
Պտուտակիկի
և Ագուցիկի արշավանքը դեպի Ֆռռանաշեն
Ու պատրաստվեք
մարզանքի,
Օրդ լիցքով
սկսիր,
Ծուլությունը
քո վանիր:
Լիցքի մասին պոետ Ծաղկանունու հորինած այս երգն էին
երգում Պտուտակիկն ու Ագուցիկը:
Վաղ առավոտ էր, և Կանաչ քաղաքում դեռ բոլորը քնած
էին, իսկ Պտուտակիկն ու Ագուցիկն արդեն փողոցով քայլում էին՝ երգելով ու ընթացքում
մարզանք անելով: Դեռ երեկվանից իմանալով, որ առավոտյան իրենց դուրս են գրելու հիվանդանոցից՝
մեքենան նորոգելու համար, նրանք արթնացան մութուլուսին և պահանջեցին, որ անմիջապես
դուրս գրեն իրենց: Մեղրածաղիկը, որ աշխարհում ամենից շատ աղմուկից էր վախենում, կարգադրեց
շուտ տալ նրանց հագուստները:
Դեռ հեռվից երգի հնչյունները լսելով, շատ աչոնիկներ
արթնացան և լուսամուտից դուրս նայեցին, ոմանք նույնիսկ փողոց դուրս եկան:
-Է˜յ, աչոնիկներ, ո՞րն է ձեր ավտոտնակը,- բղավեց
Պտուտակիկը:
-Գնանք, ես ձեզ ցույց կտամ,- իր ծառայությունն առաջարկեց
կարմիր գլխարկով և սև, փափկափետուր թրթուրե օձիք ունեցող կապույտ վերակուով մի աչոնիկ:
-Դե՛, ցույց տուր, ա՞ջ գնանք, թե՞ ձախ,- ասաց Պտուտակիկը:
-Աջ,- պատասխանեց աչոնիկը, հետաքրքրությամբ զննելով
նրանց բաճկոնները:
-Դեպի աջ, քայլո˜վ մա՛րշ,- հրաման տվեց Պտուտակիկը
և շուռ գալով քայլեց փողոցով: -Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ:
Ագուցիկը համաչափ քայլում
էր նրա հետևից: Աչոնիկը հազիվ էր հասնում և ցատկոտելով վազում էր նրանց հետևից:
Քայլվածքի թափից Պտուտակիկն
ու Ագուցիկը անցան ավտոտնակի դարպասի մոտով:
-Կանգնեցե˜ք, կա˜նգ
առեք,- ճչաց աչոնիկը: -Ավտոտնակն անցաք:
-Ե˜տ դա՛րձ,- հրամայեց
Պտուտակիկը:
Երկուսն էլ ետ դարձան
ու վերադարձան դարպասի մոտ: Աչոնիկը բաց արեց դռնակը: Երեքով ներս մտան բակ, ուր տնից
ոչ հեռու, կղմինդրածածկ մի ցախանոց կար:
-Այ թե ավտոտնակ է,
հա˜: Սա ցախանոց է, ոչ թե ավտոտնակ,- քրթմնջաց Ագուցիկը, բաց անելով լայն երկփեղկանի
դուռը:
Պտուտակիկը ներս նայեց
ու տեսավ մեքենան:
Ավտոտնակին մոտեցան
մի քանի աչոնիկ ևս:
-Այստեղ մութ է,- ասաց
Պտուտակիկը: -Հապա եկեք մի դուրս քշենք մեքենան:
-Ախր սա փչացած է,
չի շարժվում,- ասացին աչոնիկները:
-Ոչի˜նչ, մենք կհրենք:
Դե՛, մի բոթեցեք հետևից: Դե, հը՛, հուպ տվեք, մե՛կ էլ, հո˜պ:
Մեքենան ճռճռաց, խզխզոցով
ու ճռռոցով դուրս եկավ ավտոտնակից:
Պտուտակիկն ու Ագուցիկը
վայրկենաբար մեքենայի տակ սողացին:
Աչոնիկները կանգնել
էին շուրջը ու շվարած նայում էին անիվների տակ:
-Պա՛հ,- երբեմն-երբեմն
լսվում էր մեքենայի տակից,- բաքը փչացել է: Պահո˜, պնդօղակ չկա: Էհե˜, քաղցրահյութ
փոխանցող խողովակը պայթել է, պահո˜…
Վերջապես, նրանք դուրս
եկան անիվների տակից:
Հապա, մի այստեղ բերեք
պնդօղակների բանալին, տափակբերան աքցանը, մուրճն ու զոդիչը,- ասաց Պտուտակիկը աչոնիկներին:
-Մենք դրանցից ոչ մեկն
էլ չունենք:
-Ո՞նց թե չունեք: Բա
դուք ի՞նչ ունեք:
-Սղոց ունենք ու մեկ
էլ կացին:
-Ա˜խ, դուք: Կացնով
մեքենա կվերանորոգվի՞: Այստեղ մոտերքում մանչուկներ կա՞ն:
-Մանչուկներ միայն
Ֆռռանաշենում կան:
-Հեռո՞ւ է:
-Ոտքով մի ժամվա ճանապարհ
է:
-Այդ ձեզ համար մի
ժամվա, իսկ մենք շուտ կհասնենք: Ասացեք, թե ոնց գնանք:
-Ահա, փողոցով դեպի
աջ գնացեք, հետո՝ միշտ ուղիղ: Հետո ճանապարհը դաշտով է գնում, ուղիղ գնացեք այդ ճանապարհով
և Ֆռռանաշեն կընկնեք:
-Հասկանալի է,- պատասխանեց
Պտուտակիկը: -Դե՛, քայլով մա՛րշ…Թողնե˜լ,- հանկարծ հրաման տվեց նա: -Աչոնիկներ, դուք
փալաս-փուլուս ճարեք ու մինչև մեր գալը մի լավ սրբեք մեքենան: Մեքենան, եղբայրս, խնամք
է սիրում:
-Լավ,- համաձայնեցին
աչոնիկները:
-Դե, հիմա՝ քայլով
մա՛րշ:
Երկուսն էլ դեպի փողոց
քայլեցին: Աջ թեքվելով, Պտուտակիկը հրաման տվեց.
-Երգե˜լ:
Եվ մեր բարեկամները
զիլ ու զրնգուն ձայնով երգեցին.
Գնում էի լեռով, ձորով
Եվ հիանում ծաղիկներով,
Անցնում բլրակ ու արահետ՝
Իմ սիրելի ընկերոջ հետ:
Կանաչ գորտին հանկարծ տեսանք,
Շտապ-շտապ մենք տեղ հասանք,
Ներս վազեցինք դեպի տուն,
Ասացինք՝ վա˜յ, օգնություն:
Երբ այդ երգը վերջացավ,
նրանք մի ուրիշն սկսեցին, հետո՝ էլի ու էլի:
Շուտով նրանք քաղաքից
դուրս եկան ու քայլեցին ճանապարհով: Մի ժամ էլ չէր անցել, երբ հեռվում երևաց Ֆռռանաշեն
քաղաքը: Հենց այդ ժամանակ Պտուտակիկն ու Ագուցիկը ճանապարհի մեջտեղը մի ավտոմեքենա
տեսան: Մոտիկ գնալով նրանք մեքենայի տակ տեսան մի մանչուկ: Նրա գլուխն ու կուրծքը ամբողջովին
ծածկված էր թափքի տակ, դրսից երևում էին յուղոտ, սև ոտքերը միայն:
-Է˜յ, եղբայր, արև
ես ընդունո՞ւմ,- ձայն տվեց նրան Ագուցիկը:
Մանչուկը մեքենայի
տակից հանեց իր թուխ, գանգրահեր գլուխը:
-Հա՛, ինչպես տեսնում
ես, ստիպված եմ արև ընդունել մեքենայի տակ:
-Ի՞նչ է պատահել, որ:
-Տեղից չի շարժվում
էս անիծածը: Չես հասկանում՝ քաղցրահյո՞ւթը չի փոխանցում, թե՞ գազի չափն է խախտվել:
Ոչ մի կերպ չեմ գտնում:
Մանչուկը դուրս եկավ
ու անվին ուժեղ աքացի տվեց:
Նա հագել էր մի սև
բաճկոն, որը տաբատի նման այնպես անտանելի յուղոտ էր, որ թվում էր թե կաշվից է կարած:
Ըստ երևույթին այդ վայ-վարորդն այնքան մեքենայի վրա չէր լինում, որքան պառկում էր նրա
տակ, փնտրելով ու կարգի բերելով զանազան տեսակի խափանումներ, որ, ի միջի այլոց, հաճախ
է պատահում գազով աշխատող մեքենաների շատ տերերի հետ:
Պտուտակիկը պտույտ
եկավ մեքենայի շուրջը, զննեց մեխանիզմը և, պատճառը չգտնելով, սուզվեց մեքենայի տակ:
Մեքենայի տակ փորփրելուց հետո նա դուրս սողաց և կանգնեց՝ մտախոհ քորելով ծոծրակը: Հետո
մեքենայի տակ սողաց Ագուցիկը, հետո՝ դարձյալ մեքենայի տերը: Այսպես նրանք հերթով մերթ
տակն էին մտնում, մերթ էլ կանգնում ու ծոծրակները քորելով տարակուսած նայում մեքենային:
Վերջապես, Պտուտակիկին
հաջողվեց գտնել մոտորի խափանման պատճառը: Մեքենան աշխատեց: Վարորդն ուրախացել էր և
երախտագիտությամբ սեղմում էր Պտուտակիկի ու Ագուցիկի ձեռքերը:
-Շնորհակալ եմ, եղբայրներ:
Առանց ձեզ ես մինչև երեկո արևի տակ պիտի խանձվեի: Ո՞ւր եք գնում: Նստեցեք տանեմ:
Պտուտակիկն ու Ագուցիկը
ասացին, թե որն է իրենց ուղևորության նպատակը:
-Պնդօղակների բանալի,
տափակբերան աքցան ու մուրճ ունեմ ես, կարող եմ տալ: Միայն զոդիչ չունեմ,- ասաց վարորդը:
-Իսկ ձեր քաղաքում
մեկն ու մեկից չի՞ կարելի ճարել:
-Ինչո՞ւ չի կարելի:
Շատ էլ լավ կարելի է: Մեր մեխանիկ Շուրուպիկն ունի զոդիչ: Գնանք նրա մոտ:
Երեքով նստեցին մեքենան
և մի քանի րոպե անց արդեն գտնվում էին Ֆռռանաշենի գլխավոր փողոցում:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնյոթերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 09, 2019
Rating:
