
Ներկամոլիկն
աշխատում է
Դիմանկարը կախել էին ներքևի սենյակի պատից, որպեսզի
բոլոր ցանկացողները կարողանային տեսնել: Եվ պետք է ասել, որ կամեցողների պակաս չկար:
Դիմանկարը տեսնողները ուզում էին, որ Ներկամոլիկն իրենց էլ նկարի, բայց Ձյունիկը ոչ
մեկին չէր թողնում վերևի սենյակը, որովհետև Ներկամոլիկն այդ ժամանակ նկարում էր Կապտաչիկին
և կողմնակի ամբոխը կարող էր նրան խանգարել:
Անգետիկը, որ հետ ու առաջ էր անում վերևում և Ներկամոլիկին
զանազան ոչ պիտանի խորհուրդներ էր տալիս, ցույց տալու համար, իբր շատ բան է հասկանում
գեղանկարչությունից, լսեց ներքևից եկող աղմուկը:
-Այս ի՞նչ աղմուկ է այստեղ: Ի՞նչ աղմուկ է,- գոռաց
նա, սանդուղքներից ցած իջնելով –Դե՛, մի տները ցրվեցեք:
Խեղճ աչոնիկները, այդ կոպտությունը լսելով, նույնիսկ
հարկավոր չհամարեցին նեղանալ, այնքան մեծ էր նկարչի մոտ ընկնելու նրանց ցանկությունը:
Ընդհակառակը, շրջապատեցին Անգետիկին, սկսեցին «Անգետիկ ջան» ասել նրան և խնդրել, որ
չքշի իրենց:
-Դե՛, հապա մի հերթ կանգնեք տեսնեմ,- գոռաց Անգետիկը,
հրհրելով և պատին սեղմելով աչոնիկներին: -Ձեզ ասում են հերթի կանգնեցեք, թե չէ բոլորիդ
կքշեմ:
-Փո՛ւհ, ինչ կոպիտն եք, Անգետիկ,- բացականչեց Ձյունիկը:
-Դա ի՞նչ վարմունք է: Ես նույնիսկ ամաչում եմ ձեր փոխարեն:
-Ոչի˜նչ,- պատասխանեց Անգետիկը:
Այդ ժամանակ սենյակ ճախրեց մի աչոնիկ ևս և, օգտվելով
ընդհանուր խառնակությունից, սահեց ուղիղ դեպի վեր տանող սանդուղքը: Այդ տեսնելուն պես
Անգետիկը նետվեց նրա կողմը և արդեն ուզում էր կոպտաբար բռնել նրա ձեռքից, բայց նա կանգ
առավ և, գոռոզաբար նայելով, վճռականորեն թափ տվեց մատը նրա քթի տակ:
-Դե, դե, հանդա˜րտ: Ինձ առանց հերթ կարելի է, ես
բանաստեղծուհի եմ:
Անսպասելի դիմադրության հանդիպելով, Անգետիկը զարմանքից
բաց արեց բերանը, իսկ բանաստեղծուհին, օգտվելով նրա շփոթությունից, թիկունքն արեց նրան
և առանց շտապելու քայլեց դեպի սանդուղքը:
-Ի՞նչ ասաց: Ո՞վ է սա,- հարցրեց Անգետիկը շվարած,
մատով սանդուղքի կողմը ցույց տալով:
-Բանաստեղծուհի է: Ոտանավորներ է գրում,- բացատրեցին
աչոնիկները:
-Հա˜… -ծոր տվեց Անգետիկը: -Մի մեծ բան չի: Մենք
էլ բանաստեղծ ունենք, իմ նախկին աշակերտն է: Մի ժամանակ նրան սովորեցրել եմ ոտանավորներ
գրել, իսկ հիմա ինքն էլ է գրում:
-Ա˜խ, ինչ հետաքրքիր է: Ուրեմն դո՞ւք էլ եք բանաստեղծ
եղել:
-Եղել եմ:
-Ա˜խ, ինչ ընդունակ մարդ եք: Դուք և՛ նկարիչ եք եղել,
և՛ բանաստեղծ…
-Ե՛վ երաժիշտ,- ուռած-փքված ավելացրեց Անգետիկը:
-Կարդացեք ձեր բանաստեղծություններից մեկն ու մեկը:
-Հետո՛, հետո˜,- պատասխանեց Անգետիկը, ձևանալով,
որ սոսկալի զբաղված է:
-Իսկ ինչպե՞ս է ձեր բանաստեղծի անունը:
-Ծաղկանունի են ասում:
-Օ˜, ինչ հետաքրքիր է,- ծափ տվին աչոնիկները: -Ձեր
բանաստեղծի անունը Ծաղկանունի է, իսկ մեր բանաստեղծուհունը՝ Ալմաստիկ:
-Ձեզ դո՞ւր է գալիս այդ անունը:
-Ոչինչ, լավ է:
-Իսկ ի˜նչ ոտանավորներ է գրում,- ասում էին աչոնիկները:
-Ա˜խ, ի˜նչ սքանչելի բանաստեղծություններ: Այ, գնացեք վերև, նա երևի կկարդա իր ոտանավորները:
Հետաքրքիր է, թե դրանք դո՞ւր կգան ձեզ:
-Ինչ կա որ, կարելի է գնալ,- համաձայնեց Անգետիկը:
Երբ նա վերև բարձրացավ, Ներկամոլիկն արդեն ավարտում
էր Կապտաչիկի դիմանկարը, իսկ Ալմաստիկը նստել էր բազմոցին, Տավղիկի կողքին, և զրուցում
էր նրա հետ երաժշտության մասին: Ձեռքերը մեջքին դրած, Անգետիկը սկսեց հետ ու առաջ անել
սենյակում և ժամանակ առ ժամանակ խեթ հայացքներ նետել բանաստեղծուհու կողմը:
-Ի՞նչ եք ճոճանակի նման հա գնում ու գալիս,- ասաց
Ալմաստիկը Անգետիկին: -Նստեցեք խնդրեմ, թե չէ ձեր պատճառով աչքերս շաղվում են:
-Իսկ դուք մի՛ տնօրինեք այստեղ,- կոպիտ պատասխանեց
Անգետիկը: -Տես, հա˜, Ներկամոլիկին կհրամայեմ, որ չնկարի ձեր դիմանկարը:
-Ա˜յ թե ինչ: Նա իրո՞ք կարող է ձեզ հրամայել,- դարձավ
Ալմաստիկը Ներկամոլիկին:
-Կարող է: Նա ամեն ինչ կարող է,- պատասխանեց Ներկամոլիկը,
որ եռանդով աշխատում էր վրձինով և նույնիսկ չէր լսել Անգետիկի ասածը:
-Իհարկե, կարող եմ,- հաստատեց Անգետիկը: -Բոլորը
պարտավոր են ինձ լսել, որովհետև ես եմ գլխավորը:
Լսելով, որ Անգետիկը մանչուկների մեջ այդպիսի իշխանության
իրավունք է վայելում, Ալմաստիկը վճռեց սիրաշահել նրան:
-Ասացեք, խնդրեմ, կարծեմ այդ դո՞ւք եք օդապարիկը
հորինել:
-Բա էլ ո՞վ:
-Ես մի օր ոտանավոր կգրեմ ձեր մասին:
-Շա˜տ պետքս է,- փնչացրեց Անգետիկը:
-Այդպես մի˜ ասեք,- երգեցիկ ձայնով ասաց Ալմաստիկը:
-Ախր դուք չգիտեք, թե ինչ ոտանավորներ եմ գրում ես: Ուզո՞ւմ եք, մի ոտանավոր կարդամ
ձեզ համար:
-Լա՛վ, կարդացեք,- ողորմածաբար համաձայնեց Անգետիկը:
-Ես ձեզ կկարդամ վերջերս գրած իմ բանաստեղծությունը
մոծակի մասին: Լսեցեք:
Ես մի
մոծակ բռնեցի՝
Ց-ց՛-ց՛,
ց՛-ց-ց
Ես սիրում
եմ մոծակին՝
Տա՛ն-տա՛ն-տա՛ն,
տի՛ն-տի՛ն-տի՛ն:
Բայց
մոծակը, տես, արդեն
Շատ է
տխրում, տրտնջում,
Ավելի
լավ է բռնեմ
Փոքրիկ,
փոքրիկ մի մրջյուն:
Իմ մրջյունիկն
էլ հոգնեց,
Դե, սիրում
է շատ ման գալ…
Ու այս
գործն էլ ինձ չօգնեց,
Պետք
է մի քիչ գիրք կարդալ:
-Կեցցե՛ք, կեցցե՛ք,- բացականչեց Ներկամոլիկը և նույնիսկ
ծափահարեց:
-Շա˜տ լավ բանաստեղծություն է,- հավանություն տվեց
Տավղիկը,- այդտեղ խոսք կա ոչ միայն մոծակի, այլև գիրք կարդալու մասին: Դա օգտակար ոտանավոր
է:
-Այ, էլի լսեցեք,- ասաց բանաստեղծուհին և կարդաց
ևս մի ոտանավոր, ուր խոսվում էր արդեն ոչ թե մոծակի, այլ ճպուռի մասին և որը վերջանում
էր ոչ թե այն խոսքերով, թե հարկավոր է գիրք կարդալ, այլ թե՝ «հարկավոր է շոր կարել»:
Ապա հաջորդեց ճանճին նվիրված ոտանավորը, որ վերջանում
էր այն բառերով, թե՝ «հարկավոր է ձեռքերը լվալ»: Վերջապես, կարդաց ոտանավոր այն մասին,
թե «հարկավոր է հատակն ավլել»:
Այդ ժամանակ Ներկամոլիկն ավարտեց Կապտաչիկի դիմանկարը:
Բոլորը հավաքվեցին շուրջը և իրենց հիացմունքն արտահայտեցին:
-Հիանալի˜ է: Սքանչելի˜ է: Զմայլելի˜ է:
-Ջանիկս, չե՞ք կարող ինձ էլ կապույտ զգեստով նկարել,-
դարձավ Ալմաստիկը Ներկամոլիկին:
-Ինչպե՞ս նկարեմ կապույտ զգեստով, երբ դուք կանաչով
եք,- տարակուսած հարցրեց Ներկամոլիկը:
-Դե, ջանիկս, ախր ձեզ համար միևնույն է: Շորս, ճիշտ
է, կանաչ է, բայց դուք կապույտ նկարեցեք: Ես կապույտ շորս կհագնեի, եթե իմանայի, որ
Կապտաչիկն այդքան լավ դուրս կգա կապույտով:
-Լա՛վ,- համաձայնեց Ներկամոլիկը:
-Աչքերս էլ երկնագույն նկարեք, խնդրեմ:
-Ախր ձեր աչքերը շագանակագույն են,- առարկեց Ներկամոլիկը:
-Ա˜խ, ջանիկս, ի˜նչ մեծ բան է ձեզ համար: Եթե դուք
կանաչ շորի փոխարեն կարող եք կապույտ նկարել, հապա ինչո՞ւ շագանակագույնի փոխարեն չեք
կարող երկնագույն նկարել:
-Այստեղ տարբերություն կա,- պատասխանեց Ներկամոլիկը:
-Եթե ուզենաք, կարող եք կապույտ շոր հագնել, բայց որքան էլ կամենաք երկնագույն աչքեր
դնել, չեք կարող:
-Ա˜խ, այդպես: Դե, այդ դեպքում, խնդրեմ, շագանակագույն
նկարեք, միայն թե մի քիչ ավելի մեծ:
-Ձեր աչքերն առանց այն էլ շատ մեծ են:
-Դե, մի քի˜չ: Ես ուզում եմ, որ ավելի մեծ լինեն:
Թարթիչներն էլ երկար նկարեցեք:
-Լավ:
-Մազերս էլ՝ ոսկեգույն: Ախր իմս գրեթե ոսկեգույն
են,- աղաչական ձայնով խնդրում էր Ալմաստիկը:
-Այդ կարել է,- համաձայնեց Ներկամոլիկը:
Նա սկսեց նկարել բանաստեղծուհուն, իսկ վերջինս անընդհատ
վեր-վեր էր թռչում, մոտ վազում դիմանկարին ու ճչում.
-Աչքերս՝ քիչ ավելի մեծ: Էլի՛, էլի՛, էլի՛: Թարթիչներս
ավելացրեք: Բերանը մի քիչ փոքր…Էլի՛, էլի՛:
Վերջացավ նրանով, որ դիմանկարում ստացվեցին հսկայական
աչքեր, որպիսիք չեն լինում կյանքում, բերանը գնդասեղի գլխիկի չափ, մազերը՝ ասես մաքուր
ոսկուց լինեին և ողջ դիմանկարը ուներ շատ հեռավոր նմանություն: Բայց բանաստեղծուհուն
դա շատ դուր եկավ, և նա ասաց, որ ավելի լավ նկար իրեն հարկավոր էլ չէ:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 13, 2019
Rating:
