
Անսպասելի
հանդիպում
Աչոնիկները հրապարակը զարդարել էին ծաղիկներով, գույնզգույն
լապտերներով ու դրոշակներով: Անգետիկը դեսուդեն էր նետվում ու ինչքան ուժը պատում էր,
կարգադրություն էր անում: Նրան թվում էր, թե գործը շատ դանդաղ է առաջ գնում: Նա գոռգոռում
էր, ոտ ու ձեռ ընկնում, բայց միայն խանգարում էր: Բարեբախտաբար ամեն ոք առանց նրան
էլ գիտեր իր անելիքը:
Ինչ-որ մեկը ուզեց նստարաններ շարել հրապարակի շուրջը,
բայց տախտակ չկար: Անգետիկը քիչ էր մնում զայրույթից մազերը փետի:
-Ա˜խ,- գոռում էր նա,- կարծես չէի՞ն կարող ավելորդ
տախտակներ բերել, իսկ հիմա բոլոր մեքենաները գնացել են Ֆռռանաշեն: Դե, վրաններից մեկը
շուտ արեք քանդեք: Դրա տախտակներից նստարաններ կշինենք:
-Ճիշտ է,- գոչեց Երևիկը և կացինը ձեռքին նետվեց ամենամոտիկ
վրանի կողմը:
-Ի˜նչ ես անում,- ասաց Ներկամոլիկը: -Շինեցինք-շինեցինք,
ներկեցինք-ներկեցինք, որ հիմա քանդե՞նք:
-Քո գործը չի,- ճչաց Երևիկը: -Նստարաններ էլ են պետք:
-Բայց հո չի կարելի մեկը շինել, մյուսը քանդել:
-Իսկ դու ի՞նչ ես հրամաններ արձակում,- մեջ ընկավ
Անգետիկը: -Ո՞վ է գլխավորը, ե՞ս, թե՞ դու: Ասված է՝ քանդել, ուրեմն քանդել:
Անհայտ է, թե ուր կհասներ այդ վեճը, բայց այդ պահին
հեռվում մեքենա երևաց:
-Բուբլիկը վերադարձա˜վ,- ուրախացած գոչեցին բոլորը:
-Հիմա կարելի է տախտակներ բերել, էլ պետք չի վրանը քանդել:
Մեքենան մոտեցավ: Խցիկից դուրս եկավ Բուբլիկը: Նրա
հետևից հայտնվեց ևս մի ճստլիկ: Բոլորը զարմացած նրան էին նայում:
-Տե˜ր աստված, ախր սա մեր Գիտունիկն է,- աղաղակեց
բժիշկ Հաբիկյանը:
-Գիտունիկը եկա˜վ,- ծղրտաց Շվարիկը:
Մանչուկներն անմիջապես շրջապատեցին Գիտունիկին և
սկսեցին գրկել ու համբուրել նրան:
-Վերջապե˜ս գտանք քեզ,- ասում էին նրանք:
-Ինչպես թե՝ գտաք ինձ,- զարմացավ Գիտունիկը: -Իմ
կարծիքով, ես ձեզ գտա:
-Հա՛, հա՛, ճիշտ է: Դու մեզ գտար, բայց մենք կարծում
էինք, թե դու բոլորովին լքել ես մեզ:
-Ե՞ս եմ ձեզ լքել,- նորից զարմացավ Գիտունիկը: -Իմ
կարծիքով, այդ դո՛ւք եք ինձ լքել:
-Ախր դու պարաշյուտով թռար, իսկ մենք մնացինք,- պատասխանեց
Պոնչիկը:
-Իսկ ինչո՞ւ դուք մնացիք: Չէ՞ որ ես հրաման տվի,
որ բոլորդ էլ թռչեք: Հարկավոր էր թռչել իմ հետևից, որովհետև միևնույն է, օդապարիկն
այլևս երկար թռչել չէր կարող, իսկ դուք երևի սիրտ չարիք, վախեցաք:
-Հա˜, հա˜, սիրտ չարինք…- գլխով արին բոլորը:
-Իհարկե սիրտ չարին,- ասաց Անգետիկը: -Վախեցա˜ն թռչել:
Հետաքրքիր է պարզել, թե ով առաջինը վախեցավ:
-Ո՞վ,- հարցրեց Գուցեմիկը: -Հենց դո՛ւ, ինքդ առաջինը
վախեցար:
-Ե՞ս,- զարմացավ Անգետիկը:
-Իհարկե, դո՛ւ,- այս անգամ արդեն գոչեցին բոլորը:
-Ո՞վ ասաց, թե պետք չի թռչել: Դու չէի՞ր:
-Ասենք թե ես էի,- հանձն առավ Անգետիկը: -Դուք ինչո՞ւ
ինձ լսեցիք:
-Ճիշտ է,- քմծիծաղ տվեց Գիտունիկը: -Մա˜րդ եք ճարել
լսելու: Կարծես չգիտեք, որ Անգետիկն ավանակ է:
-Դե, ըհը˜,- զարմանքով ձեռքերը տարածեց Անգետիկը,-
հիմի դուրս է գալիս, որ ես եմ ավանակը:
-Ու վախկոտ,- ավելացրեց Քաղցրահյութիկը:
-Միևնույն ժամանակ և սուտլի՛կ,- վրա բերեց Պոնչիկը:
-Ախր ես ե՞րբ եմ սուտ ասել,- զարմացավ Անգետիկը:
-Իսկ ո՞վ էր ասում, թե օդապարիկը դու ես հնարել,-
հարցրեց Պոնչիկը:
-Ի˜նչ ես ասում, ի˜նչ ես ասում,- ձեռքերը թափահարեց
Անգետիկը: -Ոչ մի օդապարիկ էլ ես չեմ հնարել: Ո՞վ չգիտի, որ դա Գիտունիկն է հնարել:
-Իսկ ո՞վ էր ասում, թե դու ես մեր գլխավորը,- նեղում
էր Անգետիկին Քաղցրահյութիկը:
-Դե ես ի˜նչ գլխավոր եմ, որ: Ես հենց այնպես…Դե,
հենց այնպես, պարզապես ոչինչ էլ չեմ,- արդարանում էր Անգետիկը:
-Իսկ հիմա մենք քեզ վրա ուղղակի՝ թյո՛ւ: Հիմի մեր
գլխավորը Գիտունիկն է,- շարունակում էր ճչալ Քաղցրահյութիկը:
Աչոնիկները, որ լսում էին այդ ամբողջ խոսակցությունը,
սկսեցին քահ-քահ ծիծաղել: Նրանք տեսան, որ Անգետիկը սովորական պարծենկոտի մեկն է:
Ճնճղուկիկն ու Թմբլիկը իսկույն վազեցին բոլորին պատմելու,
որ Անգետիկը սուտլիկ է, և որ օդապարիկը հնարել է ոչ թե նա, այլ Գիտունիկը:
Կապտաչիկը մոտեցավ Անգետիկին ու արհամարհանքով ասաց.
-Դուք ինչո՞ւ էիք մեզ խաբում: Մենք ձեզ հավատում
էինք և կարծում, թե իսկապես խելոք եք, ազնիվ ու քաջ, այնինչ ողորմելի խաբեբա և անարգ
վախկոտի մեկն եք:
Նա հպարտ-հպարտ երեսը շուռ տվեց Անգետիկից և մոտեցավ
Գիտունիկին, որի շուրջն արդեն հավաքվել էր աչոնիկների ամբոխը: Բոլորը հետաքրքրվում,
ուզում էին նայել ու լսել նրա պատմածները:
-Ասացեք, իսկ ճի՞շտ է, որ երբ թռչում ես օդապարիկով,
ապա երկիրը ներքևում թվում է կարկանդակի չափ,- հարցրեց Սկյուռիկը Գիտունիկին:
-Ո՛չ, ճիշտ չէ,- պատասխանեց Գիտունիկը: -Երկիրը շատ
մեծ է ու ինչքան վեր ես բարձրանում օդապարիկով, այնքան ավելի մեծ է երևում, քանի որ
վերևից ավելի լայն տեսարան է բացվում:
-Ասացեք, խնդրեմ, ճի՞շտ է, որ ամպերը շատ ամուր են
և թռիչքի ժամանակ ստիպված եք եղել կացնով ջարդել,- հարցրեց Կապտաչիկը:
-Նույնպես ճիշտ չէ,- պատասխանեց Գիտունիկը: -Ամպերը
օդի պես փափուկ են, որովհետև բաղկացած են մշուշից, և այնտեղ կացնով ջարդելու բան չկա:
Աչոնիկներն սկսեցին Գիտունիկին հարցուփորձ անել,
թե արդյոք ճի՞շտ է, որ օդապարիկը լցնում են շոգիով, ճի՞շտ է, որ օդապարիկը կարող է
թռչել գլխիվայր, ճի՞շտ է արդյոք, որ երբ նրանք թռչում էին՝ հազար և մեկ տասնորդական
աստիճան սառնամանիք էր: Գիտունիկն ասաց, որ այդ բոլորը փչոց է, և հարցրեց.
-Ո՞վ է այդպիսի հիմար բաներ ասել ձեզ:
-Անգետիկը,- պատասխանեց Խլշիկը ու ծիծաղեց: Բոլորը
շուռ եկան Անգետիկի կողմն ու բարձրաձայն քրքջացին: Անգետիկը կարմրեց ամոթից. նա պատրաստ
էր գետնի տակն անցնել: Մեկ էլ հանկարծ նա պուկ տվեց ու թաքնվեց խատուտիկի թփերի մեջ:
«Կնստեմ խատուտիկների մեջ, հետո նրանք կմոռանան այդ
պատմությունը, ու ես դուրս կգամ»,- վճռեց Անգետիկը:
Գիտունիկը շատ էր ուզում տեսնել Կանաչ քաղաքը: Կապտաչիկը,
Ձյունիկն ու մյուս աչոնիկները գնացին նրա հետ, որ ցույց տան իրենց տեսարժան վայրերը:
Գիտունիկը ուշադիր զննեց գետի վրայով ձգվող կամուրջը, հետո սկսեց ուշի-ուշով զննել
եղեգնյա ջրմուղը: Նրան շատ հետաքրքրեց ջրմուղի և շատրվանների կառուցվածքը: Աչոնիկները
մանրամասնորեն պատմեցին, թե ինչպես է կառուցված ջրմուղը և ինչպես է հարկավոր շինել
շատրվանները, որ ջուրը վեր խփի և ոչ թե վայր: Գիտունիկին դուր եկավ, որ աչոնիկների
մոտ ամենուրեք օրինակելի կարգ ու կանոն և բացարձակ մաքրություն է տիրում: Նա նրանց
դրվատեց՝ փողոցի մայթերին անգամ ուղեգորգեր փռելու համար: Աչոնիկներն ուրախացան ու
Գիտունիկին հրավիրեցին իրենց տները, որ նա տեսնի ներքին կարգ ու սարքը: Ներսը նույնպես
լավ էր ու մաքուր, ինչպես դուրսը: Տներից մեկում Գիտունիկը տեսավ մի գրապահարան և ասաց,
որ երբ տուն վերադառնա, ինքն էլ գրապահարան կշինի:
-Մի՞թե դուք գրապահարան չունեք,- հարցրին աչոնիկները:
-Ո՛չ,- խոստովանեց Գիտունիկը:
-Հապա որտե՞ղ եք ձեր գրքերը պահում:
Գիտունիկը միայն ձեռքը թափ տվեց: Նա ամաչեց խոստովանել,
որ իր գրքերը դրված են ուղղակի սեղանին, երբեմն էլ սեղանի և նույնիսկ մահճակալի տակ:
Գիտունիկին, իհարկե, հետաքրքրեցին նաև ձմերուկները:
Աչոնիկները նրան պատմեցին Ծղոտիկի մասին, և Գիտունիկը ցանկություն հայտնեց ծանոթանալ
նրա հետ: Աչոնիկները փնտրեցին գտան Ծղոտիկին և ծանոթացրին Գիտունիկի հետ: Գիտունիկը
հարցուփորձ արեց այն բոլորի մասին, ինչ իրեն հետաքրքրում էր:
Ծղոտիկը պատմեց զանազան մրգեր ու բանջարեղեն աճեցնելու
իր փորձի մասին: Գիտունիկը շատ ուշադիր լսում և նույնիսկ որոշ բաներ գրի էր առնում
իր ծոցատետրում:
-Այ, սա խելոք մանչուկ է,- ասում էին աչոնիկները:
-Իսկույն երևում է, որ սիրում է բան սովորել:
Իսկ Անգետիկի համբերությունը, իհարկե, չտարավ, որ
սուսուփուս նստի խատուտիկի թփերում: Ժամանակ առ ժամանակ նա դուրս էր գալիս, բայց այստեղ
էր, որ գործը լավ չէր գնում: Աչոնիկներն ամենևին ուշադրություն չէին դարձնում նրա վրա,
ասես իսկի գոյություն էլ չուներ, բայց դրա փոխարեն մանչուկները օր չէին տալիս նրան:
-Սուտլիկ Անգետի˜կ,- ճչում էին նրանք: -Պարծենկոտ
Անգետի˜կ: Վախկոտ Անգետի˜կ:
«Չէ՛, երևում է՝ դեռ չեն մոռացել»,- վրդովված մտածում
էր Անգետիկն ու նորից նետվում խատուտիկի թփերի մեջ:
Որոշ ժամանակ անց նա նորից դուրս եկավ, և նորից կրկնվեց
նույնը: Վերջապես նա ասաց.
-Էլ դուրս չեմ գա: Պիտի կամք ունենալ: Էստեղ պինդ
կնստեմ, թեկուզև մինչև վաղը: Դուրս կգամ, երբ պարահանդեսն սկսվի:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանյոթերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 07, 2020
Rating:
