Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ իններորդ


Ամպերից վեր 

Մեր անվեհեր ճանապարհորդները չզգացին անգամ, թե ինչպես օդապարիկն օդ բարձրացավ, այնքան թեթև ու սահուն պոկվեցին գետնից: Մի րոպե անց միայն նրանք զամբյուղից դուրս նայեցին և տեսան իրենց ընկերների բազմությունը, որոնք հրաժեշտի ժամանակ թափահարում էին ձեռքերն ու գլխարկները և վեր նետում: Ներքևից նրանց էին հասնում «ուռա˜» բացականչությունները:
-Ցտեսությո˜ւն,- իբրև պատասխան գոչեցին Գիտունիկն ու նրա ընկերները:
Նրանք նույնպես գլխարկները թափահարեցին: Շվարիկը ձեռքերը գլխին տարավ, որ գլխարկը հանի և նոր միայն նկատեց, որ գլխին գլխարկ չկա:
-Սպասեցե՛ք, եղբայրներ,- ճչաց նա: -Կանգնեցրե՛ք օդապարիկը: Ես գլխարկս տանն եմ թողել:
-Դու հենց միշտ մի բան մոռանում ես,- մռթմռթաց Փնթփնթիկը:
-Այժմ արդեն չի կարելի կանգնեցնել օդապարիկը,- ասաց Գիտունիկը: -Սա կթռչի, մինչև որ ներսի օդը սառչի և այդ ժամանակ միայն ցած կիջնի:
-Ես առանց գլխարկ պիտի թռչեմ, ի՞նչ է,- նեղացած հարցրեց Շվարիկը:
-Չէ որ դու գլխարկդ մահճակալի տակից գտար,- ասաց Պոնչիկը:
-Դե գտնելը՝ գտա, բայց շոգ էր, ես էլ դրի սեղանին, իսկ հետո, հենց վերջին րոպեին, մոռացա գլխիս դնել:
-Դու հենց միշտ վերջին րոպեին մոռանում ես,- ասաց Փնթփնթիկը:
-Մի տեսե˜ք, եղբայրներ,- հանկարծ ճչաց Անգետիկը,- մեր տունը մնաց ներքևում:
Բոլորը ծիծաղեցին, իսկ Փնթփնթիկը ասաց.
-Իսկ դու կարծում էիր, թե տունն էլ հետնե՞ րս պիտի թռչի:
-Իսկի էլ չէի կարծում,- վիրավորվեց Անգետիկը: -Պարզապես տեսա մեր տունն ու ասացի: Առաջ մենք բոլորս տանն էինք ապրում, իսկ այժմ թռչում ենք օդապարիկով:
-Ահա և թռչում ենք,- մռթմռթաց Փնթփնթիկը,- ով գիտե, դեռ ուր կթռչենք:
-Փնթփնթիկ, դու հենց մի գլուխ փնթփնթում ես,- պատասխանեց Անգետիկը: -Օդապարիկում էլ քեզանից պրծնել չկա:
-Դու էլ գնա, եթե դուր չի գալիս:
-Ո՞ւր գնամ:
-Դե, հերի՛ք է,- վիճողներին սաստեց Գիտունիկը: -Այս ի՞նչ վեճեր են օդապարիկում:
Օդապարիկն ավելի բարձրացավ, և Ծաղկառատ քաղաքն ամբողջությամբ երևաց՝ ասես ափի մեջ: Տները բոլորովին պստիկ էին թվում, իսկ ճստլիկներն ամենևին չէին երևում: Քամին մի կողմ էր քշում օդապարիկը և շուտով քաղաքն սկսեց երևալ հեռո˜ւ հեռվում:
Գիտունիկը գրպանից հանեց կողմնացույցը և սկսեց որոշել օդապարիկի թռիչքի ուղղությունը:
Կողմնացույցը մետաղյա մի փոքրիկ տուփիկ է՝ մագնիսե սլաքով: Մագնիսե սլաքը միշտ հյուսիսն է ցույց տալիս: Եթե հետևես կողմնացույցի սլաքին, միշտ էլ կգտնես վերադարձի ճամփան: Դրա համար էլ Գիտունիկն իր հետ կողմնացույց էր վերցրել:
-Քամին մեզ տանում է դեպի հյուսիս,- հայտարարեց Գիտունիկը: -Ուրեմն պիտի վերադառնանք հարավ:
Օդապարիկն արդեն շատ էր բարձրացել և թռչում էր դաշտի վրայով: Քաղաքը կորավ հեռվում: Ներքևում, նեղ ժապավենի նման գալարվում էր մի առվակ, որ ճստլիկները Վարունգի գետ էին անվանում: Դաշտում երևացող ծառերը փոքրիկ տերևախիտ թփեր էին թվում:
Պոնչիկը հանկարծ ներքևում նկատեց մի մութ կետ: Նա արագ շարժվում էր գետնի վրա, ասես վազում էր օդապարիկի հետևից:
-Տեսե՛ք, եղբայրներ, ինչ-որ մեկը վազում է մեր հետևից,- գոչեց Պոնչիկը:
Բոլորը նայեցին այդ կետին:
-Մի տեսեք, առվակի վրայով թռավ,- ճչաց Շվարիկը:
-Տեսնես էդ ի՞նչ բան է,- հարցրեց Հապճեպիկը: -Մի նայեք, ծառերի վրայով է թռչում:
Օդապարիկը թռչում էր անտառի վրայով: Կետը սահում էր ծառերի կատարների վրայով: Բժիշկ Հաբիկյանը քթին ամրացրեց իր ակնոցը, բայց էլի չկարողացավ ջոկել, թե դա ինչ բան է:
-Ես գիտե՛մ,- հանկարծ ճչաց Անգետիկը: -Առաջինը ե՛ս գլխի ընկա: Դա մեր Քոթոթիկն է: Մենք մոռացել էինք վերցնել Քոթոթիկին, դե նա էլ վազում է հետևներիցս:
-Ինչե˜ր ես ասում,- պատասխանեց Փամփուշտիկը: -Քոթոթիկն էստեղ է: Այ, նստած է իմ նստարանի տակ:
-Սա ի՞նչ բան է: Գուցե դո՞ւ կգուշակես, Գիտունիկ,- հարցրեց Երևիկը:
Գիտունիկը պահեց կողմնացույցն ու նայեց ներքև:
-Դե դա հո մեր ստվե˜րն է,- ծիծաղեց նա:
-Ո՞նց թե՝ մեր ստվերը,- զարմացան բոլորը:
-Շատ պարզ: Դա օդապարիկի ստվերն է: Մենք թռչում ենք օդով, իսկ ստվերը գետնի վրայով է վազում:
Ճստլիկները երկար հետևում էին ստվերին, իսկ նա գնալով փոքրանում էր: Վերջապես բոլորովին անհետացավ:
-Ո՞ւր կորավ ստվերը,- անհանգստացան ճստլիկները:
-Մենք շատ ենք բարձրացել,- բացատրեց Գիտունիկը: -Այժմ արդեն չենք կարող տեսնել ստվերը:
-Խայտառակությո՛ւն է,- ինքն իրեն փնթփնթաց Փնթփնթիկը: -Նստել ես այսպես ու նույնիսկ սեփական ստվերդ չես տեսնում:
-Էլի՞ ես փնթփնթում,- ասաց Անգետիկը: -Ոչ մի տեղ մարդ քեզնից դադար չունի:
- «Դադար, հա˜, դադար»,- տնազ արեց Փնթփնթիկը: -Ի՞նչ դադար ես ուզում օդապարիկում: Դադար էիր ուզում, նստեիր տանը:
-Դու ինքդ նստիր:
-Ինձ հանգիստ պետք չի:
-Էլի՛ եք վիճում,- ասաց Գիտունիկը: -Ստիպված կլինեմ ձեզ իջեցնել:
Փնթփնթիկն ու Անգետիկը վախեցան ու դադարեցին վիճել:
Այդ ժամանակ օդապարիկը հայտնվեց ինչ-որ ծխի, թե մշուշի մեջ: Երկիրը կորավ ներքևում: Շուրջն ասես սպիտակ քող լիներ քաշած:
-Սա ի՞նչ բան է,- գոչեցին բոլորը: -Այս որտեղի՞ց է ծուխը:
-Սա ծուխ չէ,- ասաց Գիտունիկը: -Սա ամպ է: Մենք մինչև ամպերն ենք բարձրացել և այժմ թռչում ենք ամպերի միջով:
-Դե՛, դու արդեն հնարում ես,- պատասխանեց Անգետիկը: -Ամպը վարսակի կիսելի նման մածուցիկ է, իսկ սա ինչ-որ մշուշ է:
-Իսկ ի՞նչ ես կարծում, ինչի՞ց է սարքված ամպը,- հարցրեց Գիտունիկը: -Ախր ամպն էլ մշուշից է շինած: Դա միայն հեռվից է խիտ թվում:
Բայց Անգետիկը դրան չհավատաց և ասաց.
-Դուք նրան մի լսեք, եղբայրներ: Այդ բոլորը նա հնարում է, որ ցույց տա, թե շատ բան գիտի, բայց իրականում ոչինչ էլ չգիտի: Ես էլ նրան հավատացի, թե ամպը մշո˜ւշ է: Ամպը կիսել է: Կարծես ես կիսել չեմ կերել:
Շուտով օդապարիկը ավելի վեր բարձրացավ, դուրս եկավ ամպերից ու թռավ դրանց վրայով: Անգետիկը դուրս նայեց զամբյուղից և ներքևում տեսավ ամպերը: Նրանք փռվել էին չորս կողմը և ծածկել երկիրը:
-Վա˜յ, մամա ջան,- ճչաց Անգետիկը,- երկինքը ներքևում է: Մենք գլխիվայր ենք թռչում:
-Ինչո՞ւ ենք գլխիվայր թռչում,- զարմացան բոլորը:
-Դե, ըհը, տեսե՛ք. երկինքը մեր ոտների տակ է, ուրեմն գլխիվայր ենք թռչում:
-Մենք ամպերի վրայով ենք թռչում,- բացատրեց Գիտունիկը: -Մենք ամպերից վեր ենք բարձրացել, դրա համար էլ այժմ ամպերը ոչ թե մեր գլխավերևում են, այլ՝ ներքևում:
Բայց Անգետիկը դրան էլ չհավատաց: Նա նստել էր իր տեղը և ձեռքերով ամուր բռնել գլխարկը: Նա կարծում էր, թե գլխարկը վայր կընկնի գլխից, քանի որ ինքը գլխիվայր է նստած:
Քամին արագ քշում էր օդապարիկը ամպերի վրայով, բայց շուտով բոլորը նկատեցին, որ օդապարիկն սկսում է իջնել:
-էս ինչո՞ւ ենք իջնում,- անհանգստացան մանչուկները:
-Օդն սկսեց սառչել օդապարիկում,- բացատրեց Գիտունիկը:
-Ուրեմն մենք հիմա իջնո՞ւմ ենք,- հարցրեց Հապճեպիկը:
-Իսկ ինչո՞ւ ենք վերցրել ավազով լի պարկերը,- ասաց Գիտունիկը: -Հարկավոր է ավազը դեն նետել զամբյուղից, և մենք կրկին վեր կթռչենք:
Երևիկը արագությամբ մի պարկ վերցրեց ու ցած գցեց:
-Ի՞նչ ես անում,- ճչաց Գիտունիկը: -Մի՞թե կարելի է մի ամբողջ պարկ դեն նետել: Ախր դա կարող է մեկնումեկի գլխին ընկնել:
-Երևի չի ընկնի,- պատասխանեց Երևիկը:
 -«Երևի չի˜ ընկնի»,- ծաղրեց Գիտունիկը: -Հարկավոր է պարկի բերանը բանալ և ցած թափել ավազը:
-Հիմա ե՛ս կթափեմ,- ասաց Գուցեմիկը:
Նա բացեց մյուս պարկը և ավազն ուղիղ զամբյուղի մեջ թափեց:
-Մեկդ մեկից խելո˜ք եք,- գլուխն օրորեց Գիտունիկը: -Է˜, ի՞նչ օգուտ, եթե ավազը մնա զամբյուղում: Դրանից օդապարիկը չի թեթևանա:
-Գուցե ավազն էլ թափեմ,- ասաց Գուցեմիկը և սկսեց բուռ-բուռ ավազը դուրս թափել զամբյուղից:
-Զգո˜ւյշ,- գոռաց Շվարիկը: -Աչքս կլցնես ավազը:
-Մի վախենա, չեմ լցնի,- ասաց Գուցեմիկը և իսկույն էլ նրա աչքերն ավազ լցրեց:
Բոլորը նախատեցին Գուցեմիկին, իսկ Երևիկը վերցրեց դանակն ու զամբյուղի հատակին մի մեծ անցք բացեց, որպեսզի այնտեղից թափեն ավազը: Գիտունիկը տեսավ ու գոռաց.
-Կա՛ց: Ի՞նչ ես անում: Քո պատճառով զամբյուղը կքանդվի ու բոլորս ցած կթափվենք:
-Երևի չքանդվի,- պատասխանեց Երևիկը:
-Դուք երկուսով հենց մի գլուխ խոսք ունեք՝ «երևի» ու «գուցե»,- ասաց Գիտունիկն ու Երևիկի ձեռքից խլեց դանակը:
Ավազն անցքից դուրս թափվեց, օդապարիկը թեթևացավ ու նորից վեր սլացավ: Մանչուկները գոհունակությամբ դուրս էին նայում զամբյուղից: Բոլորն ուրախ էին, որ օդապարիկը նորից վեր բարձրացավ: Միայն Փնթփնթիկը, որ միշտ ինչ-որ բանից դժգոհ էր, շարունակում էր փնթփնթալ.
-Սա ի՞նչ բան է, մեկ՝ վեր, մեկ՝ վար: Օդապարիկները բա այսպե՞ս են թռչում:
Չիմանալով, թե էլ ինչ ասի, նա նայեց Պոնչիկին, որ սուս ու փուս շաքար էր կրծում:
-Դու ի՞նչ բանի ես:
-Գրպանումս շաքար կա, հանում եմ ու կրծում:
-Ժամանա˜կ գտավ շաքար կրծելու: Ցած իջնենք, կկրծես:
-Ինչո՞ւ պիտի ավելորդ ծանրությունը քարշ տամ հետս,- ասաց Պոնչիկը: -Ես շաքարը կուտեմ, օդապարիկը կթեթևանա և ավելի վեր կբարձրանա:
-Դե, կրծի, հը՛: Տեսնենք մինչև երբ կկրծես,- պատասխանեց Փնթփնթիկը:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ իններորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ իններորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 04, 2019 Rating: 5
Технологии Blogger.