
Վթար
Այդ զգացին ճստլիկները, երբ իրենց օդապարիկով հասան
մեծ բարձրության: Նրանք այնպես մրսեցին, որ քթերն ու այտերը կարմրեցին: Բոլորը ոտքերով
դոփում ու ծափ էին տալիս, որ գոնե մի քիչ տաքանան: Ամենից շատ մրսում էր Շվարիկը, որ
գլխարկը տանն էր թողել: Սոսկալի ցրտից նրա քթից մի երկար սառցելուլա էր կախ ընկել:
Նա ուռենու տերևի պես դողում էր ու ատամները կափկափում էին:
-Հերիք է ատամներդ իրարով տաս,- մռթմռթում էր Փնթփնթիկը:
-Ցուրտը հերիք չի, սա էլ ատամներն է չխկչխկացնում:
-Ես մեղավո՞ր եմ, որ ցուրտ է,- ասաց Շվարիկը:
Փնթփնթիկը վեր կացավ տեղից ու ասաց.
-Տանել չեմ կարող, երբ ականջիս տակ մեկն ատամները
չխկչխկացնում է, մարմինս դող է ընկնում:
Նա նստեց Ներկամոլիկի կողքին, բայց Ներկամոլիկն էլ
էր ատամ ատամի տալիս: Փնթփնթիկը կասկածանքով նայեց նրան:
-Էդ ի՞նչ է, իմ ջգրո՞ւ է ատամներդ կափկափում:
-Ի՞նչ ջգրու, ցրտից մեռանք:
Փնթփնթիկը վեր կացավ և ուրիշ տեղ նստեց: Այդպես նա
մի քանի անգամ տեղը փոխեց ու դրանով միայն ուրիշներին խանգարեց:
Օդապարիկը ցրտից եղյամով էր պատվել և փայլում էր
մանչուկների գլխավերևում, ասես մաքուր արծաթից ձուլված լիներ: Կամաց-կամաց օդը կրկին
սառեց ամպերի մեջ, և օդապարիկն սկսեց ցած իջնել: Մի քանի րոպե անց նա արդեն արագ թափով
ցած էր սլանում: Պարկերի պաշարը վերջացել էր և ոչնչով չէր կարելի անկման առաջն առնել:
-Աղե˜-ե˜տ,- ճչաց Քաղցրահյութիկը:
-Կործանվո˜ւմ ենք,- ծղրտաց Անգետիկը և թաքնվեց նստարանի
տակ:
-Դուրս ե՛կ,- գոռաց նրա վրա Գիտունիկը:
-Ինչո՞ւ,- նստարանի տակից ձայն տվեց Անգետիկը:
-Պարաշյուտներով պիտի թռչենք:
-Ինձ համար այստեղ էլ լավ է,- պատասխանեց Անգետիկը:
Առանց երկար մտածելու Գիտունիկը բռնեց նրա օձիքից
և դուրս հանեց նստարանի տակից:
-Իրավունք չունե˜ս,- բղավում էր Անգետիկը: -Ես կբողոքե˜մ:
-Մի գոռգոռա,- հանգիստ պատասխանեց Գիտունիկը: -Առանց
խուճապի: Ա՛յ, տես թե ես ինչպես եմ թռչում պարաշյուտով և թռիր իմ հետևից:
Անգետիկը մի քիչ հանգստացավ: Գիտունիկը մոտեցավ զամբյուղի
եզրին:
-Ուշադրությո՛ւն, եղբայրներ,- գոչեց նա: -Հերթով
բոլորդ թռեք իմ հետևից: Ով որ չթռչի, նրան օդապարիկը վեր կտանի: Դե, պատրաստեցեք պարաշյուտները…
Գնացի˜նք:
Գիտունիկը առաջինը թռավ ու սլացավ ներքև: Նրա հետևից
թռավ Հապճեպիկը, և այստեղ չկանխատեսված բան տեղի ունեցավ: Փոխանակ առաջ թռչելու և հետո
պարաշյուտը բանալու, Հապճեպիկը շտապելուց նախ բացեց պարաշյուտը և ապա թռավ: Դրանից
էլ պարաշյուտը կառչեց զամբյուղի կողից, Հապճեպիկի մի ոտքը խճճվեց քուղերի մեջ, և նա
գլխիվայր կախվեց օդում: Նա սկսեց ոտքերը թափահարել ու ցնցվել ողջ մարմնով՝ ձկնորսական
կարթին հագցրած անձրևորդի նման: Չնայած բոլոր ջանքերին՝ պարաշյուտը չէր պոկվում:
-Եղբայրնե˜ր,- ճչաց բժիշկ Հաբիկյանը: -Եթե պարաշյուտը
պոկվի, Հապճեպիկի գլուխը գետնին կդիպչի:
Մանչուկները կառչեցին պարաշյուտից և Հապճեպիկին նորից
զամբյուղ բարձրացրին:
Անգետիկը տեսավ, որ օդապարիկը կրկին վեր է թռչում
ու ճչաց.
-Սպասեք, եղբայրներ: Էլ ոչ ոք թող չթռչի: Մենք նորից
ենք վեր բարձրանում:
-Ինչո՞ւ ենք նորից վերև թռչում,- զարմացավ Երևիկը:
-Ախ, դո˜ւ խելքի տոպրակ,- պատասխանեց Փնթփնթիկը:
-Ախր Գիտունիկը թռավ, օդապարիկն էլ թեթևացավ:
-Ի՞նչ պիտի անի Գիտունիկն առանց մեզ,- հարցրեց Պոնչիկը:
-Ի՞նչ կա…-ձեռքերը տարածեց Երևիկը: -Կամաց-կամաց
տուն կգնա, էլի:
-Իսկ մենք ի՞նչ պիտի անենք առանց Գիտունիկի:
-Պահ, զարմացրի˜ր,- պատասխանեց Անգետիկը: -Կարծես
թե անհնար է առանց Գիտունիկի յոլա գնալ:
-Ախր մեկը պիտի լինի, որին լսենք,- ասաց Պոնչիկը:
-Ինձ կլսեք,- հայտարարեց Անգետիկը: -Այժմ ե՛ս եմ
գլխավորը:
-Դո՞ւ,- զարմացավ Փնթփնթիկը: -Այդպիսի գլխով գլխավո՞ր:
-Ախ այդպե՛ս: Իմ գլուխը դուրդ չի գալիս, հա˜,- ճչաց
Անգետիկը: -Դե, խնդրեմ, ներքև թռիր ու փնտրիր քո Գիտունիկին, եթե իմ գլուխը քեզ դուր
չի գալիս:
Փնթփնթիկը ցած նայեց ու ասաց.
-Էլ որտե՞ղ կգտնեմ նրան: Մենք հեռու ենք թռել: Պետք
է բոլորս միասին թռչեինք:
-Չէ, թռի՛ր, թռի՛ր:
Փնթփնթիկն ու Անգետիկը սկսեցին վիճել, որ գրեթե մինչև
երեկո տևեց: Գիտունիկը չկար, և այլևս ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրանց: Արևն արդեն
դեպի մայրամուտ էր թեքվում: Քամին ուժեղանում էր: Օդապարիկն ավելի սառեց և կրկին սկսեց
ցած իջնել, իսկ Փնթփնթիկն ու Անգետիկը դեռ վիճում էին:
-Հերի՛ք է կռվես,- ասաց Քաղցրահյութիկը Անգետիկին:
-Քանի որ որոշել ես գլխավոր դառնալ, դե մի բան մտածիր: Տե՛ս, նորից ենք ցած թռչում:
-Հիմի կմտածեմ,- պատասխանեց Անգետիկը:
Նա նստեց, մատը ճակատին դեմ տվեց ու սկսեց մտածել:
Իսկ օդապարիկը մինչ այդ ավելի ու ավելի էր վայր իջնում:
-Ի՞նչ պիտի մտածես,- ասաց Պտուտակիկը: -Եթե ավազով
պարկեր ունենայինք, կարելի էր մեկը ցած գցել:
-Ճիշտ է,- վրա բերեց Անգետիկը: -Եվ քանի որ այլևս
պարկ չունենք, ստիպված ենք մեզնից մեկն ու մեկին ցած գցել: Մեկն ու մեկին պարաշյուտով
ցած կգցենք, օդապարիկը կթեթևանա ու նորից վեր կթռչի:
-Ո՞ւմ գցենք:
-Դե, էլ ո՞ւմ,- ասաց Անգետիկը: -Հարկավոր է ամենափնթփնթանին
ցած շպրտել:
-Իսկ ես համաձայն չեմ,- պատասխանեց Փնթփնթիկը: -Այդպիսի
օրենք չկա, որ ամենափնթփնթանին ցած գցեն: Հարկավոր է ամենածանրին գցել:
-Դե լավ, լավ,- համաձայնեց Անգետիկը,- ցած գցենք
Պոնչիկին: Ամենահաստը նա է:
-Ճի՛շտ է,- հաստատեց Քաղցրահյութիկը:
-Ի՞նչ,- ճչաց Պոնչիկը: -Ո՞վ է ամենահաստը: Ե՞ս… Քաղցրահյութիկն
ինձնից հաստ է:
-Մի դրա˜ն տեսեք,- գոռաց Քաղցրահյութիկը քրքջալով
ու մատնացույց անելով Պոնչիկին: -Մի տեսեք, ես հա˜ստ եմ սրանից: Հա˜-հա˜-հա˜: Հլա մի
արի չափվենք:
-Դե, արի՛, արի՛,- աքաղաղի նման վրա պրծավ Պոնչիկը:
Բոլորը շրջապատեցին Պոնչիկին ու Քաղցրահյութիկին:
Անգետիկը գրպանից մի պարան հանեց ու չափեց Պոնչիկի գոտկատեղը: Ապա նույն ձևով չափեց
Քաղցրահյութիկին և պարզվեց, որ Քաղցրահյութիկը գրեթե մեկ ու կես անգամ հաստ է Պոնչիկից:
-Ճիշտ չի˜,- ճչաց Քաղցրահյութիկը: -Պոնչիկը փորը
ներս քաշեց: Ես տեսա:
-Իսկի էլ չեմ քաշել,- արդարանում էր Պոնչիկը:
-Չէ՛, քաշել է: Ես տեսա: Արի նորից չափվենք,- գոռում
էր Քաղցրահյութիկը:
Անգետիկը նորից չափեց Պոնչիկին, իսկ Քաղցրահյութիկը
պտույտ էր գալիս շուրջն ու ասում.
-Է˜,է˜: Էդ ի՞նչ ես անում: Դե փքվիր, է˜:
-Ինչո՞ւ պիտի փքվեմ,- պատասխանեց Պոնչիկը: -Եթե փքվեմ,
իհարկե, քեզանից հաստ կերևամ:
-Դե, լավ, մի փքվիր: Բայց փորդ ներս քաշելու իրավունք
էլ չունես: Եղբայրներ, տեսեք՝ ինչ է անում սա: Որտե՞ղ է արդարությունը: Որտե՞ղ է արդարությունը:
Սա ինչ-որ խաբեություն է:
Անգետիկը Պոնչիկին չափելու գործն ավարտեց, իսկ հետո
նույնպիսի խնամքով չափեց Քաղցրահյութիկին և այս անգամ պարզվեց, որ երկուսն էլ նույն
հաստությունն ունեն:
-Ուզենք-չուզենք երկուսին էլ պիտի ցած գցենք,- ձեռքերը
տարածեց Անգետիկը:
-Ինչո՞ ւ երկուսին, երբ մեկն էլ հերիք է,- ասաց Քաղցրահյութիկը:
Որսորդ Փամփուշտիկը դուրս նայեց զամբյուղից և տեսավ,
որ երկիրը սպառնալի արագությամբ մոտենում է:
-Լսի՛ր, Անգետիկ,- ասաց նա,- շո՛ւտ արա, վճռիր, թե
չէ շրմփալու ենք գետնին:
-Հարկավոր է հաշվել, թե ով պետք է պարաշյուտով թռչի,-
ասաց Երևիկը:
-Ճի՛շտ է,- վրա բերեց Քաղցրահյութիկը: -Միայն թե
բոլորին էլ պետք է հաշվել՝ հաստերին էլ, բարակներին էլ, որ ոչ ոք չնեղանա:
-Լա՛վ, եկեք հաշվենք,- համաձայնեց Անգետիկը:
Շրջան կազմեցին, և Անգետիկն սկսեց հաշվել՝ մատով
տկկացնելով յուրաքանչյուրին:
Էնի,
բենի, ե՛ս,
Կվինտեր,
ֆինտեր, քեզ,
Էնի,
բենի, ղորթ,
Կվինտեր,
ֆինտեր, գորտ:
Ապա ասաց.
-Չէ՛, սա ինձ դուր չի գալիս: Եվ սկսեց ուրիշը.
Եղի,
եղի, ձվածեղի,
Ով որ
ուտի, նա վեր քաղի,
Ես գնացի
պապոնց տուն…
Այդ ժամանակ զամբյուղը թափով զարկվեց գետնին ու շուռ
եկավ:
Երևիկը գրկեց Գուցեմիկին, իսկ Գուցեմիկը կառչեց Երևիկից և երկուսով դուրս ընկան զամբյուղից: Նրանց հետևից սիսեռի նման դուրս թափվեցին մնացած ճստլիկները: Միայն Անգետիկը բռնած մնաց զամբյուղի կողից ու մեկ էլ՝ Քոթոթիկը, որ ատամներով կառչել էր նրա անդրավարտիքից: Գետնին դիպչելով օդապարիկը գնդակի նման վեր թռավ, հսկայական աղեղ գծեց օդում և նորից ցած իջավ: Զամբյուղը կրկին գետնին դիպավ ու շուռ եկավ: Օդապարիկն ինչ-որ կարծր բանի դիպավ ու խլացուցիչ ճայթյունով պայթեց: Քոթոթիկը օդում շուռ եկավ և հուսակտուր վնգստոցով մի կողմ վազեց: Անգետիկը դուրս ընկավ զամբյուղից և անշարժ փռվեց գետնին:
Երևիկը գրկեց Գուցեմիկին, իսկ Գուցեմիկը կառչեց Երևիկից և երկուսով դուրս ընկան զամբյուղից: Նրանց հետևից սիսեռի նման դուրս թափվեցին մնացած ճստլիկները: Միայն Անգետիկը բռնած մնաց զամբյուղի կողից ու մեկ էլ՝ Քոթոթիկը, որ ատամներով կառչել էր նրա անդրավարտիքից: Գետնին դիպչելով օդապարիկը գնդակի նման վեր թռավ, հսկայական աղեղ գծեց օդում և նորից ցած իջավ: Զամբյուղը կրկին գետնին դիպավ ու շուռ եկավ: Օդապարիկն ինչ-որ կարծր բանի դիպավ ու խլացուցիչ ճայթյունով պայթեց: Քոթոթիկը օդում շուռ եկավ և հուսակտուր վնգստոցով մի կողմ վազեց: Անգետիկը դուրս ընկավ զամբյուղից և անշարժ փռվեց գետնին:
Օդային ճանապարհորդությունն ավարտվեց:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 08, 2019
Rating:
