Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնիններորդ


Հյուրընկալություն Կռահիկի մոտ

 Կռահիկը կանգնել էր իր առանձնասենյակի բաց լուսամուտի մոտ և, ձեռքերը կրծքին խաչած, մտախոհ ու սևեռուն հայացքով նայում էր հեռուն: Նրա մազերը ուղիղ ետ էին սանրած, խիտ, սև հոնքերը, որ միանում էին քթարմատի մոտ, կիտված էին, որ դեմքին տալիս էին խորամիտ արտահայտություն: Նա նույնիսկ չշարժվեց տեղից, երբ սենյակում հայտնվեցին մեր երեք բարեկամները: Բուբլիկը բարձրաձայն բարևեց նրան, ներկայացրեց Պտուտակիկին ու Ագուցիկին և ասաց, որ նրանք եկել են զոդիչը տանելու, բայց Կռահիկը շարունակում էր լուսամուտից դուրս նայել այնպիսի կենտրոնացած տեսքով, կարծես ջանում էր բռնել ինչ-որ հույժ խորամանկ, խելոք մտքի պոչից, որ պտտվում էր գլխում և ոչ մի կերպ ձեռքը չէր ընկնում: Բուբլիկը մնաց շվարած, ապա ուսերը թոթվեց ու քմծիծաղով նայեց Պտուտակիկին ու Ագուցիկին, ասես ուզում էր ասել. «Ըհը՛, տեսնում եք, ասում էի, չէ՞»:
Վերջապես Կռահիկը ասես արթնացավ քնից, շուռ եկավ այցելուների կողմը և ուռած-փքված, բառերը ձգելով, փափուկ, հաճելի ձայնով ասաց.
-Ողջու-ո˜ւյն, ողջ-ու-ու-ու-ո˜ւյն: Ներեցեք խնդրեմ, բարեկամներս: Ես, ինչպես ասում են, անտեսանելի բացակայում էի, երևակայությամբ փոխադրվել էի ուրիշ վայրեր… Կռահիկ,- իր անունը տվեց նա ու Պտուտակիկին երկարեց ձեռքը:
Պտուտակիկը սեղմեց նրա կոտլետի նման փափուկ ձեռքը և ինքն էլ իր անունը տվեց:
-Կռահիկ,- կրկնեց Կռահիկը թավշե ձայնով և սահուն, լայն ժեստով ձեռքը երկարեց Ագուցիկին:
-Ագուցիկ,- պատասխանեց Ագուցիկը և նույնպես սեղմեց կոտլետը:
-Կռահիկ,- պատասխանեց երրորդ անգամ Կռահիկը և Բուբլիկին մեկնեց ձեռքը:
-Ախր մենք ծանոթներ ենք,- պատասխանեց Բուբլիկը:
-Ախ հա˜, ախր սա Բուբլիկն է,- զարմացած արտահայտություն տալով դեմքին, բացականչեց Կռահիկը: -Ողջու-ո˜ւյն: Ողջու-ու-ո˜ւյն: Խնդրեմ նստեք, բարեկամներս:
Բոլորը նստեցին:
-Ուրեմն դուք արդեն ծանոթացե՞լ եք այդ Շուրուպիկի հետ,- հարցրեց Կռահիկը, իր հարցով հաստատելով, որ չնայած ինքն անտեսանելի բացակայում էր, ուրիշ վայրեր փոխադրվելով, այնուամենայնիվ, լսել էր Բուբլիկի ասածը: -Երևի ձեզ ցույց է տվել իր բացովի սեղաններն ու աթոռները: Հի-հի-հի˜…
Պտուտակիկը գլխով արեց: Կռահիկի դեմքը ծաղրական արտահայտություն ստացավ: Ասես հաճույք զգալով, նա ձեռքերով տրորեց ծնկներն ու ասաց.
-Հի-հի-հի˜: Այդ գյուտարարները խենթ են: Դե, ասացեք խնդրեմ, ինչի՞ են պետք այդ բոլոր բացովի սեղաններն ու վայր իջնող ճոճացանցերը: Ինձ համար, օրինակ, շատ ավելի հաճելի է սովորական աթոռին նստել, որ վերկենալիս չի թռչկոտում իմ տակ կամ էլ քնել մի մահճակալի վրա, որը վեր ու վար չի անում: Ինչի˜ համար են այդ բոլորը, ասացեք խնդրեմ: Ո՞վ կարող է ինձ ստիպել քնել այդպիսի մահճակալին: Իսկ եթե ես, ինչպես ասում են, չեմ ուզում: Չեմ կամենում:
-Ախր ձեզ ոչ ոք չի ստիպում,- ասաց Բուբլիկը: -Շուրուպիկը գյուտարար է և աշխատում է ձեռքն ընկածը կատարելագործել: Դա միշտ չէ, որ հաջողվում է, բայց նա շատ օգտակար գյուտեր ունի: Նա լավ վարպետ է:
-Դե ես չեմ ասում, թե վատն է,- առարկեց Կռահիկը: -Եթե կուզեք իմանալ, նա իրոք շատ լավ վարպետ է: Այո՛, այո՛, պետք է խոստովանել, նա հիանալի վարպետ է: Նա ինձ համար սքանչելի զրուցագրաֆ է սարքել:
-Ի՞նչ բան է այդ զրուցագրաֆը,- հարցրեց Պտուտակիկը:
-Խոսող մեքենա: Ահա, տեսե՛ք:
Կռահիկը իր հյուրերին տարավ սեղանի կողմը, որի վրա դրված էր մի փոքրիկ գործիք:
-Այս արկղը կամ ճամպրուկը, ասացեք ինչպես կուզեք, կողքից մի փոքրիկ ճեղք ունի: Բավական է այդ ճեղքի առաջ մի քանի խոսք ասեք, իսկ հետո կոճակը սեղմեք, և զրուցագրաֆը նույնությամբ կկրկնի ձեր խոսքերը: Ահա, փորձեք,- առաջարկեց Կռահիկը Պտուտակիկին:
Պտուտակիկը կռացավ ճեղքի վրա և ասաց.
-Պտուտակիկ, Պտուտակիկ: Ագուցիկ, Ագուցիկ:
-Եվ Բուբլիկ,- ավելացրեց Բուբլիկը, թեքվելով ճեղքի վրա:
Կռահիկը սեղմեց կոճակը, և զրուցագրաֆը, ի զարմանս բոլորի, ռնգային ձայնով խոսեց.
«Պտուտակիկ, Պտուտակիկ, Ագուցիկ, Ագուցիկ: Եվ Բուբլիկ»:
-Իսկ ինչների՞դ է պետք այս խոսող մեքենան,- հարցրեց Ագուցիկը:
-Հապա ինչպե˜ս,- բացականչեց Կռահիկը: -Գրողն առանց այդպիսի գործիքի՝ ասել է թե առանց ձեռքերի: Ես կարող եմ զրուցագրաֆը դնել ուզածս բնակարանում, և նա գրի կառնի այն ամենը, ինչ որ խոսեն: Ինձ մնում է միայն արտագրել, ահա ձեզ պատմվածք կամ նույնիսկ՝ վեպ:
-Ի˜նչ հասարակ բան է,- բացականչեց Ագուցիկը: -Իսկ ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ գրողին հարկավոր է մի հնարանք, մտահղացում…
-Է˜, մտահղացում,- անհամբերությամբ նրա խոսքը կտրեց Կռահիկը: -Միայն գրքերում է գրվում, թե մտահղացում է հարկավոր, բայց փորձիր մի միտք հղանալ, երբ քեզնից առաջ արդեն ամեն ինչ հղացել են: Ինչ ուզում ես վերցրու՝ արդեն արված է: Իսկ այսպես ուղղակի վերցրու բնակարանից, ինչպես ասում են, և անպայման մի այնպիսի բան դուրս կգա, որ դեռ ոչ մի գրողի գլխում չի ծագել:
-Բայց հո ամեն մեկը չի ուզի, որ իր սենյակում զրուցագրաֆ դնեք,- ասաց Պտուտակիկը:
-Դե ես դա խորամանկությամբ եմ անում,- պատասխանեց Կռահիկը: -Մեկն ու մեկի մոտ հյուր եմ գնում, զրուցագրաֆը ձեռքիս, որը, ինչպես համոզվեցիք, ճամպրուկի տեսք ունի: Դուրս գալիս, ես սեղանի կամ աթոռի տակ մոռանում եմ այդ ճամպրուկը, իսկ հետո երջանկություն եմ ունենում լսելու այն, ինչ տանտերերը խոսում են առանց ինձ:
-Ի՞նչ են խոսում: Դա շատ հետաքրքիր է,- ասաց Ագուցիկը:
