Մկրտիչ Արմեն | Հին տարվա գիշերը

Մկրտիչ Արմեն
Իվան Ագատովի համար երջանկության պես մի բան էր, որ նա իր գոյությունը քարշ էր տալիս ոչ թե մի ուրիշ ճամբարում, այլ հենց այդ։
Դա մեկն էր այն սակավաթիվ ճամբարներից, որտեղ բրիգադներն աշխատանքի էին գնում առանց պահակների հսկողության։
Ոչ, ոչ, այդտեղ չկար ոչ հանցավոր անպատասխանատվություն ճամբարի պետերի կողմից եւ ոչ էլ, մանավանդ, վստահություն դեպի կալանավորները։ Պարզապես, ելնելով տեղական պայմաններից, պահակների ուղեկցումը փոխարինել էին ճամբարին ենթակա տարածության շրջափակումով։
Դահուկներ հագած մի քանի պահակներ ամբողջ օրը հսկայական շրջանցումներ էին կատարում այն տարածության շուրջը, որի վրա աշխատում էին կալանավորները։ Տարածության սահմանները կազմում էին նրանց դահուկների հետքերը։ Այդ հետքերից ներս՝ գնա ուր որ ուզում ես։ Բայց եթե քո ոտնահետքերն անցնեն դահուկների հետքերի վրայով թեկուզ մի մետր՝ դու փախուստ ես կատարել կամ, լավագույն դեպքում՝ փախուստի փորձ։
Իվան Ագատովը, բնիկ մոսկվացի, ինտելիգենտ, այժմ ծառ կտրող էր։ Նա հաշվել էր․— որպեսզի քավի իր չգործած հանցանքը, նա իր ժամկետի ութ տարիներում պետք է կտրի յոթանասունհինգ հազար ծառ՝ հաշված օրական երեսուն ծառ եւ դուրս եկած նախնական կալանքի չորս ամիսները, ինչպես եւ հազվադեպ հանգստի օրերը եւ հնարավոր հիվանդությունների օրերը։
Առայժմ նա կտրել էր հազիվ հազար հինգ հարյուր ծառ, թեեւ իր ն որ արհեստով զբաղվում էր համարյա արդեն մի տարի… Բայց այդ մի տարուց երկու ամիսը նա պառկել էր ռեւմատիզմով եւ ընդհանուր հաշվով մի ամսից ավելի նստել էր մեկուսարաններում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե նստել էր, այլ պառկել, որովհետեւ ցերեկները նրան հանում էին աշխատանքի, իսկ գիշերները, որպես չարանենգ սաբոտաժ անողի, տանում էին մեկուսարան՝ քնելու։
Այժմ այդ ծանր օրերը մնացել էին ետեւում։ Ճամբարի պետը ձեռք էր թափ տվել նրա վրա։ Ոչ ներել էր, ոչ պատժել, այլ, համոզվելով, որ նա սաբոտաժ չի անում եկ իրոք, հիվանդ է ռեւմատիզմով, թողել էր, որ աշխատի՝ ինչպես կարող է։
Մի՞թե նա կկարողանար քայլել բրիգադի հետ, նույն արագ քայլերով, եթե նրանք աշխատանքի գնային պահակի հսկողությամբ։ Իսկ այժմ, երբ պահակ չկար, բրիգադը, իհարկե, դարձյալ քայլում էր արագ, որպեսզի շուտ հասներ տեղ եւ կատարեր իր նորման, բայց Իվան Ագատովը հնարավորություն ուներ մնալու եւ քայլելու այնպես, ինչպես կարող էր։ Իսկ նա կարող էր շատ դանդաղ։
Գնալ հարկավոր էր տասը կիլոմետր։ Եվ, իհարկե, վերադառնալ նույնպես այդքան։ Իսկ աշխատել՝ տասը ժամ։
Սկզբում Իվան Ագատովը չէր հասկանում, թե ինչի համար են ծառակտրումը կատարում այդքան հեռու, երբ շուրջն ամեն տեղ անտառ էր եւ անտառ, եւ ուրիշ ոչինչ։ Բայց հետո հասկացավ։ Գետը, որով գարնանը պետք է կատարվեր կտրված ծառերի լուղարկումը, գտնվում էր տասը կիլոմետրի վրա։ Այդքան ձիեր չկային, որ դեպի գետ կրեին հառվում տապալված ծառերը։ Բայց այդքան մարդիկ կային, որ օրական անցնելով քսան կիլոմետր ճանապարհ, ծառակտրումը կատարեին գետի մոտակայքում…
Այդ տարի ձմեռը շատ դաժան էր։ Դաժան, բայց գեղեցիկ։ Երբ բրիգադը դուրս էր գալիս ճամբարի դարպասից, Իվան Ագատովն անկարող էր լինում զսպել իր հիացմունքը։ Անտառը՝ լուռ, անշարժ, վաղ լուսաբացի մեջ կանգնել էր ճամբարի շուրջը։ Ծառերը վերեւից սպիտակ էին, իսկ տակի կողմից՝ կանաչ։ Ինչ֊որ մութ եւ անծայր դահլիճ, անթիվ սյուներով զարդարված, ամեն կողմից շրջապատել էր փոքրիկ ճամբարի խուլ եւ բարֆր պատնեշը։ Պատնեշի եւ անտառի միջեւ մնացել էր արձակ տարածության մի լայն շերտ, որը նման էր շրջանաձեւ պողոտայի։
Ոչ ոք չէր հիանում անտառով։ Հիանում էր միայն Իվան Ագատովը։ Նա նկարիչ էր։ Հենց նկարչության համար էլ կալանավորել էին նրան։ Մի խիստ աչալուրջ այցելու, ցուցահանդեսում կախած նրա նկարի վրա, ճանապարհի եզրին կանգնած խոտի դեզի մեջ, նկատել էր Հիտլերի գլուխը։ Իսկ թե ինչու միայն գլուխը եւ ինչու խոտի դեզի մեջ՝ ոչ ոք հարց չէր տվել ոչ իրեն եւ ոչ էլ նրան։ Կալանավորել էին եւ դատապարտել…
Մի րոպե հետո, երբ Իվան Ագատովն սթափվում էր, նա այլեւս չէր տեսնում իր բրիգադը։ Շտապում էր ինքը եւս գնալ։ Ոչ ոք նրան չէր շտապեցնում։ Բոլորը գիտեին, թե ով էր նա։ Ոչ, ոչ, գիտեին ոչ թե նրա նկարիչ, այլ «տեղ հասնող» լինելը։
«Տեղ հասնող»՝ դա կալանավորների ամենատարածված տեսակն էր։ Իսկ թե ինչ սարսափելի «տեղի» մասին էր խոսքը՝ ավելորդ է բացատրել։
Եվ ահա, բոլորը տեսնում էին, որ Իվան Ագատովն արդեն «տեղ հասնելու վրա էր» եւ թողնում էին, որ ինքնին «հասներ»։
Կտրելով շրջանաձեւ պողոտան, նա մտնում էր սովորական ճանապարհը եւ, օրորվելով իր ռեւմատիկ ոտքերի վրա, սկսում անցնել իր տասը կիլոմետրը։
Քայլում էր՝ կացինը գոտկի ետեւը խրած, սղոցն ուսին, ոտից գլուխ սեւ հագուստներով, ինչպես սեւ ձնամարդ։ Եթե հանեիր նրա վրայից բամբակե աստառով հաստ գլխարկը՝ ծնոտի տակ կապով ամրացված, հանեիր բամբակած բուշլատն ու շալվարը, մեծ կեղեւատրեխները, տակը կմնար մի վտիտ ինտելիգենտ, նուրբ ու փուխր կազմվածքով մի երիտասարդ նկարիչ։ Բայց ի՞նչպես հանեիր, երբ շուրջը երեսունութ աստիճան սառնամանիք էր եւ պողպատի նման սառած ձյուն։ Եվ ինչո՞ւ հանեիր, երբ նա այլեւս նկարիչ չէր, այլ կալանավոր։
Նա անչափ սիրում էր իր Մոսկվան։ Ու թեեւ գիտեր դրա ամեն մի փողոցը, ամեն մի անկյունը, բայց այժմ, անցնելով իր անվերջանալի ճանապարհը, նա տեղ֊տեղ ունենում էր այն պատրանքը, թե անցնում էր իր հարազատ քաղաքի վայրերով։ Ճանապարհի մի հատվածն անչափ նման էր «Սոկոլնիկի» զբոսավայրի ծառուղիներից մեկին։ Այ, հիմա ձախ կողմում կերեւա ամառային կաֆեն՝ արդեն փակ, իսկ դրա դիմաց, աջ կողմում, սահադաշտը՝ բազմաթիվ տղաներով ու աղջիկներով…
Բայց անտառը նման է զառանցանքի։ Լսում ես մի քանի կապակցված խոսքեր, եւ ապա նորից վերսկսվում է անհասկանալի խառնիփնթորությունը։ Ճանապարհի ծանոթ հատվածը նրան բերում էր ոչ թե «Սոկոլնիկիի» այնքան ծանոթ անկյունը, այլ՝ Կարելիայի տայգան… Նա սթափվում էր։
Ապա նորից նույնը։ Գորկու անվան պարկը չէ՞ սա… Իսկ ո՞րտեղ է ուրեմն գետը… Գետը չկա։ Պարկը նույնպես չկա։ Ոչինչ չկա։ Կա միայն տայգան՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր Մոսկվայից հեռու…
Անտառի բացարձակ լռության մեջ հանկարծ լսվում էր փայտփորիկի թխթխկոցը։ Գրքերով պատկերացնելիս նա պետք է այսպես թակեր․— թը՛կ… թը՛կ… թը՛կ… Իսկ իրականում կարծես աշխատելիս լիներ փայտից շինված կարի մեքենա։ Փայտփորիկն շտապում էր։ Իվան Ագատովը՝ նույնպես։ Բայց յուրաքանչյուրը շտապում էր իր ուժերի ներածին համեմատ…
Երկո՞ւ ժամի ուշացումով, թե ավելի, Իվան Ագատովը հասնում էր աշխատանքի վայրը։ Թե այսօր որտեղ էր այդ վայրը՝ նա որոշում էր կացինների հարվածների կամ ծառերի ընկնելու հնչյուններից։ Բրիգադի մյուս անդամներն արդեն տապալած, ճյուղերը կտրատած եւ մշակած էին լինում բազմաթիվ ու բազմաթիվ ծառեր։ Այդ վայրից դպեի ճանապարհը հարթված էին լինում «բեղեր», այսինքն՝ ձյունը տակնուվրա արած շավիղներ, որոնցով, ձիերի ետեւից կապած, դուրս էին հանում գերանները։ Ճանապարհի վրայից արդեն, սահնակները բարձում էին գերանները եւ տանում֊հասցնում էին ինչ֊որ մոտիկ տեղում թաքնված գետի ափը։
Բրիգադիրն Իվան Ագատովին հատկացնում էր մի չնչին անտառամաս, եւ նկարիչը, վար իջեցնելով կացինն ու սղոցը, սկսում էր կտրել հազար եւ հինգհարյուրմեկերորդ ծառի՝ ի փառս այն խիստ աչալուրջ այցելուի, որը նրա նկարած խոտի դեզի մեջ նկատել էր Հիտլերի գլուխը՝ թեկուզեւ առանց ոտքերի…
Երեկոյան կողմ բրիգադիրը չէր էլ հաշվում Իվան Ագատովի աշխատանքը։ Սկզբից հայտնի էր, թե որքան էր լինելու։ Ուստի եւ, հենց որ աշխատանքն ավարտվում էր, եւ բրիգադն անդամներն սկսում էին հերթով հանձնել իրենց կտրած ծառերը, Իվան Ագատովը չէր սպասում, այլ իսկույն ճանապարհ էր ընկնում դեպի ճամբար։
Քիչ հետո նրա ետեւից հասնում էին ձիապանները՝ ձիերի վրա նստած, եւ անցնում։ Արա սկսում էին անցնել հետիոտն կալանավորները։ Քանի դեռ չէին անցել բոլորը, Իվան Ագատովն իր ետեւում զգում էր մնացյալների գոյությունը եւ դա հաճելի էր նրա համար, կարծես ջերմացնում էր նրա թիկունքը։ Ապա անցնում էին վերջինները։ Դեռ որոշ ժամանակ նկարիչն սպասում էր, ապա հասկանում, որ այնտեղ այլեւս ոչ ոք չկա։ Այդ ժամանակ սառչում էր նրա թիկունքը, դատարկությունը սեղմում էր նրա հոգին…
Շա՞տ էր մնացել, որ նա հասներ ճամբար՝ չէր կարողանում ասել երբեք։ Նա չէր կարողանում հիշել ճանապարհի մանրամասնությունները եւ դրանց հեռավորությունն իրարից կամ ճամբարից։ Ասենք՝ մթության մեջ չէր էլ երեւում ոչինչ։ Միայն երբ ծառերի արանքից երեւում էր ճամբարի առջեւի միակ լապտերի լույսը, նա հասկանում էր, որ շուտով, մեկ֊մեկուկես կիլոմետր հետո, կհասնի տեղ։ Լույսը կորչում էր երկար ժամանակով, նորից հայտնվում, նորից կորչում… Երբեմն Իվան Ագատովին թվում էր, թե լույսը դեռ չկա, այլ նրան է թվում, որովհետեւ նա շտապում է հասնել տեղ, խմել ընթրիքը եւ պառկել, պառկել, պառկել…
Անտառն ավարտվում էր հանկարծակի։ Նա դուրս էր գալիս շրջանաձեւ պողոտայի վրա։ Եվ չնայած իր հոգնածությանն ու սովածությանը, կանգ էր առնում մի պահ եւ նայում զմայլված։
Ճամբարի դարպասի մոտ, չափազանց բարձր մի սյան վրա, վառվում էր չափազանց ուժեղ գազի լամպը։ Դրա լույսը ողողել էր շրջապատը։ Ձյունը պսպղում էր դրա տակ։ Իվան Ագատովը ետ էր դառնում, նայում անտառին։ Լապտերի լույսը խփվել էր մութ ու անծայր դահլիճի առաջին սյուներին, ապա, ավելի եւ ավելի թույլ, խորքի եւ ավելի խորքի սյուներին։ Ախ, ինչպիսի՜ անտառ… Ախ, կստացվեր ինչպիսի՜ նկար…

2

Դեկտեմբերի 31֊ը եւ՛ սովորական օր էր կալանավորների համար, եւ՛ սովորական չէր։ Սովորական էր նրանով, որ նույնն էր ջրալի նախաճաշը, վատ թխված սեւ հացը։ Եվ սովորական չէր նրանով, որ այդ օրը ճամբարը պետք է ավարտեր իր թե՛ օրական, թե՛ շաբաթական, թե՝ ամսական եւ թե՛ տարեկան նորման։ Ուստի եւ բրիգադն աշխատանքն ավարտեց սովորականից ուշ։
Ինչպես ամեն երեկո, առաջինը անտառային նեղ ու ոլործուն ճանապարհի վրա հայտնվեց Իվան Ագատովը։ Նա շտապում էր՝ առանց խնայելու իր հիվանդ ոտքերը, որպեսզի գոնե ճանապարհի մի զգալի մասն անցներ ոչ թե մեն֊մենակ, այլ իր ետեւում զգալով մարդկանց գոյությունը։ Բայց եթե աշխարհը ղեկավարվե նրա ցանկությամբ, նա հիմա կլիներ իր հարազատ Մոսկվայում եւ ոչ թե այստեղ՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր դրանից հեռու…
Բրիգադը, այդ օրը շատ ավելի ուշ ավարտած լինելով աշխատանքը, բնականաբար, ավելի էր շտապում վերադառնալ ճամբար, քան երբեւէ։ Ուստի եւ, վերջին կալանավորն Իվան Ագատովի մոտով եկավ անցավ առաջ՝ ավելի շուտ, քան նա սպասում էր։ Այժմ նա մենակ էր երեկոյի թանձր մթության մեջ, շրջապատված խուլ անտառով։ Միայն ձյունն էր աղոտ սպիտակին տալիս ոտքերի տակ եւ ծառերն էին զգացվում մթության մեջ՝ որպես ավելի թանձր մթության ուղղահայաց զանգվածներ…
Դեկտեմբերի 31… Հին տարվա վերջին օրը… Հիմա Մոսկվայում…
Արցունքները գլորվում էին Իվան Ագատովի աչքերից, բայց չէին ընկնում նրա բուշլատի եւ կամ ոտքերի տակ փռված ձյան վրա, սառչում էին տեղնուտեղը։ Բայց նկարիչն ուշադրություն չէր էլ դարձնում սառնամանիքի վրա, այնքան տարված էր այլեւս անվերադարձ իր հուշերով։ Հիմա Մոսկվայում…
Մի ինչ֊որ չգիտակցված տագնապ սթափեցրեց նրան, նա նայեց շուրջը։ Տագնապի ոչ մի պատճառ չկար, միայն թե ճանապարհը թվում էր սովորականից նեղ։ Նա շարունակեց քայլել։ Հիմա Մոսկվայում…
Բայց ճանապարհը ոչ միայն նեղ էր, այլեւ նոր։ Ձյունը հարթված ու ամրացված չէր շարունակական անցուդարձներից, այլ խառնոտված, փափուկ, եւ սեղմվում, ճռճռում էր նրա ոտքերի տակ։
Մի՞թե շեղվել է ճանապարհից…
Նկարիչը մտածում էր այդ մասին եւ շարունակում քայլել։ Ուրիշ ի՞նչ կարող էր անել նա՞ Ամեն մի ճանապարհ ունի իր վերջը, ամեն մի ճանապարհ հասցնում է ինչ֊որ տեղ։ Իսկ նրանց ճամբարին ենթակա տարածության վրա չկար մի այլ ճանապարհ։ Անկարելի էր մոլորվել…
Իվա Ագատովը մեծ զարմանքով դուրս եկավ անտառի մի բացատ։ Այդպիսի ոչ մի բան չկար ծառակտրման վայրից դեպի ճամբար ձգվող տասը կիլոմետրի վրա…
Նա արեց եւս մի քանի քայլ, հասկացավ, եւ սարսափը պատեց նրան։ Նա շեղվել է ճանապարհից, ընկել էր մի «բեղի» վրա եւ հասել վերջին օրերից մեկում կատարված ծառակտրման վայրը…
Իվան Ագատովը սարսափեց ոչ թե նրանից, որ կատարվել էր ինչ֊որ սարսափելի բան։ Կարելի էր վերադառնալ «բեղով» եւ նորից ընկնել ճանապարհի վրա։ Սարսափեց նրանից, որ այդ նեղ ճանապարհը՝ «բեղը» բերեց նրան մի տեղ, որտեղ ոչինչ չկար։ Ամենակուսական անտառն անգամ չի թողնում այնպիսի տպավորություն, ինչպես ցածրիկ կոճղերով լի դատարկ բացատը, որտեղ աշխատել են մարդիկ, իսկ այժմ ոչ ոք չկա ու չի լինի երբեք։
Որքան որ կարող էր իր հիվանդ ոտքերով, Իվան Ագատովը ետ վազեց այդ վայրից, այդ փակուղուց՝ նորից ընկնելու համար ճանապարհի վրա։ Հանգստանալով միայն այն ժամանակ, երբ ոտքերի տակ նորից զգաց ամրացած ձյունը։
Դեկտեմբերի 31֊ը… Ժամի քանի՞սն է արդյոք։ Շուտով կավարտվի հին տարին։ Հիմա Մոսկվայում…
Իր բամբակած գուլպաների եւ կեղեւատրեխների ներբանների միջով Իվան Ագատովն զգաց, որ ոտքերի տակ այլեւս ձյան պնդությունը չէ, այլ գետնի։ Չի կարող պատահել… Նա նայեց ներքեւ։ Իրոք, այնտեղ այլեւս սպիտակին չէր տալիս ձյունը։ Ի՞նչպես կարող է պատահել…
Շարունակելով քայլել, նա մտածում էր։ Մի՞թե նորից շեղվել է ճանապարհից եւ այս անգամ մտել այնպիսի խիտ անտառ, որտեղ ձյան ոչ մի փաթիլ չի ընկել սաղարթների անթափանց ծածկոցից ներքեւ…
Իվան Ագատովը բարձրացրեց գլուխը, նայեց վերեւ։ Բայց մի՞թե կարելի էր մթությունից բացի մի այլ բան տեսնել այնտեղ…
Այս անգամ, սակայն, փոխանակ անհանգստանալու, Իվան Ագատովը նույնիսկ բավականություն զգաց։ Չտեսնել այդ ատելի ձյունը, գոնե մի քանի րոպեով…
Շուրջը դարձավ մի քիչ լուսավոր, կարծես հեռվում փայլող ուժեղ լույսի մի նոսր փոշի էր տարածվել այդտեղ օդի մեջ։ Թե՞ նկարչի աչքերն էին սկսել վարժվել մթությանը։ Նա նայեց ոտքերի տակ եւ տեսավ։ Իրոք, ձյուն չկար այնտեղ, կանգնած էր ցածրիկ խոտը եւ պառկած էր փշատերեւների ու թերթատերեւների շերտը…
Մի քանի քայլ հետո Իվան Ագատովի ոտքերը, ծնկներից հետ, խփվեցին ինչ֊որ չոր առարկայի։ Ցանկանալով շուրջանցել արգելքը, նա մի քայլ արեց դեպի ձախ, բայց նրա ոտքերը նորից հանդիպեցին արգելքին։ Արեց երկու քայլ՝ նույն արգելքը…
Զարմացած նկարիչը հանեց թաթմանը եւ ձեռքով շոշափեց արգելքը։ Չուգունե ֆիգուրավոր ցանկապատ էր՝ իր ծնկներից մի քիչ ցածր…
Նա չհավատաց իր ձեռքին, ապա նաեւ աչքերին։ Ի՞նչ գործ ունի չուգունե ֆիգուրավոր ցանկապատը խուլ տայգայում, մարդկային բնակավայրերից այնքան հեռու…
Նա անցավ ցանկապատի վրայով մյուս կողմ եւ ծայր աստիճան ապշությունը գամեց նրան իր տեղում։
Նա կանգնած էր ասֆալտի վրա…
Մոռանալով ամեն ինչ աշխարհում, Իվան Ագատովը վազեց այդ ասֆալտով։ Ո՞ւր է տալում նա… Բայց շուտով նրա ոտքերը նորից խփվեցին ինչ֊որ արգելքի եւ նա իր առջեւում տեսավ չուգունե նույնպիսի մի ցանկապատ…
Ոչ, ոչ, այս անգամ նա չի անցնի դրա վրայով, ոչ մի դեպքում, ոչ մի գնով։ Ցանկապատից այս կողմ ասֆալտն է, իսկ այն կողմ՝ տայգան իր ձյունով ու սառնամանիքով, ծառակտրումով ու ճամբարով…
Իվան Ագատովը ետ մղվեց ցանկապատից եւ կանգ առավ։ Ո՞ւր գնալ… Տայգան եւ՛ աջումն է, եւ՛ ձախում…
Իսկ առջեւո՞ւմ… Մի՞ թե այնտեղ էլ ցանկապատ է…
Իվան Ագատովը վախվխելով քայլեց։ Ո՛չ, ասֆալտը չէր ավարտվում։ Չէր ավարտվում, ո՛չ։ Գնում էր առաջ եւ առաջ՝ դառնալով շարունակ ավելի եւ ավելի տեսանելի։ Ահա սկսեց աղոտ փայլել դրա սեւ մակերեսը՝ կարծես էլեկտրական լույս էր անդրադարձել վրան…
Շրջապատը դարձավ ավելի տեսանելի։ Աջում եւ ձախում այժմ երեւում էին ոչ միայն չուգունե ֆիգուրավոր ցածրիկ ցանկապատերը, այլեւ մայթերը։ Նկարիչը քայլում էր փողոցով, փողոցի մեջտեղով…
«Այս ի՞նչ բան է, այս ի՞նչ բան է…»— սկսեց մրմնջալ նա՝ շարունակելով քայլել։ Եթե քնած լիներ՝ դա անշուշտ երազ էր, եթե հիվանդ լիներ՝ զառանցանք։ Բայց հիվանդ էին նրա միայն ոտքերը, իսկ նա արթուն էր եւ քայլում էր ծառակտրման վայրից դեպի ճամբար։ Եվ ահա, ընկավ այս փողոցը։ Մի՞թե ճամբարին ենթակա այդ տարածության վրա կար փողոց, կար քաղաք…
Մի քանի րոպե էր, ինչ անհավատալի, անհեթեթ մի կասկած մտել էր Իվան Ագատովի սիրտը։ Այնքան անհավատալի եւ անհեթեթ, որ նա, առողջ բանականությամբ, չէր կարող մի վայրկյան անգամ հաշտվել դրա հետ։
Դա Մոսկվան էր…
Մոսկվան էր դա, Մոսկվան, Մոսկվան… Ինչո՞ւ խաբել իրեն, թե այդպես չէր։ Մոսկվան էր։ Իվան Ագատովը կարող էր մինչեւ իսկ ասել, թե որ փողոցն էր դա։ Լենինգրադսկի շոսե կոչվող փողոցը…
Հանդիպեցին չուգունե սյուներ՝ էլեկտրական լապտերներով։ Թե՞ դրանք վաղուց կային եւ միայն նոր նկատեց նկարիչը։ Օդում հստակորեն գծագրվեցին տրամվայի լարերը։ Ոտքերի տակ փայլում էին ռելսերը…
Եւ տաք էր, շատ ավելի տաք, քան այնտեղ՝ հազար ու մի քանի հարյուր կիլոմետր այն կողմ, տայգայում…
Իվան Ագատովն սկսեց վազել։ Մոսկվան, իր հարազատ քաղաքը… Նա այլեւս չէր մտածում կատարված հրաշքի բացատրության մասին։ Մի՞թե կարեւորը բացատրությունն է եւ ոչ թե փաստն ինքը…
Նկարիչն սթափվեց։ Դիմացն այլեւս ընդհանտվում են պուրակները փողոցի երկու կողմերում, սկսվում են շենքերը։ Իսկ նա գնում է կացինն ու սղոցն իր հետ…
Հանելով կացինը գոտկի ետեւից եւ իջեցնելով սղոցն ուսից, նկարիչը մոտեցավ չուգունե ցանկապատին, նետեց այն կողմ, խոտի ու թփերի մեջ։ Այլեւս չիջավ փողոցի մեջտեղը, սկսեց վազել մայթով։ Այժմ, երբ նա տեսնում էր, որ իր կողքինը տայգան չէր, այլ պուրակը՝ նստարաններով ու կրպակներով, դրա հարեւանությունն այլեւս սարսափելի չէր նրա համար։
Իվան Ագատովի շունչը կտրվում էր, բայց նա վազում էր, վազում, վազում, վախենալով, թե նորից խլելու են նրանից նրա Մոսկվան։ Նա ուշադրություն չէր դարձնում ոտքերի վրա։ Թե՞ դրանք այլեւս չէին ցավում։ Մոսկվան… Իր քաղաքը… Այս ի՞նչ հրաշք է, այս ի՞նչ երջանկություն…
Երբ նա վազեց անցավ Բելոռուսական կայարանի մոտով, նրա ուղեղում կանգնած էր այլեւս մի միտք․ րոպե առաջ հասնել տուն, տեսնել իր կնոջը, իր բնակարանը, աշխատանոցը, զանգ տալ ընկերներին ու բարեկամներին, հաղորդել, որ նա վերադարձել է, Նոր տարին դիմավորել նրանց հետ միասին…
Լավ էր, որ բոլոր մարդիկ զբաղված էին իրենց գործերով եւ ուշադրություն չէին դարձնում բուշլատ ու կեղեւատրեխներ հագած տարօրինակ անցորդի վրա։ Բացվում էին ու դեռ չծածկված նորից էին բացվում խանութների դռները, մարդկանց հոսանքը մտնում էր այնտեղ ու դուրս գալիս կապոցներով, տոպրակներով, շշերով, զամբյուղներով… Շարունակ անցնում դառնում էին զվարթ մարդանցով լի ավտոբուսները, տրոլեյբուսները, մարդատար մեքենաները։ Բոլորն շտապում էին տուն։
Սկսեց գալ ձյունը՝ խոշոր փաթիլներով։ Ձյան հատիկները փայլում էին էլեկտրական լույսի տակ, կորչում էին մթության պատառների մեջ, ապա նորից հայտնվում մի փոքր ցածրում եւ նորից փայլում… Հին տարվա վերջին գիշերը…
Իվան Ագատովը կտրեց հրապարակը, մտավ Գորկու փողոցը եւ դադարելով վազելուց, քայլեց, թեեւ դարձչյալ արագ֊արագ։
Հասնելով Վասիլեւսկի փողոցին, նա կանգ առավ, բռնեց սիրտը։ Այդ փողոցի անկյունային շենքում, հինգերորդ հարկում, նրա բնակարանն էր՝ լուսամուտները թե՛ բակի վրա եւ թե՛ Գորկու փողոցի…
Նկարիչը գտնվում էր հակադիր մայթերի վրա։ Նա նայեց վերեւ՝ տա՞նն էր արդյոք իր իկնը, լույս կա՞ր բնակարանում…
Բնակարանի երեք լուսամուտներն առատ լուսավորված էին…
Հուզումնքից նվազած, Իվան Ագատովը հենվեց պատին եւ սկսեց նայել։
Վարագույրների ետեւից երեւում էին սենյակով մեկ կախված թղթե գույնզգույն զարդաշղթաներ, մեջտեղում կախված էր իրեն այնքան ծանոթ ջահը՝ առատ լուսավորվելով տեսարանը։
Մի զույգ, պարելով, սահեց անցավ նախ մի, ապա երկրորդ լուսամուտի մոտով… Իվան Ագատովը հազարավոր մարդկանց միջից կճանաչեր նրանց։ Մեկն իր կինն էր, իսկ մյուսն իր քննիչը…
Ո՞ւմ էին ծառայում այդ քննիչները՝ աստծո՞ւն, թե սատանային։ Կարո՞ղ էին նրանք հավատալ իրենց ենթակա կալանավորների մեղավորությանը, երբ իրենք էին տեսնում նրանց անմեղությունը եւ իրենք էին ծեծի եւ այլ տանջանքների միջոցով նրանցից հնարում լրտեսներ, դիվերսանտներ, տեռորիստներ, շարքային հակահեղափոխականներ… Հավատո՞ւմ էին արդյոք, որ դա հարկավոր էր հեղափոխությանը։ Թե՞ հաստատել էին ուզում առաջնորդի այն խոսքերը, թե կապիտալիստական երկրներն իրար ուղարկում են լրտեսների, դիվերսանտների, տեռորիստների, իսկ մեզ մոտ՝ եռապատիկ ավելի։ Հաստատել, թե որքան հեռատես եւ մինչեւ անգամ թվաբանորեն ճիշտ էր եղել առաջնորդը…
Ինչպես էլ որ լիներ, այդ քննիչներից ոմանց հաջողվում էր հավատացնել ձերբակալվածների կանանցից ոմանց, որ նրանք մինչեւ հիմա օձի հետ են ապրել մի հարկի տակ եւ չեն իմացել այդ։ Այսինքն՝ ոմանք իմացել են եւ դրա համար էլ այժմ իրենց ամուսինների նման կրում են ճամբարների դառնությունները։ Բայց, անձամբ դուք, իհարկե, չեք իմացել…
Եվ տվյալ կինը, երախտապարտ մնալով իր հոգու փրկարարին, երբեմն տրվում էր նրան՝ թե՛ հոգով եւ թե՛ մարմնով…
Իվան Ազատովը չէր ենթադրում, թե դրանց թվին պատկանում էր նաեւ իր կինը։ Այժմ նա նայում էր վերեւ, ջահի ուժեղ լույսով լումավորված սենյակին, եւ արցունքները հոսում էին նրա աչքերից ու սառչում այտերի վրա։ Նա այլեւս մուտք չուներ իր բնակարանը։ ոչ միայն նրա համար, որ քննիչն այնտեղ էր, այլեւ որ կնոջ հոգու մեջ էր, ավելի ճիշտ՝ գիտակցության մեջ…
«Մի ՛ հավատա դրան, Նա՛դյա, նա ստում է, ես անմեղ եմ»,— քիչ մնաց բղավեր Իվան Ագատովը, բայց կարողացավ զսպել իրեն։ Նա իրավունք չուներ ոչ միայն իր բնակարանի, այլեւ իր քաղաքի, իր Մոսկվայի վրա։ Նա քաղաքական կալանավոր էր՝ պատվից զրկված մարդ, նա ուզեցել էր ավերել ու սրբել աշխարհի երեսից այս ուրախ, այս երջանիկ Մոսկվան, որպեսզի դրա փոխարեն նորից տիրապետեր դարեր առաջ այդտեղ գոյություն ունեցած տայգան…
Իսկ ացունքները գլորվում ու գլորվում էին Իվան Ագատովի աչքերից…

3
Նոր տարվա առավոտյան, երբ ճամբարում պատրաստվում էին հետապնդում կազմակերպել փախուստ կատարած Իվան Ագատովի ետեւից, հանկարծ տեսան նրան՝ ճամբարի դարպասի դիմաց, շրջանաձեւ պողոտայից այն կողմ։ Մեջքը մի ծառաբնի հենած, նա աչքերը հառել էր բարձր սյան վերեւում կախված գազե լամպին եւ սառել։

Տես նաև Մկրտիչ Արմեն Պատմվածքներ
Մկրտիչ Արմեն | Հին տարվա գիշերը Մկրտիչ Արմեն | Հին տարվա գիշերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 04, 2020 Rating: 5
Технологии Blogger.