Մկրտիչ Արմեն | Երկու եղջերթ

Մկրտիչ Արմեն
Երբ գնում ես հեռու ճանապարհ, եւ քեզ ողջերթ են մաղթում մարդիկ,դու զգացված լսում ես նրանց եւ շուտով մոռանում խոսքերը՝ իրար նման։ Բայց մեկն այդ ողջերթներից դու տանում ես քեզ հետ, քո հոգու մեջ, եւ այդ մեկը դառնում է պատվար քո հոգուն, դառնում է վահան բոլոր փորձությունների դեմ։
Իսկ եթե երկու ողջերթ ես տանում դու քեզ հետ՝ ուրեմն երջանիկ ես կրկնակի անգամ։
Մի սովորական օր, Երեւանի վերուղարկման բանտում, երբ մենք, քննչական բովով վաղուց արդեն անցած, սպասում էինք մեր դատավճռին, եկան եկան եւ հայտնեցին ինձ․— «իրերդ հավաքիր»…
Տարօրինակ է, երբ անսովոր դեպքը կատարվում է սովորական օրով։ Գուցե ուրախալի է, գուցե ցավալի,— բոլոր դեպքերում դա տարօրինակ է։ Չէ՞ որ սովորական օրը՝ դա այն օրն է, երբ դու արդեն կորցրել ես քո նախորդ կյանքի զգացողությունը, դադարել ես նաեւ սպասելուց որեւէ փոփոխության՝ հետագայում, եւ ներկա քո կյանքը քեզ թվում է քո կեցության հավիտենական ձեւը։ Դու արթնանում ես վաղ առավոտյան, լսում բացվող կողպեքի ձայնը, բոլորի հետ միասին դուրս գալիս լվացվելու, վերադառնում ես այնտեղից, սպասում նախաճաշի։ Ստանում ես նախաճաշը՝ սպասում ճաշի։ Ստանում ես ճաշը՝ սպասում քեզ հասանելիք քսան րոպե զբոսանքին՝ բանտի փոքրիկ բակում՝ բարձր պարիսպներով։ Զբոսանքից հետո սպասում ես իրիկնաթեյին, այսինքն՝ եռացրած ջրին՝ առանց գույնի։ Ապա քնում ես, որպեսզի հաջորդ օրը վերսկսես փոքրիկ սպասումների նույն շարանը։
Եվ հանկարծ՝ «իրերդ հավաքիր»…
Նշանակում է՝ վերջ սովորական օրերին։ Նշանակում է՝ դա չէր քո կեցության վերջնական ձեւը։ Ի՞նչ է սպասում քեզ առաջիկայում՝ դու չգիտես։ Բայց գիտես հաստատ, որ քեզ չի սպասում ամենասարսափելին․— այլապես դու չէիր ընկնի ընդհանուր բանտախուց եւ քեզ չէին կանչի ցերեկով։ Իսկ եթե չի սպասում ամենասարսափելին, նշանակում է՝ սպասում է անհայտությունը։ Իսկ անհայտությունը միշտ բաղձալի է, որովհետեւ հղի է հույերով եւ պարզապես հետաքրքիր է։ Ավելի վատ չի լինի, քան որ է՝ հուսում ես դու։ Ապա ուրեմն ի՞նչ է լինելու՝ հետաքրքրվում ես դու։
Մեզ, մեկական մարդու, հանեցին տարբեր բանտախցերից։ Հավաքվելով բանտի միջանցքում, մենք զարմանքով նկատեցինք, որ բոլոր յոթս էլ թանոթներ էինք դեռ ազատությունից, նույնիսկ մտերիմներ, կապված միմյանց հետ երբեմնի մեր պատկանելիությամբ կոմերիտությանը, կապված մեր աշխատանքի բնությով, անձնական բարեկամությամբ։
Գուցե մի բարի մարդ էր կամեցել այդպես, որ մեր դժբախտության մեջ մենք չլինեինք բոլորովին մենակ։ Գուցե եւ դա կարգադրել էր մի ուրիշ, ավելի զորավոր ուժ՝ պատահականությունը…
Մեզ նստեցրին բեռնատար բաց մեքենա։ «Երեսներդ դեպի ներս,— կարգադրեցին մե,— նայեցեք իրար»։ Բայց կա՞ր արդյոք որեւէ ուժ, որ արգելեր մեզ՝ նայելու դեպի դուրս, Երեւանին, հրաժեշտ տալու նրան։
«Հինգ տարի, հինգ տարի»,— շպրտեցին մեզանից հինգին։ «Ութ տարի, ութ տարի»,— շպրտեցին ինձ եւ մի ուրիշին։ Մեքենան շարժվեց։
Մենք լուռ էինք։ Ոչ միայն նրա համար, որ այդպես էր հրամայված, այլեւ որ կարկամել էինք ապշությունից։ Բեռնատարը սլանում էր, մենք նայում էինք ետ՝ դեպի հեռացող փողոցը։ Մոտիկից մարդիկ արագ հեռանում էին մեզնից եւ նույնքան արագ փոքրանում, դառնում երեխայի, ապա ճնճղուկի չափ…
Այդպիսի բան մենք երբեք չէինք տեսել անցյալում։ Իսկ այժմ այդ նրանից էր, որ մի տարուց ավելի մենք նստել էինք բանտում, պարփակված՝ բանտախցի չորս պատերի մեջ, կատարելով օրական ընդամենը քսան րոպե զբոսանք՝ բանտախցից ոչ֊շատ մեծ բակով։ Մեր աչքերը ետ էին վարժվել մեծ տարածություններից, հեռանկարից։ Եվ ահա մարդիկ փոքրանում էին, դառնում երեխայի, ապա ճնճղուկի չափ…
Կայարանում մեզ տարան կառամատույց, հրամայեցին նստել։ Շրջապատեցին՝ կղզիացնելով ազատ մարդկանցից։ Եվ այդտեղ մենք ճաշակեցինք ամենադառը վիրավորանքը մեր բանտարկության ամբողջ ընթացքում… Մեզ շրջապատեցին ոչ միայն պահակները, այլեւ շները…
Եթե մենք այդքան վտանգավոր էինք եւ այդքան սարսափելի, թող մեզ շրջապատեին կրկնակի, եռակի անգամ ավելի պահակներով։ Նրանք մարդիկ էին՝ ինչպիսիք էլ լինեին՝ թշնամաբար մեզ տրամադրված, թե բարեկամաբար։ Բայց շնե՜րը, շնե՜րը… Մարդը բանտարկել է մարդուն եւ մարդը տանջում է մարդուն՝ դա մեր ներքին գործն է՝ մարդկության։ Բայց մարդը ենթարկվի շների՞ն…
Ազատ մարդիկ կառամատույցի վրա շատ չէին։ Պատշաճ հեռավորության վրա կանգնած, նրանք նայում էին մեզ։ Ի՞նչպես էին նայում՝ ֆանատիկի կամ խաբված մարդու թշնամանքո՞վ, թե՞ հասկացողի բարյացակամությամբ՝ մենք չէինք նկատում, մենք հուզված էինք եւ ամբողջովին լցված վիրավորանքով։
Եվ հանկարծ մենք նկատեցինք առանձնակի կանգնած մի երիտասարդ տղայի եւ աղջկա։ Կույրն անգամ կտեսներ, որ նրանք սիրահարված էին։ Երեւի եկել էին կառամատույց՝ հենց այնպես, զբոսնելու կամ երազելու այն մասին, թե իչնպես երբեւէ միասին մեկնելու են որեւէ տեղ։ Շրջել էին թեանծուկ, մեկմեկու հպված։ Եվ այդ դիրքով էլ նրանց գտել էր անակնկալը՝ մեր հայտնվելը։ Նրանք մնացել էին հենց այդպես թեւանցում արած, մեկմեկու հպված, եւ կարծես քարացել։
Նրանք նայում էին մեզ։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, որ մոլորված հայացքով նայում էր ամեն կողմ, պատահաբար հանդիպելով նրանց հայացքին՝ այլեւս անկարող էր դառնում կտրվել դրանից։ Այդպիսով բոլորս, մեկմեկու ետեւից, գամեցինք մեր հայացքները նրանց։
Մի՞թե կարող են այդքան արտահայտիչ լինել մարդկային աչքերը… Որ նրանք կարող են շատ բան՝ մենք այդ գիտեինք դեռ առաջ։ Բայց գիտեինք այնպես, թե նրանք ասում են մերթ մի բան, մերթ՝ այլ։ Բայց որ կարող են ասել այդքան բան միանգամից…
Ոչ, դա հայացք չէր, այլ հրաժեշտի ողջերթ՝ ավելի հոգեբուխ եւ պերճախոս, քան մինչեւ անգամ կենդանի խոսքը…
Բայց ոչ միայն այդ։ Զույգի հայացքը, մեզ վրա գամված, միայն նրանցը չէր, այլ ամբողջ ժողովրդինը։ Ժողովուրդն էր մեզ ողջերթ մաղթում նրանց հայացքում…
Մի պահ մենք կտրվեցինք նրանցից, նայեցինք իրար։ Մտերմական հոգատարությամբ մենք անհանգստացանք, թե բոլո՞րս ենք արդյոք նայում զույգին։ Մենք համոզված էինք, որ նա, ով կամփոփի այդ հայացքն իր հոգու մեջ՝ կմնա կենդանի իր հինգ կամ ութ տարում։ Իսկ ով չի նայի՝ նա չի կարողանա դիմադրել հազար ու հազար փորձություններին։
Բայց բոլորս նայում էինք նրանց։
Տեսե՞լ եք դուք արդյոք ժողովրդի աչքերը։ Դրանք սեւ են կամ կապույտ, շագանակագույն են կամ երկնագույն՝ դա միեւնույնն է։ Դրանք թախծոտ են ու սիրով լի, միաժամանակ ե՛ւ հայրական ու մայրական, ե՛ւ որդիական։ Ես ինչե՜ր կարող էի պատմել ժողովրդի աչքերի մասին, որոնք այդ պահին նայում էին մեզ…
Կար նաեւ երկչոտություն այդ աչքերի մեջ։ Թե՛ տղան եւ թե՛ աղջիկը կարծես ներողություն էին հայցում մեզանից, որ չեն կարող անել մեզ համար ավելին, քան անում էին․— կանգնել եւ նայել։ Այլապես ոչնչով չէին օգնի մեզ, բայց կխորտակեին նաեւ իրենց։
Բայց մի՞թե մենք սպասում էինք ավելին այդ գեղեցիկ ու թախծոտ զույգից, որը դեռ նոր էր սկսում իր կյանքը, իր սերը։ Կարելի՞ է սպասել ավելին, քան ամեն ինչը։ Այդպիսին էր նրանց հայացքը։
Երբեմնի կոմերիտական կայտառությունը վերադարձավ մեզ։ Մենք բարձր պահեցինք մեր գլուխները։ Այժմ տեսնում էինք, որ պոկված չէինք իրարից՝ մենք ու ժողովուրդը։ Եվ վագոն բարձրացանք այն հաստատ հավատով, որ մի օր նորից կվերադառնանք այստեղ…
Երեւանում արեւ էր, տաք, Մոսկվայում՝ ձմեռ, ձյուն։ Կուրսկի կայարանից մեզ նստեցրին փակ մեքենա՝ տանելու համար Յարոսլավսկի կայարան՝ ուղարկելու համրա հյուսիս…
«Սեւ ագռավ»… Այդպես էր կոչվում փակ մեքենան մեր լեզվով։ Բայց «սեւ ագռավները» նույնպես լինում էին տարբեր։ Կային այնպիսիք, որոնց միակ, փոքրիկ լուսամուտը գտնվում էր առաստաղի վրա եւ դու այնտեղով, ապակին պաշտպանող ճաղերի արանքով, կարող էիր տեսնել միայն երկնքի մի փոքրիկ կտոր եւ երբեմն էլ օդի մեջ ձգվող հաղորդալարերը։
Մեր «սեւ ագռավն» իր լույսն ստանում էր ետեւից կողմի դռնակի փոքրիկ ապակուց։ Տարածությունը ներսում բաժանված էր երկու մասի․— խորքը՝ կալանավորների համար, առջեւակողմը՝ պահակի։ Այդ երկու մասերն իրարից անջատված էին երկաթաճաղ երկփեղկանի դռնով։
Մեզանից հինգին անցկացրին այդ դռնից ներս։ Երկուսիս համար այլեւս տեղ չմնաց այնտեղ։ Դուռը կողպեցին։ Մենք երկուսս նստեցինք դրսակողմում, նեղլիկ նստարանի վրա։ Մեր դիմացի նստարանի վրա նստեց պահակը՝ հրացանը ձեռքին․— երիտասարդ ռուս զինվոր։ Դուռը ծածկեցին, մեքենան շարժվեց։
Նեղլիկ ու երկարավուն ապակին դռան վրա ծածկված էր հաստ եւ ձյան նման փափուկ եղյամով։ Լույս համարյա չէր թափանցում այնտեղից։ Բայց, մեր շնժառությունից էր, թե ինչից, եղյամը մի քիչ հալվեց վերեւի մասի մի անկյունում, եռանկյունաձեւ։
Ներսում դարձավ մի քիչ լուսավոր, եւ մենք նայեցինք մեր շուրջը։ Երկաթաճաղ դռան ետեւում, ճաղերին ընդհուպ, կանգնել էին մեր հինգ ընկերները եւ լուռ նայում էին դուրս։ Փայլում էին նրանցից մեկի պենսնեի ապակիները։
Իսկ մեր դիմաց նստած էր երիտասարդ ռուս զինվորը եւ բոլորովին նման չէր, թե նա վախենում էր մեզանից, զգուշանում էր, որ չզինաթափենք նրան, ազատենք մեր ընկերներին եւ ազատվենք ինքներս։ Հանգիստ ու բարի հայացքով նա նայում էր մեզ՝ իր դեմ նստածներիս։
Բայց մենք միայն մի պահ նայեցինք մեր ընկերներին ու նրան, միայն մի պահ։ Մենք շտապեցինք նայել ապակու՝ եղյամից ազատված եռանկյունուն՝ այնտեղով տեսնելու համար Մոսկվայի գոնե մի փոքրիկ պատառը։
— «Բե» օղակը…— ասացի ես՝ հուզմունքից խեղդվելով։
— Այո…— արտասանեց ընկերս։— Ահա անցանք Զեմլյանոյ վալը…
— Ահա Օրլիկով նրբանցքը,— հազիվ կարողացա ասել ես։
Եվ հանկարծ ապակին ծածկվեց։ Երիտասարդ զինվորն իր շինելի թեւքով ծածկեց այն։ Բայց ծածկեց ոչ թե պատնեշելու համար մեզանից Մոսկվան։ Նա շինելի թեւքով սրբեց եղյամը, մաքրեց ապակին եւ նորից նստեց իր նախկին դիրքով։
Ես նայեցի ընկերոջս աչքերին։ Դրանք եւս փայլում էին, թեեւ նա չէր կրում պենսնե։ Բայց ես եւս, ըստ երեւույթին, նրան նայեցի նույնպիսի աչքերով։ Այժմ, երբ ապակին մաքուր էր, պղտոր էին մեր աչքերը։ Մենք սրբեցինք դրանք եւ շնորհակալությամբ նայեցինք ռուս զինվորին։
Սկսեցինք սիրով ու կարոտով թվարկել երբեմնի մեզ այնքան ծանոթ շենքերը եւ «Բե» օղակը հատող փողոցներն ու նրբանցքները։
Եվ հանկարծ կատարվեց մի ավելի անսպասելի բան։ Երիտասարդ զինվորը հրեց, բաց արեց դուռը, որպեսզի մենք, ո՞վ գիտե, գուցե վերջին անգամ, լավ տեսնենք մեր այնքան սիրելի Մոսկվան…
Բաց դռնով սլացով ավտոմեքենա… Յուրաքանչյուր անկյունում կարող էին կանգնեցնել այդպիսին եւ տուգանել։ Իսկ եթե «սեւ ագռավ» էր այդ մեքենան… Երիտասարդ ռուս զինվորը կարող էր գնալ զինտրիբունալ, ապա աքսոր…
Ոչ այլեւս արցունքներ չէին փայլում մեր աչքերում։ Մենք երախտագիտությամբ ու սիրով էինք նայում նրան, այդ զինվորին, նայում էինք նաեւ Մոսկվային՝ արագ֊արագ փոխելով մեր հայացքը մեկից մյուսին։ Եվ մեզ թվում էր, թե բոլորովին էլ չէինք փոխում մեր հայացքը, այլ նայում էինք միայն մի կողմ, որտեղ միաձուլված էին Մոսկվան եւ բարի ու ազնիվ երիտասարդ ռուս զինվորը… Եվ կարծես ասում էր զինվորը․— «այն մարդիկ, որոնք նայում են Մոսկվային այդպիսի հոգով եւ այդպիսի աչքերով՝ չեն կարող լինել թշնամիներ»…
Դա երկրորդ ողջերթն էր՝ ուղղված մեզ։ Մենք հասկացանք, որ ժողովուրդը գիտե մեզ մեր իսկական արարքներով եւ ոչ թե մեզ վերագրվածներով։ Եվ զգացինք, որ ուժեղացանք, մեր մեջ ամրացավ ջարդվելու պատրաստ մեր ներքին սյունը։ Եվ մենք լցվեցինք անսասան հավատով, որ կվերադառնանք։
Եվ վերադարձանք։

Մկրտիչ Արմեն | Երկու եղջերթ Մկրտիչ Արմեն | Երկու եղջերթ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 07, 2020 Rating: 5
Технологии Blogger.