
Երբ Բևեռիկը տուն չվերադարձավ, Ֆռռանաշենի բնակիչներից ոչ ոք չհանդգնեց գնալ Կանաչ քաղաք: Լուր տարածվեց, թե հարյուր գլխանի վիշապը շուտով կուտի, կվերջացնի բոլոր աչոնիկներին, իսկ հետո կհայտնվի Ֆռռանաշենում և կսկսի մանչուկներին լափել: Անցնում էր օր օրի հետևից, բայց վիշապը չկար ու չկար, իսկ նրա փոխարեն մի գեղեցիկ առավոտ Ֆռռանաշենում հայտնվեց բոլորովին անծանոթ մի մանչուկ: Նա պատմեց, որ իր ընկերների հետ միասին թռել է օդապարիկով և ապա՝ երբ օդապարիկն սկսել է իջնել, պարաշյուտով թռել է և վայրէջք կատարել մի խիտ անտառում: Այդ օրվանից թափառում է դաշտերում, անտառներում և փնտրում իր ընկերներին, որոնք շարունակել էին թռչել օդապարիկով:
Ոմանք, ամենահնարամիտ ընթերցողները, երևի արդեն գլխի
ընկան, որ այդ անծանոթ մանչուկը ոչ այլ ոք էր, քան Գիտունիկը: Փոխանակ հեշտ ու հանգիստ
տուն վերադառնալու, Գիտունիկը վճռել էր որոնել իր ընկերներին:
Ֆռռանաշենի բնակիչները Գիտունիկին պատմեցին, թե մի
քանի օր առաջ Կանաչ քաղաքում հայտնվել են մանչուկներ, որոնք նույնպես թռել են օդապարիկով
և հետո ցած են ընկել: Նրանցից երկուսը եկել են Ֆռռանաշեն՝ զոդիչ տանելու: Իսկ հետո
վարորդ Բուբլիկի հետ վերադարձել են Կանաչ քաղաք: Գիտունիկը սկսեց հարցուփորձ անել այդ
երկու մանչուկի մասին: Երբ նկարագրեցին և ասացին, թե երկուսն էլ կաշվե բաճկոններով
էին, նա իսկույն գլխի ընկավ, որ դրանք Պտուտակիկն ու Ագուցիկն են: Գրող Կռահիկը, որը
նույնպես այնտեղ էր իր զրուցագրաֆով և լսում էր այդ խոսակցությունը, հաստատեց, թե իրոք
այդ մանչուկներին Պտուտակիկ ու Ագուցիկ էին ասում:
Գիտունիկը շատ ուրախացավ: Նա ասաց, թե անմիջապես
կուղևորվի Կանաչ քաղաք և խնդրեց ցույց տալ քաղաք տանող ճանապարհը: Այդ լսելուն պես
բնակիչները տրտմեցին ու ասացին, թե Կանաչ քաղաք չի կարելի գնալ, որովհետև այնտեղ բույն
է դրել հարյուր գլխանի հրեշը, որը կուլ է տալիս աչոնիկներին, էլ չենք խոսում մանչուկների
մասին:
-Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել հարյուր գլխանի
հրեշների,- կասկածանքով քթի տակ ծիծաղեց Գիտունիկը:
-Ի˜նչ եք ասում, ի˜նչ եք ասում,- ձեռքերը նրա վրա
թափ տվին բոլորը: -Իսկ մեր Բուբլիկին ո՞վ կերավ: Արդեն քանի օր է, ինչ նա Պտուտակիկին
ու Ագուցիկին տարավ Կանաչ քաղաք ու այդպես էլ չվերադարձավ:
-Իսկ Շուրուպիկին ո՞վ լափեց,- հարցրին մյուսները:
-Նա Բուբլիկի հետևից գնաց Կանաչ քաղաք և էլ ետ չեկավ: Եվ ի˜նչ հիանալի մեխանիկ էր:
Ոսկի ձեռքեր ուներ:
-Իսկ Բևեռիկին ո՞վ խժռեց,- հարցրին մնացածները:
-Չնայած նրան իսկի էլ չենք ափսոսում, որովհետև, ճիշտը որ ասենք, անպետք ճստլիկ էր,
բայց դե մեկն ու մեկը կերած պիտի լինի նրան, չէ՞:
Գիտունիկը մտքի մեջ ընկավ: Հետո ասաց.
-Գիտության մեջ ոչինչ հայտնի չէ հարյուր գլխանի հրեշի
մասին: Ուրեմն չկա: Կռահիկն ասաց.
-Բայց գիտությանը հայտնի չէ նաև, որ հրեշներ գոյություն
չունեն, ուրեմն նրանք կարող են գոյություն ունենալ: Եթե այդ մասին ասում են, ուրեմն
մի բան կա:
-Կախարդ պառավի մասին էլ են խոսում,- պատասխանեց
Գիտունիկը:
-Ինչ է, ձեր կարծիքով կախարդ պառավ չկա՞:
-Դե, իհարկե չկա:
-Թողեք հեքիաթները:
-Սրանք հեքիաթներ չեն: Կախարդ պառավն է հեքիաթը:
Գիտունիկը հաստատապես վճռեց ուղևորվել Կանաչ քաղաք
և ինչքան էլ քաղաքի բնակիչները համոզեցին նրան, բան դուրս չեկավ. նա իրենն էր պնդում:
Ճար չկար. մանչուկները կերակրեցին նրան, հետո տարան քաղաքի ծայրամասը և ցույց տվին
Կանաչ քաղաք տանող ճանապարհը: Բոլորը կարծում էին, որ նա դեպի անխուսափելի կործանում
է գնում, և արցունքներն աչքներին հրաժեշտ էին տալիս նրան:
Այդ ժամանակ հեռվում փոշու ամպ երևաց, որն արագությամբ
մոտենում էր և գնալով շատանում: Մանչուկները դեսուդեն փախան, թաքնվեցին տներում և սկսեցին
լուսամուտներից նայել: Բոլորը վճռեցին, որ կա-չկա հարյուր գլխանի հրեշն է վազելով գալիս:
Միայն Գիտունիկն էր, որ չվախեցավ ու մնաց ճանապարհի մեջտեղը կանգնած:
Շուտով բոլորը տեսան, որ մեկը մյուսի հետևից քաղաքին
են մոտենում երեք ավտոմեքենա: Դրանք էին փոշի բարձրացրել ճանապարհին: Առաջին ավտոմեքենայում
դրված էր մի մեծ կարմրաթուշ խնձոր, երկրորդում՝ հասած տանձ, իսկ երրորդ մեքենայում՝
կես տասնյակ սալոր: Հասնելով Գիտունիկին, ավտոմեքենաները կանգ առան և այնտեղից դուրս
եկան Բուբլիկը, Շուրուպիկն ու Բևեռիկը: Այդ տեսնելուն պես, ճստլիկները տնից դուրս թափվեցին
և սկսեցին գրկել Բուբլիկին, Շուրուպիկին և նույնիսկ Բևեռիկին: Բոլորը հարցուփորձ էին
անում հրեշի մասին, իսկ երբ լսեցին, որ ոչ մի հրեշ էլ չկա, զարմանք կտրեցին:
-Բա ո՞ւր էիք կորել այսքան ժամանակ,- հարցնում էին
բոլորը:
-Միրգ էինք հավաքում,- պատասխանեց Բևեռիկը:
Այդ պատասխանի վրա բոլորը ժպտացին:
-Մյուսները գուցեև աշխատել են, իսկ դու, Բևեռիկ,
հավանաբար ցանկապատներն էիր մագլցում ու ապակիներ փշրում,- քմծիծաղով ասաց Կռահիկը:
-Իսկի էլ չէ,- վիրավորված պատասխանեց Բևեռիկը: -Ես
էլ էի աշխատում: Ես…Ես, ոնց ասած…վերադաստիարակվել եմ, այ թե ինչ:
Շուրուպիկն ու Բուբլիկը հաստատեցին, որ Բևեռիկն իրոք
վերադաստիարակվել է, և որ աչոնիկները շատ գոհ են մնացել նրա աշխատանքից. դրա համար
էլ Ֆռռանաշենի բնակիչներին նվիրել են կույտերով խնձոր, տանձ ու սալոր: Բոլոր մանչուկներն
ուրախացան, որովհետև մրգի սիրահար էին:
Երբ Բուբլիկն իմացավ, որ Գիտունիկն ուզում է գնալ
Կանաչ քաղաք, պատրաստակամություն հայտնեց իր մեքենայով տանելու, և շուտով նրանք մեկնեցին:
Ֆռռանաշենի բնակիչները ուրախ-զվարթ քայլում էին փողոցներում:
Բոլորն ուրախ էին, որ հրեշ չկա, որ Բուբլիկն ու Շուրուպիկը գտնվեցին և հատկապես նրա
համար, որ Բևեռիկը վերադաստիարակվել է: Ճիշտ է, ոմանք չէին հավատում դրան և կասկածանքով
հետևում էին նրան, վախենալով, թե նորից կսկսի ապակիներ ջարդել: Մի քիչ հետո Բևեռիկին
տեսան գետափին: Նա միայն կիսավարտիքով նստել էր ափին և շորերն էր լվանում:
-Այդ ինչո՞ւ հանկարծ սկսեցիր շորերդ լվանալ,- հարցրին
նրան:
-Վաղը պարահանդես եմ գնալու,- ասաց Բևեռիկը: -Դրա
համար հարկավոր է մաքուր հագնվել և սանրվել:
-Մի՞թե աչոնիկների մոտ պարահանդես է լինելու:
-Լինելու է: Բուբլիկն ու Շուրուպիկն էլ են գնալու:
Նրանց էլ են հրավիրել:
-Ուզում ես ասել, թե քե՞զ էլ են հրավիրել,- թերահավատությամբ
հարցրին տղաները:
-Բա ո՞նց: Իհարկե, հրավիրել են:
-Հը˜մ,- գլուխներն օրորեցին մանչուկները: -Եթե աչոնիկները
սրան պարահանդես են հրավիրել, ուրեմն իրոք որ վերադաստիարակվել է: Եվ ո˜ւմ մտքով կանցներ:
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանվեցերորդ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 04, 2020
Rating:
