Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնվեցերորդ


Համերգ

 Քաղաքով մեկ տարածվեց ականավոր ճանապարհորդ Անգետիկի և հիվանդանոց ընկած նրա ընկերների համբավը: Ճնճղուկիկն ու Թմբլիկը, առանց դադար առնելու, տնից տուն էին վազում և այդ նորությունը պատմում ընկերուհիներին: Այդ ընկերուհիներն իրենց հերթին պատմում էին ուրիշ ընկերուհիների, այդ ուրիշներն էլ՝ երրորդներին և, շուտով, քաղաքի ողջ բնակչությունը, ասես հրամանով, շարժվեց դեպի հիվանդանոց: Աչոնիկներից ամեն մեկն ուզում էր որևէ բանով օգնած լինել տուժած մանչուկներին: Իրենց հետ նրանք տանում էին ամեն ինչ: Ոմանք՝ համեղ կարկանդակներ, մյուսները՝ մուրաբաներ, երրորդները՝ քաղցր պաստեղ կամ կոմպոտ:
Կես ժամ անց աչոնիկները լցվեցին հիվանդանոցի ողջ փողոցը: Այդքանին, իհարկե, չէին կարող ներս թողնել հիվանդանոց: Մեղրածաղիկը դուրս եկավ արտասանդուղք և ասաց, որ հիվանդները ոչ մի բանի կարիք չունեն, դրա համար էլ բոլորը պետք է ցրվեն տները և չաղմկեն այստեղ լուսամուտների տակ: Բայց աչոնիկները չէին ուզում ցրվել. ինչ-որ հրաշքով նրանց հայտնի էր դարձել, որ Անգետիկ անունով ամենագլխավոր մանչուկը հիվանդանոցից դուրս է գալիս իր ընկերների՝ Ներկամոլիկի և Տավղիկի հետ միասին:
Մեղրածաղիկը ստիպված եղավ նորից հայտարարելու, որ Անգետիկը դուրս չի գա, մինչև բոլորը չցրվեն: Բայց աչոնիկները, փոխանակ տները ցրվելու, գնացին իրենց ընկերուհիների մոտ, որոնք ապրում էին Հիվանդանոցային փողոցում: Երբ Անգետիկը, Ներկամոլիկն ու Տավղիկը Ձյունիկի և Կապտաչիկի ուղեկցությամբ փողոց դուրս եկան, տեսան, որ բոլոր լուսամուտներից դուրս են նայում տասը-տասը աչոնիկ: Անգետիկի ինքնասիրությունը շատ շոյվեց այդ ուշադրությունից: Նրա ականջին էին հասնում այսպիսի ձայներ:
-Ասացե՛ք, մի ասացե՛ք, սրանցից ո՞րն է հռչակավոր Անգետիկը:
-Անգետիկը, ա˜յ այն մեկն է, դեղին տաբատովը:
-Այն մեծակա՞նջը: Ոչ մի դեպքում չէի ասի, թե դա է Անգետիկը: Սա բավական հիմարավուն տեսք ունի:
-Չէ, հենց դա՛ է, որ կա: Տեսքը, ճիշտ է, հիմարավուն է, բայց աչքերը շա˜տ խելոք են:
Փողոցի անկյունի տան երկրորդ հարկից մի աչոնիկ, տեսնելով Անգետիկին, սկսեց ձեռքերը թափահարել և բարակ, ծղրտան ձայնով ճչալ.
-Անգետի˜կ, Անգետի˜կ, ուռա˜:
Նա աներկյուղ կախվեց լուսամուտից այնպես, որ վերջը քիչ մնաց դուրս ընկներ: Լավ է, որ մյուս աչոնիկները կարողացան բռնել նրա ոտքերից ու ներս քաշել:
-Թյո՛ւ, ի˜նչ ամոթ է: Այդ Անգետիկն ով գիտի ոնց կերևակայի իրեն,- ասաց խիստ բարալիկ դեմքով ու սուր կզակով մի աչոնիկ:
-Դուք իրավացի եք, Ծիծեռնակիկ,- պատասխանեց նրան մի ուրիշ աչոնիկ, վեր ցցված վերին շրթունքով, որի տակից փայլում էին ճերմակ ատամները: -Մանչուկներին չպիտի ցույց տալ, թե նայում ես իրենց: Երբ նրանք համոզվում են, որ իրենց չարությունները ոչ ոք չի նկատում, հենց իրենք են դադարում չարություն անել:
-Այ, ես էլ հենց այդ եմ ասում, Փիսոնիկ,- վրա բերեց Ծիծեռնակիկը: -Մանչուկներին հարկավոր է արհամարհել: Երբ նրանք տեսնեն, որ իրենց արհամարհում են՝ սիրտ չեն անի վիրավորել մեզ:
Ծիծեռնակիկն ու Փիսոնիկը փսփսացին, փսփսացին, ղժժացին, ղժղժացին, մինչև որ բոլորի ականջները լցրին, թե հարկավոր է եկած մանչուկներին արհամարհանքով վերաբերել: Բոլոր աչոնիկները իրար մեջ պայմանավորվեցին չնկատելու տալ մանչուկներին, իսկ եթե փողոցում հանդիպեն նրանց, ապա հեռվից նկատելուն պես ետ դառնան կամ անցնեն մյուս կողմը:
Բայց այդ պայմանից բան դուրս չեկավ: Ինչ-որ հրաշքով բոլորին հայտնի դարձավ, որ Ներկամոլիկը նկարիչ է, իսկ Տավղիկը՝ սքանչելի երաժիշտ, որ նվագում է ֆլեյտայի վրա: Բոլորն, իհարկե, ուզում էին շուտով լսել նրա նվագը, քանի որ Կանաչ քաղաքում գիտեին նվագել միայն տավղի վրա, իսկ ֆլեյտա ոչ ոք չէր լսել: Շատերը նույնիսկ չգիտեին, որ այդպիսի գործիք կա:
Շուտով աչոնիկներն իմացան, որ Ներկամոլիկն ու Տավղիկը տեղավորվել են Խնձորի հրապարակի վրա գտնվող այն տանը, ուր ապրում էր Քորոցիկն իր ընկերուհիների հետ: Այդ տան երկրորդ հարկում, հենց կտուրի տակ, կար մի լայնարձակ սենյակ՝ ամբողջ պատը բռնող, մեծ, լուսավոր պատուհանով: Այդ սենյակը Ներկամոլիկին դուր էր եկել, որովհետև շատ լուսավոր էր, և նա ու Տավղիկը վճռել էին այնտեղ բնակություն հաստատել:
Վերևի սենյակի լուսամուտը ուղիղ Խնձորի հրապարակին էր նայում: Եվ ահա, երեկոյան, Խնձորի հրապարակը, ուր առաջ մեծ անցուդարձ չէր լինում, անմիջապես լցվեց զբոսնող աչոնիկներով: Ձեռք-ձեռքի տված՝ նրանք զույգ-զույգ անցուդարձ էին անում հրապարակում և աչքի պոչով նայում երկրորդ հարկի լուսավոր պատուհանին: Նրանք այդ անում էին, իհարկե, ոչ այն բանի համար, որ տեսնեն Ներկամոլիկին ու Տավղիկին, այլ ուղղակի անհամբերությունից. բոլորն ուզում էին շուտով երաժշտություն լսել:
Ժամանակ առ ժամանակ նրանք նկատում էին բաց լուսամուտում վայրկենաբար երևացող Տավղիկի կանոնավոր սանրվածքով գլուխը, մերթ էլ Ներկամոլիկի խճճված մազախուրձը: Ապա դադարեց դա, և աչոնիկները տեսան Ներկամոլիկին, որ լուսամուտի գոգին հենված, երազուն հայացքով հեռուն էր նայում: Ներկամոլիկից հետո լուսամուտի մոտ հայտնվեց Տավղիկը: Նրանք ձեռքերը թափահարելով և շուրջները նայելով ինչ-որ դատողություններ էին անում: Հետո դուրս կախվեցին լուսամուտից և, կռանալով, սկսեցին ներքև նայել: Ապա երկուսն էլ մի-մի անգամ թքեցին երկրորդ հարկից և նորից ծածկվեցին լուսամուտի հետևում:
Թվում էր, թե այլևս հետաքրքիր ոչինչ չի կատարվի, բայց աչոնիկները ցրվելու միտք չունեին: Եվ հենց այդ ժամանակ լուսամուտից հորդեցին առվակի քչքչոցի նման քնքուշ հնչյունները: Նրանք մերթ ալիքների նման համաչափ ծփում էին մեկը մյուսի հետևից, մերթ էլ թռչկոտում ու թավալվում օդում, վազելով իրար հետևից և իրար բախվելով: Դա բոլորի սիրտը լցնում էր հրճվանքով: Ֆլեյտայի հնչյուններն ասես քաշում էին աչոնկների ձեռքերից ու ոտքերից, բոլորն ակամա ուզում էին պարել:
Անաղմուկ բացվեցին տների լուսամուտները: Շարժումը հրապարակում դադարեց: Բոլորը քարացան՝ ջանալով բաց չթողնել և ոչ մի հնչյուն:
Վերջապես ֆլեյտան լռեց, բայց և իսկույն դիմացի տան լուսամուտից լսվեց տավղի ձայնը: Տավիղն աշխատում էր կրկնել նոր, մինչև այժմ անծանոթ այդ մեղեդին: Ինչ-որ մեկի մատները անվստահ սահում էին լարերի վրայով: Բավական աշխույժ տեմպով սկսված մեղեդին կամաց-կամաց թուլացավ, վերջապես բոլորովին մարեց, բայց ֆլեյտան իսկույն օգնության հասավ, վրա բերեց շարունակությունը: Տավիղն աշխուժացավ, ավելի հաստատ հնչեց: Հարևան տնից նրան միացավ մեկ ուրիշը, ապա՝ երրորդը: Ավելի բարձր և ուրախ հնչեց երաժշտությունը:
Անգետիկը, որ ներկերն ու վրձինը վազել բերել էր Ներկամոլիկին տալու, հրապարակում, տան առաջ, մի արտակարգ տեսարանի հանդիպեց: Ողջ հրապարակը լիքն էր աչոնիկներով, որոնք լսում էին այդ սքանչելի համերգը: Անգետիկը ևս ականջ դրեց և նույնիսկ թռչկոտեց մի ոտքի վրա, բայց տեսնելով, որ իր պարը ոչ ոք բանի տեղ չի դնում, ձեռքը թափ տվեց ու անհետացավ տան դռների հետևում:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնվեցերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասնվեցերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 04:11:00 Rating: 5
Технологии Blogger.