-Անչափ հետաքրքիր է,- հաստատեց Կռահիկը: -Ես նույնիսկ չէի սպասում: Բանից դուրս է գալիս, որ ոչինչ էլ չեն խոսում, այլ ուղղակի հռհռում են առանց պատճառի, ծուղրուղու են անում աքաղաղի նման, շան նման հաչում են, խռխռացնում, մլավում:
-Զարմանալի է˜,- բացականչեց Պտուտակիկը:
-Ես էլ հենց այդ եմ ասում, որ զարմանալի է,- համաձայնեց Կռահիկը: -Քանի դեռ հետները նստած ես, բոլորը նորմալ ու խելամիտ խոսում են, իսկ հենց որ դուրս ես գնում, ինչ-որ անհեթեթություն է սկսվում: Ահա, լսեցեք երեկվա գրանցումը: Ես ծանոթներիս մոտ էի և հեռանալիս զրուցագրաֆը թողել էի սեղանի տակ:
Կռահիկը պտտեց ճամպրուկի կափարիչի տակ գտնվող ինչ-որ սկավառակ և սեղմեց կոճակը: Լսվեց ֆշշոց, թրխկոց, ասես դուռ էր փակվում: Մի րոպեի չափ լռություն տիրեց, իսկ հետո հանկարծ ընդհանուր ծիծաղ պայթեց: Ինչ-որ մեկն ասաց. «Սեղանի տակ է»: Աղմուկ լսվեց: Նորից քրքջոց լսվեց: Ինչ-որ մեկը ծուղրուղու կանչեց, մյուսը մլավեց, մեկ ուրիշը հաչեց: Հետո մեկը ոչխարի նման մայեց: Ինչ-որ մեկն ասաց. «Թողեք, ես էշի պես զռամ»: Եվ սկսեց «Ի-հա˜, ի-հա˜»: Իսկ հիմա ձիու քուռակի պես՝ «Ի-հա˜-հա˜-հա˜-հա˜»: Նորից ծիծաղ հնչեց:
-Ահա, տեսնու՞մ եք…այսինքն՝ լսո՞ւմ եք,- տարակուսանքով ձեռքերը տարածեց Կռահիկը:
-Այո, դրանից այնքան էլ շատ բան չես քաղի վեպի համար,- խելամտորեն պատասխանեց Պտուտակիկը:
-Ես դրա գաղտնիքը կբանամ,- ասաց Բուբլիկը Կռահիկին: -Քաղաքում արդեն բոլորը գիտեն այս զրուցագրաֆի մասին և հենց որ դուք դուրս եք գնում, դիտմամբ սկսում են զանազան հիմարություններ գոռալ մեքենայի մեջ:
-Ախր ինչո՞ւ հիմարություններ գոռալ:
-Դե դուք ուզում եք խորամանկությամբ գերազանցել նրանց, իսկ նրանք էլ ձեզ են խաբում: Դուք ուզում եք իմանալ, թե ինչ են խոսում առանց ձեզ, իսկ նրանք գլխի են ընկել և դիտմամբ ծվծվում ու խռխռացնում են, որ ծիծաղեն ձեզ վրա:
Կռահիկը խոժոռվեց:
-Ախ, այդպե˜ս: Դե լա˜վ, ես դրանց հախից կգամ:
Զրուցագրաֆը լուսամուտի տակ կխցկեմ: Այս մեքենան դեռ կարդարացնի իրեն: Ահա, հիացեք, սա ի՞նչ է ձեր կարծիքով:
Կռահիկը այցելուներին ցույց տվեց մի անճոռնի սարքավորում, որ ոչ ծալած վրանի էր նման, ոչ մեծ հովանոցի:
-Երևի հովանո՞ց է,- իր ենթադրությունը հայտնեց Ագուցիկը:
-Ո՛չ, հովանոց չէ, այլ ծալովի, տեղից տեղ հեշտ տեղափոխվող սեղան ու աթոռ՝ գրողի համար,- պատասխանեց Կռահիկը: -Ասենք թե ուզում եք անտառ նկարագրել: Դուք գնում եք անտառ, բաց եք անում սեղանը, նստում ձեզ համար և նկարագրում այն ամենը, ինչ տեսնում եք ձեր շուրջը: Ահա, փորձեք նստել,- առաջարկեց նա Ագուցիկին:
Կռահիկը սեղմեց ենթադրյալ հովանոցի բռնակի կոճակը, և հովանոցն իսկույն բացվեց, դառնալով մի փոքրիկ սեղան՝ աթոռի հետ միասին: Ագուցիկը նստեց սեղանի առջև, որի համար նա ստիպված էր ամենաանբնական կերպով ծալել ոտքերը:
-Դուք զգում եք, որ հարմար է ձեր տեղը,- շարունակեց Կռահիկը,- և իսկույն ոգեշնչվում եք: Խոստովանեցեք, որ դա ավելի հաճելի է, քան գրել խոտի վրա կամ չոր գետնին նստած:
Ագուցիկը ոչ հարմարություն էր զգում, ոչ էլ ոգեշնչում, ընդհակառակը, նա զգում էր, որ ոտքերն սկսում են անտանելի ցավել: Դրա համար էլ նա վճռեց խոսքը փոխել և, վերկենալով տեղից, հարցրեց.
-Ասացեք խնդրեմ, իսկ դուք ի՞նչ գիրք եք գրել:
-Ես դեռ ոչ մի գիրք չեմ գրել,- խոստովանեց Կռահիկը: -Գրող լինելը շա˜տ դժվար բան է: Մինչև գրող դառնալը ես, ինչպես տեսնում եք, ստիպված էի որոշ իրեր ձեռք բերել, իսկ դա հեշտ բան չէ: Նախ, ես ստիպված էի սպասել, թե երբ պատրաստ կլինի բացովի սեղանը: Դա տարիներ տևեց: Հետո սպասեցի՝ մինչև զրուցագրաֆը պատրաստ կլիներ: Դուք գիտե՞ք, թե վարպետներն ինչքան են սիրում գործը ձգձգել և ուշացնել: Դրանով հատկապես աչքի է ընկնում Շուրուպիկը: Պատկերացրեք, նա երկու տարի ու կես միայն մտածում էր, թե ինչպես շինի այդ գործիքը: Դե, նրա համար բոլորովին միևնույն է, ես կարող եմ սպասել, թե չէ: Նա չի հասկանում, որ ես ստեղծագործական աշխատանք եմ անում: Զրուցագրաֆը, իհարկե, բարդ գործիք է, բայց ինչո՞ւ բարդացնել առանց այն էլ բարդ գործիքը:
-Իսկ նա մի՞թե բարդացրել է,- կարեկցանքով հարցրեց Պտուտակիկը:
-Իհարկե, բարդացրել է: Ոչ թե ուղղակի զրուցագրաֆ է շինել, այլ ինչ-որ կոմբինացված զրուցագրաֆ՝ փոշեկուլի հետ միասին: Իմ ինչի՞ն է պետք փոշեկուլը, ասացեք խնդրեմ: Դրա վրա տարի ու կես ժամանակ կորավ: Դե լավ, ոչինչ,- ձեռքը թափ տվեց Կռահիկը: -Այժմ ես գործիքն ունեմ, մանր-մունր բաներ են պակասում:
-Լավ կլիներ այնպիսի մեքենա հորինել, որ կարողանար մտածել գրողի փոխարեն,- ասաց Ագուցիկը:
-Դուք իրավացի եք,- համաձայնեց Կռահիկը:
Լուսամուտից տեսնելով, որ արևը մայր մտնելու վրա է, մեր բարեկամներն սկսեցին հրաժեշտ տալ: Զոդիչն ստանալով, նրանք փողոց դուրս եկան: Պտուտակիկն ասաց.
-Վերադառնալու ժամանակն է: Հանկարծ գիշերով ճանապարհին չմնանք:
-Ոչինչ, եղբայր ջան, ես ձեզ մի ակնթարթում կհասցնեմ մեքենայով: Բայց չէր խանգարի դեռ մի բան ուտել,- ասաց Բուբլիկը և Պտուտակիկին ու Ագուցիկին տարավ իր մոտ ճաշի:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնիններորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնիններորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 12, 2019 Rating: 5
Технологии Blogger.