
Մի անգամ Բուդդան
միայնակ շրջում էր
դրախտային լճակի ափին:
Ողջ լճակը ծածկել
էին մարգարտափայլ ճերմակությամբ
լոտոսները, նրանց դեղին
միջուկները շուրջբոլորն անբացատրելի-անուշ բուրմունք
էին սփռում:
Այդժամ դրախտում առավոտ
էր:
Բուդդան մտորմունքի մեջ
կանգ առավ եւ
հանկարծ ջրի հայելում
տեսավ լոտոսի լայն
տերեւների մեջ առկայծող
այն ամենը, ինչ
կատարվում էր խորը
ներքեւում, Լոտոսի լճակի
հատակին:
Դրախտային լճակը հասնում
էր ընդհուպ մինչեւ
դժոխքի ընդերքը:
Նրա բյուրեղյա ջրերի
միջից Ասեղնալեռն ու
Սանձու գետն այնքան
պարզորոշ էին երեւում,
ինչպես մանրադիտակի դիտանցքից:
Այնտեղ՝ դժոխքի խորխորատում,
վխտում էր մեղավորների
ահռելի բազմությունը: Եվ
այնպես պատահեց, որ
Բուդդայի հայացքն ընկավ
Կանդիտա անունով մի
մեղավորի վրա:
Այդ Կանդիտան սարսափելի
ավազակ էր: Նա
բազում չարիքներ էր
գործել` սպանում էր,
առեւանգում, կրակի տալիս,
բայց այդուհանդերձ, նրա
արածների մեջ մի
բարի գործ գտնվեց:
Մի անգամ նա
քայլում էր անտառի
թավուտի միջով եւ
հանկարծ տեսավ` հենց
արահետի մոտ վազում
է մի
պստլիկ սարդ: Կանդիտան
այն է, ոտքը
վրա էր բերել,
որ տրորի նրան,
բայց ահա ինքն
իրեն ասաց. «Չէ,
նա թեեւ փոքր
է, բայց
ինչ ուզում ես
ասա, կենդանի էակ
է: Ափսոս
է նրան
զուր սպանելը»:
Եվ խղճաց սարդին:
Հայելով դժոխքի պատկերը՝
Բուդդան հիշեց, որ
ավազակ Կանդիտան մի
անգամ սարդին կյանք
է պարգեւել,
եւ կամեցավ նա,
եթե հնարավոր է,
փրկել մեղավորին դժոխքի
վիհից` ի հատուցում
լոկ այդ բարի
գործի: Այդ պահին,
երջանիկ պատահմամբ, Բուդդայի
աչքն ընկավ դրախտային
սարդը: Նա հիասքանչ
արծաթյա թել էր
կախել, նեֆրիտի պես
կանաչ լոտոսի տերեւից:
Բուդդան զգուշորեն ձեռքը
վերցրեց նրբին սարդոստայնը
եւ նրա ծայրն
իջեցրեց մարգարտաճերմակ լոտոսներով
պատված ջրի մեջ:
Սարդոստայնը սկսեց իջնել
ուղիղ ներքեւ, մինչեւ
որ հասավ դժոխքի
ամենահեռավոր խորքերը:
2
Այնտեղ՝ դժոխքի հատակին,
Կանդիտան այլ մեղավորների
հետ անողորմ տառապանքներ
էր կրում Արյան
լճում՝ մեկ վեր
լողալով, մեկ խրվելով
հորձանուտը:
Ամենուր, ուր աչքդ
կտրի, ականակիր խավար
էր տիրում: Սոսկ
երբեմն խավարում ինչ-որ բան
էր աղոտ պեծկլտում.
աղոտ փայլկտում էին
սարսափելի Ասեղնալեռան ասեղները:
Բառեր չկան, որ
նկարագրես այդ տեսարանի
մռայլ սարսափը: Շուրջբոլորը
լուռ էր, ինչպես
գերեզմանում: Միայն երբեմն
լսվում էին մեղավորների
խուլ հոգոցները:
Շատ տարիներ հետո
դժոխքի ամենախորունկ տեղերը
նետված հանցավոր հոգիները
տնքալու եւ լալու
ուժ չէին գտնում:
Ահա թե ինչու
նույնիսկ մեծ ավազակ
Կանդիտան, արնախեղդ լինելով
Արյան լճում, լոկ
անձայն ջղաձգվում էր,
ինչպես սատկոտող գորտ:
Բայց հանկարծ Կանդիտան
գլուխը բարձրացրեց եւ
սկսեց զննել Արյան
լճի վրա կախված
մութը: Այդ անապատային
մշուշից, հեռու-հեռավոր
երկնքից, հենց դեպ
իրեն, նրբին շողով
ցոլցլալով, սահուն իջնում
էր արծաթե սարդոստայնը,
ասես երկյուղելով, որ
չլինի թե իրեն
նկատեն մյուս մեղավորները:
Կանդիտան ուրախությունից ծափ
զարկեց: Պետք է
միայն կառչել այդ
սարդոստայնից եւ մագլցել
դրանով՝ ավելի ու
ավելի վեր բարձրանալով:
Այդժամ հաստատ դժոխքից
կսպրդես:
Իսկ եթե բախտդ
բանի, ապա, մեկ
էլ տեսար, դրախտ
էլ ընկնես: Եվ
քեզ այլեւս չեն
քշի Ասեղնալեռան գագաթը,
չեն նետի դարձյալ
Արյան լիճը:
Այդ հույսով գոտեպնդված՝
Կանդիտան երկու ձեռքով
ամուր կառչեց սարդոստայնից
եւ սկսեց ողջ
ուժով մագլցել վեր:
Ինքնըստինքյան, փորձառու գողի
համար դա սովորական
գործ էր:
Սակայն դժոխքից մինչեւ
դրախտային կացարանը բյուր-տասնյակ հազար
ռի է: Որքան
էլ նա ջանում
էր, նրա համար
հեշտ չէր լեռնային
բարձունքներ հաղթահարելը: Մագլցում,
մագլցում էր Կանդիտան
վեր եւ վերջապես
նույնիսկ նրան, այդպիսի
ուժեղ մարդուն զգետնեց
հոգնությունը: Նա չէր
կարող առանց շունչ
քաշելու հասնել մինչեւ
երկինք:
Ճար չկար, հարկ
էր հանգստանալ: Ահա
նա կես ճամփին
կանգ առավ, կախված
է սարդոստայնից,
հանգստանում է, եւ
հանկարծ ցած նայեց,
խորունկ վիհին:
Զուր չէր այդպես
համառորեն Կանդիտան մագլցում
վեր այդ բարալիկ
սարդոստայնով: Արյան լիճը,
որտեղ նա հենց
նոր դաժան տանջանքներ
էր կրում, թաքչել
էր ականակիր խավարում:
Իսկ սարսափելի Ասեղնալեռան
գագաթը, որ աղոտ
փայլկտում էր դժոխային
խորխորատի խավարում, արդեն
իր ոտքերի տակ
է: Եթե
նա հետագայում էլ
այդպես ճարպկորեն մագլցի,
դե ինչ, թերեւս,
իրոք որ հաջողվի
դուրս պրծնել դժոխքից:
Ամուր կռչելով սարդոստայնից,
Կանդիտան առաջին անգամ
երկար տարիների ընթացքում
կրկին մարդկային ձայն
ձեռք բերեց եւ
քրքջալով գոչեց.
—
Փրկված եմ, փրկված:
Բայց տեղնուտեղը հանկարծ
նկատեց, որ մյուս
մեղավորները եւս անթիվ
եւ անհամար պատել
էին սարդոստայնը եւ,
ինչպես մրջյունների տողան,
նրա ետքից սողում
են վեր ու
վեր:
Այդ տեսարանից Կանդիտան
վախից եւ զարմանքից
որոշ ժամանակ միայն
կարողանում էր աչքերը
պտտել՝ տխմարավարի բերանը
լայն բացած:
Այդ բարալիկ սարդոստայնը
հազիվ նրան էր
դժվարությամբ պահում, էլ
ուր մնաց՝ մարդկանց
այդչափ բազմությանը:
Եթե սարդոստայնը պատռվի,
ապա նա ինքը
եւս, դառն է
մտածելը, նա ինքը,
արդեն այդքան վեր
ելած, գլխիվայր դժոխք
կընկնի: Մնաս բարով
փրկության հույս:
Մինչ նա ինքն
իրեն ասում էր
այդ ամենը, մեղավորները
ողջ պարսերով սողոսկում
էին Արյան լճի
մթին խորքերից: Հարյուր,
հազարավոր մեղավորներ, ձգված
երկար շղթայով, փութկոտ
վեր էին սողում,
ինչպես նրբին շող
ցոլացող սարդոստայնով: Պետք
է արագ
ինչ-որ բան
ձեռնարկել, կամ էլ
սարդոստայնն անպայման կպատռվի,
եւ նա կգլորվի
անդունդը:
Եվ Կանդատան ողջ
ձայնով ճչաց.
—
Էյ դուք, մեղավորներ:
Սա իմ սարդոստայնն
է: Ո՞վ
է ձեզ
թույլ տվել մագլցել
դրանով: Դե, շուտ
իջեք: Վայր իջեք:
Բայց ահա թե
հենց նույն պահին
ինչ կատարվեց:
Մինչ այդ տեղը
տեղին եւ անվնաս
սարդոստայնը ճայթելով պատռվեց
հենց այն մասում,
որտեղից կառչել էր
Կանդատան:
Ախ քաշել էլ
չհասցրեց, երբ, հոլի
պես պտտվելով, սուլոցով
քամին հատելով, գլխիվայր
թռավ ավելի ու
ավելի ներքեւ, ականակիր
խավարի ամենախորքը:
Եվ միայն սարդոստայնի
մի կարճ կտորն
էր շարունակում կախված
մնալ, ցոլցլալով, հանց
բարալիկ շող, դժոխքի
անաստղ, անլուսին երկնքում:
3
Լոտոսի լճակի ափին
կանգնած՝ Բուդդան տեսավ
այն ամենը, ինչ
կատարվեց, սկզբից մինչեւ
վերջ: Եվ երբ
Կանդիտան, նետած քարի
նման, թաղվեց Արյան
լճի հենց խորքում,
Բուդդան վշտահար դեմքով
դարձյալ շարունակեց իր
զբոսանքը:
Կանդիտայի սրտում կարեկցանք
չկար, նա մտածում
էր լոկ այն
մասին, թե ինչպես
ինքը փրկվի դժոխքից,
եւ դրա համար
ըստ արժանվույնս պատժվեց`
դարձյալ նետված է
դժոխքի խորխորատը: Ինչ
ամոթալի եւ խղճուկ
էր երեւում այդ
պատկերը Բուդդայի աչքին:
Սակայն դրախտային Լոտոսի
այգու լոտոսներն անհաղորդ
էին մնում:
Նրանց մարգարտաճերմակ ծաղկաբաժակները լռիկ
օրորվում էին հենց
Բուդդայի ոտքերի մոտ:
Եվ նրա ամեն
մի քայլափոխին լոտոսների
ոսկյա միջուկները շուրջբոլորն
անբացատրելի-անուշ բուրմունք
էին սփռում:
Դրախտում ժամանակը մոտենում
էր կեսօրին:
Տես նաև Ակուտագավա Րյունոսկե Պատմվածքներ
Ակուտագավա Րյունոսկե | Սարդոստայնը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 14, 2020
Rating:
