Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներեքերորդ


Զրույց սեղանի շուրջը

 Անգետիկն արագ հագնվեց և ճռճռան սանդուղքով վեր բարձրացավ: Նա հայտնվեց մի սենյակում, որ ներքևի սենյակից մի քիչ փոքր էր, բայց ավելի հաճելի տեսք ուներ: Երկու կիսակլոր լուսամուտներ՝ գեղեցիկ վարագույրներով, նայում էին փողոցին: Լուսամուտների արանքում կար դուռ և պատշգամբ: Սենյակի մեջտեղը դրված էր սեղան՝ ամբողջովին ծածկված սկահակներով, ամաններով ու ափսեներով, որոնք լի էին զանազան մուրաբաներով, թխվածքներով, կարկանդակներով, մեղրահացերով և ուրիշ տեսակ-տեսակ ուտեստներով: Երևում էր, որ աչոնիկները վճռել էին փառավորապես հյուրասիրել Անգետիկին: Նրա աչքերը նույնիսկ շաղվեցին, երբ սեղանին տեսավ այդ ճոխ հյուրասիրությունը:
Բանթով և հյուսերով աչոնիկներն արդեն թեյ էին լցնում: Խոպոպներով աչոնիկը պահարանից խնձորի պաստեղ էր հանում:
Կապտաչիկն Անգետիկին ծանոթացրեց իր ընկերուհիների հետ: Հյուսիկներով աչոնիկին Սկյուռիկ էին ասում, բանթով աչոնիկին՝ Խլշիկ, իսկ խոպոպովին՝ Ճպուռիկ: Անգետիկը վայրկյան առաջ ուզում էր սեղան նստել, բայց այդ պահին դուռը բացվեց և ներս մտան չորս աչոնիկ ևս:
Կապտաչիկը հիմա էլ սրանց հետ ծանոթացրեց Անգետիկին.
-Իսկ սրանք մեր հարևաններն են՝ Ճնճղուկիկը, Եղևնիկը, Անթառամիկը և Թմբլիկը:
Աչոնիկները շրջապատեցին Անգետիկին:
-Դուք օդապարիկո՞վ եք մեզ մոտ թռել,- հարցրեց թխամազ Ճնճղուկիկը:
-Այո, օդապարիկով,- հանդիսավոր պատասխանեց Անգետիկը՝ աչքը ման ածելով սեղանին:
-Ըստ երևույթին շա՞տ սոսկալի է օդապարիկով թռչելը,- ասաց հաստլիկ Թմբլիկը:
-Այնպե˜ս սարսափելի է…Այսինքն՝ չէ՛, մազաչափ էլ սարսափելի չէ,- իսկույն սթափվեց Անգետիկը:
-Ի˜նչ քաջն եք դուք: Ես ոչ մի գնով չէի թռչի օդապարիկով,- ասաց Եղևնիկը:
-Իսկ դուք որտեղի՞ց եք եկել,- հարցրեց Անթառամիկը:
-Ծաղկառատ քաղաքից:
-Որտե՞ղ է այդ քաղաքը:
-Այնտեղ,- անորոշ ուղղությամբ ձեռքը թափ տվեց Անգետիկը,- Վարունգի գետի ափին:
-Երբեք չեմ լսել այդ գետի մասին,- ասաց Ճնճղուկիկը: -Ըստ երևույթին հեռու է:
-Շա˜տ հեռու,- հաստատեց Անգետիկը:
-Դե, սեղան նստեցեք, թե չէ թեյը կսառչի,- հյուրերին սեղանի մոտ հրավիրեց Կապտաչիկը:
Անգետիկը երկար խնդրել չտվեց: Նա վայրկենաբար սեղան նստեց և սկսեց բերանը լցնել կարկանդակներով, քաղցրահացերով, պաստեղով ու մուրաբայով: Աչոնիկները գրեթե ոչինչ չկերան, որովհետև շատ էին ուզում Անգետիկին հարցուփորձ անել օդապարիկի մասին: Վերջապես Ճպուռիկը չդիմացավ ու հարցրեց:
-Ասացեք խնդրեմ, ո՞ւմ գլխում ծագեց օդապարիկով թռչելու միտքը:
-Ի՛մ,- պատասխանեց Անգետիկը, ամբողջ ուժով աշխատելով ծնոտներով և ջանալով շուտ ծամել վերջացնել կարկանդակի կտորը:
-Ի˜նչ եք ասում: Մի՞թե դուք եք այդ գյուտն արել,- բացականչեցին չորս կողմից:
-Ազնիվ խոսք, ե՛ս: Տեղիցս վեր չկենամ, թե սուտ եմ ասում,- երդվեց Անգետիկն ու քիչ մնաց խեղդվի կարկանդակից:
-Ա˜յ թե հետաքրքիր է: Պատմեցեք, խնդրեմ, այդ մասին,- խնդրեց Թմբլիկը:
-Դե ինչ պատմեմ,- ձեռքերը տարածեց Անգետիկը: -Մեր մանչուկներն ինձ վաղուց էին խնդրել՝ մի բան հնարել: »Մի բան հնարիր, եղբայր ջան, մի բան հնարիր»: Ես թե՝ «Բան հնարելուց իմ զահլան գնացել է: Ինքներդ հնարեցեք»: Նրանք էլ թե՝ «Մեզնից հնարող դուրս կգա՞: Ախր մենք հիմար ենք, իսկ դու խելոք: Քեզ համար ի՞նչ կա որ, հնարիր, էլի՛»: «Դե, լավ, ասում եմ: Ձեզնից պրծնելիք չկա: Կհնարեմ»: Եվ սկսեցի միտք անել:
Անգետիկը մտախոհ դեմքով ծամում էր կարկանդակը: Աչոնիկներն անհամբերությամբ նրան էին նայում: Վերջապես Սկյուռիկը վճռեց խախտել տևական լռությունը և, տեսնելով, որ Անգետիկը ձեռքը մեկնել է նոր կարկանդակի, ասաց.
-Դուք կանգ առաք այնտեղ, որ սկսեցիք մտածել:
-Այո՛,- ասես քնից արթնանալով բացականչեց Անգետիկը և կարկանդակով խփեց սեղանին: -Երեք օր ու գիշեր մտածեցի և ի՞նչ եք կարծում, վերջը՝ գտա: «Ահա եղբայրներ,- ասում եմ ես,- օդապարիկ կշինեմ ձեզ համար»: Եվ օդապարիկ շինեցինք: Իմ մասին նույնիսկ բանաստեղծ Ծաղկանունին…-մենք մի այդպիսի բանաստեղծ ունենք…-ոտանավոր հորինեց. «Մեր Անգետիկը օդապարիկ հորինեց…»: Չէ՛. «Հորինեց օդապարիկ Անգետիկը մեր…», թե՞ «Մեր օդապարիկը հորինեց Անգետիկը…»: Չէ՛, մոռացել եմ: Գիտեք, իմ մասին շատ ոտանավորներ են հորինում, հո բոլորը մտքումդ չեն մնա:
Անգետիկը նորից վրա ընկավ կարկանդակին:
-Ինչպե՞ս շինեցիք օդապարիկը,- հարցրեց Կապտաչիկը:
-Օ˜, դա շատ մեծ աշխատանք էր: Մեր բոլոր մանչուկները օր ու գիշեր աշխատում էին: Որը ռետին էր քսում, որն էլ պոմպն էր աշխատեցնում, իսկ ես ման էի գալիս ու շվշվացնում…այսինքն, չէի շվշվացնում, այլ ամեն մեկին ցույց էի տալիս իր անելիքը: Առանց ինձ ոչ մեկի ձեռքից բան չի գա: Բոլորին բացատրիր, բոլորին ցույց տուր: Շա˜տ պատասխանատու գործ էր, շա˜տ, որովհետև օդապարիկն ամեն րոպե կարող էր պայթել: Ես երկու օգնական ունեմ՝ Պտուտակիկն ու Ագուցիկը, երկուսն էլ ոսկի ձեռքեր ունեն: Ամեն ինչ կարող են անել, բայց դե գլուխները լավ չի աշխատում: Նրանց հարկավոր է ամեն ինչ բացատրել ու ցույց տալ: Ես բացատրեցի նրանց, թե ինչպես պիտի շինել կաթսան: Ու աշխատանքը եռաց. կաթսան եփ է գալիս, ջուրը քլթքլթում է, շոգին սուլում է, մի սարսափելի բան է կատարվում:
Աչոնիկները շունչները պահած ականջ էին դնում, կլանում Անգետիկի ամեն մի բառը:
-Հետո՞: Հետո ի՞նչ եղավ,- վրա տվեցին բոլորը, հենց որ Անգետիկը կանգ առավ:
-Վերջապես հասավ թռիչքի օրը,- շարունակեց Անգետիկը: -Հազարավոր ճստլիկներ էին հավաքվել: Մի մասն ասում է, թե օդապարիկը կթռչի, մյուսները թե՝ չի թռչի: Տուրուդմփոց սկսվեց: Նրանք, ովքեր ասում էին, թե օդապարիկը կթռչի, ջարդում էին նրանց, ովքեր պնդում էին, թե չի թռչի, իսկ նրանք, ովքեր ասում էին, թե չի թռչի, ջարդում էին նրանց, թե՝ կթռչի: Թե չէ…կարծեմ, ընդհակառակը, նրանք, որ՝ կթռչեն, նրանց՝ որ չեն թռչի…Թե չէ, ընդհակառակը… Մի խոսքով չէր ջոկվում, թե ով ում է քոթակում: Բոլորն իրար ջարդում էին:
-Դե լավ,- ասաց Կապտաչիկը: -Դուք կռվի մասին մի պատմեք, այլ օդապարիկի:
-Լա՛վ,- համաձայնեց Անգետիկը: -Ուրեմն, նրանք ջարդում էին իրար, մենք մտանք զամբյուղը: Ես ճառ ասացի. Այսինքն թե՝ թռչում ենք, եղբայրներ, մնաք բարով: Ու վեր թռանք: Վեր թռանք և ի˜նչ տեսնենք, երկիրը ներքևում, այ, այս կարկանդակի չափ է:
-Չի՛ կարող պատահել,- ախ քաշեցին աչոնիկները:
-Տեղիցս վեր չկենամ, թե սուտ եմ ասում,- երդվեց Անգետիկը:
-Դե մի՛ ընդհատեք,- վրդովված ասաց Կապտաչիկը: -Մի՛ խանգարեք: Նա հո չի խաբում:
-Ճի՛շտ է, մի խանգարեք ինձ ստել…Այսինքն, թյո՛ւ, մի խանգարեք ճշմարտությունն ասել,- ասաց Անգետիկը:
-Պատմեցե՛ք, պատմեցեք,- ճչացին բոլորը միաբերան:
-Այսպե˜ս,- շարունակեց Անգետիկը: -Ուրեմն թռչում էինք վերև: Հանկարծ՝ դը՛մփ: Էլ չենք բարձրանում: Տեսնենք ի՞նչ. ամպին ենք դեմ առել: Ի՞նչ անենք: Կացինն առանք, մի անցք բաց արինք ամպերի մեջ: Նորից բարձրացանք: Մեկ էլ տեսնենք՝ գլխիվայր ենք թռչում. երկինքը ներքևն է, իսկ երկիրը վերևը:
-Ինչո՞ւ է այդպես,- զարմացան աչոնիկները:
-Բնության օրենքն է,- բացատրեց Անգետիկը: -Ամպերից վերև միշտ գլխիվայր են թռչում: Թռանք մինչև ամենաբարձր կետը, իսկ այնտեղ հազար ամբողջ մեկ տասնորդական աստիճան սառնամանիք էր, բոլորս սառչում էինք: Օդապարիկն էլ սառեց և սկսեց ընկնել: Ես խորամանկ էի ու վաղօրոք պատվիրել էի ավազով լի պարկեր դնել զամբյուղի մեջ: Սկսեցինք պարկերը դուրս գցել: Գցեցինք, գցեցինք, էլ պարկ չմնաց: Ի՞նչ անենք: Իսկ մեզ հետ Գիտունիկ անունով մի մանչուկ կար: Վախկոտի մեկը: Սա տեսավ, որ օդապարիկն ընկնում է, սկսեց տզզալ, ու մեկ էլ որ դուրս չթռա˜վ պարաշյուտով, և գնաց տուն: Օդապարիկը թեթևացավ ու նորից վերև թռավ: Հետո նորից որ ներքև չթռավ ու գետնովը չդիպա˜վ, նորից վերև թռավ, ու նորից գետնովը դիպավ…Ես զամբյուղից դուրս ընկա ու թրախկ՝ գլուխս գետնովը տվի…
Տարված իր պատմությամբ, Անգետիկը ձեռքով թրխկացրեց սեղանին ու դիպավ կարկանդակին: Կարկանդակի խորիզը դեսուդեն ցայտեց: Աչոնիկները ցնցվեցին ու սարսափից քիչ մնաց վայր թափվեին աթոռներից:
-Իսկ հետո՞,- հարցրին նրանք հազիվ ուշքի գալով:
-Հետո, էլ չեմ հիշում:
Լռություն տիրեց: Աչոնիկները, զարմանք կտրած, Անգետիկին էին նայում: Նրանց աչքում այդ մանչուկը մի իսկական հերոս էր: Վերջապես Կապտաչիկն ասաց.
-Դուք մեզ շատ վախեցրիք ձեր օդապարիկով: Երեկ երեկոյան մենք պատշգամբում թեյ էինք խմում: Մեկ էլ հանկարծ տեսանք մի հսկայական կլոր օդապարիկ թռած գալիս է, թռչում է դեպի մեր տունը, դիպչում մեր ցանկապատին…ու հանկարծ՝ դը˜մփ: Օդապարիկը պայթեց, իսկ երբ մենք մոտ վազեցինք, տեսանք միայն կեչու կեղևից շինած զամբյուղը:
-Դուք պառկած էիք մեռածի պես,- ավելացրեց Խլշիկը: -Սոսկալի բան:
-Ձեր կոշիկներից մեկը ոտքիդ էր, մյուսը կախված էր ցանկապատից, իսկ գլխարկը ծառին էր,- ավելացրեց Սկյուռիկը:
-Ձեր շորի թևքը պոկվել էր, և մենք միայն այս առավոտ գտանք,- ասաց Ճպուռիկը: -Անմիջապես տեղը դրեցինք ու կարեցինք:
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցի այս տանը,- հարցրեց Անգետիկը:
-Մենք ձեզ տեղափոխեցինք մեզ մոտ: Հո չէ՞ր կարելի գիշերը դուրսը թողնել,- պատասխանեց Կապտաչիկը:
-Ախր դուք գրեթե բոլորովին մեռած էիք,- նորից վրա բերեց Խլշիկը: -Բայց Մեղրածաղիկն ասաց, որ դուք դեռ կարող եք կենդանանալ, որովհետև ձեր, էն…էն…օրգանիզմն ամուր է:
-Այո, իմ օրգանիզմն ամուր է, իսկ գլուխս ավելի պինդ է,- պարծենալով ասաց Անգետիկը: -Իմ տեղը որ ուրիշը լիներ, անպայման ուղեղացնցում կստանար:
-Դուք երևի ուզում էիք ասել ուղեղի ցնցո՞ւմ,- նկատեց Կապտաչիկը:
-Այ՛ո, այ՛ո, ուղեղի ցնցում,- սխալն ուղղեց Անգետիկը:
-Բայց դուք ասում եք, թե մենա՞կ չէիք թռչում օդապարիկով,- հարցրեց Կապտաչիկը:
-Իհարկե, մենակ չէի: Տասնվեց հոգի էինք: Ճիշտ է, այդ վախկոտ Գիտունիկը դուրս թռավ պարաշյուտով, այնպես որ տասնհինգ հոգի մնացինք:
-Բա ո՞ւր են մնացածները,- հարցրեց Ճնճղուկիկը:
-Չգիտեմ,- ուսերը թոթվեց Անգետիկը: -Իսկ զամբյուղում ինձնից բացի ոչ ոք չկա՞ր:
-Զամբյուղում գտանք միայն նկարչական ներկեր և մի շարժական դեղարկղիկ:
-Ներկերը Ներկամոլիկինն են, իսկ դեղարկղիկը՝ Հաբիկյանինը,- ասաց Անգետիկը:
Այդ ժամանակ դուռը բացվեց և սենյակ մտավ Ձյունիկը:
-Նորություն լսե՞լ եք,- ճչաց նա: -Թարմ նորությո˜ւն: Մի օդապարիկ էլ է ընկել ու ջարդուփշուր եղել: Դրանով թռել եկել են տասնչորս ճստլիկ: Նրանք ընկել են երեկ երեկոյան՝ քաղաքից դուրս: Այսօր առավոտյան միայն մեր աչոնիկները գտել են նրանց և օգնել՝ հասնելու հիվանդանոց:
-Ուրեմն նրանք ջարդուփշո՞ւր են եղել,- ախ քաշեց Սկյուռիկը:
-Դա ոչինչ,- ձեռքը թափ տվեց Ձյունիկը: -Մեղրածաղիկն ասաց, որ կբուժեն նրանց:
-Կա-չկա իմ ընկերներն են,- ասաց Անգետիկը: -Հենց հիմա կգնամ հիվանդանոց և կտեղեկանամ ամեն ինչ:
-Ես ձեզ կուղեկցեմ,- առաջարկեց Կապտաչիկը:
-Ե՛ս էլ կգամ ձեզ հետ,- ասաց Ձյունիկը:
Ձյունիկը նոր միայն նկատեց Կապտաչիկի ճակատի կլոր սպեղանին և բացականչեց.
-Ա˜խ, սիրելիս, ինչ սքանչելի կլորակ է ճակատիդ: Քեզ շատ է սազում: Ի՞նչ է, դա նո՞ր մոդա է, ճակատին կլորակներ կրել: Ես էլ այդպիսի մի կլորակ կդնեմ ճակատիս:
-Ոչ,- պատասխանեց Կապտաչիկը: -Սա սպեղանի է: Հանկարծ ճակատս դռանը խփեցի:
-Ա˜յ թե ինչ…-հիասթափված ծոր տվեց Ձյունիկը:
Նա վազեց հայելու մոտ ու գլխարկը դրեց: Սենյակը մի ակնթարթում դատարկվեց: Բոլորը դուրս թռան նորությունը հարևաններին հասցնելու:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներեքերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներեքերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 27, 2019 Rating: 5
Технологии Blogger.