտված է: Հապճեպիկը կարծում էր,
թե արդեն կարելի է թռչել, բայց Գիտունիկն ասաց, որ դեռ պարաշյուտներ պիտի պատրաստել
բոլորի համար:
-Իսկ դրանք ինչի՞ համար են,- հարցրեց Անգետիկը:
-Եթե հանկարծ օդապարիկը պայթի, ստիպված կլինենք պարաշյուտներով
ցած թռչել:
Հաջորդ օրը Գիտունիկն ու նրա ընկերները զբաղված էին
պարաշյուտներ պատրաստելու գործով: Ամեն մեկն իր համար խատուտիկների փետրիկներից պարաշյուտ
պատրաստեց, իսկ Գիտունիկը բոլորին ցույց էր տալիս, թե ինչպես պիտի անել:
Քաղաքի բնակիչները տեսնում էին, որ փուչիկն անշարժ
կախված է ճյուղից և ասում էին իրար.
-Այդպես էլ կախված կմնա՝ մինչև պայթելը: Էլ ի˜նչ
թռիչք, ի˜նչ բան:
-Հը՛, ինչո՞ւ չեք թռչում,- գոռում էին ցանկապատի
վերևից: -Հարկավոր է թռչել, քանի դեռ փուչիկը չի պայթել:
-Անհոգ կացեք,- պատասխանում էր Գիտունիկը: -Թռիչքը
տեղի կունենա վաղը առավոտյան ժամը ութին:
Շատերը ծիծաղեցին, բայց ոմանք սկսեցին կասկածել:
-Հանկարծ ու իսկապես թռչեն,- ասում էին նրանք: -Հարկավոր
է վաղը գալ ու տեսնել:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ վեցերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 13, 2019
Rating:
