
Նոր ծանոթներ
-Ո՞ւր է նա:
-Այնտեղ:
-Ի՞նչ է անում:
-Պառկած է:
-Մեռա՞ծ:
-Չէ՛, կարծեմ, կենդանի է:
-Մի թող նայեմ:
-Սպասի՛ր:
Անգետիկը նայեց դռանը և նկատեց, որ ինչ-որ մեկը բանալու
անցքից նայում է:
-Դե, թո՛ղ, ագա՛հ: Ախր ես էլ եմ ուզում նայել,- կրկին
շշուկ լսվեց:
-Ա՛յ, որ ագահ ես ասում, չե՛մ թողնի:
Դռան հետևից քաշքշոցի ձայն լսվեց:
-Մի՛ հրիր, մի՛,- լսվեց մեկի զայրացած ֆշշոցը: -Այ,
մեկ էլ որ հրես, մազերդ կպռճոկեմ:
-Ես էլ քո հյուսերից կքաշեմ ու ոտքով էլ կհրեմ:
Անգետիկն ուզում էր իմանալ, թե ովքեր են վիճողները:
Նա դուրս թռավ մահճակալից և թափով բաց արեց դուռը: Խուլ հարվածի ձայն լսվեց և Անգետիկն
իր առջև տեսավ երկու աչոնիկի: Նրանք մի կողմ թռան, ձեռքերով բռնեցին ճակատներն ու վախեցած
նայեցին Անգետիկին: Մեկի գոգնոցին կանաչ նապաստակ էր գործած, իսկ մյուսին՝ կարմիր սկյուռիկ:
Նրանք երկուսն էլ, ասես հրամանով, ճպճպացրին աչքերը, լաց եղան և, շուռ գալով, սկսեցին
բարձրանալ դռան աջ կողմից վեր ելնող փայտե նեղ սանդուղքով:
-Ա-ա˜-ա˜-, բարձրաձայն լալիս էր աչոնիկներից մեկը,
որի կարճ հյուսերը վզի վրա երկու տարբեր կողմեր էին ցցվում:
-Ու-ո˜ւ-ո˜ւ,- կրկնում էր գագաթին երկնագույն բանթ
կապած մյուս աչոնիկը:
Անգետիկը քորեց ծոծրակն ու քթի տակ մռթմռթաց.
-Ա˜յ քեզ պատմություն: Կարծես թե շատ պինդ շրխկացրի:
Վախենալով, որ էլի մի խաղ կխաղա օտար տանը, Անգետիկը
մտավ անկողին և վճռեց ննջել, բայց շատ չանցած միջանցքում կրկին քայլերի ձայն լսվեց:
Դուռը բացվեց և ներս նայեց մի նոր աչոնիկ:
Սա խուճուճ մազեր ուներ, ուրախ, չարաճճի աչքեր և
սուր քթով խորամանկ դեմք:
-Մանչո˜ւկ,- ճչաց նա: -Կռվարա˜ր:
Անգետիկն անակնկալից վեր թռավ: Դուռը տեղնուտեղը
փակվեց և լսվեց արագ հեռացող քայլերի ձայն: Անգետիկն ուսերը թոթվեց և արհամարհանքով
փնթփնթաց.
-Լոպա՛զ:
Նա գլուխը դրեց բարձին և նույնիսկ սկսեց ննջել, բայց
այդ պահին դուռը կրկին բացվեց և դարձյալ ներս նայեց խոպոպիկներով աչոնիկը:
-Կռվարա˜ր,- ծղրտաց նա: -Հա˜-հա˜-հա˜:
Դուռն անմիջապես փակվեց: Անգետիկը անկողնուց դուրս
թռավ և վազեց միջանք, բայց այնտեղ ոչ ոք չկար:
-Լա˜վ,- մռթմռթաց Անգետիկը սպառնալի:
Նա գրասեղանից վերցրեց քանոնը և թաքնվեց դռան հետևը:
Երկար չսպասեց: Շուտով միջանցքում քայլերի ձայն լսվեց: Անգետիկը բարձրացրեց քանոնը:
Դուռը բացվեց, սենյակ մտավ Կապտաչիկը և իսկույն քանոնի մի հարված ստացավ ճակատին:
-Վա˜յ:
Կապտաչիկը ճակատը բռնեց:
-Ինչո՞ւ եք քանոնով կռվում,- ճչաց նա,- հիմա ճակատս
կկապտի:
-Ոչ էլ կկապտի,- պատասխանեց Անգետիկը՝ քանոնը շփոթված
շուռումուռ տալով ձեռքի մեջ:
-Չէ՛, կկապտի˜, կկապտի˜: Դուք գիտե՞ք, թե ինչ քնքուշ
եմ ես: Խցանով էլ խփեք՝ իսկույն կկապտի:
-Կարելի է մի կտոր սպեղանի դնել,- ասաց Անգետիկը,-
դուք սպեղանի բերել եք դեղատնից, չէ՞:
-Ես ձե՛զ համար եմ բերել:
-Բոլորիս էլ կհերիքի,- պատասխանեց Անգետիկը:
Նա վերցրեց սպեղանին և մկրատով չորս մասի բաժանեց:
-Կպցրեք, շո՛ւտ,- հուզվում էր Կապտաչիկը: -Այ, այստեղ,
այստե՛ղ…
Նա դեմ արեց ճակատն ու մատով ցույց տվեց, թե որտեղ
պիտի կպցնել սպեղանին:
Անգետիկը կպցրեց սպեղանին, բայց, նկատելով, որ ծուռ
է կպցրել, քաշեց, որ պոկի:
-Զգո˜ւյշ, զգո˜ւյշ,- ճչում էր Կապտաչիկը: -Ճակատիս
կքսվի այդ զզվելի սպեղանին:
-Հիմա լավ է,- ասաց Անգետիկը, իր գործն ավարտելով:
Կապտաչիկը վազեց դեպի հայելին:
-Լավ է, բա ո˜նց չէ: Հանկարծ մեկնումեկը տեսնի ինձ,
այս սպեղանին ճակատիս: Հապա, մի ցույց տվեք ձեր ուսը: Որտե՞ղ է ձեր կապտածը:
Կապտաչիկը մի կտոր սպեղանի դրեց Անգետիկի ուսին:
-Ես ձեզ չէի ուզում խփել,- ասաց Անգետիկը:
-Բա ո՞ւմ էիք ուզում խփել:
Անգետիկն ուզում էր ասել, թե մի անծանոթ աչոնիկ ծաղրում
էր իրեն, բայց ժամանակին գլխի ընկավ, որ դա չարախոսություն կլինի:
-Ոչ ոքի,- պատասխանեց նա: -Ուղղակի ուզում էի փորձել,
թե կարելի՞ է այդ քանոնով որևէ մեկին հասցնել:
-Դուք, մանչուկներդ, հենց միայն ուրիշին խփելու մասին
եք մտածում, իսկ երբ ձեզ են հասցնում, այնքան էլ դուր չի գալիս… Ինչո՞ւ եք ժպտում:
Ծիծաղներդ գալի՞ս է, որ ճակատիս սպեղանի է կպցրած:
Նա նորից մոտեցավ հայելուն:
-Իսկապես որ շատ ծիծաղելի է, երբ մարդու ճակատին
քառակուսի սպեղանի է կպցրած:
-Իսկ դուք կլոր կտրեցեք,- խորհուրդ տվեց Անգետիկը:
Կապտաչիկը պոկեց սպեղանին, մկրատով կլոր կտրեց և
նորից կպցրեց Ճակատին:
-Ձեզ թվում է, որ այսպես ավելի լա՞վ է,- շուռ եկավ
նա դեպի Անգետիկը:
-Իհարկե,- հաստատեց Անգետիկը: -Ըստ իս, նույնիսկ
սազում է ձեզ:
Աչքերը կկոցելով, Կապտաչիկը նայեց հայելուն:
-Իսկ այժմ տվեք իմ շորերը,- խնդրեց Անգետիկը:
-Գնացեք լվացվեք, հետո կստանաք ձեր հագուստը:
Կապտաչիկը Անգետիկին տարավ խոհանոց: Այնտեղ, պատի
վրա, լվացարան կար: Կողքին մեխից կախված էր երեսսրբիչը, իսկ թարեքին դրված էին օճառն
ու ատամի փոշին:
-Ահա ձեզ, խոզանակ, ահա և ատամի փոշի: Կմաքրեք ատամներդ,-
ասաց Կապտաչիկը, Անգետիկին մեկնելով ատամի խոզանակը:
-Տանել չեմ կարող ատամի փոշին,- փնթփնթաց Անգետիկը:
-Ինչո՞ւ:
-Համով չի:
-Դա ուտելու բան չի:
-Միևնույն է: Դա լեզուն կծկծեցնում է:
-Կկծկծեցնի ու կանցնի:
Անգետիկն ակամա սկսեց ատամները մաքրել: Երկու անգամ
ատամների վրայով խոզանակը տանել բերելուց հետո նա ծամածռեց դեմքը և թքեց: Հետո բերանը
ողողեց ջրով և ձեռքերին օճառ քսեց: Ձեռքերը լվանալուց հետո օճառը դրեց թարեքին և սկսեց
երեսը լվանալ:
-Երեսն էլ պետք է օճառով լվանալ,- ասաց Կապտաչիկը:
-Թող գրողի ծոցը կորչի օճառը,- պատասխանեց Անգետիկը:
-Օճառը միշտ աչքերն է խցկվում:
-Այդ արդեն չեղա˜վ,- խստությամբ ասաց Կապտաչիկը,-
Այլապես զգեստը չեք ստանա:
Ճար չկար, Անգետիկը երեսին օճառ քսեց և անմիջապես
էլ լվաց երեսի օճառը:
-Բը˜ռ-ռ-ռ,- դողդողում էր նա: -Ի˜նչ սառը ջուր է:
Մի կերպ երեսը պարզաջրելով, նա ձեռքերն առաջ մեկնեց
և, աչքերը խուփ, սկսեց պատը շոշափել:
Կապտաչիկը՝ հազիվ ծիծաղը զսպելով նայում էր նրան:
-Ի՞նչ եք փնտրում:
-Ս-սրբիչը,- պատասխանեց Անգետիկը, ցրտից դողահար:
-Ինչո՞ւ եք փակ աչքերով փնտրում: Բաց արեք աչքերդ:
-Ախր ոնց բաց անեմ, երբ այս ա-ա-անիծյալ օճառն առանց
այն էլ աչքս է խցկվում:
-Իսկ դուք պիտի կարգին լվացվեիք:
Կապտաչիկը վերցրեց պատից կախված երեսսրբիչը և երկարեց
Անգետիկին: Անգետիկը սրբիչը քսմսորեց երեսին և նոր միայն համարձակվեց աչքերը բաց անել:
-Ահա, այժմ դուք շատ մաքուր և նույնիսկ սիրուն մանչուկ
դարձաք,- ասաց Կապտաչիկը և, նկատելով սրբիչի վրա դրոշմված կեղտի հետքերը, ավելացրեց.
–բայց հաջորդ անգամ ավելի լավ պիտի լվացվեք: Առաջին անգամն է, դրա համար եմ ներում:
Նա բերեց Անգետիկի հագուստն ու ասաց.
-Հագնվեցեք և եկեք թեյ խմելու: Երևի դուք արդեն քաղցած
եք:
-Սարսափելի քաղցած եմ,- խոստովանեց Անգետիկը: -Թվում
է, թե մի ամբողջ փիղ կուտեմ:
-Ա˜խ, խեղճ մանչուկ: Դե, շուտ եկեք, մենք սպասում
ենք ձեզ:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներկուերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 22, 2019
Rating:
