Պարույր Սևակ | Մանկական ճոճք

Կապույտ-կապարե մենակության մեջ անծիր երկնքի
Թռչուններն իրենց երգն են չորացնում:
Մինչդեռ լեռների պղնձե-պաղած միայնության մեջ
Ավելացնում եմ ես էլ աչքերիս թացությունը տաք:
Եվ հորիզոնը, ամառվա տապից,
Դարձել է կարծես մանկական մի ճոճք:
Ա՛խ, երանի՜ թե նա ինձ քնացներ
Եվ կամ ստիպեր,
Որ ուրախության ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճոճքից
Ուժեղանում է միա՜յն ու միա՛յն գլխապտույտըս,
Որով մի հսկա զերո է գծվում՝
Իր մեջ առնելով 
Ի՛նձ,
Թռչունների՛ն,
Երկի՛նք ու երկի՜ր,
Եվ դուրս թողնելով
Լոկ հորիզոնն ու մենակությունը,
Որպեսզի... մեկը ճոճվի՜ ու ճոճվի՜,
Մյուսն էլ... քարանա ու հավերժանա...
Ո՛չ մի ժամանակ,
Ո՛չ մի ժամանակ,
Մենք այսպես մենակ ու մենիկ չէինք,
Ինչպես որ հիմա,
Երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թե որևէ ուրիշ ժամանակ...


10.XI.1965թ.

Չանախչի


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Մանկական ճոճք Պարույր Սևակ | Մանկական ճոճք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 06, 2019 Rating: 5
Технологии Blogger.