Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երեսուներորդ


Վերադարձ

 Երկար քայլեցին Գիտունիկն ու իր ընկերները դաշտերով ու անտառներով և, վերջապես, վերադարձան իրենց հայրենի երկիրը: Նրանք կանգ առան մի բարձր բլրի վրա, իսկ առջևում արդեն երևում էր Ծաղկառատ քաղաքն իր ողջ գեղեցկությամբ: Ամառն իր վախճանին էր մոտենում, և փողոցներում ծաղկել էին ամենագեղեցիկ ծաղիկները. սպիտակ քրիզանթեմներ, կարմիր գեորգիններ, զանազան գույների աստղածաղիկներ: Բոլոր բակերում, թիթեռնիկների նման, փայլփլում էին զառ մանուշակները: Հրակարկիր ջրկոտեմները վեր էին հյուսվում ցանկապատերի, տների պատերի վրայով ու ծաղկում նույնիսկ տանիքներին: Քամին բերում էր հափրուկի ու երիցուկի նուրբ բուրմունքը:
Գիտունիկն ու իր ընկերները հրճվանքից գրկախառնվում էին:
Շուտով նրանք արդեն քայլում էին հարազատ քաղաքի փողոցներով: Բնակիչները դուրս էին վազում բոլոր տներից ու նայում մեր ճանապարհորդներին: Երկար թափառումից Գիտունիկն ու իր ընկերներն այնպես էին արևից սևացել, որ սկզբում նրանց ոչ ոք չճանաչեց:
Հանկարծ ինչ-որ մեկը գոռաց.
-Եղբայրնե˜ր, ախր սա Գիտունիկն է: Մի տեսեք, այ, գալիս է բոլորի առջևում:
Այդ ժամանակ ամեն կողմից ճիչեր լսվեցին.
-Ա˜յ, հրեն բժիշկ Հաբիկյանը: Ե՛վ որսորդ Փամփուշտիկը, և՛ Շվարիկը, և՛ Պոնչիկը:
Բնակիչները հրճվում էին ու գոչում.
-Ուռա˜:
Իսկ ի˜նչ կատարվեց, երբ Գիտունիկն ու նրա ընկերները թեքվեցին Զանգակածաղկի փողոցը:
Այստեղ բոլորը նրանց հարևաններն ու լավ ծանոթներն էին: Ճստլիկները բռնել էին ողջ փողոցը: Մանչուկները գրկում համբուրում էին քաջարի ճանապարհորդներին, իսկ աչոնիկները ողջ ճանապարհին անթառամի ծաղկաթերթեր էին սփռել:
Հանկարծ, որտեղից որտեղ, մի փոքրիկ շնիկ դուրս թռավ: Նա սկսեց հաչել, որսորդ Փամփուշտիկի շուրջը ցատկոտել ու ձեռքերը լիզել: 
-Եղբայրնե˜ր, ախր սա իմ Քոթոթի˜կն է,- գոչեց որսորդ Փամփուշտիկը:
Հարևանները պատմեցին, թե մանչուկների թռչելուց մի քանի օր անց Քոթոթիկը վերադարձել էր տուն: Դրա համար էլ բոլորը կարծել էին, թե Փամփուշտիկն ու նրա ընկերները զոհվել են և ոչ ոք հույս չուներ նորից կենդանի տեսնել նրանց:
Փամփուշտիկը գրկեց Քոթոթիկին ու համբուրեց:
-Ա˜խ դու իմ հավատարիմ, լավ շնիկ,- ասում էր նա: -Ուրեմն դու չե՞ս զոհվել: Իսկ ես այնպե˜ս էի վշտանում քեզ համար:
Այդ պահին փողոցի ծայրին երևաց ճստլիկների մի նոր խումբ: Բոլորի առջևում վազում էր բանաստեղծ Ծաղկանունին:
-Ոտանավո˜ր,- գոչում էին բոլորը: -Հիմա ոտանավոր կկարդան:
Աչոնիկները բարձրաձայն ծափ տվին, իսկ մանչուկներից մի քանիսը ինչ-որ տեղից գլորելով բերին մի դատարկ տակառ ու բերանքսիվայր դրին փողոցի մեջտեղը:
Ինչ-որ մեկը ճչաց.
-Ծաղկանունի, կանգնիր տակառի վրա ու արտասանիր:
Ծաղկանունու թևատակերից բռնեցին ու օգնեցին, որ բարձրանա տակառի վրա: Սա մի պահ խորհեց, թեթևակի հազաց, ապա ձեռքերը մեկնեց դեպի Գիտունիկն ու նրա ընկերները և ոգևորված արտասանեց այն ոտանավորը, որը հորինել էր հենց այդտեղ, տակառին կանգնած:

Ջերմ ենք ընդունում քաջ ճամփորդներին,
Որոնք մեկնեցին գնդով օդային,
Եվ վերադարձան, տես, առանց դրա,
Առանց այդ գնդի, դե˜, ուռա˜, ուռա˜…

-Ուռա-ա˜-ա˜,- գոչեցին ճստլիկներն ամեն կողմից:
Ծաղկանունուն մի ակնթարթում իջեցրին տակառից: Մանչուկները ձեռքերին առած նրան տուն տարան, իսկ աչոնիկները վազում էին հետևից ու անթառամի թերթիկներ թափում վրան:
Այդ ոտանավորի շնորհիվ Ծաղկանունին այնպես հռչակվեց, կարծես ինքն էր այդ սքանչելի ճանապարհորդությունը կատարել:
Մեր անվեհեր ճանապարհորդները բաց արին դռնակը և շարժվեցին դեպի իրենց տնակը, որ երկար ժամանակ դատարկ էր մնացել: Փողոցում մնաց մենակ Անգետիկը: Նա տխուր-տրտում նայեց հեռացող բազմությանը, ապա նայեց շուրջը, ասես մեկին փնտրելիս լիներ: Անգետիկի հայացքն ավելի թախծոտ դարձավ, բայց հենց այդ ժամանակ փողոցի մյուս ծայրին, ցանկապատի ստվերում երևաց մի փոքրիկ կերպարանք, որ բերանը բաց կանգնել ու աչքերը չռած նայում էր նրան:
-Ալարկոտի˜կ,- բացականչեց Անգետիկը և ձեռքն առաջ պարզեց:
Ալարկոտիկը ծղրտաց հրճվանքից ու նետվեց Անգետիկի կողմը, իսկ Անգետիկը դեմ վազեց նրան: Մտերիմ ընկերները քիչ էր մնում ճակատ ճակատի տային: Կանգ առան փողոցի մեջտեղը: Ալարկոտիկը հպարտությամբ ու սիրով էր նայում ընկերոջը, որ հռչակավոր ճանապարհորդ էր դարձել, իսկ Անգետիկը նայում էր նրան՝ մեղավոր ժպիտը դեմքին: Այսպես երկար կանգնել էին նրանք, իրար մտիկ տալով ու հուզմունքից չէին կարողանում մի խոսք իսկ ասել: Հետո նրանք պինդ գրկախառնվեցին և արցունքները հոսեցին նրանց աչքերից:
Այ թե հանդիպում էր, հա˜:
Դրանով էլ ավարտվեց Գիտունիկի ու նրա ընկերների հռչակավոր ճանապարհորդությունը:
Ծաղկառատ քաղաքի կյանքը շարունակեց ընթանալ առաջվա նման…Ասենք, չէ՛, չի կարելի ասել, թե ճիշտ և ճիշտ առաջվա նման:
Այն օրվանից, ինչ մեր անվեհեր ճանապարհորդները տուն էին վերադարձել, քաղաքում հենց միայն նրանց մասին էին խոսում: Բոլոր բնակիչները՝ թե՛ մանչուկները, թե՛ աչոնիկները գալիս էին Գիտունիկի տուն ու լսում էին ճանապարհորդների պատմությունները Կանաչ քաղաքում անցկացրած կյանքի մասին:
Պոնչիկը սիրում էր հիշել, թե ինչ համեղ կարկանդակներով էին իրեն հյուրասիրում աչոնիկները, իսկ Քաղցրահյութիկը պարծենում էր, թե ինչքան քաղցրահյութով գազով ջուր է խմել ինքը: Գիտունիկը պատմում էր եղեգնյա ջրմուղի ու շատրվանների, աչոնիկների գցած հիանալի կամրջի, ինչպես և այն մասին, թե ինչ հսկայական ձմերուկներ են աճեցնում նրանք: Այդպիսի դեպքերում Քաղցրահյութիկը միշտ գրպանից հանում էր ձմերուկի կորիզը և ասում.
-Ո՞վ կկարծեր, թե այսպիսի մի կորիզից կարող է մի քանի տակառ քաղցրահյութ ստացվել:
Երևիկն ու Հապճեպիկը ամենից շատ սիրում էին պատմել, թե ինչպես էին աչոնիկների հետ բերքը հավաքում: Պտուտակիկն ու Ագուցիկը պատմում էին մեքենայացման, իրենց ընկերոջ՝ ավտովարորդ Բուբլիկի և գյուտարար Շուրուպիկի մասին, որի տանն ամեն ինչ կոճակներով էր արվում: Փամփուշտիկն ամենից շատ սիրում էր հիշել, թե ինչպես էին իրեն բուժում հիվանդանոցում և թե ինչ հիանալի բժիշկ էր Մեղրածաղիկը: Նա իր դուրս ընկած ոտքն այնպես լավ էր բուժել, որ հիմա կարող է ոչ միայն քայլել, այլև վազել, նույնիսկ թռչկոտել: Իբրև ապացույց, Փամփուշտիկը թռչկոտում էր մի ոտքի վրա, հենց այն ոտքի, որ դուրս էր ընկել:
Բոլորը պատմում էին իրենց և աչոնիկների բարեկամությունից: Նույնիսկ Լռիկմնջիկը, որից մի բառ իսկ լսելը հազվագյուտ բան էր, ասաց.
-Ազնիվ խոսք, եղբայրներ, առաջ իմ մտքովն էլ չէր անցնում, թե աչոնիկների հետ կարելի է նույնքան լավ ընկերություն անել, որքան մանչուկների հետ:
-Դե, դու ավելի լավ է լռե՛ս,- պատասխանեց Անգետիկը,- Ես չնկատեցի էլ, թե այնտեղ դու մեկի հետ ընկերություն անեիր:
-Իսկ դու ընկերություն անո՞ւմ էիր,- հարցրին նրան աչոնիկները:
-Ես Կապտաչիկի հետ էի մտերմացել,- հպարտությամբ պատասխանեց Անգետիկը:
-Քեզ էլ հավատացին, էլի˜,- ասաց Զատիկը: -Ախր, դու նույնիսկ քո ընկերոջ՝ Ալարկոտիկի հետ կռվեցիր, ինչ է թե աչոնիկների հետ էր ընկերություն անում:
-Իսկի էլ չէ՛: Ալարկոտիկի հետ ես արդեն հաշտվել եմ և հիմա միշտ պիտի աչոնիկների հետ ընկերություն անեմ:
-Իսկ առա՞ջ,- հարցրեց Երիցուկը:
-Առաջ ես շատ հիմար էի: Վախենում էի, թե ինձ վրա կծիծաղեն, որ աչոնիկների հետ բարեկամանամ:
-Դու հիմա էլ կվախենաս,- պատասխանեց Թիթեռնիկը:
-Չէ՛: Ես հիմա արդեն գիտուն եմ: Ուզո՞ւմ ես ընկերներ լինենք: Իսկ ով որ ինձ վրա ծիծաղի՝ ճակատին մի լավ կհասցնեմ:
-Չէ՛, չեմ ուզում, որ իմ պատճառով կռիվ սարքես,- պատասխանեց Թիթեռնիկը:
-Դե լավ, ես կռիվ չեմ անի: Պարզապես ոչ մի ծաղրի էլ ուշադրություն չեմ դարձնի:
Անգետիկն ընկերացավ Թիթեռնիկի հետ և դրանից հետո, հենց որ նկատում էր, որ մեկը աչոնիկներին նեղացնում է, մոտենում էր ու ասում.
-Ինչո՞ւ ես աչոնիկներին նեղացնում: Տես հա˜, էլ այդպիսի բան չտեսնեմ: Մեզ մոտ աչոնիկներին չեն նեղացնում:
Դրա համար աչոնիկներն սկսեցին հարգել նրան և ասում էին, թե Անգետիկը բնավ էլ վատ ճստլիկ չէ: Մյուս մանչուկներն, իհարկե, նախանձում էին, որ գովում են Անգետիկին, և նրանք էլ սկսեցին պաշտպանել աչոնիկներին: Ծաղկառատ քաղաքում աչոնիկներին վիրավորելը ուղղակի ընդունված բան չէր: Եթե այնպես էր պատահում, որ մանչուկներից մեկը բռունցքներին ազատություն էր տալիս կամ էլ մի թթու խոսք էր ասում աչոնիկներին, ապա նրա վրա բոլորը ծիծաղում էին ու ասում, թե նա անդաստիարակ, անտաշի և բիրտ հաստագլխի մեկն է, որը ծանոթ չի վայելուչ վարքի ամենատարրական կանոններին:
Այժմ ոչ ոք չէր քշում աչոնիկներին, երբ նրանք ուզում էին խաղալ մանչուկների հետ, ընդհակառակը, նրանց միշտ խաղացնում էին իրենց հետ:
Շուտով Գիտունիկը վճռեց Ծաղկառատ քաղաքում եղեգնյա ջրմուղ անցկացնել ու մի քանի շատրվան սարքել, սկզբում գոնե մի-մի հատ՝ ամեն մի փողոցում: Բացի այդ, նա առաջարկեց կամուրջ գցել Վարունգի գետի վրա, որպեսզի ոտքով գնան անտառ: Աչոնիկները մանչուկներին հավասար գործի լծվեցին: Առավոտից մինչև կեսօր բոլորն աշխատում էին կամրջի շինարարության, ջրմուղն անցկացնելու, ինչպես և շատրվանները կառուցելու վրա: Ճաշից հետո բոլորը գնում էին խաղալու. ոմանք՝ բռնուկի, ոմանք տափկնոցի, մյուսներն էլ ֆուտբոլ կամ վոլեյբոլ:
Միայն Անգետիկն էր, որ քիչ էր մասնակցում խաղերին: Նա ասում էր.
-Հիմա խաղալու ժամանակ չունեմ: Տառը տառին կցելով հազիվ եմ կարդում ու գրում եմ միայն  տպագիր տառերով: Ես պետք է անպայման գեղեցիկ գրել սովորեմ: Իսկ թե ինչու՝ իմ գիտենալիք բանն է:
Փոխանակ ֆուտբոլ խաղալու՝ Անգետիկը նստում էր սեղանի առջև ու կարդում: Ամեն օր մի էջ էր կարդում, բայց դա էլ, իհարկե, մեծ օգուտ էր տալիս: Երբեմն նա նույնիսկ երկու էջ էր կարդում՝ այսօրվա և վաղվա համար: Ընթերցանությունը վերջացնելուց հետո վերցնում էր տետրը և սկսում գրել: Գրում էր արդեն ոչ թե տպագիր, այլ ձեռագիր տառերով: Բայց սկզբում այնքան էլ գեղեցիկ չէին ստացվում դրանք: Սկզբում նրա տետրում տառերի փոխարեն ինչ-որ անհասկանալի խզբզանքներ էին ստացվում, բայց Անգետիկը շատ ջանք էր գործ դնում և կամաց-կամաց սովորեց գրել գեղեցիկ տառեր՝ և՛ մեծ, այսինքն գլխատառեր, և՛ փոքր: Շատ ավելի վատ էր թանաքաբծերի բանը:
Անգետիկը հաճախ էր թանաք կաթեցնում տետրում: Ու կաթեցնելուն պես իսկույն լիզում էր: Դրանից էլ թանաքի բծերը պոչավոր էին դառնում: Պոչավոր այդ բծերը Անգետիկն անվանում էր գիսավոր աստղեր: Այդ «գիսավորները» պատահում էին գրեթե նրա ամեն մի էջում: Բայց Անգետիկը չէր հուսահատվում, որովհետև գիտեր, որ համբերությունը և աշխատանքը կօգնեն ազատվելու նաև այդ «գիսավորներից»:

Թարգմանությունը՝ Ս. Այունց
Նախորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երեսուներորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երեսուներորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 04:35:00 Rating: 5
Технологии Blogger.