
Մեքենայացման
հրաշքները
-Այդ լավ է, որ մանչուկների համար հարմար զբաղմունք
եք ճարել: Խնդրում եմ աշխատանք տաք նաև Գուցեմիկին ու Շվարիկին, որոնք այսօր են դուրս
գրվելու:
-Չի՞ կարելի մեկն ու մեկին էլ դուրս գրել,- խնդրեց
Կապտաչիկը: -Ափսոս է, որ փակված եք պահում մանչուկներին, երբ նրանց համար հետաքրքիր
աշխատանք կա:
-Չէ՞ որ երեկ ես հերթից դուրս բաց թողեցի Երևիկին
ու Հապճեպիկին,- պատասխանեց Մեղրածաղիկը: -Այդքանը քի՞չ է ձեզ:
-Քիչ է:
-Ինչ կա որ, կարելի է Լռիկմնջիկին էլ դուրս գրել:
Նա շատ հանգիստ է և ինձ երբեք չի ձանձրացրել զանազան խնդիրներով:
-Էլ ո՞ւմ:
Մեղրածաղիկը դրեց ակնոցներն ու սկսեց ցուցակը նայել.
-Կարելի է դուրս գրել Պոնչիկին ու Քաղցրահյութիկին:
Նրանք էլ են հանգիստ: Չնայած, ճիշտ որ ասենք, Պոնչիկին պետք չէր դուրս գրել, այն պատճառով,
որ քաղցր շատ է ուտում: Դեռ ինձ չի հաջողվել նրան այդ հիմար սովորությունից հետ վարժեցնել:
Եվ գլխավորը. եթե նա միայն ուտե˜ր: Բայց նա լցնում է իր բոլոր գրպանները քաղցրավենիքով
և նույնիսկ բարձի տակ է պահում: Դե լավ, ոչինչ, գուցե թարմ օդում նրա ախորժակը փակվի:
Իսկ Քաղցրահյութիկին հարկավոր էր պահել այստեղ և պատժել այն բանի համար, որ չափից դուրս
շատ է խմում քաղցր հյութով գազով ջուր: Բայց չէ՛, պետք է դուրս գրել, որովհետև նրանք
քաղաքավարի են վարվել ինձ հետ:
Մեղրածաղիկը նորից նայեց ցուցակը:
-Փամփուշտիկին դեռ վաղ է դուրս գրելը,- ասաց նա,-
ոտքը դեռ չի առողջացել: Փամփուշտիկն իսկական հիվանդ է:
-Իսկ Փնթփնթիկի՞ն,- հարցրեց Կապտաչիկը:
-Ո՛չ, ո՛չ,- գոչեց Մեղրածաղիկը: -Այդ Փնթփնթիկն այնքան
տհաճ անձնավորություն է: Նա անընդհատ փնթփնթում է, միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Նա,
գիտե՞ք, ազդում է բոլորի ջղերի վրա: Թող նստի այստեղ հենց այն պատճառով, որ այդքան
անհասկացողն է, չնայած, խղճով ասած, ես հաճույքով կազատվեի նրանից և այդ անտանելի Հաբիկյանից,
որ չգիտես ինչ պատճառով իրեն բժիշկ է համարում և անընդհատ ջանում է ապացուցել ինձ,
որ սխալ են իմ բուժման մեթոդները:
-Դե,երկուսին էլ դուրս գրեք, որ էլ չձանձրացնեն ձեզ,-
առաջարկեց Կապտաչիկը:
-Ա˜խ, ինչ եք ասում: Ոչ մի դեպքում: Գիտե՞ք, սիրելիս,
թե վերջերս ինչ ասաց ինձ այդ գարշելի Հաբիկյանը: Նա ասաց, թե ես հիվանդներին չեմ բուժում,
ընդհակառակը, կարող եմ առողջներին հիվանդացնել: Ի˜նչ տգիտություն: Ոչ, ես նրան կպահեմ
մինչև որոշված ժամանակը: Դրանից ավելի շուտ նա այստեղից դուրս չի գա: Փնթփնթիկը՝ նույնպես:
Այսպիսով, Կապտաչիկը հասավ այն բանին, որ Գուցեմիկից
ու Շվարիկից բացի հիվանդանոցից դուրս գրեցին Լռիկմնջիկին, Պոնչիկին ու Քաղցրահյութիկին:
Հիվանդանոցում մնացին Փամփուշտիկը, Փնթփնթիկն ու Հաբիկյանը: Փամփուշտիկն անմռունչ դիմանում
էր նման անարդարությանը, քանի որ նրա ոտքը դեռ ցավում էր, բայց Փնթփնթիկն ու Հաբիկյանը
պատրաստ էին բարկությունից իրենց գլխի մազերը փետտել և ասում էին, որ եթե երեկոյան
դուրս չգրեն, ապա իրենք փախուստի կդիմեն:
Պտուտակիկը, Ագուցիկն ու Բուբլիկը արթնացան մութուլուսին
ու նորից անցան մեքենայի վերանորոգման գործին: Արևն արդեն բարձրացել էր, երբ մեքենան
վերջապես փնչացրեց, և մոտորն սկսեց աշխատել: Երեք ընկերով վճռեցին փորձնական զբոսանքի
դուրս գալ: Տան շուրջը պտտվելուց ու փոշու ամպեր բարձրացնելուց հետո նրանք դուրս եկան
դարպասից ու սլացան փողոցով: Շուտով նրանք տեսան աչոնիկներին, որոնք զբաղված էին միրգ
հավաքելով: Խնձորենու վրա նստել էին Հապճեպիկը, Շվարիկը, Երևիկն ու Գուցեմիկը միասին:
Հենց կողքին, տանձի ծառին աշխատում էին Տավղիկը, Լռիկմնջիկն ու Ճպուռիկը: Աչոնիկները
բոլոր ուղղություններով խնձոր էին գլորում:
Անգետիկը վազվզում էր աշխատողների մեջ ու հրամաններ
տալիս.
-Հինգ հոգի այնտե՛ղ, հինգը՝ այստե՛ղ: Բռնեցե՛ք այս
խնձորը, գլորեցե՛ք: Ե՛տ քաշվեք, գրողի տարածներ, հիմի տանձը կկաթի այստեղ: Իսկ դուք,
վերևիններ, զգուշացրեք: Ցրվե˜լ, թե չէ ես պատասխանատու չեմ ինձ համար, կզայրանամ, հա˜:
Այդ բոլորը կարելի էր անել առանց աղմուկի, բայց Անգետիկին
թվում էր, որ եթե ինքը դադարի աղմկել, գործն առաջ չի գնա:
Քաղցրահյութիկն ու Պոնչիկն էլ էին աշխատում: Նրանք
տանձ էին գլորում, բայց տանձը չէր ուզում այն կողմը գլորվել, ուր պետք է, այլ գլորվում
էր այնտեղ, ուր ամենևին պետք չէ, որ գլորվի: Ամեն մեկն էլ գիտե, որ տանձի ձևն ամենևին
այնպիսին չէ, ինչպիսին խնձորինը, և եթե գլորեն, ապա կպտտվի նույն տեղում շրջանաձև:
Դրանից բացի, տանձը շատ փափուկ էր: Ծառից ընկնելիս ջարդվել էր, իսկ Քաղցրահյութիկն
ու Պոնչիկը գլորելիս ամբողջովին ճխլել էին նրա կողերը: Այդ պատճառով, նրանք ոտից գլուխ
թաթախվել էին քաղցր հյութի մեջ և անընդհատ լիզում էին ձեռքերը:
-Դուք ի՞նչ եք տանձի հետ ֆռռում նույն տեղում: Ամբողջ
տանձը ճխլեցիք,- գոռում էր նրանց վրա Անգետիկը: -Թե՞ վճռել եք քաղցրահյութ հանել դրանից:
Ես ձեզ քաղցրահյութ ցույց կտամ:
Պտուտակիկն
ու Ագուցիկը կանգնեցրին մեքենան և սկսեցին նայել այդ տեսարանը:
-Է˜յ, Անգետիկ,- գոռաց Պտուտակիկը: -Իսկ ինչո՞ւ մեքենայացված
չի ձեր գործը:
-Է՛հ, դուք էլ, մարդ այսքան խնձորի ձեռից չի իմանում
ուր կորչի, ու դեռ մեքենայացում էլ հասցրու…Որտեղի՞ց ճարեմ ձեզ համար էդ մեքենայացումը:
-Ըհը՛, մի մեքենա արդեն կա,- պատասխանեց Բուբլիկը:
-Ինչի՞, մեքենան մեքենայացո՞ւմ է:
-Իհարկե, մեքենայացում է: Խնձորն ու տանձը մեքենայով
կկրենք:
-Այդ է որ կա,- բացականչեց Անգետիկը: -Գտա˜: Հապա
մի ծառի տակն արի, մենք հիմա խնձորն ուղիղ մեքենայի մեջ կգցենք:
-Կա՛ց, այդպես չի կարելի,- ասաց Պտուտակիկը,- Եթե
խնձորը ծառից ուղղակի մեքենայի մեջ գցեք, և՛ խնձորը կվնասեք, և՛ մեքենան կփշրեք:
-Բա ի˜նչ, քո կարծիքով ծառից ձեռքով իջեցնե՞նք խնձորը:
-Ինչո՞ւ ձեռքով: Թոկով ցած կկախենք:
-Այդ է որ կա˜,- ճչաց Անգետիկը: -Դե՛, աչոնիկներ,
թոկ բերեք այստեղ:
Աչոնիկներն իսկույն բերին թոկը: Անգետիկը վերցրեց
ու սկսեց ֆռռացնել ձեռքի մեջ: Նա չգիտեր ինչ անի թոկը ու վարանած նայում էր դրան: Հետո
այնպիսի տեսք ընդունեց, թե իբր ինչ-որ բան է մտածել: Թոկը երկարեց Պտուտակիկին ու ասաց.
-Դե՛, անցիր գործի:
Պտուտակիկը խնձորի ծառի ճյուղին գցեց թոկը և Հապճեպիկին
պատվիրեց դրա վերևի ծայրը կապել խնձորի պոչին: Աչոնիկներից մի քանիսին պատվիրեց բռնել
մյուս ծայրը:
-Հիմա սղոցիր,- հրամայեց նա Հապճեպիկին:
Մի քանի րոպե անց կոթն արդեն սղոցված էր, և խնձորը
կախված էր թոկից: Պտուտակիկը Բուբլիկին պատվիրեց մեքենան քշել կախված խնձորի տակ: Աչոնիկներն
սկսեցին կամաց-կամաց բաց թողնել խնձորը: Խնձորն ուղիղ մեքենայի թափքի մեջ իջավ: Թոկը
քանդեցին, և մեքենան խնձորը տարավ տուն:
-Հենց հիմա երկրորդ մեքենան կբերենք,- ասաց Բուբլիկը:
Նրանք նստեցին մեքենան ու սլացան դեպի ավտոտնակ,
ուր կանգնել էր Բուբլիկի մեքենան: Մի քանի րոպեից վերադարձան երկու մեքենայով: Մի մեքենան
սկսեց խնձոր կրել, մյուսը՝ տանձ:
-Տեսա՞ք մեքենայացման գործած հրաշքը,- պարծենալով
ասում էր Անգետիկը: -Աչոնիկներ, դուք երազում էլ երևի այդպիսի բան չէիք տեսել:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներկուերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 24, 2019
Rating:
