Պարույր Սևակ | Ճամփեզրի խոտը

Իմ բախտը բերեց.
Ես ո՛չ մի անգամ
Չշփոթեցի իմ ահեղ դարը օրացույցի հետ,
Եվ ո՛չ մի անգամ
Չկարողացա (չկարողացա՜-չկարողացա՜)
Դառնալ խոսափող ա՛յն անցողիկին,
Որ համարժեք էր հաջողությանը...
Իմ բախտը բանեց.
Ես բոլորի՜ հետ ու մեկտեղ էի,
Բայց ո՛չ նրանց հետ,
Ովքեր գոռգոռում
Ու բոռում էին բոլորի՜ անվամբ,
Բոլորի՜ն անվերջ վկա բերելով,
Մինչ այդ «բոլոր»-ի
Անունը թե կար` ամանում չկար...
 
Իմ բախտը բերեց.
Ես գրչիդ կո՛թը հաճախ ծծեցի
Ու հենց դրանո՛վ հաճախ կշտացա,
Բայց ո՛չ երբևէ գրիչ ծախելով...
 
Իմ բախտը բանեց,
Ինչպես բանում է բախտը այն... խոտի,
Որ ճանապարհի եզրին է բուսնում.
Մի՛շտ կոխկրտվելով`
Ես ցողունի տեղ, ստիպվա՛ծ, արմա՜տ երկարացըրի...


14.XI.1963թ.

Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Ճամփեզրի խոտը Պարույր Սևակ | Ճամփեզրի խոտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:42:00 Rating: 5
Технологии Blogger.