
Ֆռռանների բազմաձայն շաչյունը խառնվում էր հողմաղացների
ճռճռոցին, որի շնորհիվ քաղաքում անընդհատ բվվոց էր տիրում:
Տների լուսամուտները ապահովված էին հատուկ ցանցապատ
խլափեղկերով: Երբ քաղաքի փողոցներում սկսվում էր ֆուտբոլի խաղը, որով ևս շատ էին հրապուրվում
քաղաքի բնակիչները, տների խլափեղկերը փակվում էին: Նման կատարելագործված ցանցապատ խլափեղկերը
բավականին լույս էին ներս թողնում և միևնույն ժամանակ հիանալի պաշտպանում էին ապակիները
ֆուտբոլի գնդակից, որ անբացատրելի պատճառներով, չգիտես ինչու, միշտ թռչում էր ոչ այնտեղ,
ուր պետք է, այլ անպայման դեպի լուսամուտը:
Անցնելով գլխավոր փողոցով, մեքենան շուռ եկավ դեպի
նրբանցքը և կանգ առավ դռնակ ունեցող տախտակաշեն դարպասի առաջ: Դարպասի գլխին բարձրանում
էր փայտե ձողը, որի ծայրը զարդարված էր փայլուն ապակե գնդով. սրա մեջ, հայելու պես,
գլխիվայր արտացոլվում էր ողջ փողոցը՝ տներով, ցանկապատերով և դարպասին մոտեցող մեքենայով:
Վարորդը, որին, ի միջի այլոց, Բուբլիկ էին ասում,
դուրս եկավ մեքենայից և, մոտենալով դռնակին, սեղմեց պատի մեջ խրված կոճակը: Դռնակը
անաղմուկ բացվեց:
-Մտե՛ք,- Պտուտակիկին ու Ագուցիկին ներս հրավիրեց
Բուբլիկը: -Ես ձեզ կծանոթացնեմ Շուրուպիկի հետ: Շատ հետաքրքիր անձնավորություն է: Այ,
կտեսնեք:
Երեք ընկերները մտան բակ, թեքվելով ձախ՝ քայլեցին
դեպի տուն: Քարե փոքր սանդուղքով նրանք վեր բարձրացան: Բուբլիկը փնտրեց գտավ կոճակն
ու սեղմեց: Դուռն անմիջապես անաղմուկ բացվեց և մեր բարեկամները հայտնվեցին սենյակում:
Սենյակը բոլորովին դատարկ էր, առանց կահույքի, եթե
չհաշվենք պատին կախված ճոճացանցը, որի մեջ, ոտքերն իրեն քաշած և ձեռքերը գրպանները
խրած, պառկել էր երկնագույն կոմբինեզոնով մի ճստլիկ:
-Դու մինչև հիմա քնա՞ծ ես, Շուրուպիկ,- ողջունեց
նրան Բուբլիկը: -Վաղուց արդեն առավոտ է:
-Իսկի էլ քնած չեմ, ես մտածում եմ,- պատասխանեց Շուրուպիկը,
գլուխը հյուրերի կողմը դարձնելով:
-Ահա ծանոթացի՛ր, սրանք վարպետներ Պտուտակիկն ու
Ագուցիկն են: Սրանց զոդիչ է հարկավոր:
-Բարև ձեզ: Նստեցեք, խնդրեմ,- պատասխանեց Շուրուպիկը:
Պտուտակիկն ու Ագուցիկը շփոթված շուրջները նայեցին.
սենյակում չկար մի բան, որի վրա կարելի լիներ նստել, բայց Շուրուպիկը ձեռքը մեկնեց
և սեղմեց պատի վրայի կոճակը: Իսկույն ևեթ դիմացի պատի մոտ երեք աթոռ բացվեց, որոնք
շինված էին թատրոնի բացովի աթոռների օրինակով:
Պտուտակիկն ու Ագուցիկը նստեցին:
-Դուք նկատեցի՞ք, որ ինձ մոտ ամեն ինչ կոճակներով
է,- հարցրեց Շուրուպիկը: -Մի կոճակը սեղմես՝ դուռը կբացվի, մյուսը սեղմես՝ աթոռը կբացվի,
իսկ եթե ձեզ սեղան է հարկավոր, խնդրե˜մ…
Շուրուպիկը սեղմեց մյուս կոճակը: Պատից դուրս ընկավ
սեղանի երեսը ու քիչ մնաց աթոռին նստած Պտուտակիկի գլխին դիպչեր:
-Շատ հարմար է, չէ՞,- հարցրեց Շուրուպիկը:
-Սքանչելի է,- հաստատեց Պտուտակիկը և վախվորած շուրջը
նայեց, որ հանկարծ մի բան էլ գլխին չդիպչի:
-Ֆանտաստիկայի սահմանին հասած տեխնիկա,- պարծենալով
ասաց Շուրուպիկը:
-Միակ անհարմարությունն այն է, որ նստել կարելի է
միայն պատի մոտ:
-Այ, ես հենց նոր մտածում էի, թե ինչպես անեմ, որ
աթոռները կարելի լինի շարժել,- պատասխանեց գյուտարարը:
-Գուցե ուղղակի սովորական աթոռնե՞ր շինեք,- ասաց
Ագուցիկը:
-Հա˜, դա լավ միտք է: Հարկավոր է հորինել ամենահասարակ,
սովորական աթոռ,- ուրախացավ Շուրուպիկը: -Ախր ամեն մի հանճարեղ բան պարզ է լինում:
Ինչպես երևում է, դու էլ ես մեխանիկ, եղբայր ջան:
-Մեխանիկ եմ,- պատասխանեց Ագուցիկը: -Երկուսս էլ
մեխանիկ ենք:
-Ուրեմն ձեզ զոդի՞չ է հարկավոր:
Շուրուպիկը մի կոճակ էլ սեղմեց և, ի զարմանս հանդիսականների,
ճոճացանցն սկսեց դանդաղորեն վայր իջնել: Նա իջավ այնքան, մինչև որ մեջը պառկած Շուրուպիկը
ձգվեց հատակին:
-Սովորական ճոճացանցից դուրս գալիս ձեր ոտքը կարող
է պարանին առնել, և դուք կընկնեք ու կջարդեք ձեր քիթը,- ասաց Շուրուպիկը, վեր կենալով
հատակից: -Իմ մեքենայացված ճոճացանցում այդ վտանգն, ինչպես տեսնում եք, միանգամայն
վերացված է: Դուք հանգիստ իջնում եք հատակին, որից հետո վեր եք կենում: Նույն այդ ձևով,
եթե ուզում եք պառկել քնելու, դուք պառկում եք հատակին, սեղմում կոճակը, և ճոճացանցն
ինքը ձեզ բարձրացնում է համապատասխան բարձրության վրա:
Շուրուպիկն սկսեց գնալ-գալ սենյակում և սեղմել զանազան
կոճակներ, որի հետևանքով բացվում էին նոր սեղաններ, աթոռներ ու թարեքներ, բացվում էին
զանազան պահարանների ու պահեստների դռներ: Վերջապես, նա սեղմեց և՛ս մի կոճակ ու ընկավ
հատակի տակ:
-Այստե˜ղ եկեք,- մի րոպե անց բակից լսվեց նրա ձայնը:
Ընկերները բակ դուրս եկան:
-Այստեղ իմ ավտոտնակն է,- ասաց Շուրուպիկը, Պտուտակիկին
ու Ագուցիկին առաջնորդելով դեպի երկաթե լայն դուռ ունեցող քարե շինությունը:
Նա սեղմեց կոճակը, և դուռը թատրոնի վարագույրի նման
վեր բարձրացավ: Դռան հետևում հայտնվեց բազմանիվ զարմանահրաշ մի մեքենա:
-Սա ութանիվ շոգեավտոմեքենա է, արախիսի սառուցիչով,-
բացատրեց Շուրուպիկը: -Չորս անիվը ներքևն են, չորսն էլ՝ վերևը: Սովորաբար մեքենան շարժվում
է ներքևի անիվների վրա. վերևի անիվներն արված են այն դեպքի համար, եթե մեքենան շուռ
գա: Ութ անիվն էլ դրված են անկյան տակ, այսինքն՝ թեք, որի շնորհիվ մեքենան կարող է
շարժվել ոչ միայն այնպես, ինչպես բոլոր մեքենաները, այլ կողքի և նույնիսկ մեջքի վրա,
այսինքն գլխիվայր: Այսպիսով կանխվում են բոլոր տեսակի վթարները:
Շուրուպիկը մտավ մեքենայի մեջ, ցուցադրեց նրա ընթացքը
բոլոր չորս դիրքերով, որից հետո շարունակեց իր բացատրությունները:
-Սովորական բաքի փոխարեն,- ասաց նա,- մեքենան ունի
կաթսա՝ գազախառն ջուր տաքացնելու համար: Տաքացած ջրից անջատվող գոլորշին ավելացնում
է ճնշումը մխոցի վրա, որի շնորհիվ անիվներն ավելի արագ են պտտվում: Կաթսայի հետևում
կա մի բանկա՝ արախիսով պաղպաղակ պատրաստելու համար, որն անհրաժեշտ է գլանը սառեցնելիս:
Ջերմությունից հալված պաղպաղակը խողովակով մտնում է կաթսան և ծառայում շարժիչը յուղելու
համար: Մեքենան չորս արագություն ունի. առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ, ինչպես
նաև ետ և կողքի շարժվելու հնարավորություն: Մեքենայի հետևի մասում կա սպիտակեղեն լվալու
հարմարանք: Լվացքը կարելի է անել շարժման ժամանակ՝ ուզածդ արագության պահին: Հանգիստ
վիճակում, այսինքն՝ կանգառներում, մեքենան փայտ է կոտորում, կավ է հունցում ու կղմինդրներ
շինում, ինչպես և կարտոֆիլ մաքրում:
Այդ արտասովոր մեքենայով զարմանալուց հետո բարեկամները
անցան Շուրուպիկի արհեստանոցը, որ լիքն էր հին ու մին բաներով: Այնտեղ կային հին, ջարդված
հեծանիվներ, հեծանվի մասեր, ինքնաշարժեր և բազմաթիվ փայտե ֆռռիկներ ու պտտանիվներ:
Շուրուպիկը երկար դես ու դեն ընկավ արհեստանոցում, փնտրելով զոդիչը, բայց ոչ մի տեղ
չկար ու չկար: Թափթփուկի ողջ կույտը քրքրելուց հետո նա ձեռքի ափով խփեց ճակատին ու
ասաց.
-Համա թե փնթին եմ, հա˜: Ախր ես զոդիչը Կռահիկի մոտ
եմ թողել: Ստիպված պիտի լինեք գնալ Կռահիկի մոտ՝ զոդիչը բերելու:
-Դե ոչինչ, մեքենայով շուտ կհասնենք,- ասաց Բուբլիկը:
-Իսկ ո՞վ է այդ Կռահիկը,- հարցրեց Պտուտակիկը, երբ
Շուրուպիկին հրաժեշտ տալուց հետո մեր բարեկամները դուրս եկան դարպասից:
-Կռահիկը գրող է,- պատասխանեց Բուբլիկը:
-Մի՞թե,- բացականչեց Ագուցիկը: -Շատ հետաքրքիր է
նրա հետ ծանոթանալ: Ես դեռ ոչ մի անգամ կենդանի գրողի հետ չեմ խոսել:
-Դե ահա, կծանոթանաք նրա հետ: Նա էլ իր տեսակի մեջ
հետաքրքիր անձնավորություն է,- պատասխանեց Բուբլիկը՝ մեքենան նստելով:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնութերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 10, 2019
Rating:
