
Պտուտակիկի և Ագուցիկի վերադարձը
-Հիմարիկնե˜ր,-
ասաց նրանց Ալմաստիկը:
-Ձեզ համար գեղեցկությո՞ւնն է կարևոր,
թե՞ նմանությունը:
-Իհարկե՛
գեղեցկությունը,- պատասխանեցին բոլորը:
Այդ ժամանակ շնչակտուր
սենյակ ընկան Ծիծեռնակիկն
ու Փիսոնիկը:
-Ա˜խ, ինչ դժբախտություն,- ճչացին նրանք: -Ա˜խ, մենք կուշաթափվենք:
-Ի՞նչ է պատահել,- վախեցան բոլորը:
-Այսօր մենք գնացինք հիվանդանոց…-սկսեց պատմել Ծիծեռնակիկը-…որպեսզի
տուն տանենք դուրս գրվող մանչուկներին…-վրա բերեց Փիսոնիկը:
-…Բայց Մեղրածաղիկն ասաց, որ մանչուկներն արդեն դուրս
են գրվել,- նրա խոսքը կտրեց Ծիծեռնակիկը:
-…Այդ ժամանակ մենք խնդրեցինք, որ մեզ ուրիշ մանչուկներ
տան,- նորից վրա բերեց Փիսոնիկը և արագ-արագ վրա տվեց, որ Ծիծեռնակիկը չկտրի իր խոսքը:
-Այդ ժամանակ Մեղրածաղիկը մեզ տվեց Երևիկին ու Հապճեպիկին, մենք նրանց տանում էինք
փողոցով, իսկ նրանք փախան մեր մոտից ու ծառը մագլցեցին:
-Նրանք վախենում են, թե մենք կսկսենք դաստիարակել
իրենց,- շտապ ավելացրեց Ծիծեռնակիկն ու ծիծաղեց:
-Շա˜տ պետքներս է նրանց դաստիարակել,- արհամարհանքով
դեմքը ծամածռեց Փիսոնիկը:
-Հիմա որտե՞ղ են նրանք,- հարցրեց Կապտաչիկը:
-Մնացին ծառի վրա,- ասաց Ծիծեռնակիկը: -Նրանք դեռ
խնձոր էլ կքաղեն…
-Հապա, մի գնանք տեսնենք,- առաջարկեց Ձյունիկը:
Երևիկն ու Հապճեպիկը նստել էին խնձորենու ճյուղին
և, իրոք որ, փորձում էին խնձոր պոկել: Նրանք պտտում էին խնձորը, ջանալով կոտրել խնձորի
պոչը: Հանկարծ փողոցում տեսան մի խումբ աչոնիկների, որոնք հեռվում կանգնած, հետաքրքրությամբ
նայում էին նրանց: Աչոնիկների այդ ուշադրությունը նկատելով, Երևիկն ու Հապճեպիկը կրկնակի
ուժով սկսեցին հիմա էլ ետ պտտել խնձորը: Երևիկը նույնիսկ փորձեց ատամներով կրծել խնձորի
պոչը:
-Պա՛հ, դեռ մի խնձոր էլ չեն պոկել,- լսվեց ներքևից:
Երևիկն ու Հապճեպիկը նայեցին ներքև ու տեսան կապտաչիկ
մի աչոնիկի, որ ծիծաղելով նայում էր իրենց:
-Իսկ դու լռի՛ր, կապտաչյա,- փնթփնթաց Երևիկը: -Կարծում
ես, հե՞շտ է պոկելը:
-Իսկ եթե սղոց տամ՝ հեշտ կլինի՞:
-Բա˜ն ասաց: Դու մի սղոց տուր…- պատասխանեց Հապճեպիկը:
Կապտաչիկը վազեց հարևանի տուն և Հապճեպիկի համար
սղոց բերեց: Մի րոպե անց կոթը սղոցվեց, և խնձորը թռավ ներքև:
-Դե, աչոնիկներ, եկեք խնձորը հավաքենք,- գոչեց Կապտաչիկը:
-Մանչուկները որոշել են օգնել մեզ:
Աչոնիկներից մի քանիսը վազեցին գետնին ընկած խնձորի
կողմը և, գլորելով տարան մոտակա բակը:
Կանաչ քաղաքում ամեն մի տան տակ մառան կար՝ մրգերը
և բանջարեղենը պահելու համար: Աչոնիկները խնձորը գլորեցին հասցրին տան մոտ, բաց արին
դուռը, որ գետնին հավասար էր շինված, և ներս հրեցին խնձորը: Դռան հետևը տախտակներից
կամրջակներ էին շինված, որոնց վրայով խնձորն իրեն-իրեն գլորվում էր մառանը: Այդ անելուց
հետո աչոնիկները ետ վազեցին, իսկ նրանց դեմհանդիման ուրիշ աչոնիկներ գլորում էին մի
ուրիշ խնձոր:
Աշխատանքը եռում էր: Վազեվազ եկավ Ճպուռիկը: Նա ինչ-որ
տեղից սղոց էր ճարել, շորի փոխարեն անդրավարտիք հագել, որ հագնում էր վոլեյբոլ խաղալիս,
և նույնպես ծառը մագլցեց: Սղոցը նրա ձեռքին տեսնելով, Երևիկն ասաց.
-Է˜յ, դու: Դե, մի դեսը տուր սղոցը: Դու չես կարող:
-Հենց մենակ դո˜ւ կարող ես,- տաքացած պատասխանեց
Ճպուռիկը:
Նա նստեց ճյուղին և, շրթունքը ատամի տակն առած, սկսեց
խնձորի կոթը սղոցել: Երևիկը նախանձով նայում էր նրան, հետո ասաց.
-Արի միասին աշխատենք. առաջ դու սղոցիր՝ ես հանգստանամ,
հետո ես կսղոցեմ՝ դու կհանգստանաս:
-Լա՛վ, համաձայնեց Ճպուռիկը:
Այդ ժամանակ վազեցին եկան աչոնիկներն այն տնից, ուր
գտնվում էր ավտոտնակը, և իսկույն տարածվեց Պտուտակիկի և Ագուցիկի կորստյան լուրը: Աչոնիկները
պատմեցին, որ Պտուտակիկն ու Ագուցիկը առավոտ վաղ գնացել են Ֆռռանաշեն և մինչև հիմա
չեն վերադարձել:
-Ըհը՛, տեսնո՞ւմ
եք,- վրա տվեց Ծիծեռնակիկը,- ախր ես ասում էի: Շուտով բոլոր մանչուկները կփախչեն կգնան
Ֆռռանաշեն: Նրանք չեն ուզի մեր քաղաքում ապրել:
-Է, թող փախչեն,- ասաց Կապտաչիկը: -Մենք զոռով ոչ
ոքի չենք պահի:
Պտուտակիկի և Ագուցիկի խարդավանքի մասին խոսակցությունը
բավարարեց մինչև երեկո: Թվում էր, թե Ծիծեռնակիկն ու Փիսոնիկը նույնիսկ ուրախ են, որ
նրանք կորել են և չարախնդությամբ ծիծաղում էին:
Երբ Պտուտակիկի և Ագուցիկի վերադարձի հույսը բոլորովին
մարել էր, փողոցի ծայրում մի մեքենա երևաց: Նա փնչոցով ու դռռոցով անցավ փողոցով: Աչոնիկները
թողեցին աշխատանքն ու սլացան նրա հետևից: Փիսոնիկն ու Ծիծեռնակիկը վազում էին բոլորի
առջևից ու գոռում.
- Պտուտակիկն ու Ագուցիկը վերադարձա˜ն: Պտուտակիկն ու Ագուցիկը վերադարձա˜ն:
-Հետո նրանք կանգ առան ու ասացին. –Լռությո՛ւն: Ի՞նչ կարիք կա վազել մեքենայի հետևից:
Կարող ենք վատ օրինակ ցույց տալ մանչուկներին:
Երբ աչոնիկները մոտեցան ավտոտնակին, տեսան, որ Պտուտակիկից
ու Ագուցիկից բացի եկել է նաև Բուբլիկը:
-Իսկ սա ո՞վ է,- վրդովված ասաց Փիսոնիկը: -Սա կարծեմ
Ֆռռանաշենցի Բուբլիկն է: Ինչո՞ւ եք եկել, Բուբլիկ: Մենք ձեզ չենք հրավիրել:
-Փա՛հ,- պատասխանեց Բուբլիկը: -Շա˜տ պետքս է ձեր
հրավերը:
-Այ քեզ ու «փա˜հ»,- ասաց Ծիծեռնակիկը: -Մենք ձեզ
մոտ չենք գալիս, դուք էլ մեզ մոտ մի եկեք:
-Իսկ դուք եկեք: Ի˜նչ կա որ: Մենք հո ձեզ դուրս չենք
անում:
-Ո՞նց թե դուրս չեք անում: Ինքներդ հրավիրեցիք տոնածառի,
իսկ հետո՝ տուր թե կտաս ձնագնդիներով:
-Դրա մեջ ի˜նչ կա որ: Մենք հենց այնպես, ուզում էինք
ձնագնդի խաղալ ձեզ հետ: Դուք էլ մեզ պիտի խփեիք ձնագնդով:
-Դուք պետք է հասկանայիք, որ աչոնիկները չեն սիրում
ձեռքերով ձյուն վերցնել:
-Դե, մի քիչ սխալվել ենք,- ուսերը թոթվեց Բուբլիկը:
-Չէինք կարծում, թե դուք քթներդ կկախեք ու ընդմիշտ կնեղանաք մեզնից:
-Չէ՛, այդ դուք եք նեղացել ընդմիշտ: Ինչո՞ւ էիք Բևեռիկին
մեզ մոտ ուղարկել: Երևի գիտեք, թե նա ինչե˜ր է արել այստեղ:
-Բևեռիկի համար մենք պատասխանատու չենք,- պատասխանեց
Բուբլիկը: -Նա մեզ մոտ էլ ինչեր ասես, որ չի անում: Չարչարվում ենք, չարչարվում՝ վերադաստիարակել
չենք կարողանում: Նրան մենք չէինք ուղարկել ձեզ մոտ: Նա ձեզ մոտ սեփական նախաձեռնությամբ
էր աշխատում:
- «Աշխատո˜ւմ»,- փռթկացրեց Փիսոնիկը: -Նա դա աշխատա˜նք
է անվանում: Չէ՛, էլ մենք ձեզ հետ բարեկամություն չենք անում: Ձեր կարիքը չունե˜նք:
Հիմա մենք մեր մանչուկներն ունենք:
-Էհ, ես էլ ձեզ հետ ընկերություն չեմ անում: Թքե՛լ
եմ ձեզ վրա: Ես ուղղակի Պտուտակիկին ու Ագուցիկին բերի, իսկ հիմա կնստեմ մեքենան ու
կվերադառնամ:
Բուբլիկը զայրացավ ու մի կողմ քաշվեց: Բայց չմեկնեց:
Նա տեսավ, որ Պտուտակիկն ու Ագուցիկը նորոգում են մեքենան և սկսեց օգնել նրանց: Այդպիսի
ընկերական բնավորություն ունեն վարորդները: Եթե վարորդը տեսնի, որ մեկն ու մեկը վերանորոգում
է մեքենան, նա անպայման մոտ կգնա և նույնպես կսկսի փորփրել, այս կամ այն մասը տնտղել
կամ էլ ուղղակի խորհուրդներ տալ:
Երեքով չարչարվեցին մինչև ուշ գիշեր, բայց չհասցրին
մեքենան նորոգել, որովհետև շատ գործ կար անելու:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանմեկերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 21, 2019
Rating:
